ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2019 թվականի N 85-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետև` Հավելված) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ`
«4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.
1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
2) քաղաքաշինական,
3) շրջակա միջավայրի պահպանության,
4) առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,
5) առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի,
6) սոցիալական հարցերի,
7) կրթության, մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հետ տարվող աշխատանքների:
5. Խորհուրդները ձևավորվում են առավելագույնը 20 անդամի կազմով, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման և քաղաքաշինական խորհուրդները` առավելագույնը 25 անդամի կազմով:»:
i
2. Հավելվածի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«6. Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը` աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ընդ որում` խորհրդի կազմում 3 անդամ կարող են նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում ներգրավվում են նաև.»:
3. Հավելվածը լրացնել նոր 7.1-րդ կետով.
i
«7.1. Հրապարակային հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում խորհրդի անդամների նշանակումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:»:
4. Հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«8. Խորհուրդը ձևավորված է համարվում, եթե նշանակվել են տվյալ Խորհրդի անդամների առավելագույն քանակի առնվազն կեսը:»:
5. Հավելվածը լրացնել նոր 8.1-րդ կետով.
i
«8.1. Խորհրդի ձևավորումից հետո դրա կազմում թափուր մնացած կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարելու հետևանքով առաջացած թափուր տեղերի համալրումը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:»:
6. Հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը հանդիսանում են Խորհրդի անդամ, ընդ որում` Խորհրդի նախագահի տեղակալ կարող է լինել Երևանի քաղաքապետի տեղակալը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը կամ Երևանի քաղաքապետի խորհրդականը կամ օգնականը կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետը, իսկ քարտուղար` խորհրդի յուրաքանչյուր անդամ (համաձայնությամբ):»:
i
7. Հավելվածի 12-րդ կետում «մասնակցել նաև» բառերից հետո լրացնել «այլ խորհուրդների անդամներ կամ համապատասխան մասնագետներ,» բառերով:
8. Հավելվածը լրացնել նոր 13.1-րդ և 13.2-րդ կետերով.
i
«13.1. Խորհրդի որոշմամբ խորհրդի կազմում առանձին հարցերի քննարկման նպատակով կարող են ձևավորվել հանձնաժողովներ, որոնց անդամների քանակը և աշխատակարգը սահմանում է խորհուրդը:
13.2. Խորհրդի կազմում ձևավորված հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել տվյալ խորհրդի և այլ խորհուրդների անդամներ և հրավիրված մասնագետներ, որոնք Խորհրդին ներկայացնելու նպատակով քվեարկությամբ ընդունում են խորհրդակցական բնույթի եզրակացություն:»:
9. Հավելվածը լրացնել նոր 23.1-րդ կետով.
i
«23.1. Խորհրդի անդամը պարտավոր է Խորհրդի նախագահին հայտարարել շահերի բախման մասին և չմասնակցել այն հարցի քննարկմանը և դրա վերաբերյալ քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամի և մերձավոր ազգականի մասնավոր շահերին կամ որի վերաբերյալ ինքը, իր ընտանիքի անդամը կամ մերձավոր ազգականը շահագրգիռ անձինք են, այդ թվում` քննարկվող նախագծի կամ ծրագրի շրջանակներում վճարի դիմաց կամ հասարակական հիմունքներով ներգրավված են որպես մասնագետ կամ խորհրդատու: Շահերի բախման վերաբերյալ չհայտարարելու և քվեարկությանը մասնակցելու դեպքում, շահերի բախման իրավիճակում գտնվող խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած, իսկ եթե նշված անձի քվեարկությունը ունեցել է վճռորոշ նշանակություն, քվեարկության արդյունքները համարվում են չեղյալ:»:
10. Հավելվածի 25-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:
i
11. Հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
i
12. Հավելվածի 31-րդ կետի 7-րդ ենթակետում «ավագանու անդամ» բառերից հետո լրացնել «կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպության աշխատակից» բառերը:
13. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին կից ձևավորված Խորհուրդների գործունեությունը դադարեցվում է և ձևավորվում են նոր Խորհուրդներ սույն որոշման պահանջներին համապատասխան:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության