Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈ ...

17.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.09.2017  -ից մինչեւ   17.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 16.06.2023 թիվ 951-Ն որոշում)

i

040.0121.130202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2002 թվականի N 121

 

i

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և 28-րդ հոդվածների 1-ին կետերի, 24-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը (կցվում է):

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 28.04.16 թիվ 411-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 01.08.13 թիվ 811-Ն, 28.04.16 թիվ 411-Ն, 24.08.17 թիվ 1030-Ն որոշումներ)

i

1.1. Սույն որոշման 1.2-րդ կետում նշված ցանկում նշված մասնագիտություններ ունենալու պահանջը, ինչպես նաև սույն որոշման 1.3-րդ կետում նշված հիվանդություններ չունենալու պահանջը տարածվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի այն ունկնդիրների վրա, ովքեր «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.1-ին հոդվածի համաձայն կարող են հավակնել կցորդի պաշտոնին:

(1.1-րդ կետը լրաց. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն, 28.04.16 թիվ 411-Ն, 24.08.17 թիվ 1030-Ն որոշումներ)

i

1.2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված` բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով:

(1.2-րդ կետը լրաց. 28.04.16 թիվ 411-Ն որոշում)

i

1.3. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկով:

(1.3-դ կետը լրաց. 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:

(վերնագիրը փոփ. 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը:

2. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներքին ու արտաքին մրցույթը (այսուհետև` մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև` նախարարություն) մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն 2 օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր`

i

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել.

ե) ապագա աշխատանքն առնչվում է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) դիվանագետի անմիջական ենթակայությանը կամ նրա նկատմամբ վերահսկողությանը:

(4-րդ կետը փոփ. 24.08.17 թիվ 1030-Ն որոշումներ)

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

i

6. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո եռօրյա ժամկետում մրցութային ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:

(6-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

 

i

2. ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

8. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված դիվանագետները:

i

9. Ներքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը տրվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) ներքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը:

(9-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

10. Ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) ծառայողական բնութագիր.

գ) 2 լուսանկար` 3x4 չափսի:

11. Ներքին մրցույթի մասնակիցները կարող են իրենց հայեցողությամբ ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

12. Ներքին մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ մրցույթի մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

13. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

14. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

i

15. Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում առավելագույն ձայներ ստացած մրցույթի մասնակիցը: Հավասար ձայների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի բարձր դիվանագիտական աստիճան ունեցող մրցույթի մասնակցին, իսկ այդ պայմանի հավասարության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցողին:

Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է արտաքին մրցույթ` առավելագույնը մեկ ամիս հետո:

(15-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն որոշումներ)

16. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված ներքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

3. ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

i

17. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում:

Արտաքին մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական և գիտական հաստատություններում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ներգրավվածություն ունեցող (ծրագրեր իրականացնող, համաժողովներ, սեմինարներ կազմակերպող, զեկույցներ պատրաստող և համարժեք այլ գործունեություն իրականացնող) հասարակական և այլ կազմակերպություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցողները`

երրորդ քարտուղարի համար` առնվազն 3 տարվա,

երկրորդ քարտուղարի համար` առնվազն 4 տարվա,

առաջին քարտուղարի համար` 8 տարվա,

խորհրդականի համար` 10 տարվա,

բաժնի պետի համար` առնվազն 12 տարվա (որից` առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում),

աշխատակազմի վարչության պետի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի համար` առնվազն 14 տարվա (որից` առնվազն 4 տարի` ղեկավար պաշտոններում):

(17-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն որոշումներ)

i

18. Արտաքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) արտաքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) արտաքին մրցույթի անցկացման եղանակը.

զ) տեղեկություն սույն կարգի 22-րդ կետում նշված հարցաշարին ծանոթանալու պայմանների մասին.

է) արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը.

ը) սույն կարգի տեքստին ծանոթանալու համար անհրաժեշտ հղումներ:

(18-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն որոշումներ)

i

19. Արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում/հարցաթերթիկ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

բ) անձնագրի պատճենը.

գ) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի (կամ օտարերկրյա բուհերի կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր) ավարտական փաստաթղթի պատճենը.

դ) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

ե) բնութագիր` վերջին աշխատանքի վայրից` անմիջական ղեկավարի կողմից տրված (առկայության դեպքում).

զ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

է) զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում).

ը) 4 լուսանկար` 3x4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմած անձինք զգուշացվում են կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն մասին:

(19-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն, 24.08.17 թիվ 1030-Ն որոշումներ)

20. Արտաքին մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

i

21. Արտաքին մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար նախատեսված վերջին օրվանից հետո հանձնաժողովը կարող է համապատասխան իրավասու մարմիններից կատարել պաշտոնական հարցում` այդ փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար:

(21-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 811-Ն որոշում)

i

22. 1) Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր աշխատանքի և հարցազրույցի:

2) Գրավոր աշխատանքի նպատակն է ստուգել մրցույթի մասնակցի`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի իմացությունը,

բ) վերլուծական և (կամ) գործնական ունակությունները,

գ) հայերենի և օտար լեզուների (առնվազն երկու) իմացությունը:

3) Սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված գիտելիքների իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով: Թեստավորումն անցկացվում է սույն կետով նախատեսված` հրապարակված հարցաշարից պատահական ընտրված հարցերի պատասխաններից որևէ մեկի նշմամբ:

4) Սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված` վերլուծական և (կամ) գործնական ունակություններն ստուգվում են միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքական խնդիրների և (կամ) միջազգային իրավունքի վերաբերյալ գրավոր աշխատանքի (էսսեի) կամ կոնկրետ առաջադրանքի կամ խնդիրների լուծման միջոցով:

5) Սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված` օտար լեզուների իմացությունն ստուգվում է օտար լեզուներից հայերենով և հայերենից օտար լեզուներով թարգմանության և (կամ) օտար լեզվով ներկայացված առաջադրանքի կամ խնդրի լուծումը համապատասխան օտար լեզվով շարադրելու միջոցով:

6) Թեստի համար նախատեսված հարցաշարը, ինչպես նաև գրավոր աշխատանքի հնարավոր թեմաները, առաջադրանքների և խնդիրների հնարավոր ոլորտները ոչ ուշ, քան արտաքին մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ պետք է հրապարակվեն նախարարության պաշտոնական կայքէջում: Դրանք կարող են նաև էլեկտրոնային տարբերակով տրամադրվել մրցույթի մասնակիցներին:

7) Գրավոր աշխատանքն իրականացվում է ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

(22-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 811-Ն որոշում)

i

23. Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում սույն կարգի 22-րդ կետում նշված գրավոր աշխատանքի բաղադրիչներից ընդհանուրն առնվազն 80 տոկոս հավաքած մրցույթի մասնակիցները` պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 75 տոկոսից:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ արտաքին մրցույթի մասնակիցների մասնագիտական գիտելիքները և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

(23-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 811-Ն որոշում)

24. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

i

25. Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

(25-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

i

27. Եթե արտաքին մրցույթի արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին (պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 75 տոկոսից) ճիշտ պատասխան չի տվել, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա արտաքին մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

(27-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 811-Ն որոշում)

28. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված արտաքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

29. Կրկնակի արտաքին մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

30. Կրկնակի արտաքին մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

31. Եթե կրկնակի արտաքին մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի արտաքին մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դիվանագիտական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի` արտաքին մրցույթի անցկացումից երկու ամիս հետո:

 

4. ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ

 

32. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնում անձը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով:

33. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունն զբաղեցվող պաշտոնին:

Փորձաշրջան անցնողի աշխատանքը գնահատվում է ըստ զբաղեցվող պաշտոնի նկարագրում սահմանված լիազորությունների շրջանակներում անմիջական ղեկավարի տված հանձնարարությունների և առաջադրանքների կատարման ամբողջականության, որակի և արագության:

i

34. Դիվանագետների փորձաշրջանի ամբողջ ժամանակաշրջանի մասին եզրակացություն են տալիս նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ու անմիջական ղեկավարը:

(34-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն որոշում)

35. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին դրա մասին տեղեկացվում է գրավոր:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - քանի որ 28.04.16 թիվ 411-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի

համաձայն ուժը կորցրել է դիվանագիտական ծառայության պաշտոնում

նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը

հաստատելու մասին դրույթը, ապա փաստացի ուժը կորցրել է նաև

սույն ցանկը

-----------------------------------------------------------------

(ցանկը փոփ. 23.12.04 թիվ 1940-Ն, 01.08.13 թիվ 811-Ն որոշումներ)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

(ցանկն ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշումներ)

(ցանկը փոփ. 30.06.11 թիվ 089-Ն, 01.08.13 թիվ 811-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2002
N 121
Որոշում