(ուժը կորցրել է 16.04.2020 թիվ 561-Ն որոշում)
i
040.1179.220811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2011 թվականի N 1179-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
i
2.1. Մինչև 2013 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անցկացնում է որակավորման ստուգում: Ստուգմանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է դիմում, անձնագիր և դրա պատճենը, սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա ունենալը հավաստող ապացույց և 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի: Սույն կետով նախատեսված ստուգման մասին հայտարարությունը` ստուգումն անցկացնելուց հինգ օր առաջ տեղադրվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moj.am): Սույն կետում նշված որակավորման ստուգման հանձնաժողովը բաղկացած է երեք անդամից, որոնց նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը: Հանձնաժողովը 5-օրյա ժամկետի ավարտին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին, որի հիման վրա տրամադրում է որակավորման վկայական:
(2.1-ին կետը լրաց. 02.05.13 թիվ 451-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1179-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են սնանկության գործով կառավարչի (այսուհետ` կառավարիչ) որակավորման հետ կապված հարաբերությունները:
2. Կառավարչի որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` որակավորման ստուգման անցկացման միջոցով:
i
3. Կառավարչի որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ: Լիազոր մարմինը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր` www.jսstice.am (www.moj.am) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորումն անցկացնելու մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները, ստուգման անցկացման ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը: Որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն որակավորման ստուգումն անցկացնելուց առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:
(3-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 850-Ն, 29.01.16 թիվ 232-Ն որոշումներ)
4. Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:
i
5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար լիազոր մարմին են ներկայացվում`
1) դիմում, որը պետք է պարունակի`
ա. դիմողի անունը, ազգանունը,
բ. դիմողի բնակության վայրը և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
գ. լիազոր մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
դ. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
ե. դիմումը կազմելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
զ. դիմողի ստորագրությունը.
է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) աշխատանքային գրքույկը կամ սույն կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթը և դրանց պատճենները.
4) բարձրագույն կրթության վկայականը (դիպլոմը) և պատճենը.
5) 2 գունավոր լուսանկար` 3 X 4 չափսի:
(5-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
6. Լիազոր մարմինը դիմողի ներկայացրած` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում է դրանք, որից հետո համապատասխան փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են դիմողին:
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից կազմված` դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում լիազոր մարմնում:
i
8. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) դիմողն իրավունք չունի զբաղվելու տվյալ գործունեության տեսակով.
3) եթե դիմողի տվյալները չեն բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջները.
4) եթե հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
(8-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:
(8.1-ին կետը լրաց. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
9. Դիմողը զրկվում է որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունքից`
1) եթե որակավորման ստուգման անցկացման համար նախօրոք սահմանված ժամին չի ներկայացել որակավորման ստուգմանը.
2) եթե խախտել է սույն կարգով սահմանված որակավորման ստուգման անցկացման համար սահմանված պահանջները.
3) եթե որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացել է առանց անձը հաստատող փաստաթղթի:
i
10. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ դիմողին տեղյակ է պահվում դրա մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկելու դրանք: Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է դիմումը` ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ` դրա մասին գրավոր հայտնելով դիմողին:
(10-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
i
11. Որակավորման ստուգումն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից, որի կազմը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունից` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացմամբ:
(11-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 850-Ն որոշում)
i
12. Հանձնաժողովը կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ: Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերը կազմակերպվում է լիազոր մարմնի աշխատակազմի կողմից:
(12-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն սույն կարգի ձևի:
(12.1-ին կետը լրաց. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
13. Որակավորման ստուգումն անցկացվում է որակավորման հայտարարության մեջ նշված օրը:
i
14. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով: Որակավորման ստուգման ընթացքը տեսագրվում, նկարահանվում կամ ձայնագրվում է` չխոչընդոտելով որակավորման ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերի կազմակերպումը, ինչպես նաև որակավորման տեսագրման, նկարահանման կամ ձայնագրման աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով լիազոր մարմնին իր պահպանման համար հատկացված ծախսերի սահմաններում:
(14-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
15. Որակավորման ստուգումն անցկացվում է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի:
(15-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
16. Թեստերը կազմում է լիազոր մարմինը` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պետական կառավարման մարմինների հետ համատեղ: Թեստերը ենթակա են պարտադիր հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
(16-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 850-Ն որոշում)
17. Յուրաքանչյուր թեստային հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը պետք է լինի միանշանակ ճիշտ պատասխանը:
i
18. Որակավորման ստուգման թեստավորման փուլում ներկայացվում են համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրված 100 հարցից բաղկացած թեստային հարցեր, որոնցից 40-ը իրավաբանական, իսկ 60-ը տնտեսագիտական ոլորտին (կառավարում, միկրոէկոնոմիկա և այլն) վերաբերող հարցեր են: Թեստային յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
(18-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
19. Որակավորման ստուգման թեստային առաջադրանքների լուծման համար հատկացվում է 150 րոպե ժամանակ:
(19-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
20. Որակավորման ստուգման ընթացքում չի թույլատրվում օգտվել գրքերից, տեղեկագրերից, փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից:
21. Որակավորման ստուգման թեստային հարցերը մասնակցին են տրամադրվում որակավորման ստուգման անցկացումից անմիջապես առաջ:
i
22. Հանձնաժողովն թեստային հարցերի ստուգման արդյունքներն ամփոփում է դռնփակ:
(22-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
23. Թեստային հարցերից առնվազն 90-ին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման ստուգման 2-րդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք:
(23-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
23.1. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և հմտությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերը կազմում է լիազոր մարմինը: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող` ճշգրտող բանավոր հարցեր: Հարցատոմսի հարցերի պատասխանների նախապատրաստման համար մասնակցին հատկացվում է տասնհինգ րոպե ժամանակ: Յուրաքանչյուր հարցատոմս ընդգրկում է չորս հարց հետևյալ բնագավառներից` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչ աշխատելու համար անհրաժեշտ այլ բնագավառներին (իրավաբանական և տնտեսագիտական) վերաբերող հարցեր: Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո ամփոփվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Ճշգրտող հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում: Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար: Հանձնաժողովը որակավորման ստուգման հարցազրույցի փուլի արդյունքներն ամփոփում է դռնփակ:
(23.1-ին կետը լրաց. 12.02.15 թիվ 122-Ն որոշում)
i
24. Մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին` դրա անցկացումից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(24-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
25. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
i
26. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Վերադասության կարգով բողոք ներկայացնելու դեպքում բողոքը քննության է առնում լիազոր մարմնի ղեկավարը` գրավոր բողոքը լիազոր մարմնի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` որակավորման ստուգման արդյունքները անփոփոխ թողնելու կամ որակավորման ստուգման արդյունքները փոփոխելու և մասնակցին` որակավորման ստուգումն անցած համարելու մասին: Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(26-րդ կետը փոփ. 12.02.15 թիվ 122-Ն, 29.01.16 թիվ 232-Ն որոշումներ)
27. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված որակավորման ստուգումը անվավեր է ճանաչվում դատական կարգով:
i
28. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնակցին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Վկայականը տրամադրվում է որակավորման ստուգման արդյունքների մասին մասնակցին տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(28-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
29. Որակավորման վկայականում նշվում են`
1) որակավորման վկայականի համարը.
2) որակավորում ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը.
3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.
4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
5) որակավորման բնագավառը.
30. Որակավորման վկայականում փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:
31. Որակավորման վկայականը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից լիազորված անձի ստորագրությամբ և լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
i
32. Որակավորման վկայականի կորստի դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին: Լիազոր մարմինը դրա մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Լիազոր մարմինը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է հայտարարության հրապարակման օրվանից յոթ աշխատանքային օր հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում:
(32-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 850-Ն, 29.01.16 թիվ 232-Ն որոշումներ)
i
33. Որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` վկայականի կրկնօրինակն ստանալու համար: Լիազոր մարմինը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:
(33-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
34. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
i
35. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից 10 աշխատանքային օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար:
Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(35-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)
i
36. Լիազոր մարմինը վարում է կառավարչի որակավորում ստացած անձանց ցուցակ, որում նշվում է կառավարչի որակավորում ստացած անձի անունը, ազգանունը և վերջինիս հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Ցուցակը հրապարակվում է լիազոր մարմնի ինտերնետային կայքում և թարմացվում ըստ անհրաժեշտության:
(36-րդ կետը լրաց. 28.06.12 թիվ 850-Ն որոշում)
Ձև
i
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
ԴԻՄՈՒՄ
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու
Դիմումատու
.__________. Անունը, հայրանունը (ըստ ցանկության), ազգանունը
|Լուսանկար | _____________________________________________
|(3x4 սմ) |
| | Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը
| | _____________________________________________
.__________.
Երբ և ում կողմից է տրվել ______________________________
Բնակության հասցեն ______________________________________
Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) _____________________
Էլեկտրոնային փոստի հասցեն (1) _________________________
Դիմումի առարկան
__________________________
1. Որակավորման ստուգման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն
իրականացվելու են հեռահաղորդագրության միջոցով: Ֆաքսով, փոստային
առաքմամբ ծանուցումներ չեն իրականացվելու: Ծանուցումները նաև
հրապարակվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում
(www.moj.am):
Ներկայացնելով սույն դիմումը, հայտնում եմ, որ ցանկանում եմ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը: Այդ կապակցությամբ սույն դիմումին կից ներկայացվում են`
Կից ներկայացվող փաստաթղթեր (նշել համապատասխան վանդակները)
- 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի (որից մեկը փակցված է դիմումի համապատասխան տեղում)
- աշխատանքային գրքույկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենները (2).
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
- հայտարարում եմ, այն մասին, որ համաձայն եմ, որ ստուգվեն իմ անձնական տվյալները:
Դիմող _________________ _______________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ամիսը, ամսաթիվը)
______________________________________________________________________
2) Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և
քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և
որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա
ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության
ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված
պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում` կառավարիչների
ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և
իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է
կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը
սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն
այն չի կարող պակաս լինել 6 ամսվանից:
(ձևը լրաց. 29.01.16 թիվ 232-Ն որոշում)