13.11.2004 - 04.01.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից "14" փետրվարի 1994թ. Հ.Ն-1005-I
i
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1.
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
i
Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողները:
Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:
Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
ԳԼՈՒԽ 2.
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի /ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական /ամառանոցային/ հողամասերը/ համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:
Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով`
ա) արդյունաբերության /ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները/, տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանացման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով`
- բնակավայրերի ներսում` 1 տոկոս.
- բնակավայրերից դուրս` 0,5 տոկոս.
բ) անտառային ֆոնդի հողերի /բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի/ համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանացման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.
գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:
Հոդված 6. Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են` շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:
i
Հոդված 7. Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:
Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 10 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:
(7-րդ հոդ. խմբ. 25.10.95թ, փոփ. 27.09.04 ՀՕ-115-Ն օրենքներ)
i
Հոդված 8. Հողի հարկը հաշվարկվում է սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսից:
Հոդված 9. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:
Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:
i
ԳԼՈՒԽ 3.
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Հողի հարկից ազատվում են`
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.
i
բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ընթացքում ձևավորված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.
գ) հողի այն սեփականատերերը, մշտական և ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.
զ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.
i
է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի:
(10-րդ հոդ. փոփ. 05.04.00 ՀՕ-50 օրենք)
i
Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են`
ա) գյուղատնտեսական և անտառտնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի վճարումից ազատված քաղաքացիները` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի համար:
ԳԼՈՒԽ 4.
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
Հոդված 13. Ձեռնարկությունները (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների), հիմնարկները, կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը, հարկային պետական տեսչության մարմիններին են ներկայացնում հաշվարկներ` հարկման ենթակա յուրաքանչյուր հողամասի համար:
Նոր հատկացված հողամասի հարկման վերաբերյալ հաշվարկները ներկայացվում են հողօգտագործման իրավունքի ձեռքբերման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 14. Քաղաքացիները և գյուղացիական տնտեսությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագրերը:
Հոդված 15. Վճարողների հաշվառումը և հողի հարկի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ:
Հարկային պետական տեսչության մարմիններն իրականացնում են վճարողների հաշվառում, վերահսկողություն են սահմանում հարկի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման նկատմամբ:
Հոդված 16. Հաշվարկված հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:
Հոդված 17. Հողի հարկի վճարումը պետական բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Հոդված 19. (19-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.04.2004 թվականից` 03.03.04 ՀՕ-44-Ն օրենք)
i
Հոդված 20. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների հետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 27 ապրիլի 1994 թ. ՀՕ-101
|