ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/1896/04/20
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1896/04/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ն. Մարգարյան
Լ. Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կոնստանտին Օրբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ Կոնստանտին Օրբելյանի դիմումի` Գագիկ Մարտիրոսյանին (այսուհետ` Պարտապան) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Կոնստանտին Օրբելյանը, 06.08.2020 թվականին դիմելով դատարան, պահանջել է Պարտապանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2021 թվականի վճռով Կոնստանտին Օրբելյանի դիմումը բավարարվել է` Պարտապանը ճանաչվել է սնանկ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշմամբ Պարտապանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.10.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Կոնստանտին Օրբելյանի դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոնստանտին Օրբելյանը (ներկայացուցիչ` Գագիկ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 62-րդ հոդվածի 1-ին մասը և 66-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու` սնանկության դիմումը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով Պարտապանի ներկայացրած հայցով վիճարկվում է 16.07.2019 թվականին Պարտատիրոջ, Պարտապանի, «Բուրգեր Արմ» փակ բաժնետիրական ընկերության և «Էմ Ջի Էյ Գրուպ» Ինք. ընկերության միջև կնքված փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի արդյունքում Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված պարտավորությունը դառնում է վիճելի:
i
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0074/04/09 և ԵԱՔԴ/0125/04/17 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի կարևորել այն հարցը, թե արդյոք 16.07.2019 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի բավարարումը հանգեցնելու է Պարտապանի ստանձնած 250.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պարտավորության դադարման: Անկախ վերոնշյալ քաղաքացիական գործի ելքից` Պարտապանը շարունակելու է ունենալ 250.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու ժամկետանց պարտավորություն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքում դրված է պայմանագիրը, ապա այն անհիմն է, քանի որ պայմանագրով ստանձնած պարտավորությունը ներառում է նաև դրանում նշված ստացականով ստանձնած պարտավորությունը, որը պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում շարունակելու է գոյություն ունենալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.10.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 16.07.2019 թվականին մի կողմից Կոնստանտին Օրբելյանի (Պարտատեր) և մյուս կողմից «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի (Պարտապան 1), Գագիկ Մարտիրոսյանի (Պարտապան 2) ու «Էմ Ջի Էյ Գրուպ» Ինք. ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) (Պարտապան 3) միջև կնքված պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Ընկերությունը Գագիկ Մարտիրոսյանի և Կազմակերպության հետ միասին համապարտության կարգով ստանձնել են`
- Գագիկ Մարտիրոսյանի` 09.08.2016 թվականին Պարտատիրոջը տրված ստացականով ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի,
- Կազմակերպության և Պարտատիրոջ միջև 10.07.2016 թվականին կնքված` «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով վճարված 600.000 ԱՄՆ դոլարի,
- ինչպես նաև նշված գումարների նկատմամբ մինչև Պայմանագրի կնքման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 306.000 ԱՄՆ դոլարի չափով տոկոսների և վերը նշված գումարների տրամադրման հետ կապված Պարտատիրոջ կրած 10.000 ԱՄՆ դոլար ծախսի գումարները վճարելու պարտավորություն:
Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Պարտատիրոջը վճարման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է 1.166.000 ԱՄՆ դոլար:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Ընկերությունը, Գագիկ Մարտիրոսյանը և Կազմակերպությունը համապարտության կարգով պարտավորվել են Պայմանագիրը կնքելուն հաջորդող յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա վերջին օրը Պարտատիրոջ բանկային հաշվին վճարել առնվազն 20.000 ԱՄՆ դոլար մինչև պարտքի լրիվ մարումը:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագիրը ստորագրելուց հետո` նույն օրը (Պայմանագիրը կնքելու օրը), Գագիկ Մարտիրոսյանը Պարտատիրոջը վճարում է 20.000 ԱՄՆ դոլար, որն ուղղվում է պարտքի գումարի մարմանը և 850.000 ՀՀ դրամ` որպես Պարտատիրոջ կողմից պարտքի գումարի բռնագանձման համար կրած ծախսերի հատուցում:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն` մինչև պարտքի գումարն ամբողջությամբ մարելու օրը պարտքի գումարի նկատմամբ ենթակա են հաշվարկման տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով տոկոսներ, որոնք Ընկերությունը, Գագիկ Մարտիրոսյանը և Կազմակերպությունը համապարտության կարգով պարտավորվել են վճարել Պարտատիրոջը` Պայմանագիրը կնքելուն հաջորդող յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա վերջին օրը` այդ պահին հաշվարկված տոկոսի գումարի չափով:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն` պարտապաններից յուրաքանչյուրի կամ բոլորի կողմից Պայմանագրի ցանկացած խախտման դեպքում Պարտատերը իրավունք ունի Ընկերությունից, Գագիկ Մարտիրոսյանից և Կազմակերպությունից միասին կամ նրանցից յուրաքանչյուրից պահանջել վճարել Պայմանագրով սահմանված ամբողջ պարտքի գումարը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսները ամբողջությամբ` համապարտության կարգով (հատոր 1, գ.թ. 16-24):
2) Գագիկ Մարտիրոսյանը 05.10.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործ):
3) ՀՀ սնանկության դատարանը թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականին կայացրած վճռով հաստատել է Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, կարճել է Պարտատիրոջ դիմումի հիման վրա հարուցված` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործի վարույթը:
Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնության համաձայն` «Թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով դիմողը` Կոնստանտին Գարիի Օրբելյանը (այսուհետ` Պարտատեր) (...) և պարտապանը` «Բուրգեր Արմ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Պարտապան)` (...), այսուհետ միասին` Կողմեր, իսկ առանձին` Կողմ, հաշվի առնելով, որ Պարտատերը դիմում է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան (այսուհետ` Դատարան) Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ դիմումի համար հիմք է հանդիսացել 16.07.2019թ. Պարտատիրոջ, Պարտապանի, պարտապանի բաժնետոմսերի սեփականատեր Գագիկ Մարտիրոսյանի և «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. Ընկերության միջև կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ` Հաշտության համաձայնություն կամ Հաշտություն) հետևյալի մասին.
1. Պարտատերը հետ է վերցնում Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
2. Պայմանագրի համաձայն Պարտապանի պարտքը` պարտավորության մայր գումարի գծով, Պարտատիրոջ նկատմամբ կազմում էր 1.166.000 (մեկ միլիոն հարյուր վաթսունվեց հազար) ԱՄՆ դոլար, որից Հաշտության համաձայնության ստորագրման պահին փաստացի վճարվել է 74.000 (յոթանասունչորս հազար) ԱՄՆ դոլար Պարտատիրոջը:
3. Կողմերը հաստատում են, որ 18.02.2021թ. դրությամբ Պարտապանի կողմից Պարտատիրոջը վճարման ենթակա պարտքի մայր գումարի չափը (նվազեցնելով 2-րդ կետում նշված փաստացի կատարված վճարումը) կազմում է 1.092.000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) ԱՄՆ դոլար (այսուհետ` Պարտավորության մայր գումար):
4. Կողմերը հաստատում են, որ 18.02.2021թ. դրությամբ Պարտապանի կողմից Պայմանագրի 1.4 կետի համաձայն պարտքի մայր գումարի նկատմամբ հաշվարկված և Պարտատիրոջը վճարման ենթակա տոկոսների գումարը կազմում է 184.000 (մեկ հարյուր ութսունչորս հազար) ԱՄՆ դոլար:
5. Պարտապանը պարտավորվում է Հաշտության համաձայնության 3-րդ կետում նշված պարտավորության մայր գումարը վճարել հետևյալ ժամանակացույցով.
(...)
6. Պարտապանը պարտավորվում է Հաշտության համաձայնության 4-րդ կետում նշված պարտավորության 18.02.21թ. դրությամբ հաշվարկված տոկոսների գումարը վճարել հետևյալ ժամանակացույցով.
(...)
7. Պայմանագրի 1.4 կետով սահմանված տոկոսների վճարման պարտավորությունը և հաշվարկը շարունակվում է Պարտավորության մայր գումարի` 1.092.000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) ԱՄՆ դոլարի նկատմամբ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Հաշվարկված տոկոսների գումարը Պարտապանը պարտավոր է վճարել Պայմանագրի 1.4 կետով սահմանված կարգով և ժամկետներում:
(...)
9. Հաշվի առնելով, որ Պարտավորության մայր գումարը բխում է Պայմանագրից, որով համապարտ պատասխանատվություն է սահմանված Պարտապանի, Պարտապանի բաժնետեր Գագիկ Մարտիրոսյանի և «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. Ընկերության համար` Կողմերը հաստատում են, որ Հաշտության համաձայնությամբ սահմանված վճարումները կարող են կատարվել նաև Պարտապանի բաժնետեր Գագիկ Մարտիրոսյանի, «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. ընկերության կամ Պարտապանի օգտին ցանկացած այլ անձի կողմից: Սույն կետում նշված երրորդ անձանց կողմից վճարումները համարվելու են Հաշտության համաձայնությամբ սահմանված պատշաճ վճարումներ և Պարտավորության մայր գումարի կամ Հաշվարկված տոկոսների ցանկացած վճարում Պարտատիրոջը կատարված երրորդ անձանց կողմից Հաշտության համաձայնության շրջանակներում հավասարազոր է Պարտատիրոջ կողմից վճարման կատարելուն ու հանգեցնում է նույն իրավաբանական հետևանքներին:
(...)
13. Կողմերը հաստատում են, որ բացառությամբ Հաշտության 3-րդ կետում նշված` Պարտավորության մայր գումարի և Հաշտության 4-րդ կետում նշված` արդեն իսկ հաշվարկված տոկոսների վճարման ժամանակացույցի (գրաֆիկի)` Պայմանագրի մնացած բոլոր պայմանները շարունակում են գործել այնպես, ինչպես սահմանված են Պայմանագրում: Պարտապանը ստորագրելով Հաշտության համաձայնությունն ընդունում և հաստատում է, որ Պայմանագրով և Հաշտությամբ սահմանված բոլոր պարտավորություններն իրավաչափ և օրինական են:
14. Կողմերը հաստատում են, որ Հաշտության համաձայնությամբ սահմանվածից բացի որևէ այլ պահանջ չունեն միմյանց նկատմամբ (...)»:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0125/04/17 գործով 12.03.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վճարային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության իրավական հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի(1) «բ» կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
i
1) Սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքը` մինչև 18.09.2020 թվականին ընդունված և 12.10.2020 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-445-Ն օրենքով փոփոխությունները գործող խմբագրությամբ:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է` պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
i
ՀՀ վճռաբեկ դատարանի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: Վճարային պարտավորությունների անվիճելի լինելը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ դրա կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նաև նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է մասնավորապես այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ` նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած` ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ` անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է` բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն` նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը` անկախ նյութաիրավական վեճի հիմքից:
i
Նույն գործով փաստերի նկատմամբ կիրառելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված վճարային պարտավորության հիմքը` վարկային պայմանագիրը, անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, որ պարտապան ընկերությունը կարող է հնարավորություն ստանալ պարտատեր բանկին ընդհանրապես չվճարել պարտքի գումարը, մասնավորապես` վարկի մայր գումարը, որի չափը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Այլ կերպ ասած` պարտապանը չի հիմնավորել, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի` նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտապան ընկերությունը չի առարկել վարկի գումարը ստացած լինելու վերաբերյալ, ավելին, շուրջ մեկ տարի բանկի հանդեպ կատարել է վարկային պայմանագրից բխող իր պարտավորությունները: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ դատարանում քննվող քաղաքացիական գործով նյութաիրավական վեճը չի բացառում պարտավորության անվիճելիության հատկանիշը (տե՛ս ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումի` «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Ըստ Լեռնիկ Սարգսյանի և Լիլիա Սահրադյանի դիմումի` Հարություն Անտոնյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, արձանագրել է նյութական իրավունքի նորմի խախտում` արտահայտված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սխալ մեկնաբանության ձևով, այն հիմնավորմամբ, որ առաջին ատյանի դատարանը «հետամուտ չի եղել համոզվելու, թե արդյոք նշված գործերով առկա նյութաիրավական վեճի առկայությունը, սույն գործով նյութաիրավական պահանջը վիճելի է դարձնում թե` ոչ, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
i
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս նաև Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ քաղաքացիական գործով պարտապանը ներկայացրել է այն գործարքն անվավեր ճանաչելու պահանջ, որից ծագող վճարային պարտավորության կետանցը դրված է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում, սնանկության դատարանը պարտավորության անվիճելիությունը գնահատելիս պետք է պարզի, թե արդյո՞ք նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի է դարձնում պարտավորությունը, մասնավորապես` արդյո՞ք հայցի բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անվավերության հետևանքների կիրառումից հետո չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Պայմանագրի կողմերը դրանով [Պայմանագրով] նորացրել են մի դեպքում Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև առկա փոխառության պայմանագրից բխող, մյուս դեպքում Պարտատիրոջ ու Կազմակերպության միջև առկա բաժնեմասի առուվաճառքի պայմանագրից բխող պարտավորությունները` Պայմանագրի կողմ հանդիսացող պարտապանների համար սահմանելով պարտավորության նոր առարկա, ինչպես նաև կատարման նոր կարգ ու եղանակ:
(...) Դատարանը գտնում է, որ Պայմանագիրը վիճարկելու մասին թիվ ԵԴ/29766/02/20 քաղաքացիական գործի առկայությունը չի կարող արգելք հանդիսանալ Պարտատիրոջ հանդեպ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած պարտավորությունն անվիճելի դիտելու համար, քանի որ նույնիսկ նշված քաղաքացիական գործով հայցը բավարարվելու և Պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում կշարունակի առկա լինել Պայմանագրում նշված` Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև գործող փոխառության գործարքով Պարտատիրոջ նկատմամբ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած 250.000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունը, այսինքն` կշարունակի առկա լինել Պարտատիրոջ նկատմամբ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորություն:
(...) Պարտատերը, իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362 հոդվածով իրեն վերապահված իրավունքը, Պայմանագրով համապարտ պարտապան հանդիսացող Ընկերությունից այդ պարտավորության կատարում ակնկալելով, դիմել է Դատարան` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով: Հետագայում նշված սնանկության գործի շրջանակներում Պարտատիրոջ ու Ընկերության միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով Ընկերության համար սահմանվել է Պարտատիրոջ հանդեպ նրա ունեցած պարտավորության կատարման նոր կարգ ու ժամկետ: Այսինքն` նշված վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ սահմանվել են բացառապես Պարտատիրոջ ու Ընկերության համար` նրանց միջև առկա իրավահարաբերության շրջանակներում, իսկ այլ անձանց, այդ թվում` Գագիկ Մարտիրոսյանի համար այն իրավունքներ ու պարտականություններ սահմանող ապացույց չի կարող հանդիսանալ:
(...) Դատարանը գտնում է, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով Դատարանի կողմից 23.02.2021թ. կայացված վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվել միայն այդ գործով հաշտության համաձայնության կողմերի համար, և այդ վճիռն ու դրանով հաստատված հաշտության համաձայնությունը Պայմանագրի կողմ հանդիսացող Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև առկա հարաբերություններում նրանց համար նոր իրավունքներ ու պարտականություններ չէին կարող սահմանել, քանի որ Գագիկ Մարտիրոսյանը այդ գործով և դրանով կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնության կողմ չի հանդիսացել: Այսինքն` այդ վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությունով (...) պարտավորության կատարման նոր ժամկետ սահմանվել է միայն Ընկերության համար»:
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի 12.07.2021 թվականի վճիռը` Կոնստանտին Օրբելյանի դիմումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Այն պայմանագիրը, ըստ այդմ նաև` դրանով ծագած պարտավորությունը, որը դրվել է սույն գործով ներկայացված դիմումի հիմքում, վիճարկվում է թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում դիմումի հիմքում դրվել է մի պարտավորություն, որն անվիճելի չէ: Ըստ այդմ` հիմնավոր են բողոքաբերի այն փաստարկները, որոնք վերաբերում են պարտավորության վիճելիությանը և միայն այդ փաստարկները բավարար են դատական ակտը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է «ստացականի» վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը կրկին արձանագրում է, որ սույն դիմումի հիմքում դրված է ոչ թե «ստացական» փաստաթղթով ստանձնած պարտավորությունը, այլ 16.07.2019թ. կնքված պայմանագիրը, հետևաբար միայն այդ պայմանագրով ստանձնած պարտավորության անվիճելի կամ վիճելի լինելու հանգամանքները պետք է Դատարանը քննության առարկա դարձներ»:
Սույն գործի փաստերի համաձայն` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է պարտատեր Կոնստանտին Օրբելյանի, Պարտապանի, Ընկերության և Կազմակերպության միջև կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագրից բխող պարտավորության կետանցը:
Պարտապանը սնանկության դիմումը վարույթ ընդունվելուց հետո հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պարտատեր Կոնստանտին Օրբելյանի` Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ:
Այսպիսով, թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով վիճարկվում է Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` Պարտապանը, Ընկերությունը և Կազմակերպությունը Կոնստանտին Օրբելյանի նկատմամբ համապարտությամբ ստանձնել են Կոնստանտին Օրբելյանին տրված ստացականով Պարտապանի ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի, Կազմակերպության և Կոնստանտին Օրբելյանի միջև կնքված` «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով վճարված 600.000 ԱՄՆ դոլարի, ինչպես նաև նշված գումարների նկատմամբ մինչև Պայմանագրի կնքման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 306.000 ԱՄՆ դոլարի չափով տոկոսների և վերը նշված գումարների տրամադրման հետ կապված Պարտատիրոջ կրած 10.000 ԱՄՆ դոլար ծախսի գումարները վճարելու պարտավորություն:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով ներկայացված է վճարային պարտավորություն սահմանող Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որը բավարարվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուս կողմին վերադարձնի գործարքով ամբողջ ստացածը, այն է` Պարտապանը Պարտատիրոջը պետք է վերադարձնի ստացականում նշված չափով ստացած գումարը: Հետևաբար, սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրված Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը բավարար ապացույցներ չեն սույն սնանկության գործով պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, որ հայցի բավարարման դեպքում Պարտապանը կարող է հնարավորություն ստանալ պարտատեր Կոնստանտին Օրբելյանին ընդհանրապես չվճարելու պարտքի գումարը, մասնավորապես` ստացականով ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի չափով, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը վճարային պարտավորության անվիճելիությունը գնահատելիս չի պարզել, թե արդյոք նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի է դարձնում պարտավորությունը, մասնավորապես` արդյոք հայցի բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անվավերության հետևանքների կիրառումից հետո չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:
Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում սույն գործով անվիճելի վճարային պարտավորության առկայության փաստը հիմնավորված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները և հանգում է հետևության, որ առկա է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պահանջվող` պարտավորության անվիճելիության հատկանիշը:
Հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանի` բողոքարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունն իրականացնելու համար կարևորվում է ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման որոշում կայացնելու հնարավորությունը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությանը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ է դիտել նաև այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականին կայացրած վճռով ՀՀ սնանկության դատարանը հաստատել է Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` կողմերը հաստատել են, որ Պարտատերը հետ է վերցնում Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը, իսկ Ընկերությունը պարտավորվում է Պայմանագրից բխող` 18.02.2021 թվականի դրությամբ վճարման ենթակա պարտքի գումարները վճարել Պարտատիրոջը հաշտության համաձայնությամբ հաստատված կարգով և ժամկետներում:
Պարտապանը սույն գործով սնանկության դիմումի դեմ առարկություն է ներկայացրել դատարան` ի թիվս այլնի նշելով, որ «հաշտության համաձայնությամբ նախատեսվել է, որ վճարումները կարող են կատարվել նաև համապարտ պարտապան Գագիկ Մարտիրոսյանի կողմից, այսինքն` Պայմանագրից բխող պարտավորության կատարման համար հաշտության համաձայնությամբ սահմանվել է նոր ժամկետ, ուստի այլևս չկա պարտավորության կետանց» (հիմք` վճիռը):
Անդրադառնալով գործի ելքի վրա ազդեցության տեսանկյունից վերոնշյալ փաստին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնության նշանակությանը և էությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման: Դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, և միայն կնքման ձևը և դատավարական հետևանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ:
Վերոգրյալով պայմանավորված` դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես`
1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,
2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,
i
3. կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները` դրանով իսկ դադարեցնելով իրենց միջև եղած վեճը (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը, տե՛ս նաև «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով Դատարանի 23.02.2021 թվականին վճռով հաստատված հաշտության համաձայնության կողմեր են տվյալ սնանկության գործով դիմումատուն` պարտատեր Կոնստանտին Օրբելյանը, և պարտապան Ընկերությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվել միայն դրա կողմ հանդիսացող սուբյեկտների` Կոնստանտին Օրբելյանի և Ընկերության համար, և դրանով սահմանված` Պայմանագրից ծագած պարտավորության կատարման նոր կարգը և ժամկետները չեն վերաբերում Պայմանագրի այլ կողմերին` պարտապան Գագիկ Մարտիրոսյանին և Կազմակերպությանը:
Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով հաստատված հաշտության համաձայնությունը պարտապան Գագիկ Մարտիրոսյանի անվճարունակության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը պարզելիս որևէ նշանակություն չունի:
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և Դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Դատարանի վճիռը, և Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում է պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, և օրինական ուժ է տրվում Դատարանի 20.10.2021 թվականի վճռին` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Կոնստանտին Օրբելյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամ գումարի պահանջը կարող է գրանցվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն պարտապանի պահանջների ցուցակում որպես չապահովված պահանջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 20.10.2021 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ՍնԴ/1896/04/20 սնանկության գործով 16.12.2022 թվականին
կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
16.12.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով Կոնստանտին Օրբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ Կոնստանտին Օրբելյանի դիմումի` Գագիկ Մարտիրոսյանին (այսուհետ` Պարտապան) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 20.10.2021 թվականի վճռին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Կոնստանտին Օրբելյանը, 06.08.2020 թվականին դիմելով դատարան, պահանջել է Պարտապանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2021 թվականի վճռով Կոնստանտին Օրբելյանի դիմումը բավարարվել է` Պարտապանը ճանաչվել է սնանկ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշմամբ Պարտապանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.10.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Կոնստանտին Օրբելյանի դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոնստանտին Օրբելյանը (ներկայացուցիչ` Գագիկ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 62-րդ հոդվածի 1-ին մասը և 66-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու` սնանկության դիմումը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով Պարտապանի ներկայացրած հայցով վիճարկվում է 16.07.2019 թվականին Պարտատիրոջ, Պարտապանի, «Բուրգեր Արմ» փակ բաժնետիրական ընկերության և «Էմ Ջի Էյ Գրուպ» Ինք. ընկերության միջև կնքված փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի արդյունքում Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված պարտավորությունը դառնում է վիճելի:
i
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0074/04/09 և ԵԱՔԴ/0125/04/17 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի կարևորել այն հարցը, թե արդյոք 16.07.2019 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի բավարարումը հանգեցնելու է Պարտապանի ստանձնած 250.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պարտավորության դադարման: Անկախ վերոնշյալ քաղաքացիական գործի ելքից` Պարտապանը շարունակելու է ունենալ 250.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու ժամկետանց պարտավորություն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքում դրված է պայմանագիրը, ապա այն անհիմն է, քանի որ պայմանագրով ստանձնած պարտավորությունը ներառում է նաև դրանում նշված ստացականով ստանձնած պարտավորությունը, որը պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում շարունակելու է գոյություն ունենալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.10.2021 թվականի վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 16.07.2019 թվականին մի կողմից Կոնստանտին Օրբելյանի (Պարտատեր) և մյուս կողմից «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի (Պարտապան 1), Գագիկ Մարտիրոսյանի (Պարտապան 2) ու «Էմ Ջի Էյ Գրուպ» Ինք. ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) (Պարտապան 3) միջև կնքված պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Ընկերությունը Գագիկ Մարտիրոսյանի և Կազմակերպության հետ միասին համապարտության կարգով ստանձնել են`
- Գագիկ Մարտիրոսյանի` 09.08.2016 թվականին Պարտատիրոջը տրված ստացականով ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի,
- Կազմակերպության և Պարտատիրոջ միջև 10.07.2016 թվականին կնքված` «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով վճարված 600.000 ԱՄՆ դոլարի,
- ինչպես նաև նշված գումարների նկատմամբ մինչև Պայմանագրի կնքման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 306.000 ԱՄՆ դոլարի չափով տոկոսների և վերը նշված գումարների տրամադրման հետ կապված Պարտատիրոջ կրած 10.000 ԱՄՆ դոլար ծախսի գումարները վճարելու պարտավորություն:
Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Պարտատիրոջը վճարման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է 1.166.000 ԱՄՆ դոլար:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Ընկերությունը, Գագիկ Մարտիրոսյանը և Կազմակերպությունը համապարտության կարգով պարտավորվել են Պայմանագիրը կնքելուն հաջորդող յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա վերջին օրը Պարտատիրոջ բանկային հաշվին վճարել առնվազն 20.000 ԱՄՆ դոլար մինչև պարտքի լրիվ մարումը:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագիրը ստորագրելուց հետո` նույն օրը (Պայմանագիրը կնքելու օրը), Գագիկ Մարտիրոսյանը Պարտատիրոջը վճարում է 20.000 ԱՄՆ դոլար, որն ուղղվում է պարտքի գումարի մարմանը և 850.000 ՀՀ դրամ` որպես Պարտատիրոջ կողմից պարտքի գումարի բռնագանձման համար կրած ծախսերի հատուցում:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն` մինչև պարտքի գումարն ամբողջությամբ մարելու օրը պարտքի գումարի նկատմամբ ենթակա են հաշվարկման տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով տոկոսներ, որոնք Ընկերությունը, Գագիկ Մարտիրոսյանը և Կազմակերպությունը համապարտության կարգով պարտավորվել են վճարել Պարտատիրոջը` Պայմանագիրը կնքելուն հաջորդող յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա վերջին օրը` այդ պահին հաշվարկված տոկոսի գումարի չափով:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն` պարտապաններից յուրաքանչյուրի կամ բոլորի կողմից Պայմանագրի ցանկացած խախտման դեպքում Պարտատերը իրավունք ունի Ընկերությունից, Գագիկ Մարտիրոսյանից և Կազմակերպությունից միասին կամ նրանցից յուրաքանչյուրից պահանջել վճարել Պայմանագրով սահմանված ամբողջ պարտքի գումարը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսները ամբողջությամբ` համապարտության կարգով (հատոր 1, գ.թ. 16-24):
2) Գագիկ Մարտիրոսյանը 05.10.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործ):
3) ՀՀ սնանկության դատարանը թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականին կայացրած վճռով հաստատել է Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, կարճել է Պարտատիրոջ դիմումի հիման վրա հարուցված` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործի վարույթը:
Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնության համաձայն` «Թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով դիմողը` Կոնստանտին Գարիի Օրբելյանը (այսուհետ` Պարտատեր) (...) և պարտապանը` «Բուրգեր Արմ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Պարտապան)` (...), այսուհետ միասին` Կողմեր, իսկ առանձին` Կողմ, հաշվի առնելով, որ Պարտատերը դիմում է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան (այսուհետ` Դատարան) Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ դիմումի համար հիմք է հանդիսացել 16.07.2019թ. Պարտատիրոջ, Պարտապանի, պարտապանի բաժնետոմսերի սեփականատեր Գագիկ Մարտիրոսյանի և «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. Ընկերության միջև կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ` Հաշտության համաձայնություն կամ Հաշտություն) հետևյալի մասին.
1. Պարտատերը հետ է վերցնում Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
2. Պայմանագրի համաձայն Պարտապանի պարտքը` պարտավորության մայր գումարի գծով, Պարտատիրոջ նկատմամբ կազմում էր 1.166.000 (մեկ միլիոն հարյուր վաթսունվեց հազար) ԱՄՆ դոլար, որից Հաշտության համաձայնության ստորագրման պահին փաստացի վճարվել է 74.000 (յոթանասունչորս հազար) ԱՄՆ դոլար Պարտատիրոջը:
3. Կողմերը հաստատում են, որ 18.02.2021թ. դրությամբ Պարտապանի կողմից Պարտատիրոջը վճարման ենթակա պարտքի մայր գումարի չափը (նվազեցնելով 2-րդ կետում նշված փաստացի կատարված վճարումը) կազմում է 1.092.000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) ԱՄՆ դոլար (այսուհետ` Պարտավորության մայր գումար):
4. Կողմերը հաստատում են, որ 18.02.2021թ. դրությամբ Պարտապանի կողմից Պայմանագրի 1.4 կետի համաձայն պարտքի մայր գումարի նկատմամբ հաշվարկված և Պարտատիրոջը վճարման ենթակա տոկոսների գումարը կազմում է 184.000 (մեկ հարյուր ութսունչորս հազար) ԱՄՆ դոլար:
5. Պարտապանը պարտավորվում է Հաշտության համաձայնության 3-րդ կետում նշված պարտավորության մայր գումարը վճարել հետևյալ ժամանակացույցով.
(...)
6. Պարտապանը պարտավորվում է Հաշտության համաձայնության 4-րդ կետում նշված պարտավորության 18.02.21թ. դրությամբ հաշվարկված տոկոսների գումարը վճարել հետևյալ ժամանակացույցով.
(...)
7. Պայմանագրի 1.4 կետով սահմանված տոկոսների վճարման պարտավորությունը և հաշվարկը շարունակվում է Պարտավորության մայր գումարի` 1.092.000 (մեկ միլիոն իննսուներկու հազար) ԱՄՆ դոլարի նկատմամբ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Հաշվարկված տոկոսների գումարը Պարտապանը պարտավոր է վճարել Պայմանագրի 1.4 կետով սահմանված կարգով և ժամկետներում:
(...)
9. Հաշվի առնելով, որ Պարտավորության մայր գումարը բխում է Պայմանագրից, որով համապարտ պատասխանատվություն է սահմանված Պարտապանի, Պարտապանի բաժնետեր Գագիկ Մարտիրոսյանի և «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. Ընկերության համար` Կողմերը հաստատում են, որ Հաշտության համաձայնությամբ սահմանված վճարումները կարող են կատարվել նաև Պարտապանի բաժնետեր Գագիկ Մարտիրոսյանի, «Էմ Ջի Էյ Գրուպ» ինք. ընկերության կամ Պարտապանի օգտին ցանկացած այլ անձի կողմից: Սույն կետում նշված երրորդ անձանց կողմից վճարումները համարվելու են Հաշտության համաձայնությամբ սահմանված պատշաճ վճարումներ և Պարտավորության մայր գումարի կամ Հաշվարկված տոկոսների ցանկացած վճարում Պարտատիրոջը կատարված երրորդ անձանց կողմից Հաշտության համաձայնության շրջանակներում հավասարազոր է Պարտատիրոջ կողմից վճարման կատարելուն ու հանգեցնում է նույն իրավաբանական հետևանքներին:
(...)
13. Կողմերը հաստատում են, որ բացառությամբ Հաշտության 3-րդ կետում նշված` Պարտավորության մայր գումարի և Հաշտության 4-րդ կետում նշված` արդեն իսկ հաշվարկված տոկոսների վճարման ժամանակացույցի (գրաֆիկի)` Պայմանագրի մնացած բոլոր պայմանները շարունակում են գործել այնպես, ինչպես սահմանված են Պայմանագրում: Պարտապանը ստորագրելով Հաշտության համաձայնությունն ընդունում և հաստատում է, որ Պայմանագրով և Հաշտությամբ սահմանված բոլոր պարտավորություններն իրավաչափ և օրինական են:
14. Կողմերը հաստատում են, որ Հաշտության համաձայնությամբ սահմանվածից բացի որևէ այլ պահանջ չունեն միմյանց նկատմամբ (...)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
i
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0125/04/17 գործով 12.03.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վճարային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության իրավական հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի(1) «բ» կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
____________________
i
1) Սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքը` մինչև 18.09.2020 թվականին ընդունված և 12.10.2020 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-445-Ն օրենքով փոփոխությունները գործող խմբագրությամբ:
i
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է` պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
i
ՀՀ վճռաբեկ դատարանի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: Վճարային պարտավորությունների անվիճելի լինելը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ դրա կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նաև նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է մասնավորապես այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ` նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած` ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ` անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է` բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն` նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը` անկախ նյութաիրավական վեճի հիմքից:
i
Նույն գործով փաստերի նկատմամբ կիրառելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված վճարային պարտավորության հիմքը` վարկային պայմանագիրը, անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, որ պարտապան ընկերությունը կարող է հնարավորություն ստանալ պարտատեր բանկին ընդհանրապես չվճարել պարտքի գումարը, մասնավորապես` վարկի մայր գումարը, որի չափը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Այլ կերպ ասած` պարտապանը չի հիմնավորել, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի` նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտապան ընկերությունը չի առարկել վարկի գումարը ստացած լինելու վերաբերյալ, ավելին, շուրջ մեկ տարի բանկի հանդեպ կատարել է վարկային պայմանագրից բխող իր պարտավորությունները: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ դատարանում քննվող քաղաքացիական գործով նյութաիրավական վեճը չի բացառում պարտավորության անվիճելիության հատկանիշը (տե՛ս ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումի` «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Ըստ Լեռնիկ Սարգսյանի և Լիլիա Սահրադյանի դիմումի` Հարություն Անտոնյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, արձանագրել է նյութական իրավունքի նորմի խախտում` արտահայտված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սխալ մեկնաբանության ձևով, այն հիմնավորմամբ, որ առաջին ատյանի դատարանը «հետամուտ չի եղել համոզվելու, թե արդյոք նշված գործերով առկա նյութաիրավական վեճի առկայությունը, սույն գործով նյութաիրավական պահանջը վիճելի է դարձնում թե` ոչ, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
i
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս նաև Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ քաղաքացիական գործով պարտապանը ներկայացրել է այն գործարքն անվավեր ճանաչելու պահանջ, որից ծագող վճարային պարտավորության կետանցը դրված է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում, սնանկության դատարանը պարտավորության անվիճելիությունը գնահատելիս պետք է պարզի, թե արդյո՞ք նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի է դարձնում պարտավորությունը, մասնավորապես` արդյո՞ք հայցի բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անվավերության հետևանքների կիրառումից հետո չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Պայմանագրի կողմերը դրանով [Պայմանագրով] նորացրել են մի դեպքում Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև առկա փոխառության պայմանագրից բխող, մյուս դեպքում Պարտատիրոջ ու Կազմակերպության միջև առկա բաժնեմասի առուվաճառքի պայմանագրից բխող պարտավորությունները` Պայմանագրի կողմ հանդիսացող պարտապանների համար սահմանելով պարտավորության նոր առարկա, ինչպես նաև կատարման նոր կարգ ու եղանակ:
(...) Դատարանը գտնում է, որ Պայմանագիրը վիճարկելու մասին թիվ ԵԴ/29766/02/20 քաղաքացիական գործի առկայությունը չի կարող արգելք հանդիսանալ Պարտատիրոջ հանդեպ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած պարտավորությունն անվիճելի դիտելու համար, քանի որ նույնիսկ նշված քաղաքացիական գործով հայցը բավարարվելու և Պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում կշարունակի առկա լինել Պայմանագրում նշված` Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև գործող փոխառության գործարքով Պարտատիրոջ նկատմամբ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած 250.000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունը, այսինքն` կշարունակի առկա լինել Պարտատիրոջ նկատմամբ Գագիկ Մարտիրոսյանի ունեցած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորություն:
(...) Պարտատերը, իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքը, Պայմանագրով համապարտ պարտապան հանդիսացող Ընկերությունից այդ պարտավորության կատարում ակնկալելով, դիմել է Դատարան` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով: Հետագայում նշված սնանկության գործի շրջանակներում Պարտատիրոջ ու Ընկերության միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով Ընկերության համար սահմանվել է Պարտատիրոջ հանդեպ նրա ունեցած պարտավորության կատարման նոր կարգ ու ժամկետ: Այսինքն` նշված վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ սահմանվել են բացառապես Պարտատիրոջ ու Ընկերության համար` նրանց միջև առկա իրավահարաբերության շրջանակներում, իսկ այլ անձանց, այդ թվում` Գագիկ Մարտիրոսյանի համար այն իրավունքներ ու պարտականություններ սահմանող ապացույց չի կարող հանդիսանալ:
(...) Դատարանը գտնում է, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով Դատարանի կողմից 23.02.2021թ. կայացված վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվել միայն այդ գործով հաշտության համաձայնության կողմերի համար, և այդ վճիռն ու դրանով հաստատված հաշտության համաձայնությունը Պայմանագրի կողմ հանդիսացող Պարտատիրոջ ու Գագիկ Մարտիրոսյանի միջև առկա հարաբերություններում նրանց համար նոր իրավունքներ ու պարտականություններ չէին կարող սահմանել, քանի որ Գագիկ Մարտիրոսյանը այդ գործով և դրանով կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնության կողմ չի հանդիսացել: Այսինքն` այդ վճռով ու դրանով հաստատված հաշտության համաձայնությունով (...) պարտավորության կատարման նոր ժամկետ սահմանվել է միայն Ընկերության համար»:
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի 12.07.2021 թվականի վճիռը` Կոնստանտին Օրբելյանի դիմումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Այն պայմանագիրը, ըստ այդմ նաև` դրանով ծագած պարտավորությունը, որը դրվել է սույն գործով ներկայացված դիմումի հիմքում, վիճարկվում է թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում դիմումի հիմքում դրվել է մի պարտավորություն, որն անվիճելի չէ: Ըստ այդմ` հիմնավոր են բողոքաբերի այն փաստարկները, որոնք վերաբերում են պարտավորության վիճելիությանը և միայն այդ փաստարկները բավարար են դատական ակտը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է «ստացականի» վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը կրկին արձանագրում է, որ սույն դիմումի հիմքում դրված է ոչ թե «ստացական» փաստաթղթով ստանձնած պարտավորությունը, այլ 16.07.2019թ. կնքված պայմանագիրը, հետևաբար միայն այդ պայմանագրով ստանձնած պարտավորության անվիճելի կամ վիճելի լինելու հանգամանքները պետք է Դատարանը քննության առարկա դարձներ»:
Սույն գործի փաստերի համաձայն` Պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է պարտատեր Կոնստանտին Օրբելյանի, Պարտապանի, Ընկերության և Կազմակերպության միջև կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագրից բխող պարտավորության կետանցը:
Պարտապանը սնանկության դիմումը վարույթ ընդունվելուց հետո հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պարտատեր Կոնստանտին Օրբելյանի` Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ:
Այսպիսով, թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով վիճարկվում է Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` Պարտապանը, Ընկերությունը և Կազմակերպությունը Կոնստանտին Օրբելյանի նկատմամբ համապարտությամբ ստանձնել են Կոնստանտին Օրբելյանին տրված ստացականով Պարտապանի ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի, Կազմակերպության և Կոնստանտին Օրբելյանի միջև կնքված` «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով վճարված 600.000 ԱՄՆ դոլարի, ինչպես նաև նշված գումարների նկատմամբ մինչև Պայմանագրի կնքման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 306.000 ԱՄՆ դոլարի չափով տոկոսների և վերը նշված գումարների տրամադրման հետ կապված Պարտատիրոջ կրած 10.000 ԱՄՆ դոլար ծախսի գումարները վճարելու պարտավորություն:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով ներկայացված է վճարային պարտավորություն սահմանող Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որը բավարարվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուս կողմին վերադարձնի գործարքով ամբողջ ստացածը, այն է` Պարտապանը Պարտատիրոջը պետք է վերադարձնի ստացականում նշված չափով ստացած գումարը: Հետևաբար, սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրված Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը բավարար ապացույցներ չեն սույն սնանկության գործով պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, որ հայցի բավարարման դեպքում Պարտապանը կարող է հնարավորություն ստանալ պարտատեր Կոնստանտին Օրբելյանին ընդհանրապես չվճարելու պարտքի գումարը, մասնավորապես` ստացականով ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի չափով, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը վճարային պարտավորության անվիճելիությունը գնահատելիս չի պարզել, թե արդյոք նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի է դարձնում պարտավորությունը, մասնավորապես` արդյոք հայցի բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անվավերության հետևանքների կիրառումից հետո չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:
Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում սույն գործով անվիճելի վճարային պարտավորության առկայության փաստը հիմնավորված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները և հանգում է հետևության, որ առկա է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պահանջվող` պարտավորության անվիճելիության հատկանիշը:
Հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանի` բողոքարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունն իրականացնելու համար կարևորվում է ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքների հիման վրա նման որոշում կայացնելու հնարավորությունը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությանը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ է դիտել նաև այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 23.02.2021 թվականին կայացրած վճռով ՀՀ սնանկության դատարանը հաստատել է Պարտատիրոջ և Ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` կողմերը հաստատել են, որ Պարտատերը հետ է վերցնում Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը, իսկ Ընկերությունը պարտավորվում է Պայմանագրից բխող` 18.02.2021 թվականի դրությամբ վճարման ենթակա պարտքի գումարները վճարել Պարտատիրոջը հաշտության համաձայնությամբ հաստատված կարգով և ժամկետներում:
Պարտապանը սույն գործով սնանկության դիմումի դեմ առարկություն է ներկայացրել դատարան` ի թիվս այլնի նշելով, որ «հաշտության համաձայնությամբ նախատեսվել է, որ վճարումները կարող են կատարվել նաև համապարտ պարտապան Գագիկ Մարտիրոսյանի կողմից, այսինքն` Պայմանագրից բխող պարտավորության կատարման համար հաշտության համաձայնությամբ սահմանվել է նոր ժամկետ, ուստի այլևս չկա պարտավորության կետանց» (հիմք` վճիռը):
Անդրադառնալով գործի ելքի վրա ազդեցության տեսանկյունից վերոնշյալ փաստին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնության նշանակությանը և էությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման: Դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, և միայն կնքման ձևը և դատավարական հետևանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ:
Վերոգրյալով պայմանավորված` դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես`
1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,
2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,
i
3. կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները` դրանով իսկ դադարեցնելով իրենց միջև եղած վեճը (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը, տե՛ս նաև «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով Դատարանի 23.02.2021 թվականին վճռով հաստատված հաշտության համաձայնության կողմեր են տվյալ սնանկության գործով դիմումատուն` պարտատեր Կոնստանտին Օրբելյանը, և պարտապան Ընկերությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվել միայն դրա կողմ հանդիսացող սուբյեկտների` Կոնստանտին Օրբելյանի և Ընկերության համար, և դրանով սահմանված` Պայմանագրից ծագած պարտավորության կատարման նոր կարգը և ժամկետները չեն վերաբերում Պայմանագրի այլ կողմերին` պարտապան Գագիկ Մարտիրոսյանին և Կազմակերպությանը:
Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով հաստատված հաշտության համաձայնությունը պարտապան Գագիկ Մարտիրոսյանի անվճարունակության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը պարզելիս որևէ նշանակություն չունի:
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և Դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Դատարանի վճիռը, և Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ինքնուրույն հիմք է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալը, որը տվյալ դեպքում կարող է դրսևորվել նաև բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասելու եղանակով:
Դրանից ելնելով` կարծում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունում վերը նշված հիմքով, ապա պարտավոր է`
1. իր կողմից կայացված որոշման մեջ նշել (մեջ բերել) բողոքարկվող որոշման բոլոր այն մասերը, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմանը.
2. կատարել համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ` ցույց տալով այդ հակասությունը:
i
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշեցինք վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով` նշելով, որ «բողոքարկվող որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0125/04/17 գործով 12.03.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը»:
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ է տվել ՀՀ սնանկության դատարանի 20.10.2021 թվականի վճռին:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանք կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար:
Այսպես`
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ նշել է բացառապես, որ`
- «թիվ ԵԴ/29466/02/20 քաղաքացիական գործով ներկայացված է վճարային պարտավորություն սահմանող Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որը բավարարվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուս կողմին վերադարձնի գործարքով ամբողջ ստացածը, այն է` Պարտապանը Պարտատիրոջը պետք է վերադարձնի ստացականում նշված չափով ստացած գումարը: Հետևաբար, սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրված Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը բավարար ապացույցներ չեն սույն սնանկության գործով պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար` նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, որ հայցի բավարարման դեպքում Պարտապանը կարող է հնարավորություն ստանալ պարտատեր Կոնստանտին Օրբելյանին ընդհանրապես չվճարելու պարտքի գումարը, մասնավորապես` ստացականով ստանձնած 250.000 ԱՄՆ դոլարի չափով, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը»,
- «Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը վճարային պարտավորության անվիճելիությունը գնահատելիս չի պարզել, թե արդյոք նյութաիրավական վեճի առկայությունն իր էությամբ վիճելի է դարձնում պարտավորությունը, մասնավորապես` արդյոք հայցի բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անվավերության հետևանքների կիրառումից հետո չի շարունակի գոյություն ունենալ պարտատիրոջ հանդեպ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց: Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում սույն գործով անվիճելի վճարային պարտավորության առկայության փաստը հիմնավորված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները և հանգում է հետևության, որ առկա է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պահանջվող` պարտավորության անվիճելիության հատկանիշը»,
- «թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով Դատարանի 23.02.2021 թվականին վճռով հաստատված հաշտության համաձայնության կողմեր են տվյալ սնանկության գործով դիմումատուն` պարտատեր Կոնստանտին Օրբելյանը, և պարտապան Ընկերությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հաշտության համաձայնությամբ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվել միայն դրա կողմ հանդիսացող սուբյեկտների` Կոնստանտին Օրբելյանի և Ընկերության համար, և դրանով սահմանված` Պայմանագրից ծագած պարտավորության կատարման նոր կարգը և ժամկետները չեն վերաբերում Պայմանագրի այլ կողմերին` պարտապան Գագիկ Մարտիրոսյանին և Կազմակերպությանը: Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով հաստատված հաշտության համաձայնությունը պարտապան Գագիկ Մարտիրոսյանի անվճարունակության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը պարզելիս որևէ նշանակություն չունի»:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է արել այն մասին, որ «Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման»:
i
Նախ, կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու համար, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է` որոշման մեջ նշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայության հիմնավորումը: Նշված եզրահանգումս պայմանավորված է նրանով, որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր, որպեսզի Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ նշեր (մեջ բերեր) Վերաքննիչ դատարանի 03.03.2022 թվականի որոշման բոլոր այն մասերը, որոնք հակասում են թիվ ԵԱՔԴ/0125/04/17 գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 12.03.2020 թվականի համապատասխան որոշմանը, ինչպես նաև կատարեր համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և ենթադրյալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վերը նշված դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ` ցույց տալով այդ հակասությունը:
Բացի այդ, տվյալ դեպքում, հիմք ընդունելով այն, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ինչով է պայմանավորվել, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը պետք է եզրահանգում աներ ոչ թե այն մասին, որ «Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման», այլ պետք է իր կողմից կայացված որոշման մեջ հիմնավորված համարեր վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությունը, որը տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, չի կատարվել:
Վերոնշյալը բավարար համարելով սույն գործով հատուկ կարծիք հայտնելու համար` անհրաժեշտ չենք համարում Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված շարժառիթներին անդրադառնալը նաև իբրև Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը սխալ մեկնաբանելու տեսանկյունից:
Վերոգրյալի հիման վրա` հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ
Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին: