Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՏՈՒԳ ...

 

 

102.0914.090699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

9 հունիսի 1999 թվական թիվ 914

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԿԱՆՉԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի և Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» հրամանագրի պահանջներից ելնելով հրամայում եմ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, նոտարական գրասենյակներում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում, արխիվներում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանումներում և նախարարության այլ ստորաբաժանումներում` այսուհետև նախարարության համակարգի ստորաբաժանումներ, ստուգումների իրականացման մասին հրամանը (որոշումը) ստուգում իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան տեղակալին:

Նախարարության համակարգի ստորաբաժանումներում ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման մասին հրամանի (որոշման) հիման վրա տրված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ տեղակալի գրավոր հանձնարարականի առկայության դեպքում:

2. Նախարարության համակարգի ստորաբաժանումներում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտը (արձանագրությունը) ստուգող մարմնի կողմից հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ տեղակալին:

3. Նախարարության համակարգի համապատասխան ստորաբաժանման պաշտոնատար անձը պարտավոր է թույլ չտալ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ ստուգումներ:

Ապօրինի` այդ թվում սույն կարգի խախտմամբ կատարված ստուգման փաստի կամ ստուգում կատարելու փորձի մասին նախարարության համակարգի համապատասխան ստորաբաժանման պաշտոնատար անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հայտնել անմիջապես:

4. Ստուգման ավարտից հետո երկու օրվա ժամկետում նախարարության համակարգի ստուգված ստորաբաժանման ղեկավարը կամ համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնել ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկուցագիր:

5. Նախարարության համակարգի գործունեությունից բխող քաղաքացիական գործերով դատարանում հայցվոր, պատասխանող կամ հարակից պատասխանող հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա համապատասխան տեղակալի կամ նրանց կողմից լիազորված անձը:

6. Նախարարության համակարգի աշխատակիցներն իրավունք չունեն առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա տեղակալի կողմից տրված լիազորագրի նախարարության համակարգի գործունեությունից բխող քաղաքացիական գործերով դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ հարակից պատասխանող:

7. նախարարության համակարգի շինություններում խուզարկությունն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ներկայացուցչի ներկայությամբ:

8. նախարարության համակարգի փաստաթղթերի առգրավումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ներկայացուցչի ներկայությամբ:

9. Փաստաթուղթը կամ նրա պատճենն առգրավումն իրականացնող մարմնի ներկայացուցչին տրվում է միայն առգրավման մասին որոշման հիման վրա:

Առգրավման ենթակա են միայն առգրավման մասին որոշմամբ նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

i

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախարարության համակարգի փաստաթղթերը համարվում են Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթեր և հիմնականում պահպանման ենթակա են 75 տարի: Այս իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 226 հոդվածի 3-րդ կետի համաձայն համապատասխան իրավասու մարմիններին, որպես կանոն, պետք է տրվեն միայն առգրավման ենթակա փաստաթղթերի պատճենները:

Փաստաթղթերի բնօրինակը տրվում է միայն այդ փաստաթղթի վերաբերյալ փորձաքննություն նշանակվելու անհրաժեշտության կապակցությամբ:

Փաստաթղթի բնօրինակը փորձաքննության համար հանձնող պաշտոնատար անձը պարտավոր է պահանջել, որ առգրավումն իրականացնելու մասին արձանագրության մեջ նշվի, որ տվյալ փաստաթուղթը «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա է վերադարձման:

10. Առգրաված փաստաթղթերի հաշվառման նպատակով նախարարության համակարգի ստորաբաժանումներում բացվում է հաշվառման մատյան, որում լրացվում է յուրաքանչյուր առգրաված փաստաթղթի անվանումը, համարը, էջերի քանակը, առգրավումն իրականացնող մարմնի անվանումը, նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանունը, առգրավման անցկացման մասին որոշումներն ընդունող մարմնի անվանումը, որոշման ամսաթվերը և թվերը, փաստաթղթի առգրավման և վերադարձման օրերը: Մատյանում կարող են կատարվել նաև անհրաժեշտ այլ գրառումներ:

Նախարարության համակարգի ստորաբաժանման ղեկավարը կամ համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10 ներկայացնել զեկուցագիր առգրաված և չվերադարձված փաստաթղթերի մասին` նրանում պարտադիր նշելով հաշվառման մատյանի կատարված գրանցումների բոլոր տվյալները:

11. Նախարարության համակարգի աշխատակիցներն իրենց գործունեության կամ կատարած գործողությունների (նոտարական գործողություններ, քաղաքացիական կացության ակտերի գրանցում, իրավաբանական անձանց գրանցում դատական ակտերի հարկադիր կատարում) մասին տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց տալու իրավունք ունեն միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` նախարարությանն ուղղված գրավոր հարցումներին ի պատասխան:

12. Կատարված նոտարական գործողությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ և փաստաթղթեր դատարանի, դատախազության, քննչական և հետաքննության մարմինների պահանջով տրվում են միայն նրանց վարույթում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ:

i

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին նախարարության համապատասխան ծառայությունների կողմից տեղեկատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից տեղեկատվություն ստանալու կարգի մասին» թիվ 543 որոշմանը համապատասխան:

13. Առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերը, դրանց պատճենները կամ դրանց վերաբերյալ տեղեկանքներ տրամադրողները պարտավոր են տրվող փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրառում կատարել գաղտնիքի տեսակի մասին (առևտրային գաղտնիք, որդեգրման գաղտնիք, նոտարական գաղտնիք և այլն):

Գաղտնիք պարունակող փաստաթուղթ ստացող անձը պարտավոր է նախարարության համակարգի համապատասխան ստորաբաժանման կողմից բացված հատուկ մատյանում ստորագրություն տալ գաղտնիքը չտարածելու մասին:

Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և փաստաթղթերը տրվում են  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Նախարարության համակարգի աշխատակիցները իրենց պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված հարցերով որպես փորձագետ, վկա, կասկածյալ, մեղադրյալ կամ տուժող հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիրն կամ բանավոր հրավերքն ստանալու դեպքում այդ մասին անհապաղ հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

15. Նախարարության համակարգի աշխատակիցներին արգելվում է առանց օրենքով սահմանված հիմքի կամ բանավոր հրավերով ի պաշտոնե, բացի փորձագետի կարգավիճակից, ներկայանալ դատարան կամ պետական այլ մարմիններ և (կամ) բացատրություններ տալ:

16. Սույն հրամանի պահանջները խախտող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

17. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել նախարարի տեղակալների վրա` ըստ նրանց կողմից սպասարկվող բնագավառների:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

09. 06. 1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 102990095

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.06.1999
N 914
Հրաման