Սեղմել Esc փակելու համար:
«ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ՀԱ ...

13.05.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.1999  -ից մինչեւ   13.05.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)

i

310.0008.180399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

11 փետրվարի 1999 թվականի թիվ 01/8

 

«ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը և նպատակ ունենալով պարզաբանել ձեռնարկություններում և կազմակերպություններում ստուգումների հետևանքով հայտնաբերված հարկվող օբյեկտների, դրանց գծով հաշվարկված հարկերի, ֆինանսական պատժամիջոցների (տույժերի և տուգանքների) հաշվապահական հաշվառման մեջ ձևակերպման կարգը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Ստուգումներով հայտնաբերված հարկերի, դրանց գծով հաշվարկված ֆինանսական պատժամիջոցների հաշվապահական ձևակերպումների և հաշվետվություններում ու հարկային հաշվարկներում դրանց արտացոլման վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

    Հաստատված է`                          Համաձայնեցված է`

 

    ՀՀ հարկային տեսչության                ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

    «____»__________1999թ.                նախարարության հետ

թիվ _________հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

i

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգչական նամակը մշակված է հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը և նպատակ ունի պարզաբանել ձեռնարկություններում և կազմակերպություններում (այսուհետև կազմակերպություն) ստուգումների հետևանքով հայտնաբերված հարկվող օբյեկտների, դրանց գծով հաշվարկված հարկերի, ֆինանսական պատժամիջոցների (տույժերի և տուգանքների) հաշվապահական հաշվառման մեջ ձևակերպման կարգը:

Սույն հրահանգչական նամակով, պայմանական օրինակներով, ներկայացվում են կազմակերպություններում առավել հաճախ հանդիպող սխալները, դրանց հետևանքով ստուգմամբ արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումները և հաշվարկներում ներկայացման կարգը ըստ առանձին հարկատեսակների:

 

1. Շահութահարկի գծով.

Հայտնաբերված (պակաս ցույց տրված) շահույթը կամ վնասը կազմակերպությունը արտացոլում է առաջիկա ներկայացվելիք հաշվապահական հաշվետվություններում և շահութահարկի հաշվարկներում:

Այսպես, Ձև N2 «Ֆինանսական արդյունքների մասին» հաշվետվության մեջ այդ շահույթը արտացոլվում է 120 «Գործառնական այլ եկամուտներ» տողում:

Ձև N5 «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ»-ի 9-րդ բաժնի «Հաշվարկներ բյուջեի հետ» շահութահարկի 700 «Շահութահարկ» տողում պետք է ցույց տրվի ինչպես տվյալ հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված հարկի, այնպես էլ հայտնաբերված (նախորդ տարիների) շահույթի համար նախատեսված հարկի գումարը: Նույն բաժնի 780 «Տույժեր» տողում պետք է ցույց տրվի հաշվարկված տույժի գումարը, իսկ 790 «Տուգանքներ» տողում պետք է ցույց տրվի հաշվարկված տուգանքների հանրագումարը:

Միաժամանակ կազմակերպությունը տարեկան «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի մեջ հայտնաբերված շահույթի գումարը արտացոլում է 0100 «Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը ըստ հաշվապահական հաշվառման տվյալների» տողում, իսկ ստուգման արդյունքներով առաջադրված շահութահարկի գումարը` հաշվարկի 0800 «Շահութահարկի գումարը» տողում: Ստուգող մարմինների կողմից արդեն իսկ գանձման առաջադրված շահութահարկի գումարը արտացոլվում է հաշվարկի 1000 տողում (հաշվարկված կանխավճարների հետ մեկտեղ):

Նման դեպքերում կազմակերպությունը տարեկան շահութահարկի հաշվարկի հետ միասին հարկային մարմնին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկանք` հաշվարկի 1000 տողում արտացոլված գումարի կառուցվածքի մասին:

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն»-ում և տարեկան «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ում (0101 տողում) վերը նշված ձևով համապատասխանաբար իրականացվում է նաև հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնություններին վերաբերվող վնասների ձևակերպումը:

Կազմակերպությունը ստուգման արդյունքներով արձանագրված ֆինանսական պատժամիջոցների հանրագումարը պետք է արտացոլի տարեկան փաստացի շահութահարկի հաշվարկում` (հաշվարկի 0216 տողում):

Մինչև ստուգումը կազմակերպության կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում պակաս ցույց տված շահույթը ինքնուրույն հայտնաբերելու և հարկային տեսչությանը ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկներում ճշտում կատարած լինելու դեպքում հաշվարկվում է միայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը գործում է 1998թ. հունվարի 1-ից, համաձայն որի շահութահարկը հաշվարկվում և հաշվարկները ներկայացվում են տարեկան կտրվածքով, ընդունվել է, որ ստուգումները կատարվել են 1999 թվականի հոկտեմբերի 1-ին և ստուգմամբ արձանագրված հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերը հաշվարկվել են առ 01.10.99թ. դրությամբ: Շահութահարկի հաշվարկման ժամանակ ընդունվել է, որ հարկվող շահույթը չի գերազանցել 7000,0 հազար դրամը և շահութահարկը հաշվարկվել է 15% դրույքաչափով:

Ստորև 1.1-1.4 ենթակետերում բերված օրինակներում կազմակերպությունը հայտնաբերված (պակաս ցույց տրված) շահույթը (վնասը) առաջիկա ներկայացվելիք հաշվապահական հաշվետվություններում և շահութահարկի հաշվարկներում պետք է արտացոլի սույն կետում նշված կարգով:

 

1.1. Կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնությունից 1998թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 4000,0 հազ. դրամի ապրանք: Ըստ մաքսային մարմինների կողմից կատարված հաշվարկի, մաքսային արժեքը կազմել է 4800,0 հազ. դրամ: Կազմակերպությունը ապրանքը ներմուծելիս մաքսային մարմիններին վճարել է 1454,4 հազար դրամ, այդ թվում`

    - մաքսատուրք        480,0 հազ. դրամ (մաքսային արժեքի 10%-ի չափով)

    - մաքսավճար          14,4 հազ. դրամ (մաքսային արժեքի 0,3%-ի չափով)

    - ԱԱՀ               960,0 հազ. դրամ (մաքսային արժեքի 20%- ի չափով)

- ապրանքը մինչև պահեստ տեղափոխելու համար ծախսվել է 300,0 հազ. դրամ

1998թ. ընթացքում ներմուծված ապրանքներից չի իրացվել, սակայն վերը նշված ծախսերը ամբողջությամբ` 794,4 (480,0+14,4+300,0)հազար դրամ դուրս է գրվել 1998թ. տարեկան արդյունքներով, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 46 Կտ 44 794,4 հազ. դրամ

Դտ 80 Կտ 46 794,4 հազ. դրամ

Ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ նշված ծախսերը կազմակերպությունը կարող էր դուրս գրել միայն իրացված ապրանքներին բաժին ընկնող մասով (այդ ծախսերն ավելացվում են ապրանքի ձեռք բերման արժեքին, կամ պահվում է 44 հաշվի վրա և դուրս գրվում 46 հաշվին, իրացված ապրանքներին բաժին ընկնող մասով), իսկ կազմակերպությունը վերը նշված ապրանքները չի իրացրել: Այսպիսով այս գործարքով շահութահարկով հարկվող օբյեկտը կազմակերպությունը նվազեցրել է 794,4 հազ. դրամով:

Ստուգման ակտով կազմակերպությունից լրացուցիչ գանձման է առաջադրվել `

    - շահութահարկ                               119,2 հազ. դրամ

    - հարկվող օբյեկտը թաքցնելու համար տուգանք    59,6 հազ. դրամ

- հարկի վճարումը սահմանված ժամկետից

      ուշացնելու համար տույժ                     37,9հազ. դրամ

- «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի

      համաձայն տուգանք                           11,9 հազ. դրամ

           -------------------------------------------------

    Ընդամենը                                    228,6 հազ. դրամ

 

Ստուգման արդյունքներով պետք է կարմիր ստորնոյով տրվի ճշտում այն հաշվապահական ձևակերպումներում որտեղ փաստացի կատարվել են սխալները`

Դտ 46 Կտ 44 - 794,4 հազ. դրամ (կարմիր ստորնոյով)

Դտ 80 Կտ 46 - 794,4 հազ. դրամ (կարմիր ստորնոյով)

Միաժամանակ տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 41 Կտ 44 - 794,4 հազ. դրամ

Դտ 81 Կտ 68 - 119,2 հազ. դրամ

Դտ 80 Կտ 68 - 109,4 հազ. դրամ (59,6+37,9+11,9)

 

1.2. Կազմակերպությունը 1998 թվականին հայտնաբերել է, որ 1994թ.

4-րդ եռամսյակում 2400, 0 հազ դրամով ծախսերը պակաս է հաշվարկել, որի հետևանքով 1994թ. տարեկան արդյունքներով ավել է հաշվարկել շահույթը 2400,0 հազար դրամով:

Սխալն ուղղելու համար կազմակերպությունը տվել է հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 88 Կտ 26 - 2400,0 հազ. դրամ (կարմիր ստորնոյով)

Դտ 80 Կտ 26 - 2400,0 հազ. դրամ,

նշված գումարի չափով պակասեցնելով 1998 թվականի հարկվող շահույթը 2400,0 հազար դրամով:

Ստուգմամբ արձանագրվել է, որ հարկվող շահույթը որոշելիս, ծախսերի թվին են դասվում մասնավորապես հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:

Ստուգման արդյունքներով կազմակերպությանը առաջադրվել է պետ բյուջե վճարել`

    - շահութահարկ                                360,0 հազ. դրամ

    - հարկվող օբյեկտը թաքցնելու համար տուգանք    180,0 հազ. դրամ

- հարկի վճարումը սահմանված ժամկետից

      ուշացնելու համար տույժ                     114,5 հազ. դրամ

- «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի

      համաձայն տուգանք                            36,0 հազ. դրամ

           -------------------------------------------------

    Ընդամենը                                     690,5 հազ. դրամ

 

Ստուգման արդյունքներով կազմակերպությունը պետք է տա հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 81 Կտ 68 - 360,0 հազ. դրամ

Դտ 80 Կտ 68 - 330,5 հազ. դրամ (180,0+114,5+36,0)

Կազմակերպությունը ստուգման ակտով արձանագրված ֆինանսական պատժամիջոցների հանրագումարը 330,5 հազ. դրամ (180,0+114,5+36,0) պետք է արտացոլի 1999թ. տարեկան փաստացի շահութահարկի հաշվարկում (հաշվարկի 0216 տողում), միևնույն ժամանակ 0212 տողում ավելացնելով 2400,0 դրամ:

 

1.3. Կազմակերպության 1998թ. համախառն եկամուտը կազմել է 37000,0 հազ. դրամ, ծախսերը 31000,0 հազ դրամ, որից 2500,0 հազ. դրամը առանց հիմնավորող փաստաթղթերի:

Կազմակերպությունը փաստացի շահութահարկի հաշվարկում հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներով շահույթը ցույց է տվել 6000,0 հազ. դրամ, հաշվետու տարվա համախառն եկամտի 1%-ից ավելի և 1,0մլն. դրամից ավել կազմող կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը 1500,0 հազ.դրամ, հարկվող շահույթը կազմել է 7500,0 հազ. դրամ և շահութահարկ է հաշվարկվել 1175,0 հազ. դրամ:

Ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներով շահույթը կազմում է 6000,0 հազ. դրամ, հաշվետու տարվա համախառն եկամտի 1%-ից ավելի և 1,0մլն. դրամից ավել կազմող կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը իրականում կազմում են 2130,0 հազ.դրամ, իսկ հարկվող շահույթը` 8130,0 հազ. դրամ, որից շահութահարկ` 1332,5 հազ. դրամ:

Ստուգման ակտով կազմակերպությանը լրացուցիչ գանձման է առաջադրվել`

    շահութահարկ                                    157,5 հազ դրամ

    հարկվող օբյեկտը թաքցնելու համար տուգանք         78,8 հազ. դրամ

հարկի վճարումը սահմանված ժամկետից

    ուշացնելու համար տույժ                          50,1 հազ դրամ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի համաձայն

    տուգանք                                         15,8 հազ. դրամ

           -------------------------------------------------

    Ընդամենը                                       302,2 հազ. դրամ

 

Ստուգման արդյունքներով կազմակերպությունը պետք է տա հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 81 Կտ 68 -157,5 հազ դրամ

Դտ 80 Կտ 68 -144,7 հազ. դրամ (78,8+50,1+15,8)

 

1.4. Ձեռնարկությունը արտասահմանյան ֆիրմայի ապրանքանիշով արտադրում է պայուսակներ: Ապրանքանիշն օգտագործելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությանը 1999թ. հունվարի 19-ին վճարել է 1700,0 հազ. դրամ գումար:

Ստուգմամբ արձանագրվել է, որ ոչ ռեզիդենտին եկամուտներ վճարելիս կազմակերպությունը որպես հարկային գործակալ պարտավոր էր կատարել պահում (աղբյուրի մոտ) և եկամուտը վճարելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում պետբյուջե վճարել 255,0 հազար դրամ գումար:

Ստուգման ակտով կազմակերպությանը առաջադրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պետբյուջե վճարել`

շահութահարկ 255,0 հազ. դրամ

հարկի վճարումը սահմանված ժամկետից

ուշացնելու համար տույժ 129,0 հազ. դրամ

Ստուգման արդյունքներով կազմակերպությունը պետք է տա հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 80 Կտ 68 - 384,0 հազ. դրամ (129,0+255,0)

 

2. Ավելացված արժեքի հարկի գծով.

Ավելացված արժեքի հարկի գումարները և հաշվարկված տույժերն ու տուգանքները արտացոլվում են առաջիկա ներկայացվելիք հաշվապահական հաշվետվություններում: ԱԱՀ-ի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները արտացոլվում են նաև փաստացի շահութահարկի հաշվարկում:

Մասնավորապես` Ձև 5 «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ»-ի` «Հաշվարկներ բյուջեի հետ» 9-րդ բաժնի 680 «Ավելացված արժեքի հարկ» տողի 5-րդ սյունակում պետք է ցույց տրվի ինչպես հաշվետու տարվա, այնպես էլ հայտնաբերված (նախորդ տարիների) ավելացված արժեքի հարկի գումարը: Նույն բաժնի 780 «Տույժեր» տողում պետք է ցույց տրվի հաշվարկված տույժի գումարը, իսկ 790 «Տուգանքներ» տողում` հաշվարկված տուգանքների հանրագումարը:

Հաշվարկված տույժերն ու տուգանքները արտացոլվում են նաև հարկային տեսչություն ներկայացվող տարեկան փաստացի շահութահարկի հաշվարկում (հաշվարկի 0216 տողում):

 

2.1. Կազմակերպությունը 1998թ. 1-ին եռամսյակում ներմուծել է մանկական սնունդ, որի համար մաքսային մարմիններին վճարել է 1020,0 հազ. դրամ ավելացված արժեքի հարկ, որի գծով տվել է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 68 Կտ 51 - 1020,0 հազ. դրամ

Կազմակերպությունը 1-ին եռամսյակի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի 16 տողում նշել է մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի 1020,0 հազ. դրամ գումարը` որպես հաշվանցման ենթակա հարկի գումար:

1998 թվականին կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի հարկից ազատված գործարքների գծով կազմակերպությունը իրավունք չուներ հաշվանցելու մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարը: Օրենքի 43 հոդվածի համաձայն հաշվարկվել է տուգանք 306,0 հազ. դրամի չափով (1020,0x30%):

Ստուգման արդյունքներով պետք է կարմիր ստորնոյով տրվի ճշտում`

Դտ 68 Կտ 51 - 1020,0 հազ. դրամ

Միաժամանակ տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 44, 41 Կտ 51 - 1020,0 հազ. դրամ

Դտ 80 Կտ 68 - 306,0 հազ. դրամ

Նշված ճշտումները (եթե դրանք կատարվել են ստուգման ակտի հիման վրա) չեն արտացոլվում ինչպես ստուգման եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, այնպես էլ ԱԱՀ-ի ճշտված հաշվարկում:

Նշված պատժամիջոցը չէր կիրառվի եթե կազմակերպությունը մինչև ստուգումը ինքնուրույն հայտնաբերած և ուղղած լիներ սխալը և հաջորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի հետ միասին համապատասխան տարածքային հարկային տեսչություն ներկայացրած լիներ ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ կատարված ուղղման վերաբերյալ:

 

2.2. Կազմակերպությունը 1998թ. մայիս ամսին ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակով ձեռք է բերել հիմնական միջոց, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ`

Հիմնական միջոց - 3000,0 հազ. դրամ

    ԱԱՀ -             600,0 հազ. դրամ

Կազմակերպությունը 1998թ. 2-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկը ներկայացնելիս ոչ արտադրական նպատակներով ձեռք բերված 600,0 հազ. դրամի ԱԱՀ հաշվանցել (պակասեցրել) է բյուջե վճարման ենթակա ԱԱՀ գումարից, որի հետևանքով պետ բյուջե պակաս է վճարել 600,0 հազար դրամ ավելացված արժեքի հարկ:

Ստուգման արդյունքներով կազմակերպությանը առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարել`

    ԱԱՀ                                                600,0 հազ. դրամ

    հարկվող օբյեկտը թաքցնելու համար տուգանք            180,0 հազ. դրամ

հարկի վճարումը սահմանված ժամկետից

ուշացնելու համար տույժ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի

23 հոդվածի համաձայն տույժերը հաշվարկվել է ոչ ավելի,

    քան 365 օր)                                        424,8 հազ. դրամ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի համաձայն

    տուգանք                                             60,0 հազ. դրամ

           -------------------------------------------------

    Ընդամենը                                          1264,8 հազ. դրամ

 

Ստուգման արդյունքներով պետք է կարմիր ստորնոյով ճշտել այն ձևակերպումները որում կատարվել են սխալները`

Դտ 68 Կտ 60 -600,0 հազ. դրամ

Միաժամանակ տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 80 Կտ 60 - 600,0 հազ. դրամ

Դտ 80 Կտ 68 -664,8 հազ. դրամ (180,0+424,8+60,0)

Նշված ճշտումները (եթե դրանք կատարվել են ստուգման ակտի հիման վրա) չեն արտացոլվում ինչպես ստուգման եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, այնպես էլ ԱԱՀ-ի ճշտված հաշվարկում:

Եթե կազմակերպությունը մինչև ստուգումը, ինքնուրույն հայտնաբերած, ուղղած լիներ իր սխալը և հաջորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի հետ միասին համապատասխան տարածքային հարկային տեսչություն ներկայացրած լիներ ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ կատարված ուղղման վերաբերյալ, ապա վերջինիս նկատմամբ կհաշվարկվեր միայն ուշացած օրերի համար տույժ:

 

3. Եկամտահարկի գծով

Հարկի գումարները, ինչպես նաև հաշվարկված պատժամիջոցները արտացոլվում են հարկային մարմնին ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում, մասնավորապես Ձև 5 «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ»-ի 9-րդ բաժնի «Հաշվարկներ բյուջեի հետ» եկամտահարկի գծով 710 «Եկամտահարկ» տողի 4-րդ սյունակում պետք է ցույց տրվի ինչպես հաշվետու տարվա, այնպես էլ հայտնաբերված (նախորդ տարիների) եկամտահարկի գումարը, նույն բաժնի 780 «Տույժեր» տողում պետք է ցույց տրվի տույժի գումարը:

Կազմակերպությունը արձանագրված եկամտահարկի գումարները (եթե հարկի վճարման պարտականությունը դրվել է կազմակերպության վրա` պակաս պահված հարկի գումարը ֆիզիկական անձանցից կարող է պահվել ոչ ավելի քան վերջին 3 ամսվա համար) և տույժերը պետք է արտացոլի . տարեկան փաստացի շահութահարկի հաշվարկում` (հաշվարկի 0216 տողում):

Կազմակերպությունը ստուգման արդյունքներով արձանագրված գումարները չի արտացոլում հետագայում ներկայացվելիք եկամտահարկի հաշվարկներում այլ հաշվարկներին կից ներկայացնում է համապատասխան տեղեկանք:

 

3.1. 1999թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպության մոտ կատարված ստուգմամբ պարզվել է, որ 1998թ. մայիսի 18-ին կազմակերպությունը, որը տվյալ դեպքում հանդես է եկել որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձին եկամուտ վճարելիս պակաս է հաշվարկել և պետ բյուջե վճարել եկամտահարկ 180,0 հազ. դրամի չափով:

Քանի որ պակաս պահված հարկի գումարը ֆիզիկական անձանցից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պահվել ոչ ավելի քան վերջին 3 ամսվա համար, ուստի վերը նշված գումարը ֆիզիկական անձանցից չի կարող պահվել և ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ հարկի վճարման պարտականությունը դրվում է հարկային գործակալի վրա: Հարկային գործակալի վրա է դրվում նաև հարկը սահմանված ժամկետում պետ բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժը` 139,9 հազ դրամ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համաձայն տույժերը հաշվարկվել է ոչ ավելի, քան 365 օր)

Ստուգման արդյունքներով կազմակերպությունը պետք է տա հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 80 Կտ 68 - 319,9 հազ. դրամ (180+ 139,9)

Ֆինանսական հաշվետվություններում և հաշվարկներում ստուգման ակտով արձանագրված հարկի գումարը և ֆինանսական պատժամիջոցը արտացոլվում է սույն հրահանգչական նամակի 3 կետում նշված կարգով:

 

3.2. Կազմակերպությունը 1998թ. հունիսի 10-ին ձեռք է բերել 1400,0հազ. դրամի ապրանք, առանց հիմնավորող փաստաթղթերի:

Տվյալ դեպքում հարկի պահման (15%դրույքաչափով) և պետ բյուջե վճարելու պարտականությունը դրված էր հարկային գործակալի վրա, որը կազմակերպությունը չէր կատարել:

Այսպիսով կազմակերպությունը պետք է պետ բյուջե վճարի եկամտահարկ` 210,0 հազ. դրամ և հարկի գումարը սահմանված ժամկետում

չվճարելու համար հաշվարկված տույժ` 157,5 հազ. դրամ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համաձայն տույժերը հաշվարկվում են ոչ ավելի, քան 365 օրվա համար), միաժամանակ տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 80 Կտ 68 - 367,5 հազ. դրամ (210,0 +157,5)

Ֆինանսական հաշվետվություններում ստուգման ակտով արձանագրված հարկի գումարները և ֆինանսական պատժամիջոցները արտացոլվում են սույն հրահանգչական նամակի 3 կետում նշված կարգով:

 

3.3. 1999թ. հունվար-մարտ ամիսների համար ձեռնարկությունը 1999թ. մարտի 17-ին 1700,0 հազ. դրամի հոնորար է վճարել ֆիզիկական անձին, որից չի պահել և պետ բյուջե վճարել եկամտահարկ և սոցիալական ապահովագրության վճար (սոցիալական ապահովագրության վճարը` լիազորված մարմնին):

Ձեռնարկությունը հարկային տեսչությանը ներկայացրել է 1999թ. առաջին եռամսյակում ֆիզիկական անձին վճարած եկամուտների մասին տեղեկություններ, որի 17` հաշվարկված եկամտի գումար և 23` վճարված եկամտի գումար տողերում գրել է 1700,0 հազար դրամ գումար:

1999թ. հոկտեմբերի 1-ին ձեռնարկությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ տվյալ դեպքում ձեռնարկության վրա դրված է հարկային գործակալի ֆունկցիա և վերջինս պարտավոր էր ֆիզիկական անձին եկամուտ վճարելիս պահել և պետ բյուջե վճարեր 479,8 հազ. դրամի եկամտահարկ (1700,0-7,5 (սոցիալական ապահովագրության վճար) այնուհետև ըստ սանդղակի):

Քանի որ պակաս պահված հարկի գումարը ֆիզիկական անձանցից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պահվել ոչ ավելի քան վերջին 3 ամսվա համար, ուստի վերը նշված գումարը ֆիզիկական անձանցից չի կարող պահվել և ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ հարկի վճարման պարտականությունը դրվում է հարկային գործակալի վրա: Հարկային գործակալի վրա է դրվում նաև հարկը սահմանված ժամկետում պետ բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժը` 190,0 հազ դրամ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդված):

Ստուգման արդյունքներով կազմակերպությունը պետք է տա հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 80 Կտ 68 - 669,8 հազ. դրամ (479,8+190,0)

Ֆինանսական հաշվետվություններում և հաշվարկներում ստուգման ակտով արձանագրված հարկի գումարը և ֆինանսական պատժամիջոցը արտացոլվում է սույն հրահանգչական նամակի 3 կետում նշված կարգով:

Ֆիզիկական անձի պահանջի դեպքում հարկատուն պետք է տա տեղեկանք վճարված եկամտի և իր միջոցների հաշվին վճարած եկամտահարկի գումարի և սոցիալական ապահովագրության վճարի վերաբերյալ:

Ֆիզիկական անձը հարկային տեսչությանը իր տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հետ միասին ներկայացնում է նաև հարկային գործակալի կողմից տրված տեղեկանքը: Հարկային տեսչությունը որպես եկամուտ դիտում է հարկատուի փաստացի ստացած եկամտի գումարը` ավելացած հարկային գործակալի կողմից վճարված եկամտահարկի գումարը` 2187,3 հազ. դրամ(1700,0+7,5+479,8) այնուհետև կատարում է հարկի գումարի հաշվարկ, որից հաշվանցում է հարկային գործակալի կողմից պետ բյուջե վճարած հարկի գումարը:

 

4. Հաստատագրված վճարների գծով

 

4.1. Առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարող տնտեսվարող սուբյեկտի մոտ 1998թ. դեկտեմբերին կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքում չի գրանցել 1300,0 հազ. դրամի ապրանք (այն ժամանակաշրջանի համար որում հայտնաբերվել է չգրանցված ապրանք, հաշվապահական հաշվետվություններ, իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող նախատեսված այլ փաստաթղթեր ներկայացված չեն):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն կիրառվել է տուգանք չգրանցված ամբողջ ապրանքի 25%-ի չափով` 325,0 հազար դրամ (խախտումն արձանագրվել է առաջին անգամ), որի համար պետք է տրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 80 Կտ 68 -325,0 հազ. դրամ

գումարը վճարելիս`

Դտ 68 Կտ 50,51,52 - 325,0 հազ. դրամ

Տուգանքի կիրառումը չի ազատում կազմակերպությանը սահմանված հարկային պարտավորություններից` տվյալ դեպքում հաստատագրված վճարների վճարումից (եթե գործունեության արդյունքներով կազմակերպությունը կդադարի հաստատագրված վճար վճարող լինելուց, ապա նաև համապատասխան հարկերի վճարումից):

Հաշվարկված պատժամիջոցը արտացոլվում է տարածքային հարկային տեսչությանը ներկայացվելիք հաշվապահական հաշվետվություններում, մասնավորապես Ձև 5 «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ»-ի 9-րդ բաժնի «Հաշվարկներ բյուջեի հետ» 790 «Տուգանքներ» տողում պետք է ցույց տրվի 325,0 հազ. դրամ տուգանքի գումարը:

 

4.2. Վարսավիրական ծառայություն իրականացնող կազմակերպությունը առանց հիմնավոր փաստաթղթերի 1998թ. օգոստոսի 10-ին գնել է 1200,0 հազար դրամի հիմնական միջոց:

Տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և պետք է հաշվարկեր և պետ բյուջե վճարեր եկամտահարկ 15% դրույքաչափով:

Ստուգմամբ կազմակերպությանը առաջադրվել է պետ բյուջե վճարել 180,0 հազար դրամի հարկ և հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար 122,0 հազար դրամի տույժ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համաձայն տույժերը հաշվարկվել է ոչ ավելի, քան 365 օր):

Ստուգման արդյունքներով պետք է տրվեն հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ 80 Կտ 68 -302,0 հազ. դրամ (180,0 + 122,0)

գումարը վճարելիս`

Դտ 68 Կտ 50,51,52 - 302,0 հազ. դրամ

Ֆինանսական հաշվետվություններում ստուգման ակտով արձանագրված հարկի գումարը և ֆինանսական պատժամիջոցը արտացոլվում է սույն հրահանգչական նամակի 3 կետում նշված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

18.03.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990038

 

 

pin
Հարկային տեսչություն
11.02.1999
N 01/8
Հրաման