Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

14.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.

 

i

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

 

i
Հոդված 1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը

 

Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(1-ին հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298, 10.12.13 ՀՕ-128-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Վետերանների մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:

 

Հոդված 3. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:

Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամություն ունեցող վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Հաշմանդամություն ունեցող վետերաններն իրավունք ունեն նաև`

ա) («ա» կետն ուժը կորցրել է 01.01.2007 թվականից` 29.11.06 ՀՕ-224-Ն օրենք)

բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.

գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(4-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298, 25.12.03 ՀՕ-60-Ն, 14.12.04 ՀՕ-38-Ն, 29.11.06 ՀՕ-224-Ն, 02.02.10 ՀՕ-2-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը

 

Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

 

Հոդված 6. Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը

 

Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:

(6-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298 օրենք)

 

Հոդված 7. Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 8. Անցումային դրույթ

 

Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2006 թվականի հունվարի 1-ից պատվովճարի չափը չի կարող պակաս լինել տասը հազար դրամից:

(8-րդ հոդ. փոփ. 26.10.05 ՀՕ-200-Ն օրենք)

 

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-267

 

 

pin
ՀՀ 02.12.1998
N ՀՕ-267 օրենք