02.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2023 թվականի N 543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
8. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
117. Կալանավորված անձի կամ դատապարտյալի` իր հաշվին սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու իրավունքի իրականացումն ապահովում է քրեակատարողական ծառայությունը` ապահովելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար առավել մատչելի գներով ապրանքների հասանելիությունը:
118. Կալանավորված անձը կամ դատապարտյալը սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար լրացնում է հայտի ձևաթուղթը (ձև N 5) (այսուհետ` հայտ):
119. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`
1) անձամբ լրացնում է իր հայտի պահանջվող տվյալները և ստորագրում` դրանով հավաստելով ապրանքների ստացումը.
2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում` տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:
120. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն ձեռք բերելու սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով:
121. Կալանավորված անձինք իրավունք ունեն համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջոցով իրենց հաշվին քրեակատարողական հիմնարկի տարածքում, ամսական երկու անգամից ոչ ավելի հաճախականությամբ օգտվելու հետևյալ լրացուցիչ վճարովի կենցաղային ծառայություններից`
1) կենցաղային իրերի վարձույթ.
2) լվացքատան կամ քիմմաքրման ծառայություններ.
3) կոշկակարի կամ դերձակի ծառայություններ.
4) վարսավիրի ծառայություններ:
122. Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել`
1) քաղաքացիական շրջանառությունից հանված կամ քաղաքացիական շրջանառությունը սահմանափակված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.
2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.
3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
4) դրամ, արժեթղթեր, թանկարժեք կամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
5) ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
7) ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
8) կացին, մուրճ և այլ գործիքներ` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ինչպես նաև աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.
9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
12) երաժշտական գործիքներ` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
15) անկողնային ծրարներ, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների.
16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.
17) ներքնակ, բարձ, ծածկոց` բացառությամբ քրեակատարողական հիմնարկի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.
18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.
19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի`
ա. ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
բ. քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ, իսկ կալանավորված անձանց և ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նաև` քաղաքացիական հագուստ,
գ. ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,
դ. հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,
ե. կանանց համար` գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ,
զ. հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
է. կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
ը. պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,
թ. սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,
ժ. սեղանի խաղեր` բացառությամբ խաղաթղթերի, զառի,
ժա. գրականություն, թերթեր և ամսագրեր` բացառությամբ պոռնոգրաֆիկ և էրոտիկ նյութերի, ինչպես նաև դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
ժբ. լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
ժգ. գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
ժդ. ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,
ժե. բժշկի թույլտվությամբ` հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, անվասայլակներ և այլ աջակցող միջոցներ,
ժզ. առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
ժէ. հեռուստացույց (առանց համացանցին միանալու հնարավորության, որի անկյունաչափը չի կարող գերազանցել 92,5 սմ), ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 սմ չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն` 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),
ժը. թզբեհ` բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուր կամ ծակող ծայրերով կամ հատվածներով,
ժթ. գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ, եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը զբաղվում է շյուղագործությամբ կամ ասեղնագործությամբ,
ի. իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար` մանկական խաղալիքներ, սայլակ,
իա. հանքային ջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,
իբ. բանջարեղեն, մրգեր,
իգ. շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,
իդ. սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում, բացառությամբ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ որպես հանձնուք կամ ծանրոց ընդունված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի, որը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության սենյակում և այդ տեսակցության ընթացքում:
(122-րդ կետը փոփ. 02.11.2023 թիվ 1884-Ն որոշում)
9. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
123. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ: Քրեակատարողական հիմնարկում հանձնուքները և ծանրոցները ստացվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:
124. Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները և հանձնուքներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում: Նախկինում նույն անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից հանձնուքներ և ծանրոցներ ստանալու համար, եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել:
125. Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում, տալիս է քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:
126. Հանձնուքները և ծանրոցներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
127. Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ հանձնելու դիմում ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ անձանց մուտքն ու ելքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների արկղ: Սենյակի տեսանելի վայրերում փակցվում են հանձնուքների և ծանրոցների հանձնման կարգը ներկայացնող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, ինչպես նաև հանձնուքներ և ծանրոցներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
128. Հանձնուք կամ ծանրոց բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (ձև N 6): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք կամ ծանրոց բերող անձի` անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողին: Հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
129. Հանձնուքները և ծանրոցները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում հանձնուքում և ծանրոցում առկա առարկաների, իրերի և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
130. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով հանձնուքը կամ ծանրոցը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
131. Հանձնուքը կամ ծանրոցը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում հանձնուք և ծանրոց հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
132. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը և հանձնուքը ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
133. Հանձնուքները և ծանրոցները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
134. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները և ծանրոցները` նրա համաձայնությամբ, վերցվում են պահպանության ու նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պահպանության համար չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների և ծանրոցների մեջ պարունակվող սննդամթերքը:
135. Հանձնուքները և ծանրոցները չեն ընդունվում`
1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ կամ մահացել է.
2) հանձնուքի կամ ծանրոցի քաշի` սահմանված քաշին անհամապատասխանության կամ սահմանված ամսական քաշը գերազանցելու դեպքում.
3) հանձնուքը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.
4) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը կամ ծանրոցը ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում.
5) եթե քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ կալանավորված անձը կամ դատապարտյալը զրկվել է հանձնուք կամ ծանրոց ստանալուց:
136. Սույն կանոնակարգի 135-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնուքները և ծանրոցները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:
137. Քրեակատարողական այլ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով փոստային առաքանիով ստացված հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու քրեակատարողական հիմնարկի հասցեով:
138. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց հանձնուք և ծանրոց ուղարկելու նպատակով` գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` դիմումում նշելով ուղարկվող հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը:
139. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին հանձնուքի կամ ծանրոցի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը, կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:
140. Հանձնուքի և ծանրոցի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
141. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց սահմանափակման:
142. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց` առանց դրանց սահմանափակման:
143. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամային միջոցների ազատ տնօրինումը:
10. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
144. Կալանավորված անձանց և դատապարտյալներին թույլատրվում է իրենց հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
145. Նամակագրությունն ու առաջարկությունների և դիմումների ընդունումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով և առանց նամակի կամ առաջարկության կամ դիմումի բովանդակությանը ծանոթանալու: Նամակները ենթակա են արտաքին զննման` արգելված առարկաների կամ իրերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:
146. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին:
147. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց նամակները համապատասխան մատյանում ստորագրությամբ հանձնվում են վարչակազմի ներկայացուցչին: Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված` դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
148. Առաջարկությունները և դիմումներն ընդունվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից և ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե օրենսդրությամբ նախատեսված են այլ ժամկետներ: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկությունները և դիմումները քննարկում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Առաջարկությունների և դիմումների պատասխանները ստորագրությամբ հանձնվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները և դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
149. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:
150. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:
151. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային այլ հաղորդումներ իրականացնելու համար:
152. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների առկայությունը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն:
153. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային այլ հաղորդումն իրականացնելու մասին դիմումը մերժվում է, իսկ բացառիկ դեպքերում` իրականացվում է քրեակատարողական հիմնարկի հաշվին` քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ:
154. Կալանավորված անձի կամ դատապարտյալի փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրանսպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե քրեակատարողական հիմնարկը գտնվում է կապի բաժանմունքից էական հեռավորության վրա, հանգստյան կամ տոն օրերին փոստային այլ հաղորդման ներկայացնելը և այլն): Սույն կետով նախատեսված հեռավորությունը համարվում է էական, եթե գերազանցում է 30 կմ հեռավորությունը:
11. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
155. Կալանավորված անձին կամ դատապարտյալին փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրվում է քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ նրա հանձնարարությամբ` նաև տեղակալի որոշմամբ` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
156. Կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ:
157. Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև մերձավոր ազգական լինելու կամ համատեղ երեխա ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայությունը:
158. Սույն կանոնակարգի 157-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ կալանավորված անձը կամ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել:
159. Օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող կամ ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող կամ տույժ ունեցող, ինչպես նաև աշխատանքի կամ կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող կալանավորված անձին կամ դատապարտյալին:
160. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեսակցությունների հերթականությունը քրեակատարողական հիմնարկում որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը` ապահովելով կալանավորված անձանց կամ դատապարտյալի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հավասար հնարավորությունները:
Տեսակցության թույլտվությունը մերժվում է քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:
161. Կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ` անկախ տեսակցության տեսակից, միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը չորս չափահաս անձանց և կալանավորված անձի կամ դատապարտյալի հինգ անչափահաս եղբայրներին, քույրերին, զավակներին և թոռներին:
162. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգի և պայմանների հետ: Տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես հանձնուք կամ ծանրոց:
163. Երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք օգտագործվում են երկարատև տեսակցության ընթացքում և դրա ավարտից հետո կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից չեն տարվում քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի, չեն հաշվվում օրենսդրությամբ սահմանված հանձնուքների կամ ծանրոցների քաշի մեջ:
164. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու հնարավորության մասին:
165. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցությունն անցկացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից կալանավորված անձին կամ դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման, ինչպես նաև տեսակցության եկած անձանց կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից միմյանց կամ վարչակազմի ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ վերջինիս օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում:
166. Երկարատև տեսակցությունների ժամանակ կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների և նրանց հետ տեսակցության եկած անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը:
167. Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի կամ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կետով նախատեսված կարգը տարածվում է նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:
168. Տեսակցության ընթացքում` կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ չի տարածվում քրեակատարողական հիմնարկում սահմանված օրվա կարգացուցակը:
169. Քրեակատարողական հիմնարկում տեսակցության համար կահավորվում են նաև հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար, ներառյալ` կահույքը և խաղալիքները:
170. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունները տեսակցությունների համար սահմանված հատվածում կազմակերպվում են այնպես, որպեսզի բացառվի նրանց` միմյանց հետ շփումը:
171. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են քրեակատարողական հիմնարկի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում` օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
172. Արգելվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու, օրակարգով նախատեսված` սննդի ընդունման, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին` բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
173. Քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին տարվա ընթացքում կարող է տրվել հինգ օր տևողությամբ առնվազն մեկ երկարատև տեսակցություն` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով:
174. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով տեսակցության վայրն ընտրում է դատապարտյալը, կամ այդպիսին առաջարկվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեսակցության վայրը պետք է հնարավորինս մոտ գտնվի քրեակատարողական հիմնարկին: Իր ընտրած տեսակցության վայրի մասին դատապարտյալը դիմումով տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որը քննարկում է տեսակցության տրամադրման նպատակահարմարությունը` հաշվի առնելով տեսակցության վայրի տեղակայումը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով համապատասխան հսկողություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու իրական հնարավորությունը:
175. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով տեսակցություն տրամադրելը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:
176. Տեսակցություն տրամադրելու մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը տեսակցությունների քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:
177. Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
178. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրված տեսակցությունները հաշվառելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան (ձև N 7):
12. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
179. Կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն` ամսական մեկական հեռախոսակապ և տեսազանգ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ կամ «Թեժ գիծ» հեռախոսահամարներին զանգելու դեպքերի, որոնք չեն հաշվարկվում սահմանված հեռախոսազանգերի թվի մեջ:
180. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու տևողությունը կարող է երկարացնել ևս 10 րոպեով:
181. Արգելվում է հեռախոսակապն ու տեսազանգը գիշերային ժամերին, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների միջև:
182. Քրեակատարողական հիմնարկում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ` բացառելով խոսակցությունը լսելը:
183. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (համապատասխանաբար ձև N 8 կամ N 9), որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու օրը, տևողությունը, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվող անձի և հեռախոսազանգը կամ տեսազանգը տրամադրող քրեակատարողական ծառայողի ստորագրությունը:
184. Կալանավորված անձը կամ դատապարտյալը հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու համար դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:
185. Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ հեռախոսակապը կամ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ` դրա մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:
186. Տեսազանգը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի` դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:
13. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
187. Կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է քրեակատարողական հիմնարկում առկա պարբերական մամուլից և գրականությունից:
188. Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի ծառայողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրությամբ ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է քրեակատարողական հիմնարկի պետին:
189. Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` քրեակատարողական հիմնարկի փոստային հասցեով:
190. Քրեակատարողական հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:
191. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց համար` գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:
192. Քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:
14. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՐՃԱՏԵՎ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
193. Կալանավորված անձին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով նախատեսված մեկնում տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որի մասին վարույթ իրականացնող մարմինն անհապաղ գրավոր հայտնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և կալանավորված անձին:
194. Դատապարտյալներին կարճատև և երկարատև մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Քրեակատարողական հիմնարկի պետն իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը` ըստ դատապարտյալի փաստացի մեկնման, հաշվառման կամ նախկին բնակության վայրի:
194.1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկնումներ տրամադրելու վերաբերյալ իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:
(194.1-ին կետը լրաց. 01.02.2024 թիվ 160-Ն որոշում)
195. Մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ հանգամանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և կրած պատժի չափը:
196. Մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ կալանավորված անձը կամ դատապարտյալը տալիս է ստորագրություն` համաձայն օրինակելի ձևի (ձև N 11), որը ստորագրվում է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կողմից: Ստորագրված փաստաթուղթը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
197. Կալանավորված անձի կամ դատապարտյալի քրեակատարողական հիմնարկ վերադառնալուն պես նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:
198. Կալանավորված անձը կամ դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել քրեակատարողական հիմնարկի տարածքում:
199. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում կամ բնակության վայրում կամ ցուցված համապատասխան այլ վայրում մեկուսացում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` առողջապահական մարմինների բուժական հիմնարկ կամ մեկուսացման վայր: Տվյալ դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող:
200. Մեկնումների տրամադրման գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (ձև N 12), որտեղ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, դիմումի ստացման ամսաթիվը, մեկնման տեսակը և նպատակը, որոշման համարը, մեկնման ժամկետը, անվտանգային գոտին և պատժի կրման պայմանները, վերադարձի ամսաթիվը:
15. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
201. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:
202. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նրանց կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված գրավոր դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:
203. Քրեակատարողական հիմնարկի պետը համապատասխան դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:
204. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել, կամ ստեղծված ինքնագործ միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաիրավական գործունեություն ծավալելու նպատակ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրանց ցուցաբերած վարքագիծը և անձը բնութագրող այլ հանգամանքներ:
205. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են ինքնագործ միավորման մեջ ընդգրկված անդամներից, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա` անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներով կազմվում է համապատասխան արձանագրություն:
206. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում քրեակատարողական հիմնարկի պետին, և տասնհինգ օրվա ընթացքում սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն:
207. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը: Համապատասխան այլ միությունների և կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունն իրականացվում է նրանց միջոցով:
208. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գիտությամբ և սերտ համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ ինքնագործ միավորման կապն ապահովում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
209. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար քրեակատարողական հիմնարկի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումների մասնակցությունից:
210. Միջոցառման կազմակերպման համար ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը նախօրոք դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` նշելով միջոցառման բնույթը, ժամկետները և միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ինքնագործ միավորման անդամների կամ այլ անձանց անուններն ու ազգանունները: Քրեակատարողական հիմնարկի պետը, համապատասխան ուսումնասիրություններից հետո, ընդունում է պատճառաբանված որոշում միջոցառման կազմակերպումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
211. Անցկացվող միջոցառումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե այն դուրս է գալիս որոշված նպատակների սահմաններից ու վտանգում է դատապարտյալների կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձանց անվտանգությունը:
212. Դատապարտյալի կողմից ինքնագործ միավորման աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվ մասնակցությունը խրախուսելի է և հաշվի է առնվում նրա վարքագիծը գնահատելիս:
16. ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
213. Քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտում և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալները պահվում են խցերում, իսկ քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում` կացարաններում:
214. Խցերում և կացարաններում պատժի կրումն անդրադառնում է սույն կանոնակարգով նախատեսված` դատապարտյալի իրավունքների իրականացման կարգի ու պայմանների վրա` նախանշելով իրացման առանձնահատկությունները:
215. Դատապարտյալները ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված առանձնահատկությունների մասին տեղեկացվում են կարանտինային բաժանմունքում գտնվելու ժամանակ, ինչի մասին կազմվում է արձանագրություն` դատապարտյալի ստորագրությամբ, և կցվում նրա անձնական գործին:
216. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ առարկաներ և իրեր:
217. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալները պահվում են առանց պահակախմբի:
218. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալների աշխատանքը և կրթությունը կարող են կազմակերպվել քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս, որը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգին և պայմաններին:
219. Դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական և առողջապահական խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:
220. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ քրեակատարողական հիմնարկի պետի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին` պաշտպանական նպատակով` իր, իսկ կանխարգելիչ նպատակով` այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում: Դատապարտյալին առանձին պահելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կայացրած պատճառաբանված որոշման մասին քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման կամ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների ծառայողներն անհապաղ տեղեկացնում են տվյալ դատապարտյալին` որոշման օրինակը ստորագրությամբ (որոշման բնօրինակի համապատասխան մասում) հանձնելով նրան: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին առանձին պահելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման մասին իրազեկում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը:
(220-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 160-Ն որոշում)
221. Դատապարտյալի կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն, որը որոշման հետ միասին կցվում է դատապարտյալի անձնական գործին:
222. Անչափահաս, հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների նկատմամբ կիրառելի են սույն կանոնակարգի 54-64-րդ կետերով նախատեսված կարգավորումները:
17. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ
223. Դատապարտյալի դրական վարքագծի ձևավորման համար քրեակատարողական հիմնարկում ձեռնարկվում են միջոցներ մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորման համար: Դատապարտյալի վերասոցիալականացումը պետք է հանգեցնի իրավահպատակ վարքագծի ձևավորմանը:
224. Դատապարտյալների վերասոցիալականացման համար իրականացվում է դատապարտյալների կարիքների գնահատում, որի ընթացքում հաշվի է առնվում հետևյալ միջոցների կիրառման հնարավորությունը`
1) պատժի կատարման կարգն ապահովելը.
2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը.
4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը.
5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
225. Վերասոցիալականացումը կարող է իրականացվել անհատական և խմբային աշխատանքի միջոցով` ելնելով դատապարտյալի կարիքների գնահատումից: Վերասոցիալականացման գործընթացը ենթակա է պարբերաբար վերանայման` Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ:
18. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
226. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:
227. Կալանավորված անձանց նկատմամբ, բացի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված խրախուսանքի միջոցներից, կարող են կիրառվել հետևյալ խրախուսանքի միջոցները`
1) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել դատարանի որոշմամբ.
2) լրացուցիչ մեկական հեռախոսազրույցի կամ տեսազանգի տրամադրում, եթե այն չի արգելվել դատարանի որոշմամբ.
3) լրացուցիչ մինչև 10 կգ քաշով հանձնուք կամ ծանրոց ստանալու թույլտվություն:
228. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում