ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1891-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Կոորդինատային համակարգ, ինչպես նաև քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների և հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 791-Ն որոշումը (այսուհետ` որոշում) շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ, ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատները, Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերն օգտագործման համար բաց են և հասանելի.
2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերը հիմք են բոլոր պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար.
3) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բազային տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.
4) Հայաստանի Հանրապետությունում, որպես պետական բարձունքային համակարգ, ենթակա է կիրառման Բալթյան-77 բարձունքային համակարգը (ԲՍՎ-77).
5) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բարձունքային ցանցի գեոդեզիական բարձունքային համակարգից նորմալ բարձունքային համակարգին անցնելու համար ուղղումների հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծանրաչափական հանույթի համակարգում (առանձին գեոդինամիկական պոլիգոններում և (կամ) 1-ին և 2-րդ դասերի նիվելիրացման բոլոր հենանիշերի և դրոշմանիշերի վրա) իրականացվող ծանրության ուժի արագացման բարձր ճշտության դիտարկումներով (չափումներով): Ծանրաչափական չափումները պետական ծանրաչափական ցանցում իրականացվում են Միավորների միջազգային համակարգում (ՍԻ): Որպես թույլատրելի միավոր ընդունված է օգտագործել նաև Գալ-ը.
6) պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզների մասշտաբային շարքը` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000, 1:1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերի մասշտաբային շարքը` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբներով.
7) Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օտար լեզուներով:»:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2023 թվական: