040.0420.170402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2002 թվականի N 420
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Մինչև «Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպումը` «Սպորտմիջոցառումների հանրապետական կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, «Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով «Սպորտմիջոցառումների կազմակերպման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. «Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
4. Սահմանել, որ`
ա) «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային աշխատանքների իրականացումն է.
բ) «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակային և դրա իրականացմանը.
գ) կազմակերպության ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային աշխատանքների կազմակերպման գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
5. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
6. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Սպորտմիջոցառումների սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից: