040.1420.141209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1420-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿՆԻՇԻ ՎՐԱ ԶԵՏԵՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի հանրապետություն ներկրված գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից:
(նախաբանը փոփ. 23.02.17 թիվ 166-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1420-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՏԳ ԱԱ 220820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿՆԻՇԻ ՎՐԱ ԶԵՏԵՂԵԼՈՒ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման` «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված տեղեկություններն և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների հնացման աստիճանը սպառողական տարայի, պիտակի, կրկնապիտակի (լրացուցիչ պիտակի) և (կամ) մանեկապիտակի վրա զետեղելուն ներկայացվող պահանջները:
(1-ին կետը փոփ. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի մակնշումը պետք է պարունակի օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունները:
3. Գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի ծավալը մակնշվում է լիտրերով կամ միլիլիտրերով:
4. Գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքում սպիրտի փաստացի խտությունը մակնշվում է ծավ.%-ներով` ստույգ թվով կամ թվերի միջակայքով, ամբողջական կամ տասնորդական ճշտությամբ:
5. Գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքում շաքարի պարունակությունը մակնշվում է գ/լ-ներով` ստույգ թվով կամ թվերի միջակայքով, ամբողջական կամ տասնորդական ճշտությամբ:
III. ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՏԳ ԱԱ 220820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԴԱՍԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄՆԵՐԸ
6. Եթե գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքը կոլեկցիոն է, ապա առանձին կամ գինեգործական տվյալ արտադրանքը բնութագրող գրառման վերջում նշվում է «կոլեկցիոն» բառը:
7. Խաղողի սեղանի հանգիստ սովորական գինիների մակնշման ժամանակ կատարվում է հետևյալ գրառումները` «խաղողի գինի», եթե այն պատրաստված է չեզոք բուրմունքով խաղողի սորտերից, կամ` «խաղողի բուրավետ գինի», եթե պատրաստված է բուրավետ խաղողի սորտերից, ինչպես նաև գինու դասը բնութագրող հետևյալ գրառումներից որևէ մեկը`
1) «սպիտակ անապակ».
2) «սպիտակ կիսաանապակ».
3) «սպիտակ կիսաքաղցր».
4) «սպիտակ քաղցր».
5) «վարդագույն անապակ».
6) «վարդագույն կիսաանապակ».
7) «վարդագույն կիսաքաղցր».
8) «վարդագույն քաղցր».
9) «կարմիր անապակ».
10) «կարմիր կիսաանապակ».
11) «կարմիր կիսաքաղցր».
12) «կարմիր քաղցր».
8. Խաղողի սեղանի պղպջուն սովորական խաղուն գինիների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «խաղողի գինի», եթե այն պատրաստված է չեզոք բուրմունքով խաղողի սորտերից, կամ` «խաղողի բուրավետ գինի», եթե այն պատրաստված է բուրավետ խաղողի սորտերից, ինչպես նաև «խաղուն» բառն առանձին կամ 8-րդ կետի 1-12-րդ ենթակետերի համապատասխան գրառման վերջում, օրինակ` «սպիտակ անապակ խաղուն»:
9. Խաղողի սեղանի պղպջուն սովորական մարգարտային, գազացված մարգարտային և գազացված խաղուն գինիների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «խաղողի գինի», եթե այն պատրաստված է չեզոք բուրմունքով խաղողի սորտերից, կամ` «խաղողի բուրավետ գինի», եթե այն պատրաստված է բուրավետ խաղողի սորտերից, ինչպես նաև «մարգարտային» կամ «գազացված մարգարտային», կամ «գազացված խաղուն» նշումներից որևէ մեկն առանձին և գինու դասը բնութագրող` սույն կետի 1-6-րդ ենթակետերի գրառումներից որևէ մեկը, կամ «մարգարտային», «գազացված մարգարտային» կամ «գազացված խաղուն» նշումներն ավելացնելով գինու դասը բնութագրող հետևյալ գրառումների վերջում, օրինակ, «սպիտակ ոչ անապակ գազացված մարգարտային».
1) «սպիտակ անապակ».
2) «սպիտակ ոչ անապակ».
3) «վարդագույն անապակ».
4) «վարդագույն ոչ անապակ».
5) «կարմիր անապակ».
6) «կարմիր ոչ անապակ»:
10. Խաղողի հատուկ դեղին գինիների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «խաղողի դեղին գինի» և տվյալ գինին բնութագրող «անապակ», «կիսաանապակ», «կիսաքաղցր» կամ «քաղցր» բառերից որևէ մեկը:
11. Խաղողի հատուկ աղանդերային գինիների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «խաղողի աղանդերային գինի» եթե այն պատրաստված է չեզոք բուրմունքով խաղողի սորտերից, կամ` «խաղողի աղանդերային բուրավետ գինի», եթե պատրաստված է բուրավետ խաղողի սորտերից, և տվյալ գինին բնութագրող «անապակ», «չոր», «կիսաչոր», «քաղցր» կամ «լիկյորային» բառերից որևէ մեկը:
12. Խաղողի հատուկ բուրավետացված գինիների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «խաղողի բուրավետացված գինի» և 8-րդ կետի 1-12-րդ ենթակետերի գրառումներից այն, որը համապատասխանում է տվյալ գինուն:
13. Հայկական սովորական կոնյակների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «հայկական կոնյակ» բառը, հայկական կոնյակի անվանումը և տարիքն արտահայտող «3 տարեկան» կամ «երեք տարեկան», «4 տարեկան» կամ «չորս տարեկան», «5 տարեկան» կամ «հինգ տարեկան» գրառումներից համապատասխանող գրառումը և (կամ) տարիքը խորհրդանշող համապատասխան պայմանանշանները` աստղերը:
14. Հայկական հասուն կոնյակների մակնշման ժամանակ կատարվում են հետևյալ գրառումները` «հայկական կոնյակ» և «միջահաս», «հին», «շատ հին» կամ «հնագույն» արտահայտություններից համապատասխանող արտահայտությունը, հայկական կոնյակի անվանումը և տարիքը` թվով կամ տառերով, օրինակ, «25 տարեկան» կամ «քսանհինգ տարեկան»:
15. Բրենդիների մակնշման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի N 611-Ն որոշման համաձայն կատարվում են հետևյալ գրառումները` «Արբուն» բառը և բրենդիի տարիքը` թվերով և (կամ) տառերով կամ խորհրդանշող պայմանանշաններով` աստղերով:
(15-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 166-Ն որոշում)
16. Խաղողի թարմ և հնացրած օղիների մակնշման ժամանակ կատարվում են «խաղողի օղի» և «թարմ» կամ «հնացրած» գրառումները, իսկ խաղողի հնացրած օղիների համար` նաև հնացման տևողությունը` թվերով և (կամ) տառերով կամ խորհրդանշող պայմանանշաններով` աստղերով:
16.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների մակնշումը պետք է պարունակի դրանց հնացման աստիճանը (տարիքը)` թվերով և (կամ) տառերով:
(16.1-ին կետը լրաց. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)
IV. ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՏԳ ԱԱ 220820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿՆԻՇԻ ՎՐԱ ԶԵՏԵՂԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող արտադրանքի մակնշման` օրենքով սահմանված տեղեկությունները, բացառությամբ առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանի, գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող արտադրանքի տեսակի ու դասի, սպիրտի փաստացի պարունակության և հեղուկի ծավալի, տնտեսավարողին հարմար ցանկացած զուգորդությամբ կարող են զետեղվել սպառողական տարայի, պիտակի, կրկնապիտակի (լրացուցիչ պիտակի) և (կամ) մանեկապիտակի վրա:
(17-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)
18. Առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանը, գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին դասվող արտադրանքի տեսակի ու դասի, սպիրտի փաստացի պարունակության և հեղուկի ծավալի մասին տեղեկությունները պետք է զետեղվեն սպառողական տարայի և (կամ) պիտակի տեսանելի դաշտում, ընդ որում, առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանն իր չափերով, ընկալմամբ և զբաղեցրած տեղով պետք է լինի գերիշխող` զետեղված այլ գրառումների և նշանների նկատմամբ:
(18-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)
19. Մակնշման վրա զետեղվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, հավաստի և ընթեռնելի տառաչափերով:
(հավելվածը փոփ. 16.05.13 թիվ 567-Ն, 23.02.17 թիվ 166-Ն որոշումներ)