040.0077.300102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2002 թվականի N 77
ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 06.04.17 թիվ 353-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.04.17 թիվ 353-Ն որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
հունվարի 30-ի N 77 որոշմամբ
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 06.04.17 թիվ 353-Ն որոշում)
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ` բացառությամբ օծանելիքի
4. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 06.04.17 թիվ 353-Ն որոշում)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 06.04.17 թիվ 353-Ն որոշում)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր
(հավելվածը փոփ. 06.04.17 թիվ 353-Ն որոշում)