17.01.2004 - 31.01.2005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Հոդված 1. |
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը |
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(1-ին հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298 օրենք)
Հոդված 2. |
Վետերանների մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
Հոդված 3. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
i
Հոդված 4. |
Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը |
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:
Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական օգնություն ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն` ամսական 3500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`
ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է 1750 դրամ ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298, 25.12.03 ՀՕ-60-Ն օրենքներ)
Հոդված 5. |
Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը |
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
Հոդված 6. |
Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը |
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:
(6-րդ հոդ. փոփ. 06.02.02 ՀՕ-298 օրենք)
Հոդված 7. |
Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար |
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. |
Անցումային դրույթ |
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսապատիկից:
Հոդված 9. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 30 դեկտեմբերի 1998 թ. ՀՕ-267
|