(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1383-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» ՄԱՅԻՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 1996 թ. թիվ 147
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման համակարգի հետագա կատարելագործման և այն տնտեսության զարգացման արդի պայմաններին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
i
ա) ընդունել հաշվապահական հաշվառման և հաշվետվության վերաբերյալ համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտեր.
բ) երկամսյա ժամկետում մշակել սույն կանոնադրությամբ նախատեսվող համապատասխան կարգեր:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշումը, բացի նույն որոշմամբ հաստատված կանոնադրության 65-րդ կետից:
4. 1997 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմամբ հաստատված կանոնադրության 65-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի թիվ 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 587 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի թիվ 292 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 216 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 20-ի թիվ 216 որոշման կիրարկման ժամկետ սահմանելու մասին» թիվ 288 որոշումը.
i
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 587 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 361 որոշումը:
/4 կետը փոփ. 10.01.97 թիվ 6 և 15.04.97 թիվ 76 որոշումներ/
i
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 1-ից, բացի որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետից, իսկ կանոնադրության 72-րդ կետն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
/4 կետը փոփ. 10.01.97 թիվ 6 և 15.04.97 թիվ 76 որոշումներ/
Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանական դրույթները, և տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների վրա, (այսուհետև կազմակերպություն), անկախ դրանց ենթակայությունից ու սեփականության ձևից, ներառյալ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները: Սույն կանոնադրությունը չի տարածվում բանկերի վրա:
Կանոնադրությունը սահմանում է հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման, հաշվապահական հաշվետվության կազմման և ներկայացման կարգը, ինչպես նաև, այդ հարցերին առնչվող կազմակերպությունների հարաբերությունները հաշվապահական տեղեկատվության արտաքին և ներքին օգտագործողների հետ` ներառյալ պետական կառավարման մարմինները:
1.ԸնԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կազմակերպությունը պարտավոր է բնաիրային չափանիշների հիման վրա, դրամական արտահայտությամբ վարել իր գույքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը, դրանց համընդհանուր, անընդհատ, փաստաթղթային ու փոխկապակցված արտացոլման ճանապարհով:
2. Հաշվապահական հաշվառման հիմնական խնդիրներն են.
ա/ կազմակերպության գործունեության տնտեսական գործառնությունների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության ձևավորումը, որն անհրաժեշտ է օպերատիվ կառավարման և ղեկավարման, ինչպես նաև ներդրողների, մատակարարների, գնորդների, բանկերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց կողմից օգտագործման համար.
բ/ գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովումը` համաձայն հաստատված չափանիշների, նորմաների, նորմատիվների և նախահաշիվների.
գ/ բացասական երևույթների մասին ժամանակին նախազգուշացումը, ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում ներտնտեսական ռեզերվների վերհանումն ու հավաքագրումը:
3. Կազմակերպությունը, հաշվապահական հաշվառման կազմակերպումն իրագործելիս.
ա/ ինքնուրույնաբար սահմանում է հաշվապահական աշխատանքի կազմակերպման ձևը` ելնելով կազմակերպության տեսակից և տնտեսավարման կոնկրետ պայմաններից.
բ/ սահմանված կարգով որոշում է հաշվապահական հաշվառման ձևն ու մեթոդները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիան.
գ/ մշակում է ներարտադրական հաշվապահական հաշվառման, հաշվետվության և վերահսկողության համակարգը.
դ/ սահմանված կարգով ձևավորում է այլ հարցերի գծով իր հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
4. Կազմակերպությունը առանձին հաշվեկշռով կարող է առանձնացնել իր արտադրություններն ու տնտեսությունները (օժանդակ գյուղացիական տնտեսությունները, փայտամթերումները, բնակարանային կոմունալ տնտեսությունները, տրանսպորտային տնտեսությունը և մյուս կառուցվածքային ստորաբաժանումները), ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումները (բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), որոնք մտնում են կազմակերպության կազմի մեջ և իրավաբանական անձ չեն:
2. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
i
5. Կազմակերպությունը գույքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը վարում է կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան:
6. Հաշվառման քաղաքականության ձևավորման ժամանակ նախատեսվում է գույքային սահմանազատում, կազմակերպության գործունեության անընդհատություն, հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառման հետևողականություն, ինչպես նաև տնտեսական գործունեության փաստերի ժամանակային որոշակիություն:
Կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը պետք է համապատասխանի ամբողջականության, հաշվենկատության, ձևի նկատմամբ բովանդակության գերակայության, անհակասականության և ռացիոնալության պահանջներին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
7. Հաշվապահական հաշվառման մատյաններում (ռեգիստրներ) կատարվող գրանցումների համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարման փաստը:
Սկզբնական փաստաթղթերը, այդ թվում տեղեկատվության թղթե և մեքենայացված կրողների վրա գտնվողները, պետք է ունենան հետևյալ պարտադիր ռեկվիզիտները` փաստաթղթի անվանումը (ձևը), ձևի ծածկագիրը, կազմման ամսաթիվը, հերթական համարը, տնտեսական գործառնության բովանդակությունը, գործառնությանը մասնակցողների անվանումները, տնտեսական գործառնության չափման միավորները (բնաիրային և դրամական արտահայտությամբ), տնտեսական գործառնության իրականացման և ճիշտ ձևակերպման համար պատասխանատու անձանց պաշտոնի անվանումը, նրանց անձնական ստորագրությունները և դրանց վերծանումները: Սկզբնական փաստաթղթերում կարող են մտցվել լրացուցիչ ռԵկվիզիտներ` կախված գործառնության բնույթից, նորմատիվ ակտերի ու հաշվային տեղԵկատվության մշակման տեխնոլոգիային ներԿայացվող պահանջներից:
Սկզբնական փաստաթղթերը պետք է կազմվեն (լրացվեն) գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:
Սկզբնական փաստաթղթերի ժամանակին և հավաստի կազմումը, սահմանված կարգով և ժամկետներում դրանց փոխանցումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար իրականացվում են տվյալ կազմակերպությունում հաստատված փաստաթղթաշրջանառության ժամկետացանկի (գրաֆիկ) համաձայն:
Սկզբնական փաստաթղթերի երաշխավորված ձևերը տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
8. Հաշվապահական հաշվառման համար նախատեսված սկզբնական փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար, մշակվում և համակարգվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երաշխավորած, կամ հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքների պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների մշակած հաշվապահական հաշվառման մատյաններում: Որոշակի ժամանակահատվածում կատարված տնտեսական գործառնությունների մասին տեղեկատվությունը հաշվապահական հաշվառման մատյաններից խմբավորված ձևով տեղափոխվում է հաշվապահական հաշվետվության մեջ:
9. Չի թույլատրվում հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերում, մատյաններում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և նշվի ուղղման ամսաթիվը: Չի թույլատրվում դրամարկղային և վարկային փաստաթղթերում կատարել ուղղումներ:
10. Սկզբնական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մատյանները, հաշվապահական հաշվետվությունը համաձայն սահմանված կարգի և ժամկետների ենթակա են պահպանման: Դրանց հետ աշխատանքի ընթացքում, դրանց պահպանման և ժամանակին արխիվ հանձնման պատասխանատվությունը դրվում է գլխավոր հաշվապահի վրա:
ԳՈՒՅՔԻ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
11. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլման համար գույքը, պարտավորությունները և տնտեսական գործառնությունները ենթակա են գնահատման: Գնահատումն իրականացվում է դրամական արտահայտությամբ` փաստացի կատարված ծախսերի հանրագումարով:
Գնահատման այլ տեսակների կիրառումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության այլ նորմատիվ ակտերով նախատեսված դեպքերում:
12. Կազմակերպությունը գույքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով` դրամով:
i
13. Կազմակերպության արտարժութային հաշիվները, ինչպես նաև արտարժույթով իրականացվող գործառնությունները հաշվապահական հաշվառման մեջ գրանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով, որոնց գումարները որոշվում են գործառնության կատարման օրվա դրությամբ` արտարժույթի մեծությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով վերահաշվարկելու միջոցով: Այն դեպքում, երբ տվյալ արտարժույթի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված չէ` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, վերահաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած 3-րդ երկրի արտարժույթով: Միաժամանակ վերլուծական ( անալիտիկ) հաշվառման մեջ նշված գրանցումները կատարվում են հաշվարկների և վճարումների արժույթով:
(13-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)
14. Թույլատրվում է գույքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը կլորացնել մինչև տասնավոր լումա: Կազմակերպություններն այդ կլորացման դեպքում առաջացած գումարային տարբերությունները հաշվեգրում են ֆինանսական արդյունքներին, իսկ բյուջետային հիմնարկները` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմանը (նվազեցմանը):
ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ
15. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունը անցկացնում է գույքի և ֆինանսական պարտավորությունների գույքագրում:
16. Հաշվետու տարում գույքագրումների թիվը, դրանց անցկացման ժամկետները, յուրաքանչյուր գույքագրման ժամանակ ստուգման ենթակա գույքի և պարտավորությունների ցանկը սահմանում է կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքագրման անցկացումը պարտադիր է:
17. Գույքագրման անցկացումը պարտադիր է.
ա) կազմակերպության գույքի վարձակալության հանձնման, վաճառքի, հետգնման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական ձեռնարկությունների վերակազմավորման ժամանակ.
բ) տարեկան հաշվապահական հաշվետվությունը կազմելուց առաջ, բացի այն գույքից, որի գույքագրումն անցկացվել է հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Հիմնական միջոցների գույքագրումը կարող է իրականացվել երեք տարին մեկ անգամ, իսկ գրադարանային ֆոնդինը` հինգ տարին մեկ անգամ.
գ) նյութական պատասխանատու անձանց փոփոխության դեպքում (գործերի հանձնման-ընդունման օրը).
դ) ապրանքանյութական արժեքների հափշտակման, չարաշահման, ինչպես նաև փչացման փաստերի հայտնաբերման դեպքում.
ե) տարերային աղետների, հրդեհների, վթարների կամ այլ ծայրահեղ (էքստրեմալ) պայմանների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում.
զ) կազմակերպության լուծարման (վերակազմավորման) դեպքում` նախքան լուծարման (բաժանման) հաշվեկշռի կազմումը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նորմատիվ ակտերով նախատեսված այլ դեպքերում:
18. Գույքագրման և այլ ստուգումների ժամանակ բացահայտված գույքի փաստացի մնացորդի և հաշվապահական հաշվառման տվյալների միջև առկա տարբերությունները կարգավորվում են հետևյալ ձևերով`
ա) հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը մուտքագրվում է հաշվեկշիռ և համապատասխանաբար ձևակերպվում. կազմակերպությունում` ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ, հետագայում բացահայտելով ավելցուկի առաջացման պատճառները և դրանում մեղավոր անձանց.
i
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նորմաների սահմանում ապրանքանյութական արժեքների կորուստը ղեկավարի կարգադրությամբ դուրս է գրվում. կազմակերպությունում` արտադրության (շրջանառության) ծախսերով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) նվազեցմամբ: Կորստի նորմաները կիրառվում են միայն փաստացի պակասորդի առկայության դեպքում: Կորստի նորմաների բացակայության դեպքում կորուստը համարվում է որպես գերնորմատիվային պակասորդ.
գ) հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և գույքի այլ տեսակների պակասորդները, ինչպես նաև բնական կորստի նորմաներից ավելի փչացումները ձևակերպվում են մեղավոր անձանց վրա: Այն դեպքերում, երբ մեղավորները հայտնաբերված չեն կամ նրանցից բռնագանձումը դատարանի կողմից մերժված է, պակասորդներից և փչացումներից առաջացած վնասները դուրս են գրվում. կազմակերպություններում` ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) նվազեցմամբ:
3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19.Հաշվապահական հաշվառման կազմակերպման պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
Ղեկավարը պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել հաշվապահական հաշվառման ճիշտ վարման համար, ապահովել հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ձևակերպմանն ու ներկայացմանն առնչվող կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների, հաշվապահական հաշվառմանն առնչվող աշխատողների կողմից գլխավոր հաշվապահի կամ նրա պարտականությունները կատարող հաշվապահի պահանջների անշեղ կատարումը:
20. Կազմակերպության հաշվապահական հաշվառումն իրականացնում է նրա կառուցվածքային ստորաբաժանումը (ծառայությունը) համարվող հաշվապահությունը կամ կենտրոնացված հաշվապահությունը, որը ղեկավարում է գլխավոր հաշվապահը, իսկ կազմակերպությունում սեփական հաշվապահական ծառայության բացակայության դեպքում հաշվապահը:
Այն կազմակերպությունում, որը չունի հաշվապահություն կամ հաշվապահ, հաշվապահական հաշվառումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպությունների կամ համապատասխան մասնագետի կողմից:
21. Կազմակերպության կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահը (հաշվապահը) պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում կազմակերպության ղեկավարի կողմից և անմիջականորեն ենթարկվում է նրան:
22. Կազմակերպության կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահը (հաշվապահը) ղեկավարվում է սույն կանոնադրությամբ ու սահմանված կարգով հաստատված այլ նորմատիվ ակտերով և պատասխանատվություն է կրում դրանցում եղած հաշվապահական հաշվառմանը վերաբերվող պահանջների և կանոնների պահպանման համար:
23. Գլխավոր հաշվապահը (հաշվապահը) ապահովում է հսկողություն իրականացվող բոլոր տնտեսական գործառնությունների, հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց արտացոլման, օպերատիվ տեղեկատվության ներկայացման, սահմանված ժամկետներում հաշվապահական հաշվետվության կազմման, ներտնտեսական ռեզերվների բացահայտման և հավաքագրման նպատակով իրականացվող հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացման (մյուս ստորաբաժանումների և ծառայությունների հետ համատեղ) նկատմամբ:
24. Կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը (հաշվապահը) ստորագրում են ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների ստացման, բացթողման, ինչպես նաև հաշվարկային, վարկային և այլ համանման պարտավորությունների համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը առանց գլխավոր հաշվապահի (հաշվապահի) ստորագրության անվավեր են համարվում և կատարման չեն ընդունվում: Ստորագրության իրավունքը կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ կարող է լիազորվել այլ անձանց:
25. Գլխավոր հաշվապահին (հաշվապահին) արգելվում է կատարման և ձևակերպման ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող, ֆինանսական և պայմանագրային կարգապահությունը խախտող գործառնություններին վերաբերող փաստաթղթերը:
Դրանց մասին գլխավոր հաշվապահը (հաշվապահը) գրավոր հայտնում է կազմակերպության ղեկավարին: Վերջինիս նշած փաստաթղթերը կատարման ընդունելու մասին գրավոր կարգադրություն ստանալու դեպքում գլխավոր հաշվապահը (հաշվապահը) կատարում է դրանք և նման գործառնությունների անօրինականության ամբողջ պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
26. Նյութական պատասխանատու անձանց (գանձապահներ, պահեստապետներ և այլն) պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը և տեղափոխումը նպատակահարմար է համաձայնեցնել գլխավոր հաշվապահի (հաշվապահի) հետ:
27. Այն կազմակերպություններում, որտեղ հաստիքային ցուցակով չի նախատեսված գանձապահի պաշտոն, վերջինիս պարտականությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դրվում է այլ աշխատողի վրա:
28. Գլխավոր հաշվապահի (հաշվապահի) պաշտոնից ազատման ժամանակ կատարվում է գործերի հանձնում նոր նշանակվող գլխավոր հաշվապահին (հաշվապահին), իսկ վերջինիս բացակայության դեպքում` կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված աշխատողին: Գործերի հանձնման-ընդունման ընթացքում կատարվում է հաշվապահական հաշվառման վիճակի և հաշվետվության տվյալների հավաստիության ստուգում ու կազմվում կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվող համապատասխան ակտ:
4. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական պահանջներ
29. Կազմակերպության հաշվապահական հաշվետվությունը հաշվապահական հաշվառման գործընթացի ավարտական փուլն է: Դրանում աճողական թվերով արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում (եռամսյակ, տարի) կազմակերպության գույքային և ֆինանսական դրությունը, տնտեսական գործունեության արդյունքները:
30. Հաշվապահական հաշվետվության ձևերն ու դրանց լրացման կարգի մասին հրահանգները մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը :
31. Կազմակերպությունը կազմում է հաշվապահական հաշվետվություն, որն արտացոլում է գույքի կազմը և դրա ձևավորման աղբյուրները, ներառյալ արտադրությունների, տնտեսությունների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև բաժանմունքների և ներկայացուցչությունների գույքը, որոնք առանձնացված են առանձին հաշվեկշռով և իրավաբանական անձ չեն:
Այն դեպքում, երբ կազմակերպությունն ունի դուստր և ենթակա այլ կազմակերպություններ, սեփական հաշվապահական հաշվետվությունից բացի կազմվում է նաև ամփոփ հաշվապահական հաշվետվություն, որն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող նշված կազմակերպությունների հաշվետվությունների տվյալները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն:
32. Բյուջետային հիմնարկներին սպասարկող կենտրոնացված հաշվապահությունը կազմում է հաշվապահական հաշվետվություն, որում արտացոլվում է վերոհիշյալ կազմակերպությունների գույքի կազմն ու դրա ձևավորման աղբյուրները:
33. Հայաստանի Հանրապետության Նախարարությունները, գերատեսչությունները և իշխանության տեղական մարմինները կազմում են այն կազմակերպությունների ամփոփ հաշվապահական հաշվետվությունը, որոնց գործունեության համակարգումն ու կարգավորումը օրենսդրությամբ սահմանված կարգով դրված է իրենց վրա:
Կամավորության սկզբունքով ստեղծված իրավաբանական անձանց միավորումները, (ասոցիացիաներ, կոնցեռններ և այլ միավորումներ) կազմում են ամփոփ հաշվապահական հաշվետվություն` այդ միավորումների հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգով:
34. Բոլոր կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
Նոր ստեղծվող կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
35. Հաշվապահական հաշվետվության մեջ պարունակվող տեղեկատվությունը հիմնվում է սինթետիկ և վերլուծական հաշվառման տվյալների վրա:
Հաշվեկշռի տարեսկզբի տվյալները պետք է համապատասխանեն նախորդ տարվա սահմանված կարգով հաստատված եզրափակիչ հաշվեկշռի տարեվերջի տվյալների հետ: Հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռի տարեսկզբի տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ է նշել պատճառները:
36. Հաշվապահական հաշվետվության ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարվա տվյալների (դրա սահմանված կարգով հաստատումից հետո) փոփոխությունը կատարվում է այն հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ, որի ժամանակ հայտնաբերվել է տվյալների աղավաղումը:
Հաշվապահական հաշվետվության մեջ սխալների ուղղումները հաստատվում են այն անձանց ստորագրություններով, ովքեր ստորագրում են հաշվապահական հաշվետվությունը և նշվում է ուղղման ամսաթիվը:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
37. Կապիտալ ներդրումների կազմի մեջ մտնում են շինարարական-մոնտաժային աշխատանքների ծախսերը, սարքավորումների, գործիքների, արտադրական և տնտեսական գույքի ձեռք բերման ծախսերը և կապիտալ այլ աշխատանքներն ու ծախսերը (նախագծա-հետախուզական, երկրաբանական, հորատման աշխատանքները, նոր կառուցվող օբյեկտների համար կադրերի պատրաստման ծախսերը և այլն):
38. Կապիտալ շինարարության այն օբյեկտները, որոնք գտնվում են ժամանակավոր շահագործման մեջ, մինչև դրանց մշտական շահագործման հանձնելը չեն մտցվում հիմնական միջոցների կազմի մեջ: Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ այդ օբյեկտների գծով ծախսերը արտացոլվում են որպես անավարտ կապիտալ ներդրումներ:
39. Ֆինանսական ներդրումներին վերաբերում են կազմակերպության ներդրումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արժեթղթերում (բաժնետոմսեր, պարտատոմսեր, առևտրային արժեթղթեր, մուրհակներ, սեփականաշնորհման և ավանդային սերտիֆիկատներ և այլն), այլ կազմակերպությունների (այդ թվում նաև դուստր ձեռնարկությունների) կանոնադրական կապիտալում (բաժնեմասերում), ժամկետային դեպոզիտներում, ինչպես նաև այլ կազմակերպություններին տրված փոխառությունները: Ֆինանսական ներդրումներ են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նմանատիպ ներդրումները:
Ֆինանսական ներդրումները հաշվառման են ընդունվում ներդնողի փաստացի ծախսերի գումարով (ձեռք բերման արժեքով): Մարման ժամկետ ունեցող արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական արժեքի միջև եղած տարբերությունը թույլատրվում է դրանց շրջանառության ժամկետի ընթացքում հավասարաչափ (ամիս, եռամսյակ) հաշվեգրել կազմակերպության ֆինանսական արդյունքներին, իսկ բյուջետային հիմնարկներում` պակասեցնել (ավելացնել) ֆինանսավորումը (ֆոնդերը):
Այն դեպքերում, երբ լրիվ չվճարված բաժնետոմսերի և բաժնեմասերի դիմաց ներդնողը իրավունք է ձեռք բերել ստանալու շահութաբաժին ( դիվիդենտ) և կրում է այդ ներդրումների ամբողջ (հաշվի առած չվճարված մասը) գումարի չափով պատասխանատվություն, բաժնետոմսերը և փայամասերը հաշվեկշռի ակտիվում արտացոլվում են ձեռք բերման ամբողջ գումարով` որպես ֆինանսական ներդրում, իսկ չվճարված գումարները ցույց են տրվում հաշվեկշռի պասսիվի կրեդիտորների հոդվածով: Մնացած դեպքերում բաժնետոմսերի և փայամասերի ձեռք բերման համար վճարված գումարները ցույց են տրվում հաշվեկշռի ակտիվի դեբիտորների հոդվածով:
Կազմակերպության ներդրումներն այլ կազմակերպությունների բաժնետոմսերում, որոնք գնանշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմնի կողմից ընտրված ֆոնդային բորսայում, տարեկան հաշվապահական հաշվեկշռի կազմման ժամանակ, արտացոլվում են շուկայական (գնանշված) գներով, եթե վերջինս պակաս է հաշվեկշռային արժեքից և տարբերությունը հաշվեգրվում է կազմակերպության ֆինանսական արդյունքներին:
Արժեթղթերի օտարումը թույլատրվում է իրականացնել ներքոհիշյալ մեթոդներից որևէ մեկով`
ա) ձեռք բերման միջին արժեքով.
բ) առաջին ձեռք բերման * արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ՖԻՖՈ).
գ) վերջին ձեռքբերման արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ԼԻՖՈ):
* Այն դեպքում, երբ կազմակերպությունը մարման ժամկետ ունեցող արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական արժեքի միջև եղած տարբերությունը հավասարաչափ մարում է (ավելացնում կամ պակասեցնում է), ձեռք բերման արժեք է համարվում տվյալ պահին այդ արժեթղթերի մնացորդային արժեքը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
40. Հիմնական միջոցներն օգտագործվող ապրանքանյութական արժեքների ամբողջություն են, որոնք, որպես աշխատանքի միջոց, բնական տեսքով, երկար ժամանակի ընթացքում գործում են ինչպես նյութական արտադրության, այնպես էլ ոչ արտադրական ոլորտում:
41. Հիմնական միջոցների թվին են դասվում` շենքերը, կառուցվածքները, փոխանցող հարմարանքները, ուժային մեքենաներն ու սարքավորումները, հաշվիչ տեխնիկան, չափիչ և կարգավորիչ սարքերը, տրանսպորտային միջոցները, գործիքները, արտադրական և տնտեսական գույքը, բանող և մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, ներտնտեսային ճանապարհներն ու նմանատիպ այլ միջոցները:
Հիմնական միջոցների թվին են դասվում նաև հողի բարելավմանն ուղղվող (մելիորացիայի, չորացման և այլ աշխատանքներ) և վարձակալված շենքերի, կառուցվածքների, սարքավորումների և հիմնական միջոցներին վերաբերող այլ օբյեկտների վրա կատարվող կապիտալ ներդրումները:
Բազմամյա տնկարկների և հողի բարելավմանն ուղղվող կապիտալ ներդրումները հիմնական միջոցների կազմի մեջ մտցվում են յուրաքանչյուր տարի, անկախ ամբողջ համալիր աշխատանքների ավարտից, շահագործման ընդունված տարածքներին վերաբերվող ծախսերի չափով:
Հիմնական միջոցների կազմի մեջ են մտնում կազմակերպության սեփականությունը համարվող հողամասերը, բնօգտագործման օբյեկտները (ընդերքը և մյուս բնական ռեսուրսները):
42. Վարձակալված շենքերի, կառուցվածքների, սարքավորումների և հիմնական միջոցներին վերաբերվող այլ օբյեկտների վրա կատարված կապիտալ ծախսերը վարձակալող գրանցում է սեփական հիմնական միջոցների կազմում` փաստացի ծախսերի գումարի չափով, եթե վարձակալության պայմանագրով այլ բան չի նախատեսված:
i
43. Հիմնական միջոցները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են սկզբնական արժեքով, այսինքն դրանց ձեռք բերման, կառուցման, պատրաստման, տեղակայման փաստացի ծախսերով: Հիմնական միջոցների սկզբնական արժեքի փոփոխում թույլատրվում է դրանց վերակառուցման, վերագնահատման և մասնակիորեն լուծարման դեպքում:
Կազմակերպության հիմնական միջոցների արժեքը մարվում է դրանց օգտակար օգտագործման նորմատիվային ժամկետի ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նորմաներով (բացի հողամասերից, բնօգտագործման օբյեկտներից և հիմնական միջոցներին վերաբերվող այն օբյեկտներից, որոնց մաշվածության հաշվարկի կարգը սահմանվում է առանձին նորմատիվային ակտերով), մաշվածության հաշվարկման (ամորտիզացված արժեքի) և արտադրության ծախսերով (շրջանառության ծախքերով) դուրս գրման միջոցով: Հիմնական միջոցների կուտակված մաշվածության արժեքը (ամորտիզացված արժեքը) հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպությունները կարող են կիրառել հիմնական միջոցների արագացված ամորտիզացիա:
44. Բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում և արտացոլվում է հաշվապահական հաշվետվության մեջ, բայց ծախսերով ձևակերպում չի կատարվում:
45. Հիմնական միջոցներ չեն համարվում և կազմակերպություններում շրջանառու միջոցների (բյուջետային հիմնարկներում` միայն փոքրարժեք և արագամաշ առարկաների), կամ այլ արժեքների կազմում հաշվի են առնվում`
ա) առարկաները, որոնք ծառայում են մեկ տարուց պակաս` անկախ դրանց արժեքից,
բ) գնման պահին մինչև 25000 դրամ (մեկ միավորի արժեքը) արժողությամբ աշխատանքի առարկաները` անկախ ծառայության ժամկետից, բացառությամբ գյուղատնտեսական մեքենաների, շինարարական մեքենայացված գործիքների, բանող և մթերատու անասունների, որոնք դասվում են հիմնական միջոցների թվին` անկախ իրենց արժեքից.
գ) ձկնորսության պիտույքները (կարթեր, ցանցեր և այլն)` անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետից.
դ) հատուկ գործիքներն ու հատուկ հարմարանքները (նպատակային նշանակության գործիքներ և հարմարանքներ, որոնք նախատեսված են սերիական և զանգվածային արտադրության որոշակի արտադրանքի թողարկման համար կամ անհատական պատվերի պատրաստման համար)` անկախ դրանց արժեքից, փոխարինվող սարքավորումները (արտադրության մեջ բազմակի օգտագործվող հիմնական միջոցների հարմարանքներ և արտադրանքի պատրաստման յուրահատուկ պայմաններով պայմանավորված այլ սարքեր` կաղապարներ ու դրանց պարագաները, գլոցագլաններ, օդամուղ հարմարանքներ (ֆումներ) և նման այլ սարքեր)` անկախ դրանց արժեքից.
ե) հատուկ հագուստը, հատուկ կոշկեղենը, ինչպես նաև անկողնային պարագաները` անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետից.
զ) կազմակերպության աշխատողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված դեպքերի նախատեսված համազգեստը, ինչպես նաև առողջապահության, լուսավորության, սոցիալական ապահովման և բյուջետային այլ հիմնարկներում տրվող հագուստն ու կոշկեղենը` անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետից.
է) ժամանակավոր (ոչ տիտղոսային) կառույցները, հարմարանքներն ու կառուցվածքները, որոնց պատրաստման ծախսերը վերադիր ծախսերի կազմում մտցվում են շինարարական աշխատանքների ինքնարժեքի մեջ,
ը) պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կամ տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու համար նախատեսված տարաները, որոնց ձեռք բերման կամ պատրաստման արժեքը չի գերազանցում սույն կետի «բ» ենթակետում նշված գումարը.
թ) վարձույթով տրման համար նախատեսված առարկաները` անկախ դրանց արժեքից.
ժ) մատղաշ և բտման գիրացման հանձնված կենդանիները, թռչունները, մեղվաընտանիքները, ճագարները, մուշտակամորթ կենդանիները, ինչպես նաև պահապան և լծկան շները, փորձակենդանիները.
ի) բազմամյա այն տնկարկները, որոնք աճեցվում են տնկարաններում, որպես տնկանյութ (տնկի).
46. Սույն կանոնադրության 45-րդ կետում նշված աշխատանքի միջոցների և առարկաների արժեքը (բացառությամբ «դ» և «թ» ենթակետերում նշվածների, որոնց մաշվածքը հաշվարկվում է այլ կարգով, ինչպես նաև «ժ» և «ի» ենթակետերի, որոնց մաշվածքը չի հաշվարկվում) մարվում է`
ա) շահագործման հանձնման ժամանակ 50%-ի չափով և դուրս գրման պահին մնացած 50%-ի չափով մաշվածքի հաշվարկման միջոցով.
բ) շահագործման հանձնման ժամանակ 100%-ի չափով մաշվածքի հաշվարկման միջոցով:
Փոքրարժեք և արագամաշ առարկաները, որոնց մեկ միավորի արժեքը չի գերազանցում 10 000 դրամը, կարող են դուրս գրվել ծախսերով` արտադրություն բացթողման կամ շահագործման հանձնման ժամանակ: Նշված առարկաների պահպանության ապահովման նպատակով կազմակերպությունը դրանց շարժի նկատմամբ պետք է կազմակերպի համապատասխան հաշվառում և հսկողություն:
Սեզոնային և ժամանակավոր ճանապարհների, մինչև 2 տարի շահագործման ժամկետով ժամանակավոր կառույցների, հատուկ գործիքների և հարմարանքների, փոխարինվող սարքավորումների արժեքը մարվում է ըստ համապատասխան սահմանված նորմայի կամ նախահաշվային դրույքի, որը հաշվարկվում է` ելնելով դրանց կառուցման, պատրաստման (ձեռք բերման) ծախսերի նախահաշվից և այդ ճանապարհների, կառույցների, գործիքների ու հարմարանքների օգնությամբ` պլանավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) թողարկումից:
Անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների արժեքը թույլատրվում է ամբողջությամբ մարել դրանց` արտադրություն բաց թողման պահին:
Վարձույթով տրվող առարկաների արժեքը մարվում է մաշվածքի հաշվարկմամբ` ելնելով դրանց օգտագործման ժամկետներից:
47. Սույն կանոնադրության 45-րդ կետով նախատեսված առարկաներն ու ապրանքանյութական արժեքները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են սկզբնական արժեքով, այսինքն դրանց ձեռք բերման, պատրաստման և կառուցման փաստացի ծախսերով: Այս առարկաների և ապրանքանյութական արժեքների մաշվածքի գումարը հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին:
48. Ոչ նյութական ակտիվների շարքն են դասվում տնտեսական գործունեության մեջ երկար ժամանակահատվածում (մեկ տարուց ավելի) օգտագործվող և եկամուտ բերող իրավունքները, որոնք ծագում են.
ա) ելնելով գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների, համակարգչային ծրագրերի, տվյալների բազայի և այլնի հեղինակային ու այլ պայմանագրերից.
բ) ելնելով հայտնագործությունների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ֆիրմայի անվանման վկայագրերից և դրանց օգտագործման արտոնագրային պայմանագրերից.
գ) ելնելով «նոու-հաու»-ի իրավունքից և այլն:
Բացի նշվածից, ոչ նյութական ակտիվների թվին են դասվում հողամասերի, բնական ռեսուրսների օգտագործման իրավունքները, ինչպես նաև կազմակերպչական ծախսերը և «ֆիրմայի գինը» (կազմակերպության գնման գնի և սեփական կապիտալի տարբերությունը):
Ոչ նյութական ակտիվները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են ձեռք բերման, պատրաստման, ինչպես նաև նպատակային օգտագործման պիտանելիության աստիճանի հասցնելու համար կատարված ծախսերի գումարով:
Ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, համամասնորեն յուրաքանչյուր ամիս, արտադրության ծախսերի և շրջանառության ծախքերի մեջ է մտցվում ըստ նորմաների, որոնք ձեռնարկությունը որոշվում է ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Եթե հնարավոր չէ որոշել ոչ նյութական ակտիվների հնարավոր օգտագործման օգտակարության ժամկետները, ապա մաշվածության նորմաները սահմանվում են 10 տարի ժամկետով, բայց ձեռնարկության գործունեության ժամկետից ոչ ավելի:
Ոչ նյութական ակտիվների մաշվածությունը հաշվապահական հաշվետվության մեջ հաշվառվում և արտացոլվում է առանձին:
ՀՈՒՄՔ, ՆՅՈՒԹԵՐ, ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ
49. Հումքը, հիմնական և օժանդակ նյութերը, վառելիքը, գնովի կիսապատրաստուկները (կիսաֆաբրիկատները) և համալրող արտադրատեսակները, պահեստամասերը, արտադրանքի փաթեթավորման ու փոխադրման համար օգտագործվող տարաները և այլ նյութական ռեսուրսները հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են փաստացի ինքնարժեքով:
Նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքը որոշվում է ելնելով դրանց ձեռք բերման ծախսերից, ներառյալ այդ ռեսուրսները մատակարարների կողմից ապառիկ (որպես ապրանքային վարկ) տրամադրելու դիմաց տոկոսների վճարը, մատակարարող, արտաքին տնտեսական և այլ կազմակերպություններին վճարված վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձահատուցումները (ծառայության արժեքը), մաքսային տուրքերը, այլ կազմակերպության ուժերով կատարվող փոխադրման, պահպանման և տեղ հասցման ծախսերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նմանատիպ այլ ծախսերը:
Արտադրություն (այլ կազմակերպություն) բաց թողնվող նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքի որոշումը թույլատրվում է կատարել պաշարների գնահատման հետևյալ մեթոդներից որևէ մեկով`
ա) միջին ինքարժեքով.
բ) ըստ ժամանակի առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ՖԻՖՈ).
գ) ըստ ժամանակի վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ԼԻՖՈ).
50. Հաշվեկշռում պատրաստի արտադրանքը արտացոլվում է փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքարժեքով (ներառյալ արտադրության մեջ օգտագործվող հիմնական միջոցների, հումքի, նյութերի, վառելիքի, էներգիայի, աշխատանքային ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև արտադրանքի արտադրության հետ կապված այլ ծախսերը) կամ ծախսերի ուղղակի հոդվածներով:
51. Վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքանյութական արժեքները (այսուհետև` ապրանքներ) կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են մանրածախ (վաճառքի) գներով կամ գնման արժեքով: Ապրանքների մանրածախ (վաճառքի) գներով հաշվառման դեպքում գնման արժեքի և վաճառքի գների (զեղչեր, հավելումներ) միջև եղած տարբերությունը հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին հոդվածով:
Ապրանքների բաց թողման դեպքում դրանց փաստացի ինքնարժեքի որոշումը թույլատրվում է կատարել ապրանքների պաշարի գնահատման ներքոհիշյալ մեթոդներից որևէ մեկով`
ա) միջին ինքնարժեքով.
բ) ըստ ժամանակի առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ՖԻՖՈ).
գ) ըստ ժամանակի վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ԼԻՖՈ):
52. Առաքված արտադրանքը (ապրանքները), մինչև գնորդի (պատվիրատուի) կողմից ընդունվելը (ակցեպտավորվելը), հաշվեկշռում արտացոլվում է փաստացի (կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով:
53. Սույն կանոնադրության 49, 50 և 51 կետերում նախատեսված արժեքները, որոնց գինը տարվա ընթացքում իջել է, կամ որոնք բարոյապես հնացել են կամ մասնակիորեն կորցրել իրենց սկզբնական որակը, հաշվետու տարվա վերջի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են հնարավոր իրացման գներով, եթե դրանք ցածր են ձեռք բերման սկզբնական արժեքից և տարբերությունը ձևակերպվում է կազմակերպության ֆինանսական արդյունքներով:
ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐ
54. Արտադրանքը (աշխատանքները), որը չի անցել պատրաստման տեխնոլոգիայով նախատեսված բոլոր փուլերով, ինչպես նաև փորձարկում և տեխնիկական ընդունում չանցած ու չկոմպլեկտավորված արտադրատեսակները, համարվում են անավարտ արտադրություն:
55. Զանգվածային և սերիական արտադրության ժամանակ անավարտ արտադրությունը հաշվեկշռում կարող է արտացոլվել փաստացի, նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքով, կամ ծախսերի ուղղակի հոդվածներով:
Անհատական արտադրության դեպքում անավարտ արտադրանքը հաշվեկշռում ցույց է տրվում փաստացի արտադրական ծախսերով:
56. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը, որոնք վերաբերում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջանին, հաշվապահական հաշվետվության մեջ ցույց են տրվում առանձին հոդվածով, որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր և ենթակա են ձևակերպման արտադրության և շրջանառության ծախքերով, կամ համապատասխան աղբյուրների հաշվին, այն ժամկետներում, որոնց դրանք վերաբերում են:
ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
57. Կազմակերպության սեփական կապիտալի կազմում հաշվառվում են կանոնադրական (բաժնեգումարի), լրացուցիչ և պահուստային կապիտալը, չբախշված շահույթը և այլ պահուստներ (ռեզերվներ):
58. Հաշվապահական հաշվառման մեջ կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալի մեծությունն արտացոլվում է որպես կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում հիմնադիրների (մասնակիցների) գրանցված ներդրումների (ավանդների, փայաբաժինների, անվանական արժեքով բաժնետոմսերի, փայավճարների) ամբողջություն:
Կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալը և կանոնադրական կապիտալին հիմնադիրների (մասնակիցների) փաստացի պարտքը ներդրումների գծով, հաշվառվում և հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին:
59. Կազմակերպության արտաշրջանառու ակտիվների սահմանված կարգով վերագնահատման արդյունքով առաջացած գումարները, անհատույց ստացված արժեքները և համանման այլ գումարները հաշվառվում են որպես լրացուցիչ կապիտալ:
60. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հաշվետու տարվա շահույթի բացակայության կամ անբավարարության դեպքում, մասնակիցներին շահաբաժինների վճարման համար ստեղծված պահուստային կապիտալը հաշվառվում և հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին:
i
61. Կազմակերպությունը, ելնելով այլ կազմակերպություններին և քաղաքացիներին առաքված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հաշվարկներից կարող է ստեղծել դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստ` դրանց գումարները հաշվեգրելով կազմակերպության ֆինանսական արդյունքներին:
Ժամկետանց դեբիտորական պարտք է համարվում կազմակերպության այն դեբիտորական պարտքը, որը պայմանագրում նշված ժամկետում չի մարվել:
Դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
i
62. Գալիք ժամանակաշրջանի ծախսերը, հաշվետու ժամանակաշրջանում արտադրության կամ շրջանառության ծախքերի մեջ հավասարաչափ ներառնելու նպատակով, կազմակերպությունը կարող է ստեղծել գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ` աշխատողների գալիք արձակուրդների վճարման, երկարամյա աշխատանքի համար ամեն տարի վճարվող հատուցման, հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի, արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստակաՆ աշխատանքների գծով արտադրական ծախսերի, վարձով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի, հաշվետու տարվա աշխատանքի արդյունքներով վարձատրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նորմատիվ ակտերով սահմանված այլ նպատակների համար:
Գալիք ժամանակաշրջանի ծախսերի ու վճարումների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԴԵԲԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ, ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ
63. Դեբիտորների և կրեդիտորների հետ հաշվարկները յուրաքանչյուր կողմի հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլվում են հաշվապահական գրանցումներից ելնող և երկկողմ հավաստի համարվող գումարներով: Ստացված փոխառությունների գծով պարտքը թույլատրվում է ցույց տալ հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վճարման ենթակա տոկոսները:
Տարաձայնությունների դեպքում շահագրգիռ կողմը պարտավոր է սահմանված ժամկետում անհրաժեշտ նյութերը հանձնել վեճեր լուծելու լիազորություն ունեցող մարմիններին` քննարկման, տարաձայնությունների առիթ տված գումարները հաշվառելով առանձին:
64. Հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլված ֆինանսական և հարկային մարմինների, բանկերի հետ հաշվարկների գծով գումարների չափը դրանց հետ պետք է լինի համաձայնեցված և նույնական: Հաշվապահական հաշվետվության մեջ այդ հաշվարկների գծով չկարգավորված գումարների առկայություն չի թույլատրվում:
i
65. Կազմակերպության արտարժութային հաշիվների արտարժութային միջոցների մնացորդները, այլ դրամական միջոցները (ներառյալ դրամական փաստաթղթերը), կարճաժամկետ արժեթղթերը, արտարժույթով դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով` դրամով, որը որոշվում է արտարժույթը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը գործող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով վերահաշվարկելու միջոցով: Վերահաշվարկի արդյունքում առաջացած փոխարժեքային տարբերությունները կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկները ֆոնդերի ավելացմամբ (նվազեցմամբ):
(65-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)
66. Տնտեսական պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած տուգանքները, տույժերը (բացի այն տուգանքներից և տույժերից, որոնք գործող օրենսդրության համաձայն ենթակա են բյուջե մուծման), որոնք ճանաչվել են պարտապանի կողմից, կամ որոնց գանձման վերաբերյալ ստացվել են դատարանի, պետական արբիտրաժի որոշումներ, կազմակերպություններում ձևակերպվում են ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ (նվազեցմամբ), և մինչև դրանց ստացումը կամ վճարումը արտացոլվում են վճարողի և ստացողի հաշվետվության մեջ` համապատասխանաբար դեբիտորների և կրեդիտորների հոդվածներով:
i
67. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով և ժամկետներում անհուսալի համարվող դեբիտորական պարտքերը, գանձման համար ոչ ռեալ մյուս պարտքերը, կազմակերպության ղեկավարի որոշմամբ դուրս են գրվում և ձևակերպվում դեբիտորական պարտքի հնարավոր կորստի պահուստի միջոցներով կամ ֆինանսական արդյունքներով` եթե այդ պարտքերի գումարները չեն պահուստավորվել սույն կանոնադրության 61-րդ կետի համաձայն, կամ բյուջետային հիմնարկներում ֆինանսավորման (ֆոնդերի) նվազեցմամբ:
Պարտապանի անվճարունակության հետևանքով վնասներով դուրս գրված պարտքը չի համարվում վերացված: Այն պետք է արտացոլվի արտահաշվեկշռում պարտքը դուրս գրելու պահից առնվազն հինգ տարի ժամկետով, որպեսզի հնարավորության դեպքում` պարտապանի գույքային դրության բարելավմանը զուգընթաց, պարտքը գանձվի:
i
68. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած կարգով և ժամկետներում անհուսալի համարվող կրեդիտորական, ավանդագրված (դեպոնենտական) պարտքերը կազմակերպություններում ենթակա են ձևակերպման ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ:
i
69. Կազմակերպության գույքի (հիմնական միջոցներ, պաշարներ, արժեթղթեր և այլն) իրացման և այլ օտարման դեպքում այդ գործառնությունների գծով վնասը կամ եկամուտը ձևակերպվում է կազմակերպության ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ:
Հիմնական միջոցների և այլ գույքի անհատույց հանձնման դեպքում առաջացած ֆինանսական արդյունքները դուրս են գրվում կազմակերպության սեփական միջոցների աղբյուրներից:
Այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում հիմնական միջոցների տեսքով ներդրված ակտիվների պայմանագրային և հաշվեկշռային (մնացորդային) արժեքների տարբերությունը դիտվում է որպես գալիք ժամանակաշրջանների եկամուտ և ներդրումից հետո 5 տարվա ընթացքում հավասարաչափ (տարեկան 20 տոկոս) դուրս է գրվում գալիք ժամանակաշրջանների եկամուտներից ավելացվելով ձեռնարկության ֆինանսական արդյունքներին:
/լրաց. 02.04.97 թիվ 63 որոշում/
70. Տարերային աղետների հետևանքով առաջացած կորուստները, որոնք չեն փոխհատուցվել, կազմակերպության ղեկավարի որոշմամբ դուրս են գրվում ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) նվազեցմամբ:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ * (ՎՆԱՍԸ)
71. Հաշվեկշռային շահույթը (վնասը) իրենից հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության, բոլոր տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառման և սույն կանոնադրությանը համաձայն հաշվեկշռի հոդվածների գնահատման հիման վրա առաջացած վերջնական ֆինանսական արդյունքն (շահույթը կամ վնասը) է:
i
72. Կազմակերպության հաշվեկշռային շահույթը (վնասը) հաշվարկելիս արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթի, ինչպես նաև արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների հաշվառման պահը որոշվում է գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահով, անկախ դրանց դիմաց ստացված վճարումների ժամկետներից:
73. Հաշվետու տարում հայտնաբերված շահույթը կամ վնասը, որը վերաբերվում է նախորդ տարիների գործառնություններին, ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում:
Հաշվետու տարվա հաշվեկշռային վնասը թույլատրվում է մարել վնասի ստացման տարվան հաջորդող տարիների ընթացքում:
74. Հաշվետու ժամանակաշրջանում ստացված, բայց հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերվող եկամուտները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են առանձին հոդվածով, որպես գալիք ժամանակաշրջանների եկամուտներ: Վերջիններս մտցվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մեջ, որին դրանք վերաբերում են:
75. Հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշռային շահույթը (վնասը) և դրա օգտագործումը հաշվեկշռում արտացոլվում են առանձին. հաշվեկշռի պասսիվում` ստացված շահույթը և դրա ավանսային օգտագործումը, չբաշխված շահույթը, իսկ հաշվեկշկռի ակտիվում` փաստացի ստացված վնասը: Հաշվեկշռի արժույթի մեջ մտցվում են միայն նախորդ տարիների ու հաշվետու ժամանակաշրջանի չփակված վնասը և չբաշխված շահույթը:
* Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար` եկամուտ:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
i
76. Կազմակերպությունը պարտադիր կարգով ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվետվություն`
ա) իրավաբանական անձի հիմնադիրներին, մասնակիցներին` համաձայն հիմնադիր փաստաթղթերի.
բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն.
գ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն.
Հաշվապահական հաշվետվության ներկայացումը այլ հասցեներով և այլ պարբերականությամբ կատարվում է այն դեպքերում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային կամ այլ օրենսդրությամբ, կամ հիմնադիր փաստաթղթերով:
77. Կազմակերպությունը տարեկան հաշվապահական հաշվետվությունը ներկայացնում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն կանոնադրության 76-րդ կետի համաձայն եռամսյակային հաշվետվությունը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը: Նշված ժամկետներում հաշվապահական հաշվետվության ներկայացման կոնկրետ ամսաթիվը սահմանում են կազմակերպության հիմնադիրները:
78. Բյուջետային հիմնարկը ծախսերի նախահաշիվների կատարման մասին ներկայացնում է եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություն վերադաս մարմնին` նրա սահմանած ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և գործադիր իշխանության այլ մարմինները բյուջետային հիմնարկների ծախսերի նախահաշիվների կատարման մասին ներկայացնում են եռամսյակային և տարեկան ամփոփ հաշվապահական հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` նրա կողմից սահմանած ժամկետներում:
79. Կազմակերպությունների համար հաշվապահական հաշվետվության ներկայացման օր է համարվում ըստ պատկանելության դրա փաստացի հանձնման օրը, կամ փոստային կազմակերպության կնիքի վրա նշված դրա ուղարկման ամսաթիվը:
Եթե հաշվապահական հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, հաշվետվության ներկայացման օր է համարվում դրան անմիջապես հաջորդող աշխատանքային օրը:
80. Հաշվապահական հաշվետվությունը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը (հաշվապահը):
Այն կազմակերպություններում, որոնց հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետի կողմից, հաշվապահական հաշվետվությունը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:
81. Կազմակերպության տարեկան հաշվապահական հաշվետվությունը, մինչև սույն կանոնադրությամբ սահմանված համապատասխան հասցեներով ուղարկումը, քննարկվում և հաստատվում է հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգի համաձայն:
82. Կազմակերպության տարեկան հաշվապահական հաշվետվությունը բաց է շահագրգիռ օգտագործողների` բանկերի, ներդրողների, կրեդիտորների, գնորդների, մատակարարների և մյուսների համար, որոնք կարող են ծանոթանալ տարեկան հաշվապահական հաշվետվությանը և ստանալ դրա կրկնօրինակը` փոխհատուցելով արտատպման ծախսերը:
83. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմակերպությունը տարեկան հաշվապահական հաշվետվությունը հրապարակում է ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 1-ը, իսկ եռամսյակային հաշվետվությունը` հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 60 օրից ոչ ուշ: Հրապարակվող հաշվապահական հաշվետվության կազմի մեջ մտնում է նաև նրա հավաստիությունը հաստատող աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:
84. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և գործադիր իշխանության այլ մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ամփոփ հաշվապահական հաշվետվություն են ներկայացնում այն կազմակերպությունների գծով, որոնց գործունեության ղեկավարումն ու կարգավորումը դրված են նրանց վրա: Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը, իսկ եռամսյակայինը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը: