Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                     ԵԿԴ/0207/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0207/01/14

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ

                   դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Ա. Մանուկյանի

                   

                   ամբաստանյալ`               Ա. Մայսուրյանի

                   

                   պաշտպան`                   Ա. Ալիխանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                   ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արփինե Սերժիկի Մայսուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս.Հարությունյանի` 2012 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, և նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնին:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Զարուհի Պողոսյանը ճանաչվել է տուժող, իսկ Անուշ Հակոբյանը` տուժողի ներկայացուցիչ:

2013 թվականի օգոստոսի 12-ին Արփինե Սերժիկի Մայսուրյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ Ա.Մայսուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ Ա.Մայսուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

Նույն դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Արփինե Մայսուրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի և որպես գրավ է սահմանվել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը: 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Ա.Մայսուրյանն արգելանքից ազատվել է:

i

Նախաքննության մարմնի` 2013 թվականի օգոստոսի 20-ի որոշումներով Արմենակ Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Արմենակ Հովհաննիսյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում:

i

Նախաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ Ա.Մայսուրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը 2014 թվականի դեկտեմբերի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Տուժող Զ.Պողոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 16-ին մահացել է և նույն թվականի դեկտեմբերի 26-ի դատական նիստում տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Հասմիկ Պողոսյանը:

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճռով Ա.Մայսուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ա.Մայսուրյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 11 (տասնմեկ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

i

3. Ամբաստանյալ Ա.Մայսուրյանի և վերջինիս պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճիռը բեկանել է: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում Արփինե Մայսուրյանն արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով և դադարեցվել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Արղամանյանը հայտնել է հատուկ կարծիք` գտնելով, որ վերաքննիչ բողոքները պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճիռը` թողնել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ա.Մայսուրյանի պաշտպան Ա.Ալիխանյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան` նշելով, որ Ա.Մայսուրյանի և Զ.Պողոսյանի միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, որի հիման վրա 2010 թվականի սեպտեմբերի 11-ին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, ուստի վերջինս խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

5. Նախաքննության մարմնի կողմից Արփինե Մայսուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «նախնական համաձայնության գալով Արմենակ Ալբերտի Հովհաննիսյանի հետ, 2010թ. սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը, բացի այդ 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` «Հայտարարություն» և «Ստացական» վերնագրերով գրություններ` 2010թ. սեպտեմբերի 11-ին Զ.Պողոսյանի կողմից բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ, որոնք էլ որպես ապացույց քաղաքացիական գործի քննության ընթացքում` 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այսպես.

2010թ. ամռանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 48 տանը վարձակալական հիմունքներով բնակվող Արփինե Մայսուրյանը և Արմենակ Հովհաննիսյանը գտնվելով Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող անշարժ գույքի շուկայում և տեղեկանալով, որ 1939թ. ծնված, Զարուհի Լևոնի Պողոսյանը ցանկանում է վաճառել իրեն պատկանող` Երևան քաղաքի Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 հասցեում գտնվող բնակարանը, նպատակադրվել են խարդախությամբ հիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը ներկայացել են որպես սիրահարված զույգեր, ապա հայտնել, որ որպես նորաստեղծ ընտանիք պատրաստվում են հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերել: Դրանից հետո Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը Զ.Պողոսյանի հետ գնացել են Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 բնակարան, որտեղ քողարկելով իրենց հանցավոր նպատակները, և իրական գնորդների տպավորություն թողնելու միջոցով Զ.Պողոսյանին մոլորության մեջ գցելու համար զննել են բնակարանային պայմանները և հաստատել հիշյալ բնակարանը գնելու մտադրությունը:

Զ.Պողոսյանի դուստր Հասմիկ Պողոսյանը տեղեկանալով այդ մասին, հանդիպել է Ա.Հովհաննիսյանին և Ա.Մայսուրյանին ու նրանց տեղեկացրել, որ բնակարանի առուվաճառքի գործարքը հնարավոր է միայն կանխիկ վճարման միջոցով և բացառել է հիփոթեքային վարկավորմամբ բնակարանի ձեռքբերումը:

Դրանից հետո Ա.Հովհաննիսյանը և Ա.Մայսուրյանը ժամանակ շահելու ու հարմար պահին հանցավոր մտադրությունը վերջնականապես իրագործելու նպատակով 2010թ. օգոստոսի 26-ին Զ.Պողոսյանին որպես կանխավճար փոխանցել են 180.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, և ստանալով նշված հանգամանքը հաստատող` Զարուհի Պողոսյանի կողմից գրված և ստորագրված ստացական, հավաստիացրել են, թե կարճ ժամանակահատվածում կլուծեն մնացած գումարային խնդիրները և գործարքն ավարտին կհասցնեն:

Զարուհի և Հասմիկ Պողոսյանները հիփոթեքային վարկավորմամբ բնակարանի իրացմանը կտրականապես դեմ լինելով, այնուամենայնիվ իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի և Ա.Մայսուրյանի հետ գնացել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նոտար Ռիմա Մխիթարյանի մոտ, որը տեղեկանալով, որ ապագա գնորդները փաստացի չունեն Խանջյան փողոցի վրա գտնվող բնակարանը գնելու համար նախատեսված անհրաժեշտ դրամական միջոցներ, մերժել է վավերացնել առուվաճառքի պայմանագիրը:

Այնուհետև, Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ Հ.Պողոսյանը 2010թ. օգոստոսի 29-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և Զ.Պողոսյանը մնացել է միայնակ, որոշել են հիշյալ հանգամանքն օգտագործելով վերջնականապես իրագործել իրենց հանցավոր մտադրությունը և խարդախությամբ վերջինիս բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:

Այդ նպատակով 2010թ. սեպտեմբերի սկզբներին Ա.Հովհաննիսյանը և Ա.Մայսուրյանը Զ.Պողոսյանին հավաստիացրել են, թե իբր բնակարանի առուվաճառքի գործարքը նոտարական գրասենյակում վավերացնելուց հետո կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի հիփոթեքային վարկավորմամբ վճարում կատարել, ապա առաջարկել են ընդառաջել իրենց ու բնակարանի առուվաճառքի գործարքին վերջնական լուծում տալ: Զ.Պողոսյանը, գտնվելով մոլորության մեջ ու տեղի տալով Ա.Հովհաննիսյանի և Ա.Մայսուրյանի հավաստիացումներին, 2010թ. սեպտեմբերի 11-ին վերջիններիս հետ գնացել է Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող «Կենտրոն» նոտարական գրասենյակ, որտեղ կնքել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Հիշյալ պայմանագրի կնքումից անմիջապես հետո Զ.Պողոսյանն Ա.Հովհաննիսյանի և Ա.Մայսուրյանի կողմից պայմանավորված գումարի` բնակարանի արժեքի վճարումն ապահովագրելու նպատակով պահանջել է փաստաթուղթ տրամադրել բնակարանի արժեքը վճարված չլինելու վերաբերյալ:

Ա.Հովհաննիսյանը և Ա.Մայսուրյանը հասկանալով, որ գործարքը կարող է չեղյալ համարվել ու հանցագործությունն ավարտական փուլում խափանվել, Զ.Պողոսյանին առաջարկել են դրա փոխարեն փոխառության պայմանագիր կնքել: Վերջինս համաձայնել է, ապա Ա.Հովհաննիսյանի հետ կնքել է փոխառության պայմանագիր` վերջինիս կողմից Զ.Պողոսյանից փոխառությամբ 8.750.000 ՀՀ դրամ վերցնելու և մինչև 2012թ. սեպտեմբերի 30-ը վերադարձնելու բովանդակությամբ:

Այնուհետև, գործարքից չորս օր անց` 2010թ.-ի սեպտեմբերի 15-ին, Ա.Հովհաննիսյանը և Ա.Մայսուրյանը, Զ.Պողոսյանի առանձնապես խոշոր չափի` 10.180.000 ՀՀ դրամ արժողության գույքի հափշտակությունն ավարտին հասցնելով, նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիրը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» ստորաբաժանում և կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Ա.Մայսուրյանն իր և Ա.Հովհաննիսյանի կողմից կատարված` ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը քողարկելու և դրա համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով խաբեությամբ` Խանջյան փողոցի 31 շենքի մուտքի դուռը փոխելու համար բնակիչների գրավոր համաձայնությունը ստանալու պատրվակով, Զ.Պողոսյանին ստորագրել է տվել դատարկ թղթերի տակ, ապա դրանից հետո իր ձեռագրով գրառումներ կատարելով 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` «Հայտարարություն» և «Ստացական» վերնագրերով գրություններ` 2010թ. սեպտեմբերի 11-ին Զ.Պողոսյանի կողմից վերոհիշյալ բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ:

Զ.Պողոսյանը բնակարանի վաճառքի գումարի վճարմանը մինչև 2011թ. հունվարի 27-ն ապարդյուն սպասելուց հետո, հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 բնակարանի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և հիշյալ բնակարանից Ա.Մայսուրյանին վտարելու պահանջով:

Հիշյալ գործի դատաքննության ընթացքում Ա.Մայսուրյանն իր իսկ կողմից պատրաստված իրավունք վերապահող կեղծ փաստաթղթերը` «Ստացական» և «Հայտարարություն» վերնագրերով գրությունները որպես քաղաքացիական գործով ապացույց 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնք նշանակություն են ունեցել գործի համար, և դատարանի 2012թ. հունիսի 25-ին կայացված վճռի համաձայն Զարուհի Լևոնի Պողոսյանի հայցը` Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 բնակարանի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և հիշյալ բնակարանից մեղադրյալ Ա.Մայսուրյանին վտարելու պահանջով, մերժվել է»(1):

_______________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 260-261:

 

6. Տուժող Զ.Պողոսյանի դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքի համաձայն` 2010 թվականի օգոստոսին Երևանի Խանջյան 31 շենքի 25 բնակարանը վաճառելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող անշարժ գույքի շուկա: Այնտեղ ծանոթացել է ամբաստանյալ Արփինե Մայսուրյանի և Արմենակ Հովհաննիսյանի հետ, որոնք ներկայացել են որպես նորապսակներ և հայտնել, որ վարձով են բնակվում ու ցանկանում են բնակարան գնել: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր բնակարանը 35.000 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ, ինչի մասին տեղյակ են եղել իր ազգականները: Արփինեն և Արմենակը հայտնել են, որ բնակարանը գնելու գումար չունեն և պետք է բանկից վարկ վերցնեն, սակայն չունեն համապատասխան գույք, որ գրավադրեն: Նրանք առաջարկել են, որպեսզի բնակարանն անվանափոխի Արփինեի անունով, որից հետո իրեն կտրամադրեն բնակարանի վաճառքի գումարը, սակայն դստեր` Հասմիկ Պողոսյանի հետ նշված առաջարկին չեն համաձայնվել: Միևնույն ժամանակ, նշված հարցը լուծելու նպատակով գնացել են իր փաստացի բնակության վայր հանդիսացող Աբովյան քաղաքի նոտար Ռիմա Մխիթարյանի մոտ, որպեսզի նրանից խորհուրդ ստանան: Ռիմա Մխիթարյանը, համոզվելով, որ Արփինե Մայսուրյանը և Արմենակ Հովհաննիսյանը չունեն Երևանի Խանջյան փողոցի վրա գտնվող բնակարանը գնելու համար ֆինանսական միջոցներ, հայտնել է, որ չի կարող վավերացնել բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Արփինեն և Արմենակը հայտնել են, որ Արփինեի հայրը պետք է շուտով իրենց գումար ուղարկի և առաջարկել են գումարը մաս-մաս փոխանցել, սակայն նոտարը նշված առաջարկին նույնպես չի համաձայնվել:

Այնուհետև դուստրը մեկնել է ՌԴ` Սանկտ-Պետերբուրգ, որից հետո կրկին իր մոտ են եկել Արփինեն ու Արմենակը և հայտնել, որ ցանկանում են ամուսնանալ ու իրենց սեփական տունն ունենալ: Կարեկցելով նրանց` փորձել է օգնել, սակայն քանի որ իրեն փաստացի գումար չեն տվել, Երևանի Տերյան փողոցի վրա գտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում, ուր իրեն 2010 թվականի սեպտեմբերի 11-ին տարել են Արմենակն ու Արփինեն, չի ցանկացել ստորագրել առուվաճառքի պայմանագիրը: Պահանջել է, որպեսզի իրեն փաստաթուղթ տան, որը կհաստատի այն հանգամանքը, որ իրեն գումար չեն տվել: Որպես երաշխիք` Արմենակն իր հետ նույն նոտարի մոտ կնքել է փոխառության պայմանագիր, համաձայն որի` վերջինս, իբր, իրեն պարտք է 8.750.000 ՀՀ դրամ գումար, որը պետք է վերադարձնի 2012 թվականի սեպտեմբերի 30-ին: Իրականում նրան որևէ գումար չի տվել և չէր կարող տալ, քանի որ իր բնակարանի վաճառքի գումարը չի ստացել:

Հետագայում Ա.Մայսուրյանն իրեն է տվել դատարկ թղթեր և խնդրել, որպեսզի դրանք ստորագրի` ասելով, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի մուտքի դուռը վերանորոգելու նպատակով անհրաժեշտ են բնակիչների ստորագրությունները: Ոչինչ չկասկածելով` ստորագրել է դատարկ թղթերի տակ, որից հետո Արփինեն կատարել է հավելագրումներ` ավելացնելով, թե իբրև իրեն փոխանցել է բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարը: Նշված ստացականները չեն համապատասխանում իրականությանը, եթե Արփինեն իրեն գումար փոխանցեր, ապա ինքն իր ձեռքով կգրեր ստացականները: Արփինե Մայսուրյանից Աբովյան քաղաքում գտնվող տանը ստացել է միայն Խանջյան փողոցի բնակարանի գնման համար նախատեսված 180.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար և իր ձեռքով գրել, թվագրել և ստորագրել է նշված հանգամանքը հաստատող ստացականը:

Իրենց ծանոթությունից հետո Արփինեն և Արմենակը մի քանի անգամ եղել են Աբովյան քաղաքի իր տանը, օգնել են տարբեր կենցաղային հարցերում, որի հետևանքով վերջիններիս հետ ձեռք է բերել լավ հարաբերություններ և վստահել նրանց: Նրանք հայտնել են, որ Խանջյան փողոցի բնակարանի վաճառքի համար նախատեսված գումարը պետք է ուղարկի արտասահմանում գտնվող Արփինեի հայրը: Երբ հասկացել է, որ Արփինեն և Արմենակն իրեն խաբել են, գնացել է Երևան քաղաքի Որմնադիրների փողոց, որտեղ նրանք ժամանակին բնակվել են վարձակալական հիմունքներով, հեռախոսով զրուցել է տան տիրոջ հետ և հայտնել, որ փնտրում է Արփինեին և Արմենակին, քանի որ վերջիններս չեն վճարել բնակարանի դիմաց: Տան տերը հայտնել է, որ ներկայումս չգիտի, թե որտեղ են գտնվում Արփինեն և Արմենակը(2):

_______________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 12-14:

 

6.1. Ամբաստանյալ Ա.Մայսուրյանը` 2012 թվականի նոյեմբերի 19-ին որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Որմնադիրների փողոցում գտնվող տանը, որտեղ բնակվել է վարձով, Զ.Պողոսյանին առձեռն տվել է բնակարանի վաճառքի գումարը` 10.180.000 ՀՀ դրամը, «մեծ մասը 20.000 ՀՀ թղթադրամանոց էր» նշումով: Նշված գումարն իրեն հայրն է ուղարկել պատահական վարորդի միջոցով, և այն 2010 թվականի սեպտեմբերի 7-ին վերցրել է «վստրեչի մոստի մոտ»:

Նույն ցուցմունքով նա հստակեցրել է, որ Որմնադիրների փողոցում գտնվող տանը տուժողին տվել է 10.000.000 ՀՀ դրամ, իսկ 180.000 ՀՀ դրամը նրան տված է եղել մինչ այդ(3):

_______________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 183-186:

 

6.2. Ամբաստանյալ Ա.Մայսուրյանը` 2013 թվականի փետրվարի 20-ին կրկին որպես վկա հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ Զ.Պողոսյանի բնակարանի գումարը` 28.000 ԱՄՆ դոլարը, նրան փոխանցել է Որմնադիրների փողոցում գտնվող տանը(4):

_______________________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 98-102:

 

2013 թվականի մարտի 23-ի հարցաքննության արձանագրության համաձայն` Ա.Մայսուրյանը, ծանոթանալով իր հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումներին, ցուցմունք է տվել այն մասին, որ չի հիշում, թե այն անձը (վարորդը), ով 2010 թվականի սեպտեմբերի 7-ին իրեն փոխանցել է 27.500 ԱՄՆ դոլար, որ հեռախոսահամարով է իրեն զանգահարել(5):

_______________________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 146-148:

 

6.3. Ա.Մայսուրյանը` որպես մեղադրյալ, 2013 թվականի օգոստոսի 22-ին ցուցմունք է տվել այն մասին, որ գործարքի կնքման օրը` 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, Որմնադիրների փողոցում գտնվող տանը, Զ.Պողոսյանին տվել է 27.500 ԱՄՆ դոլար, որից հետո վերջինիս խնդրանքով ձեռագիր ստացական է գրել, որի համաձայն` ինքը Զ.Պողոսյանին վճարել է 10.180.000 ՀՀ դրամ, որի տակ Զ.Պողոսյանը գրել է իր անունը, ազգանունը և ստորագրել է: Ստացականը գրելուց հետո, կրկին Զ.Պողոսյանի խնդրանքով, նույնաբովանդակ հայտարարություն է գրել(6):

_______________________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 57-58:

 

6.4. Ա.Մայսուրյանը տարբեր ցուցմունքներում տարբեր տեղեկություններ է հայտնել իր և Արմենակ Հովհաննիսյանի կապի վերաբերյալ: Մասնավորապես, մի դեպքում նշել է, որ մինչև հիշյալ բնակարանը գնելն Ա.Հովհաննիսյանին չի ճանաչել: Մյուս դեպքում նշել է, որ նրա հետ ծանոթացել է Զ.Պողոսյանի բնակարանում` 2010 թվականի օգոստոսի 26-ին, մեկ այլ դեպքում պնդել է, որ նրան առաջին անգամ տեսել է նոտարի մոտ կամ քաղաքացիական գործով դատաքննության ժամանակ, իսկ հետագայում նշել է, որ նախկինում Ա.Հովհաննիսյանի հետ ունեցել է գործնական հարաբերություններ, իսկ 2008 թվականից հետո` լարված հարաբերություններ, քանի որ վերջինս ապրանքների գումարն իրեն չի վճարել:

6.5. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Մայսուրյանը պնդել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող իր հայրն ու եղբայրը 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Ուկրաինայից եկող միկրոավտոբուսի միջոցով իրեն ուղարկել են 30.000 ԱՄՆ դոլար: Հոր կողմից վարորդին տրված ստացականն ինքը պատռել է` գումարը վարորդից վերցնելուց հետո(7):

_______________________________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն թերթեր 140-145:

 

6.6. Վկա Վարդան Պողոսյանի ցուցմունքի համաձայն` մայրը` Զարուհի Պողոսյանը, իրեն պատկանող բնակարանը վաճառել է Արփինե Մայսուրյանին և Արմենակ Հովհաննիսյանին, ովքեր ներկայացել են որպես ամուսնանալ պատրաստվող զույգ:

Բնակարանի վաճառքի գումարը սկզբում եղել է 40.000 ԱՄՆ դոլար, սակայն Զ.Պողոսյանն այն էժանացրել է` դարձնելով 35.000: Մոր պատմելով` Ա.Մայսուրյանի և Ա.Հովհաննիսյանի առաջարկով բնակարանի վաճառքի գինը պայմանագրում քիչ է նշվել` 10.180.000 ՀՀ դրամ, որպեսզի վերջիններս հնարավորինս քիչ հարկեր վճարեն: Ինքն իմացել է նաև, որ բնակարանի առուվաճառքի գործարքի կնքման օրը մայրը նաև 8.750.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր է կնքել Ա.Հովհաննիսյանի հետ: Մոր և քրոջ ասելով` Արմենակն ու Արփինեն բնակարանի վաճառքի գումարից միայն 500 ԱՄՆ դոլար «բեհ» են տվել: Նշված գործարքները կնքելուց հետո Արփինեի և Արմենակի առաջարկով իր մայրը ստորագրել է դատարկ թղթերի տակ:

2010 թվականին Զ.Պողոսյանը մեկնել է Մոսկվա քաղաք, բոլոր փաստաթղթերն իրեն է տվել և ասել է, որ բնակարանի գնորդները լավ մարդիկ են և բնակարանի վաճառքի գումարն անպայման կտան, սակայն փաստաթղթերում նշված է եղել, որ իր մայրն Ա.Մայսուրյանից բնակարանի վաճառքի ողջ գումարը ստացել է: Ինքը, ուսումնասիրելով փաստաթղթերը, հասկացել է, որ մորը խաբել են, քանի որ հնարավոր չէր նույն օրը կնքել այդ երկու գործարքը: Մոսկվայից զանգահարել է Ա.Մայսուրյանին: Դրանից հետո զանգահարել է Արփինեն և ասել, որ 10 օր սպասեն, իրենք գումարը կտան:

2011 թվականի հունվարի 17-ին ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և իր հորեղբոր տղայի հետ գնացել են Խանջյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ հանդիպել են Արփինեի, նրա մոր` Կարինեի, և Արմենակի հետ: Վերջիններս ասել են, որ բնակարանի գումարը 2 օրից կտան, քանի որ բանկն իրենց գումար պետք է տա: Մի քանի օր հետո նրանք խնդրել են ևս 2-3 օր սպասել, քանի որ բանկը դեռ գումարը չի տվել: Դրանից որոշ ժամանակ անց` երրորդ հանդիպման ժամանակ, նրանք ասել են, որ գումարը կտան մեկ շաբաթից: Արփինեն մշտապես պնդել է, որ կամ բանկն է իրենց գումար տալու կամ էլ իր հայրն է ուղարկելու բնակարանի գումարը(8):

_______________________________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 232-233 և հատոր 3, թերթեր 7-10:

 

6.7. Վկա Ռիմա Մխիթարյանի ցուցմունքի համաձայն` Զարուհի Պողոսյանին ճանաչում է որպես իրենց քաղաքի բնակչի, ում հետ շատ մտերիմ չի եղել: Զ.Պողոսյանն իր մոտ` նոտարական գրասենյակում, եղել է մի երիտասարդ աղջկա և տղայի հետ, ու նրանք խնդրել են ձևակերպել Զարուհու` Խանջյան փողոցում գտնվող բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Քանի որ նրանք բնակարանը գնելու համար գումար չեն ունեցել, սակայն պնդել են, որ պայմանագրում պետք է անպայման նշվի, որ Զարուհին ամբողջությամբ ստացել է բնակարանի վաճառքի գումարը, ինքն այդ գործարքը նման պայմաններով չի կնքել:

Դրանից հետո հանդիպել է Զարուհուն, ով տեղեկացրել է, որ իրենք Երևանում կնքել են առուվաճառքի պայմանագիր և բնակարանը վաճառել է այն երիտասարդներին, որոնց հետ եղել է իր մոտ: Դրանից հետո Զարուհին մի քանի անգամ եղել է իր մոտ և արտասվել` ասելով, որ գնորդներն այդպես էլ իր գումարը չեն վճարել(9):

_______________________________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 59-60:

 

6.8. Վկա Տիգրան Արզումանյանի ցուցմունքների համաձայն` Երևան քաղաքի Որմնադիրների 46 հասցեում գտնվող բնակարանը պատկանում է ԱՄՆ-ում բնակվող իր քրոջը, սակայն որպես բարեկամ ինքը հետևել է բնակարանին: 2010 թվականի ամռան ամիսներին իրեն զանգահարել է մինչ այդ անծանոթ Ա.Մայսուրյանը և հայտնել, որ եղբոր հետ ցանկանում են վարձով բնակվել նշված տանը: Բժշկական համալսարանի մոտ հանդիպել է Արփինեին, վերջինս եկել է մի երիտասարդի հետ, ով ներկայացել է որպես Արփինեի եղբայր` Արմենակ անունով: Արփինեն և Արմենակը ընդհանուր առմամբ տանը բնակվել են շուրջ երեք ամիս: Այնուհետև 2010 թվականի օգոստոսի կեսերին հայտնել են, որ այլևս չեն ցանկանում վարձով բնակվել:

Հետագայում իրեն է զանգահարել մինչ այդ անծանոթ Զ.Պողոսյանը և հայտնել, որ փնտրում է ժամանակին նշված հասցեի բնակարանում բնակված Արփինեին և Արմենակին(10):

_______________________________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 175-176 և հատոր 2, թերթ 178:

 

6.9. Վկա Լուսինե Բարեղամյանի ցուցմունքների համաձայն` վերջինս 2010 թվականի սեպտեմբեր ամսից բնակվում է Երևան քաղաքի Որմնադիրների 46 հասցեում, որտեղ նախկինում բնակվել են Արփինե և Արմենակ անուններով անձինք: Հետագայում նշված հասցեի բնակարան է այցելել մի տարեց կին, ով հայտնել է, որ փնտրում է Արփինեին և Արմենակին, քանի որ նրանց հետ խնդիրներ ունի, որից հետո նշված կնոջն է փոխանցել Տ.Արզումանյանի հեռախոսահամարը(11):

_______________________________________

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 179:

 

6.10. Վկա, Զ.Պողոսյանի հարևան Կարեն Անտոնյանի ցուցմունքի համաձայն` Զ.Պողոսյանը ցանկացել է վաճառել իր բնակարանը: Մի օր, երբ ինքը բարձրացել է Զարուհու բնակարան, այնտեղ հանդիպել ու ծանոթացել է Ա.Մայսուրյանի և Ա.Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացել են որպես հորեղբոր երեխաներ: Հետո եկել է նաև Ա.Մայսուրյանի մայրը` Կարինեն, և նրանք երեքով բնակվել են Զարուհու բնակարանում: Քանի որ ինքը հանդիսանում է այդ շենքի լիազորը, Արմենակն իրեն խնդրել է տեղեկանք տալ այն մասին, որ նա ժամանակավորապես բնակվում է այդ հասցեում: Տեղեկանքը տալուց հետո Արփինեի մայրն իրեն խնդրել է աշխատանք գտնել Արմենակի համար` ասելով որ իրենք ֆինանսապես շատ վատ վիճակում են: Արմենակն իր միջամտությամբ աշխատել է շենքի հարևանությամբ իրականացվող շինարարությունում: Արփինեն բնակարանը 45.000 ԱՄՆ դոլարով ցանկացել է վաճառել Գեղամ Ազիզյանին(12):

_______________________________________

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 15-18, հատոր 4, թերթեր 168-170:

 

6.11. «Բանկային և վարկային գաղտնիք պարունակող տեղեկությունները զննելու մասին» 2014 թվականի փետրվարի 10-ի արձանագրության համաձայն` Արփինե Մայսուրյանի դրամական հաշվից 2009 թվականի դեկտեմբերի 21-ին 30.000 ՀՀ դրամ է փոխանցվել Արմենակ Հովհաննիսյանի դրամական հաշվին, 2010 թվականի փետրվարի 1-ին` 100 ԱՄՆ դոլար` Իրինա Յուրիի Շկուրկոյի դրամական հաշվին:

2010 թվականի սեպտեմբերի 2-ին Իրինա Շկուրկոյի դրամական հաշվից 500 ԱՄՆ դոլար է փոխանցվել Արփինե Մայսուրյանի դրամական հաշվին:

Արմենակ Հովհաննիսյանի դրամական հաշվից Արփինե Մայսուրյանի դրամական հաշվին փոխանցվել է`

- 2009 թվականի օգոստոսի 31-ին` 249.501 ՀՀ դրամ,

- 2010 թվականի փետրվարի 16-ին` 15.000 ՀՀ դրամ,

- 2010 թվականի փետրվարի 16-ին` 14.970 ՀՀ դրամ,

- 2010 թվականի փետրվարի 19-ին` 30.060 ՀՀ դրամ,

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Արփինե Մայսուրյանի դրամական հաշվից 400 ԱՄՆ դոլար է փոխանցվել «ՎՏԲ Բանկ»-ի Ուկրաինայի հաշվեհամարին: 2010 թվականի հունվարի 16-ին Արփինե Մայսուրյանի դրամական հաշվից 320 ԱՄՆ դոլար է փոխանցվել Իրինա Յուրիի Շկուրկոյի հաշվեհամարին:

Արփինե Մայսուրյանը 2008 թվականի սեպտեմբերի 8-ին, մարտի 30-ին, 2009 թվականի հունվարի 26-ին, դեկտեմբերի 8-ին և 2011 թվականի հուլիսի 31-ին` «Հայէկոնոմբանկից» որպես վարկ ստացել է համապատասխանաբար 100.000, 110.000 ՀՀ դրամ, 180, 500 և 100 ԱՄՆ դոլար գումարներ, 2011 թվականի հուլիսի 26-ին «Արարատ» բանկից` 123.000 ՀՀ դրամ` գրավադնելով ոսկյա թևնոց, իսկ 2011 թվականի օգոստոսի 18-ին «Արդշինինվեստ» բանկից` 60.000 ՀՀ դրամ(13):

_______________________________________

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 237-238:

 

6.12. Վկա Գեղամ Ազիզյանի` դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքի համաձայն` ինքն աշխատել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունում` որպես աշխատանքային ղեկավար: 2010 թվականի աշնանը, հստակ ժամանակահատվածը չի հիշում, իրեն է մոտեցել Արփինե անունով մի երիտասարդ աղջիկ` մոր հետ, և առաջարկել 45.000 ԱՄՆ դոլարով գնել Երևանի Խանջյան փողոցում գտնվող բնակարանը: Արփինեն հայտնել է, որ պարտքերի պատճառով ցանկանում է բնակարանը վաճառել և պատրաստ է այն վաճառել` 20.000 ԱՄՆ դոլարը տվյալ պահին, իսկ մնացած 25.000 ԱՄՆ դոլարը հետագայում վճարելու պայմանով, սակայն բնակարանը գնելու առաջարկին չի համաձայնվել(14):

_______________________________________

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 37-38:

 

6.13. Վկա Գարուն Ավանեսյանի` դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքի համաձայն` իր համագյուղացի, ներկայումս ՌԴ-ում գտնվող Արմենակ Հովհաննիսյանը ժամանակին ընկերություն է արել Արփինե անունով աղջկա հետ: Արփինեն և Արմենակը ժամանակին վարձակալությամբ բնակվել են Երևանի Էրեբունի թաղապետարանի հետնամասում գտնվող տանը, ուր 2010 թվականի աշնանը մեկ անգամ այցելել է և ծանոթացել Արփինեի հետ: Արմենակը ներկայացրել է Արփինեին` որպես իր ընկերուհի, ում հետ պատրաստվել է ամուսնանալ: Արմենակն աշխատել է օրավարձու բանվոր և նպատակ էլ չի ունեցել Երևանում բնակարան գնել(15):

_______________________________________

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 80-82:

 

6.14. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` 2013 թվականի հուլիսի 19-ի գրության համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի Հանրապետությունից ժամանած անձանց կողմից 25.000 ԱՄՆ դոլար և ավելի գումար հայտարարագրելու դեպքեր չեն եղել(16):

_______________________________________

16) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 208:

 

6.15. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` «Անշարժ գույքի առուվաճառքի» 2010 թվականի սեպտեմբերի 11-ի պայմանագրի 3.1 և 3.2 կետերի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է օբյեկտը 10.180.000 (տաս միլիոն հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամով: Կողմերը հավաստիացնում են, որ պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է օբյեկտի գինը, իսկ վաճառողը ստացել է այն ամբողջությամբ(17):

_______________________________________

17) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 7:

 

6.16. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` 2010 թվականի սեպտեմբերի 11-ի փոխառության պայմանագրի համաձայն` փոխատուն (Զարուհի Լևոնի Պողոսյան) փոխառության ձևով տալիս է փոխառուին (Արմենակ Ալբերտի Հովհաննիսյան) սեփականության իրավունքով իրեն պատկանող 8.750.000 (ութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը, մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը, առանց տոկոսների վճարման(18):

_______________________________________

18) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 8:

 

6.17. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Ստացական» և «Հայտարարություն» վերնագրերով և 2010 թվականի օգոստոսի 26-ի գրությունների համաձայն`

«Ես Զարուհի Լևոնի Պողոսյանս, բնակվող Ք.Աբովյան 2-րդ մ/շ 27 շենք բն. 9. անձնագիր AK 0606023 տրված 30.08.2010թ. 019-ի կողմից տալիս եմ սույն ստացականը այն մասին, որ Երևան Խանջյան փողոցի 31 շենքի 25 բնակարանս վաճառեցի քաղ Արփինե Սերժիկի Մայսուրյանին և նրանից ստացա 10.180.000 ՀՀ դրամ: Նրանից այդ հարցի վերաբերյալ որևէ պահանջ չունեմ: Ստացականը գրված է Ա.Մայսուրյանի ձեռքով, սակայն ստորագրում եմ ես»:

«Ես Զարուհի Լևոնի Պողոսյանս, բնակվող Ք.Աբովյան 2-րդ մ/շ 27 շենք բն.9. անձնագիր AK 0606023 տրված 30.08.2010թ. 019-ի կողմից տալիս եմ սույն ստացականը այն մասին, որ Երևան Խանջյան փողոցի 31 շենքի 25 բնակարանս վաճառեցի քաղ Արփինե Սերժիկի Մայսուրյանին և նրանից ստացա 10.180.000 ՀՀ դրամ: Նրանից այդ հարցի վերաբերյալ որևէ պահանջ չունեմ: Հայտարարությունը գրված է Ա.Մայսուրյանի ձեռքով, սակայն ստորագրում եմ ես»(19):

_______________________________________

19) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 35:

 

6.18. 2010 թվականի օգոստոսի 26-ի գրության համաձայն` «Ես Զարուհի Պողոսյանս Արփինեից վերցրի 180 հազ. դրամ»(20):

_______________________________________

20) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 36:

 

6.19. Փաստաթղթաբանական և ձեռագրաբանական փորձաքննության 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 31501601 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված 2010 թվականի սեպտեմբերի 11-ի թվագրմամբ «Ստացական» վերնագրով փաստաթղթի ձեռագիր տեքստի տակ «...եմ ես:» գրառման և «Զարուհի Պողոսյան» անուն ազգանվան դիմաց տեղավորված ստորագրությունները կատարվել են Զարուհի Պողոսյանի կողմից(21):

_______________________________________

21) Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 6-10:

 

6.20. Ամբաստանյալի եղբոր` Արա Մայսուրյանի կողմից ուղարկված 2013 թվականի հոկտեմբերի 23-ի հայտարարության համաձայն` նա Երևան քաղաքում բնակարան գնելու նպատակով իր քրոջը` Արփինե Մայսուրյանին, 2010 թվականի սեպտեմբերի 7-ին ուղարկել է գումար` 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը փոխանցվել է Զապորոժիե-Երևան երթուղային տաքսու վարորդի միջոցով(22):

_______________________________________

22) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 27-28:

 

i

7. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Վերլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ու համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգում է հետևության, որ ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ, քրեական գործի` դատարանի կողմից գնահատված ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, և սույն քրեական գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ` տուժողի, նրա իրավահաջորդի և վկաների ցուցմունքներով ու մյուս ապացույցներով, բացառությամբ դատարանի կողմից որպես արժանահավատ չհամարվող ապացույցները, հաստատվում է, որ ամբաստանյալը կատարել է հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցով և պետք է մեղավոր ճանաչվի, պատասխանատվության ենթարկվի ու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվի, իսկ 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով ազատվի քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Դատարանը, անդրադառնալով սույն դատավճռի «Ապացույցների հետազոտում և գնահատում» մասում շարադրված ամբաստանյալի պատճառաբանություններին, հանցագործության դեպքի բացակայության հիմքով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին ու 349-րդ հոդվածի 1-ին մասերով քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և նրան արդարացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությանը, դրա հիմնավորումներին, պատճառաբանություններին ու պաշտպանի իրավական վերլուծություններին, գտնում է, որ դրանք դատաքննությամբ չհաստատվեցին և հերքվում են սույն դատավճռի նույն մասում շարադրված ու դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատվող ապացույցների համակցությամբ` տուժողի, տուժողի իրավահաջորդի, վկաների ցուցմունքներով ու գործի գրավոր մյուս ապացույցներով:

Միաժամանակ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ, ու քրեական գործի վերոգրյալ ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ վերը նշված պատճառաբանություններով ամբաստանյալը ցանկանում է խուսափել կատարած հանցանքների համար պատասխանատվությունից և պատժից:

Դատարանն արձանագրում է, որ ինչպես ամբաստանյալի դատաքննական և նախաքննական, այնպես էլ նախաքննության տարբեր ժամանակահատվածներում նրա տված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, ինչը նույնպես դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ նրա ցուցմունքներն արժանահավատ չեն, իսկ տուժող Զ.Պողոսյանի ցուցմունքները` դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատվող ապացույցների համադրությամբ արժանահավատ են և դրանցով նույնպես հերքվում են ամբաստանյալի պատճառաբանությունները:

(...)

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները (...) դատարանը հանգում է եզրակացության, որ ամբաստանյալն ու նրա մտերիմը, չարաշահելով տուժողի վստահությունը, խաբել են նրան և, վստահեցնելով, որ առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո` հետագայում, կվճարեն նրա բնակարանի վաճառքի գումարը, չունենալով այն, ինչպես նաև նպատակ չունենալով վճարել պայմանավորված գումարը, տուժողին համոզել են կնքել առուվաճառքի և փոխառության պայմանագրեր, որից հետո ամբաստանյալը պատրաստել է բնակարանի վաճառքի գումարը վճարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, տուժողի բնակարանի վերաբերյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում օգտագործել է իր կողմից լրացված ու պատրաստված կեղծ փաստաթուղթը և փորձել է շտապ վաճառել տուժողի բնակարանը, ինչը, սակայն չի հաջողվել նրան»(23):

_______________________________________

23) Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 70-85:

 

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է. «(...) Առաջադրված մեղադրանքում Ա.Մայսուրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում` թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է Զ.Պողոսյանից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու հանգամանքը` պնդելով, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 բնակարանը Զ.Պողոսյանից գնել է օրենքով սահմանված կարգով կնքված առուվաճառքի պայմանագրով, փոխադարձ համաձայնությամբ, և ամբողջությամբ վճարել է դրա արժեքը, որի կապակցությամբ Զ.Պողոսյանը ստորագրել է համապատասխան փաստաթղթեր ու այդ մասին հայտնել է նաև բնակարանի առուվաճառքի գործարքը վավերացրած նոտարին (տե՛ս, ի թիվս այլնի, սույն որոշման 4-րդ կետում մեջբերվածը և Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունը): Դրա հետ մեկտեղ, սույն որոշման 10-րդ կետում արձանագրվածից բացի, Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ, ի թիվս այլնի, հետազոտվել է գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` Ա.Մայսուրյանի և Զ.Պողոսյանի միջև 2010 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված ու նոտարի կողմից վավերացված` Երևան քաղաքի Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, որի 3.1 կետում նշված է, որ. «Վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է օբյեկտը 10.180.000 /տասը միլիոն հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամով», իսկ 3.2 կետում արձանագրված է. «Կողմերը հավաստիացնում են, որ սույն պայմանագրի ստորագրման պահին գնորդը վճարել է օբյեկտի գինը, իսկ վաճառողը ստացել է այն ամբողջությամբ»: Ընդ որում, նշվածն ըստ էության իր ցուցմունքով հաստատել է նաև գործարքը վավերացրած նոտար, գործով որպես վկա հարցաքննված Մ.Մանուկյանը, ով դատաքննության ընթացքում նաև ներկայացրել է վերոնշյալ պայմանագրի` նոտարի մոտ պահվող օրինակը, որի վերջին էջում` վաճառող Զ.Պողոսյանի ստորագրությունից առաջ կատարված է «վաճառքի ամբողջ գումարը ստացա» ձեռագիր գրառումը, իսկ վերջինիս` Զ.Պողոսյանի կողմից կատարված լինելու հանգամանքը գործով կողմերից որևէ մեկը չի վիճարկում (տե՛ս, ի թիվս այլնի, Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունը և քրեական գործի 9-րդ հատորի 85-86-րդ թերթերը): Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ նաև հետազոտվել է գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` Զ.Պողոսյանի և Ա.Հովհաննիսյանի միջև 2010 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված և նոտարի կողմից վավերացված փոխառության պայմանագիր, համաձայն որի` Զ.Պողոսյանը նույն օրը փոխառությամբ 8.750.000 (ութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար դրամ) ՀՀ դրամ գումար է տվել Ա.Հովհաննիսյանին: Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված մեկ այլ ապացույցի` «Լազերային սկավառակը զննելու և այն վերարտադրելու մասին» 2014 թվականի փետրվարի 10-ի արձանագրության համաձայն` Զ.Պողոսյանի և Ա.Մայսուրյանի միջև կնքված գործարքի վերաբերյալ քաղաքացիադատավարական կարգով քննված գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս` Ա.Հովհաննիսյանն ընդունել է Զ.Պողոսյանից փոխառությամբ գումար վերցնելու հանգամանքը` ըստ էության նշելով, որ Ա.Մայսուրյանի հետ գործարքն ավարտելուց հետո Զ.Պողոսյանն իրեն պարտքով տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար` պայմանավորվելով, որ երկու տարի հետո վերադարձնի 24.000 ԱՄՆ դոլար, որի վերաբերյալ կնքել են փոխառության պայմանագիր և իր պարտավորություններից ինքը չի հրաժարվում:

(...):

i

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերը նշվածը դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների համակցության մեջ արդեն իսկ բավարար է եղել առնվազն արձանագրելու, որ տվյալ դեպքում առկա են ամբաստանյալ Ա.Մայսուրյանի մեղավորության մասին չփարատված ողջամիտ կասկածներ, որոնք ենթակա են նրա օգտին մեկնաբանման (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասը և սույն որոշման 9-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները), մինչդեռ ինչպես երևում է սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում մեջբերվածների և Առաջին ատյանի դատարանի դատական նիստերի արձանագրության համադրումից, Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի մեղավորության մասին չփարատված կասկածները փաստացի մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալի` իր հետևությունները հիմնավորելով ոչ թե դատաքննությամբ հետազոտված և գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այլ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև հակասությունների առկայությամբ, դրանց վերաբերյալ ամբաստանյալի կողմից տրված պարզաբանումները, ինչպես նաև նրա օգտին վկայած անձանց ցուցմունքներն ու որպես այլ փաստաթուղթ հետազոտված մյուս ապացույցները մեղադրանքի կողմի` հիմնականում գործի ելքով շահագրգռված և միմյանց հետ բարեկամական կամ որևէ այլ կերպ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, կամ ամբաստանյալի նկատմամբ ակնառու բացասական տրամադրված անձանց ցուցմունքների հետ հակասելու հիմքով պարզապես արժանահավատ չհամարելու պատճառաբանությամբ:

(...)

Հատկանշական է նաև այն, որ սույն գործով մեղադրանքի առանցքում դրված ապացույցի հիմնական աղբյուրը Զ.Պողոսյանն է, ով քննության ընթացքում ամբաստանյալ Ա.Մայսուրյանի հետ այդպես էլ չի առերեսվել և վերջինիս հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը չի ապահովվել: Ընդ որում, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մայսուրյանին մեղադրանք առաջադրվելուց հետո պաշտպանության կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու մասին (տե՛ս քրեական գործի 3-րդ հատորի 158-րդ, 4-րդ հատորի 24-րդ, 6-րդ հատորի 133-135-րդ, 171-172-րդ էջերը և այլն), սակայն դրանք փաստացի մնացել են անհետևանք: Օրինակ, ըստ գործի նյութերի` պաշտպանության կողմի` 2013 թվականի հոկտեմբերի 7-ի համապատասխան միջնորդությանը ժամանակագրական առումով հետևում է քննիչի` 2013 թվականի հոկտեմբերի 10-ի տեղեկանքը, որում նշված է. «(...) Կազմեցի սույն տեղեկանքն այն մասին, որ 79657562399 համարից զանգահարեց Հասմիկ Պողոսյանը և հայտնեց, որ մոր` Զարուհի Պողոսյանի հետ, բավականին երկար ժամանակ է, ինչ գտնվում են ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում» (տե՛ս քրեական գործի 4-րդ հատորի 1-ին էջը): Մինչդեռ դրանից օրեր անց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացվել և փաստացի անհետևանք է մնացել Զարուհի Պողոսյանի կողմից 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ «ՍԷԿՏ» համակարգում առկա տեղեկատվությունը, համաձայն որի` Զարուհի Պողոսյանը 2013 թվականի հունիսի 1-ին արտերկրից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և մինչև տեղեկատվությունը տրամադրելու պահը` 2013 թվականի հոկտեմբերի 25-ի ժամը 15:30-ը, ՀՀ պետական սահմանը չի հատել (տե՛ս քրեական գործի 4-րդ հատորի 11-12-րդ էջերը): Այլ կերպ` ինչպես 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, այնպես էլ դրանից առաջ և հետո Զարուհի Պողոսյանը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Մինչդեռ դրան հետևել է քննիչի կողմից Ա.Մայսուրյանի պաշտպանին հասցեագրված 2013 թվականի նոյեմբերի 11-ի գրությունն առ այն, որ. «Քննության ընթացքում ստացված տեղեկության համաձայն, գործով տուժող Զարուհի Լևոնի Պողոսյանը ներկայումս ՀՀ-ում չի գտնվում» (տե՛ս քրեական գործի 4-րդ հատորի 30-րդ էջը):

(...)

Գործի նյութերից երևում է, որ Ա.Մայսուրյանը սույն գործով պաշտոնապես կասկածյալի դատավարական կարգավիճակ է ձեռք բերել 2013 թվականի օգոստոսի 12-ին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, իսկ մեղադրյալի դատավարական կարգավիճակ` պաշտոնապես ձեռք է բերել 2013 թվականի օգոստոսի 14-ին: Դրա հետ մեկտեղ, գործի նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար ողջամիտ դատողություն անելու առ այն, որ մեղադրյալի կամ ամբաստանյալի դատավարական կարգավիճակում Ա.Մայսուրյանը երբևէ խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց, կամ որ պաշտոնապես կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստանալուց հետո խուսափել է տուժողի կամ որևէ վկայի հետ առերեսվելուց: Ավելին, ինչպես արդեն վերը նշվեց` համապատասխան միջնորդություններով պարբերաբար վարույթն իրականացնող մարմնին դիմել է հենց պաշտպանության կողմը:

i

Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի քննարկվող փաստարկը համարում է հիմնավորված և գտնում, որ Առաջին ատյանի դատարանը, Զ.Պողոսյանի նախաքննական ցուցմունքը որպես Ա.Մայսուրյանի մեղադրանքը հիմնավորող ապացույց օգտագործելով, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

i

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Մայսուրյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված չեն, Առաջին ատյանի դատարանը խախտել է ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ, 126-րդ, 365-րդ հոդվածների պահանջները և ամբաստանյալ Ա.Մայսուրյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով` թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցած դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանին հիմք են տալիս բերված վերաքննիչ բողոքները բավարարելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու, ճանաչելու Ա.Մայսուրյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դադարեցնելու համար (...)»(24):

_______________________________________

24) Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 108-144:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, ուստի այն ենթակա է բեկանման:

Բողոքաբերը, մասնավորապես նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 126-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, արդյունքում սխալ է գնահատել ապացույցները և «հիմնավոր կասկածից վեր» ապացույցների պայմաններում անհիմն կերպով արդարացրել է Ա.Մայսուրյանին` կամայական մոտեցում ցուցաբերելով ապացույցների գնահատմանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ապացույցները վերլուծելիս և դրա արդյունքում Ա.Մայսուրյանին արդարացնելիս հակասել է ապացույցների բավարարությանը և ապացուցման գործընթացի իրավաչափությանը վերաբերող` Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին:

Բողոքի հեղինակի պնդմամբ` գործի քննության ընթացքում մի շարք կարևոր փաստական հանգամանքների վերաբերյալ ամբաստանյալն իրարամերժ տեղեկություններ է հայտնել: Այսպես, Ա.Հովհաննիսյանի հետ ունեցած կապերը Ա.Մայսուրյանը տևական ժամանակ կտրականապես հերքել է` հակասական տեղեկություններ հայտնելով վերջինիս հետ ծանոթանալու հանգամանքի շուրջ: Մասնավորապես, նա մի ցուցմունքում հայտնել է, թե Ա.Հովհաննիսյանի հետ ծանոթացել է տուժողի տանը վերջինիս միջոցով, մեկ այլ ցուցմունքում նշել է, թե նրան առաջին անգամ տեսել է նոտարի մոտ, մեկ այլ դեպքում` վերը նշված քաղաքացիական գործով դատարանում: Հետագայում ընդունելով, որ Ա.Հովհաննիսյանի հետ նախկինում ծանոթ է եղել` Ա.Մայսուրյանը նշել է, որ նրա հետ ունեցել է գործնական հարաբերություններ, սակայն 2008 թվականին իրենց հարաբերությունները լարվել են, քանի որ վերջինս ապրանքների գումարն իրեն չի վճարել: Իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ 2010 թվականին Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը ոչ թե գործնական, այլ մտերիմ հարաբերություններ են ունեցել, բնակվել են համատեղ, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ և այլ փաստական տվյալներ (փոխադարձ հեռախոսազանգեր և այլն): Ա.Մայսուրյանը դրան այդպես էլ որևէ ողջամիտ բացատրություն չի տվել` շարունակելով հերքել այդ ամենը:

Ա.Մայսուրյանը հակասական տվյալներ է հայտնել նաև բնակարանի դիմաց տուժող Զ.Պողոսյանին վճարած գումարի չափի, ինչպես նաև Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող հոր և եղբոր կողմից ուղարկված գումարի չափի վերաբերյալ:

Բողոքաբերի կարծիքով գործում բացակայում է որևէ օբյեկտիվ ապացույց, որը կարող էր վկայել ինչպես Ա.Մայսուրյանի նշած` 30.000 ԱՄՆ դոլարի ստացման, ընդհանրապես դրա հնարավոր առկայության, այնպես էլ 27.500 կամ 27.450 ԱՄՆ դոլարը 71-ամյա Զ.Պողոսյանին հանձնելու և վերջինիս կողմից այն տնօրինելու մասին, գործով ձեռք բերված մյուս ապացույցների համադրությամբ հիմնավորվում է, որ Զ.Պողոսյանն ընդհանրապես որևէ գումար չի ստացել ու փոխանցել, և խարդախության շղարշի տակ կայացվել է անփող «գործարք»:

Ավելին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայից ժամանած անձանց կողմից 25.000 կամ ավելի ԱՄՆ դոլար գումար հայտարարագրելու դեպքեր չեն եղել, ինչն օրենքի ուժով պարտադիր էր:

Անդրադառնալով ամբաստանյալ Ա.Մայսուրյանի հակընդդեմ հարցման իրավունքի խախտման վերաբերյալ պաշտպանության կողմի պնդումներին, բողոքաբերը նշել է, որ դատաքննությամբ հետազոտված մի շարք ծանուցագրերի, տեղեկանքների, հեռախոսագրերի և «բերման ենթարկելու մասին» որոշումների համաձայն` նախաքննության մարմինը նախաքննության սկզբնական փուլում անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Ա.Մայսուրյանին հարցաքննությունների, այդ թվում` առերես հարցաքննության հրավիրելու և ներկայացնելու համար, սակայն վերջինս խուսափել է և չի ներկայացել հարցաքննություններին: Իսկ երբ տուժողը մեկնել է ՌԴ կամ եղել է վատառողջ և օբյեկտիվորեն` ելնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերից, հնարավոր չի եղել ապահովել առերես հարցաքննությանը նրա մասնակցությունը, ամբաստանյալն ու նրա պաշտպանը, շահարկելով այդ հանգամանքները, պահանջել են իրականացնել ամբաստանյալի և տուժողի առերես հարցաքննություն, ինչը հետագայում հնարավոր չի եղել կատարել` տուժողի մահվան պատճառով:

Բողոքաբերը նշել է, որ Ա.Մայսուրյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են բազմաթիվ այլ էական հակասություններ, որոնք Առաջին ատյանի դատարանը մանրամասն վերլուծել և գնահատել է, իսկ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:

Բողոքաբերի պնդմամբ` վերը շարադրված ապացույցների պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն, միակողմանի և գործի նյութերից չբխող դատողություններ է կատարել Ա.Մայսուրյանի մեղավորությունը հաստատված չլինելու մասին: Վերաքննիչ դատարանի վերլուծություններն ինչպես համակցության մեջ, այնպես էլ առանձին-առանձին անհիմն են, մակերեսային և ոչ օբյեկտիվ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք առաջադրված մեղադրանքում Ա.Մայսուրյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

12.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով(25):

_______________________________________

25) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

 

i

13. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մշտապես ընդգծել է, որ խարդախությունն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ուրիշի գույքը հափշտակելով, այսինքն` այն վերցնելով, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, տուժողի կամքի կամ գիտակցության վրա ներգործելու եղանակով, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Ընդ որում, խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը(26):

_______________________________________

26) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11, Նելլի Ափոյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշումները:

                               

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արփինե Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 1-ին մասով(27):

_______________________________________

27) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն Ա.Մայսուրյանին նշված հոդվածներով մեղավոր ճանաչելով` հիմք է ընդունել, ի թիվս այլնի, ամբաստանյալ Ա.Մայսուրյանի իրարամերժ ցուցմունքները, տուժող Զ.Պողոսյանի դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքը, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Պողոսյանի, վկաներ Վարդան Պողոսյանի, Ռիմա Մխիթարյանի, Տիգրան Արզումանյանի, Լուսինե Բարեղամյանի ցուցմունքները, ինչպես նաև որպես այլ փաստաթուղթ ապացույցներ ճանաչված` 2010 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված «Անշարժ գույքի առուվաճառքի» պայմանագիրը, «Հեռախոսային համարների վերծանումները զննելու մասին» 2014 թվականի փետրվարի 7-ի արձանագրությունը, փաստաթղթաբանական և ձեռագրաբանական փորձաքննության 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 31501601 եզրակացությունը:

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ ամբաստանյալն ու նրա մտերիմը, չարաշահելով տուժողի վստահությունը, խաբել են նրան և, վստահեցնելով, որ առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո` հետագայում, կվճարեն նրա բնակարանի վաճառքի գումարը, չունենալով այն, ինչպես նաև նպատակ չունենալով վճարել պայմանավորված գումարը, տուժողին համոզել են կնքել առուվաճառքի և փոխառության պայմանագրեր, որից հետո ամբաստանյալը պատրաստել է բնակարանի վաճառքի գումարը վճարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, տուժողի բնակարանի վերաբերյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում օգտագործել է իր կողմից լրացված ու պատրաստված կեղծ փաստաթուղթը և փորձել է շտապ վաճառել տուժողի բնակարանը, ինչը, սակայն չի հաջողվել նրան(28):

_______________________________________

28) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, առաջադրված մեղադրանքում Ա.Մայսուրյանին արդարացնելով, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի մեղավորության մասին չփարատված կասկածները փաստացի մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալի` իր հետևությունները հիմնավորելով ոչ թե դատաքննությամբ հետազոտված և գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այլ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև հակասությունների առկայությամբ, դրանց վերաբերյալ ամբաստանյալի կողմից տրված պարզաբանումները, ինչպես նաև նրա օգտին վկայած անձանց ցուցմունքներն ու որպես այլ փաստաթուղթ հետազոտված մյուս ապացույցները մեղադրանքի կողմի` հիմնականում գործի ելքով շահագրգռված և միմյանց հետ բարեկամական կամ որևէ այլ կերպ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, կամ ամբաստանյալի նկատմամբ ակնառու բացասական տրամադրված անձանց ցուցմունքների հետ հակասելու հիմքով պարզապես արժանահավատ չհամարելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ ամբաստանյալի և վերջինիս օգտին վկայած անձանց ցուցմունքներում տեղ գտած էական և ոչ էական հակասությունները մանրամասն վերլուծելով` Առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի վերլուծել ու ընդհանրապես չի անդրադարձել մյուսների ցուցմունքներում տեղ գտած ինչպես ներքին, այնպես էլ այլոց ցուցմունքների հետ առկա հակասություններին(29):

_______________________________________

29) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել քրեական գործում առկա ապացույցների համակցությունը` ամբաստանյալ Ա.Մայսուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ:

Այսպես` Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Մայսուրյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս հաշվի չի առել, որ Ա.Մայսուրյանն Ա.Հովհաննիսյանի հետ ունեցած կապերի և բնակարանի վաճառքի գումարի վերաբերյալ տվել է հակասական և իրարամերժ ցուցմունքներ:

Մասնավորապես, Ա.Մայսուրյանն Արմենակ Հովհաննիսյանի հետ իր կապի վերաբերյալ տևական ժամանակ իրարամերժ տեղեկություններ է հայտնել առ այն, որ.

- մինչև հիշյալ բնակարանը գնելն Ա.Հովհաննիսյանին չի ճանաչել,

- Ա.Հովհաննիսյանին հանդիպել և նրա հետ ծանոթացել է 2010 թվականի օգոստոսի 26-ին` Զ.Պողոսյանի բնակարանում,

- Ա.Հովհաննիսյանին առաջին անգամ տեսել է նոտարի մոտ կամ քաղաքացիական գործով դատաքննության ժամանակ:

Հետագայում, ընդունելով, որ Ա.Հովհաննիսյանի հետ նախկինում ծանոթ է եղել` Ա.Մայսուրյանը նշել է, որ նրա հետ ունեցել է բացառապես գործնական հարաբերություններ, իսկ 2008 թվականից հետո` լարված հարաբերություններ, քանի որ վերջինս ապրանքների գումարն իրեն չի վճարել:

Նշված փաստի վերաբերյալ վկաներ Տիգրան Արզումանյանը և Կարեն Անտոնյանն իրենց ցուցմունքներում համապատասխանաբար հայտնել են, որ Արփինեն և Արմենակը ներկայացել են որպես քույր-եղբայր և հորեղբոր երեխաներ(30):

_______________________________________

30) Տե՛ս սույն որոշման 6.8-րդ և 6.10-րդ կետերը:

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առնվազն 2009 թվականից Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը կայուն կապեր են ունեցել, իսկ մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսը համատեղ բնակվել են Երևան քաղաքի Որմնադիրների 46 տանը, ինչի մասին են վկայում սույն գործում առկա բազմաթիվ ապացույցները, այդ թվում` «Բանկային և վարկային գաղտնիք պարունակող տեղեկությունները զննելու մասին» 2014 թվականի փետրվարի 10-ի արձանագրությունը, «Հեռախոսային համարների վերծանումները զննելու մասին» 2014 թվականի փետրվարի 7-ի արձանագրությունը, տուժող Զ.Պողոսյանի, տուժողի իրավահաջորդ Հ.Պողոսյանի, վկաներ Տիգրան Արզումանյանի, Լուսինե Բարեղամյանի, Գարուն Ավանեսյանի ցուցմունքները: Մինչդեռ Ա.Հովհաննիսյանի հետ 2010 թվականին կայուն կապեր ունենալու, այդ թվում` համատեղ բնակվելու և անձնական հարաբերություններ ունենալու հանգամանքն ամբաստանյալ Ա.Մայսուրյանը շարունակաբար հերքել է:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Մայսուրյանի ցուցմունքներում տեղ գտած` Ուկրաինայի Հանրապետությունից գումար ստանալու և բնակարանի վաճառքի գումարը Զ.Պողոսյանին փոխանցելու վերաբերյալ հանգամանքները ևս չեն հիմնավորվում գործում առկա ապացույցների համակցությամբ: Մասնավորապես, Ա.Մայսուրյանը ողջ դատաքննության ընթացքում որևէ արժանահավատ բացատրություն չի տվել Ուկրաինայից եկող միկրոավտոբուսի անծանոթ վարորդի միջոցով 30.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ, նշելով, որ հայրը վարորդին ստացական է տվել, որը ինքը պատռել է` գումարը վարորդից վերցնելուց հետո: Ա.Մայսուրյանը, ծանոթանալով իր հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումներին, այդպես էլ չի հիշել 2010 թվականի սեպտեմբերի 7-ին` ըստ իր մեկ այլ ցուցմունքի` 27.500 ԱՄՆ դոլարն իրեն փոխանցած վարորդի հեռախոսահամարը: Նրա ցուցմունքների անարժանահավատության մասին է վկայում նաև այն, որ Զապորոժիե-Երևան միկրոավտոբուսի վարորդն օբյեկտիվորեն չէր հասցնի 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Զապորոժիեում ստացած գումարը նույն օրը Երևան քաղաքում փոխանցել Ա.Մայսուրյանին: Բացի այդ, արժանահավատության տեսանկյունից կասկած է հարուցում Ա.Մայսուրյանի այն պնդումը, որ գումարի վերաբերյալ ստացականը տվել է ոչ թե գումար ստացողը (տվյալ դեպքում` վարորդը), այլ ուղարկողը (Ա.Մայսուրյանի հայրը):

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հուլիսի 19-ի գրության համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի Հանրապետությունից ժամանած անձանց կողմից 25.000 ԱՄՆ դոլար և ավելի գումար հայտարարագրելու դեպքեր չեն եղել: Ուշագրավ է նաև, որ 2010 թվականի սեպտեմբերի սկզբին Ա.Մայսուրյանն Ուկրաինայից ընդամենը 500 ԱՄՆ դոլար է ստացել, իսկ նույն թվականի հունվարին, փետրվարին և հոկտեմբերին վերջինս համապատասխանաբար 320, 100 և 400 ԱՄՆ դոլար է փոխանցել Ուկրաինա: Ա.Մայսուրյանի կողմից խոշոր բանկային փոխանցումներ, գործարքներ չեն արձանագրվել: Ա.Մայսուրյանը 2008, 2009 և 2011 թվականներին 7 անգամ դրամային և դոլարային վարկեր է վերցրել 100-ից մինչև 500 ԱՄՆ դոլարի սահմաններում(31):

_______________________________________

31) Տե՛ս սույն որոշման 6.11-րդ կետը:

 

Վերոգրյալ ապացույցների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում անծանոթ վարորդի միջոցով 27.500 կամ 30.000 ԱՄՆ դոլար Ուկրաինայից ստանալու մասին Ա.Մայսուրյանի ցուցմունքի անարժանահավատության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը:

Բացի այդ, վկա Տիգրան Արզումանյանի և Լուսինե Բարեղամյանի ցուցմունքներով չի հաստատվում այն հանգամանքը, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Զարուհի Պողոսյանը կարող էր այցելել Երևան քաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող տուն և Ա.Մայսուրյանից ստանալ բնակարանի վաճառքի համար նախատեսված գումարը, քանի որ նույն թվականի օգոստոսի կեսերին Ա.Մայսուրյանն ու Ա.Հովհաննիսյանը Տ.Արզումանյանին հայտնել են, որ այլևս չեն ցանկանում բնակվել այդ բնակարանում, իսկ սեպտեմբեր ամսից այդ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվել է Լ.Բարեղամյանը:

Ամբաստանյալ Ա.Մայսուրյանի ցուցմունքների անարժանահավատության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ վերջինս տարբեր տվյալներ է հայտնել տուժողին վճարած գումարի և արժույթի վերաբերյալ: Մասնավորապես, Ա.Մայսուրյանը մի դեպքում նշել է, որ տուժողին վճարել է 10.180.000 ՀՀ դրամ, ընդգծելով, որ գումարի մեծ մասը վճարել է 20.000-անոց ՀՀ թղթադրամներով, մի դեպքում նշել է, որ վճարել է 27.500 ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում` 28.000 ԱՄՆ դոլար: Մինչդեռ, տուժող Զ.Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Հ.Պողոսյանը, վկա Վ.Պողոսյանը մշտապես պնդել են, որ Զ.Պողոսյանը, բացի 500 ԱՄՆ դոլար կանխավճարից, բնակարանի վաճառքի դիմաց այլ գումար չի ստացել:

Հատկանշական է, որ առանց գումարը վճարելու բնակարանի առուվաճառքի գործարքի կնքման տարբերակը կտրականապես մերժել է ոչ միայն Զ.Պողոսյանի դուստր Հ.Պողոսյանը, այլ նաև նոտար Ռ.Մխիթարյանը, որը, տեղեկանալով, որ գնորդները փաստացի չունեն բնակարանը գնելու համար նախատեսված անհրաժեշտ դրամական միջոցներ, սակայն ցանկանում են պայմանագրում նշել գումարը Զ.Պողոսյանի կողմից ստացած լինելու մասին, մերժել է վավերացնել առուվաճառքի պայմանագիրը(32), սակայն Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը Հ.Պողոսյանի` ՀՀ-ից մեկնելուց հետո, 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, բնակարանի առուվաճառքի գործարք են կնքել մեկ այլ նոտարի մոտ: Ընդ որում, ուշագրավ է նաև այն փաստը, որ նույն նոտարի մոտ, նույն օրը, տուժող Զ.Պողոսյանի և Ա.Հովհաննիսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր` վերջինիս կողմից Զ.Պողոսյանից փոխառությամբ 8.750.000 ՀՀ դրամ վերցնելու և մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը վերադարձնելու վերաբերյալ:

_______________________________________

32 Տե՛ս սույն որոշման 6.7-րդ կետը:

 

Վճռաբեկ դատարանն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որ չնայած նոտարական վավերացմամբ պայմանագրում նշվել է, որ բնակարանի դիմաց վճարվելիք գումարը տուժող Զ.Պողոսյանը ստացել է ամբողջությամբ, ամբաստանյալ Ա.Մայսուրյանի կողմից կազմվել է ևս երկու առանձին, սակայն բառացի կրկնվող փաստաթուղթ` «Հայտարարություն» և «Ստացական» վերնագրերով` 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Զ.Պողոսյանի կողմից վերոհիշյալ բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ: Ամբաստանյալի նշված գործողությունները որոշակիորեն վկայում են նրա` գումարը վճարած լինելու հանգամանքը հնարավորինս շատ փաստաթղթերով հիմնավորելու ձգտման մասին, երբ առհասարակ նման անհրաժեշտություն չի եղել, ինչը կասկածի տակ է դնում այդ փաստի իրական լինելը:

Այսպիսով, գործով հաստատված փաստական հանգամանքները վկայում են, որ.

- առնվազն 2009 թվականից Ա.Մայսուրյանը և Ա.Հովհաննիսյանը կայուն կապեր են ունեցել, իսկ մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսը համատեղ բնակվել են Երևան քաղաքի Որմնադիրների 46 տանը, որպիսի փաստը ամբաստանյալ Ա.Մայսուրյանը շարունակաբար հերքել է,

- Ուկրաինայից եկող միկրոավտոբուսի անծանոթ վարորդի միջոցով 30.000 կամ 27.500 ԱՄՆ դոլար ստանալու կամ որևէ այլ եղանակով նշված գումարը ձեռք բերելու փաստը հաստատող որևէ արժանահավատ ապացույց ձեռք չի բերվել,

- Զարուհի Պողոսյանին բնակարանի վաճառքի համար նախատեսված գումարը 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի 46 տանը վճարելու մասին ամբաստանյալ Ա.Մայսուրյանի պնդումը չի հաստատվել,

- բնակարանի առուվաճառքի կնքումից օրեր առաջ Կոտայքի նոտարական գրասենյակում Ա.Մայսուրյանը ցանկացել է, որպեսզի բնակարանի վաճառքի պայմանագրում նշվի գումարն ամբողջությամբ վճարելու մասին` այն դեպքում, երբ փաստացի գումարը վճարված չի եղել և Ա.Մայսուրյանի մոտ գումար չի եղել, որպիսի առաջարկը մերժվել է Զ.Պողոսյանի դուստր Հ.Պողոսյանի և նոտար Ռ.Մխիթարյանի կողմից,

- Հ.Պողոսյանի` ՀՀ-ից մեկնելուց հետո, 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, Ա.Մայսուրյանը և Զ.Պողոսյանը բնակարանի առուվաճառքի գործարք են կնքել մեկ այլ նոտարի մոտ, որտեղ նշվել է, որ բնակարանի դիմաց Զ.Պողոսյանին Ա.Մայսուրյանը վճարել է 10.180.000 ՀՀ դրամ: Նույն օրը, նույն նոտարի մոտ տուժող Զ.Պողոսյանի և Ա.Հովհաննիսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր` վերջինիս կողմից Զ.Պողոսյանից փոխառությամբ 8.750.000 ՀՀ դրամ վերցնելու և մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը վերադարձնելու վերաբերյալ,

- չնայած նոտարական վավերացմամբ պայմանագրում նշվել է, որ բնակարանի դիմաց վճարվելիք գումարը տուժող Զ.Պողոսյանը ստացել է ամբողջությամբ, ամբաստանյալ Ա.Մայսուրյանի կողմից կազմվել է ևս երկու փաստաթուղթ` «Հայտարարություն» և «Ստացական» վերնագրերով` 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Զ.Պողոսյանի կողմից վերոհիշյալ բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ:

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ սույն գործով ձեռք է բերվել վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը թույլ է տալիս գալու հիմնավոր հետևության առ այն, որ Ա.Մայսուրյանը և նրա մտերիմը, ծանոթացել են Զ.Պողոսյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս բնակարան է վաճառում, մտադրվել են խարդախությամբ` խաբեությամբ և չարաշահելով Զ.Պողոսյանի վստահությունը, ձեռք բերել նրա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք: Ընդ որում, նրանք չեն ունեցել նշված բնակարանը ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ, ինչպես նաև բնակարանի համար վճարելու մտադրություն: Զ.Պողոսյանի կողմից գործարքը, ի հակառակ նրա ազգականների կամքի ու հորդորների, ինչպես նաև նրանց բացակայությամբ իրականացնելը, վկայում է այն մասին, որ Ա.Մայսուրյանն ի սկզբանե ունեցել է հանցավոր մտադրություն, ինքն է նախաձեռնություն դրսևորել, և համոզելու արդյունքում տուժող Զ.Պողոսյանը նրան է հանձնել բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Բացի այդ, Ա.Մայսուրյանը փորձել է Զ.Պողոսյանից ձեռք բերել հնարավորինս շատ փաստաթղթեր, որոնք հետագայում կարող էին պատրանք ստեղծել, թե բնակարանի դիմաց պայմանավորված ամբողջ գումարը նա վճարել է Զ.Պողոսյանին, երբ նման փաստաթղթերի (ստացական, հայտարարություն) անհրաժեշտություն առկա չի եղել: Արդյունքում Արփինե Մայսուրյանը խարդախության միջոցով հափշտակել է տուժողին պատկանող բնակարանը:

17. Անդրադառնալով Ա.Մայսուրյանի հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հարցին, Առաջին ատյանի դատարանն Ա.Մայսուրյանի հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում նշել է, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում` իր բնակարանի վերաբերյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում տուժողն ըստ էության իր ցուցմունքն առերես պնդել է ամբաստանյալի և նրա մտերիմի ներկայությամբ: Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանության հետ, որ հակընդդեմ հարցման իրավունքը ոչ թե վկայի (սույն գործով մինչև 2013 թվականի օգոստոսի 12-ն Ա.Մայսուրյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ) կամ որևէ քաղաքացիական գործով կողմի (Առաջին ատյանի դատարանի վկայակոչած գործով Ա.Մայսուրյանը հանդիսացել է պատասխանող) նվազագույն իրավունքն է, այլ` հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն անհիմն են:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ մեղադրանքի առանցքում դրված ապացույցի հիմնական աղբյուրը Զ.Պողոսյանն է, ով քննության ընթացքում ամբաստանյալ Ա.Մայսուրյանի հետ այդպես էլ չի առերեսվել և վերջինիս հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը չի ապահովվել, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ.

- տուժող Զ.Պողոսյանը մինչև դատաքննությունը սկսելը` 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, մահացել է, հետևաբար, առկա է եղել տուժողի` դատաքննությանը չներկայանալու հիմնավոր պատճառ,

- վերջինիս ցուցմունքն Արփինե Մայսուրյանի մեղքը հիմնավորող «միակ կամ վճռորոշ» ապացույցը չէ և առկա է հակակշռող բավարար գործոն` գործով ձեռք բերված և սույն որոշման մեջ վերլուծված այլ հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որոնցով հաստատվում է ամբաստանյալ Ա.Մայսուրյանի մեղավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ա.Մայսուրյանի մեղքը հիմնավորելու համար տուժող Զ.Պողոսյանի նախաքննական ցուցմունքի օգտագործումն ընդհանուր առմամբ չի հանգեցնում քրեական վարույթի անարդարացիության(33):

_______________________________________

33) Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշումը:

 

18. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն Ա.Մայսուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 349-րդ հոդվածի 1-ին մասերով ազատել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում Ա.Մայսուրյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

20. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Մայսուրյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու հարցում եկել է սխալ եզրահանգման: Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Մայսուրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բեկանելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ սույն գործով առկա է ապացույցների բավարար համակցություն` հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ամբաստանյալ Ա.Մայսուրյանի մեղքն իրեն վերագրվող արարքներում հաստատված համարելու համար:

21. Միաժամանակ, հաշվի առնելով նշանակված պատժի մասով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված էական խախտումների վերաբերյալ ամբաստանյալ Ա.Մայսուրյանի և նրա պաշտպան Մ.Կարապետյանի վերաքննիչ բողոքի փաստարկը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի արդարացման դատական ակտը բեկանելու պայմաններում հարկ է համարում անդրադառնալ ամբաստանյալ Ա.Մայսուրյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցին: Հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, գործի նյութերում առկա` Ա.Մայսուրյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ հանցագործությունն ավարտվել է 2010 թվականի սեպտեմբերի 15-ին, դեպքից անցել է ինը տարուց ավելի, քրեական գործը հարուցվել է 2012 թվականի հոկտեմբերի 29-ին և գործի քննությունը տևել է շուրջ ութ տարի, որպիսի հանգամանքները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ևս էական նշանակություն ունեն հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատժաչափը որոշելիս, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է պատժի մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճիռը, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Մայսուրյանի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Միաժամանակ` հաշվի առնելով, որ Ա.Մայսուրյանին մեղսագրվող արարքը կատարվել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը և Ա.Մայսուրյանի նկատմամբ` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը կիրառելու արգելքները բացակայում են, ուստի նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ` Ա.Մայսուրյանը նշանակված պատժից ենթակա է ազատման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արփինե Սերժիկի Մայսուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը ամբողջությամբ բեկանել, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճիռը մասնակիորեն` պատժի մասով, բեկանել և փոփոխել:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արփինե Սերժիկի Մայսուրյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Արփինե Սերժիկի Մայսուրյանին ազատել պատժից:

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԿԴ/0207/01/14
Որոշում