Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ` ՖԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԼԴ2/0698/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0698/02/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անուշիկ Ազիզբեկյանի և Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), դիմումի ելքով շահագրգռված անձինք` Անուշիկ Ազիզբեկյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար)` Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել «Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07/42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 22.07.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.05.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.07.2019 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր որոշում` Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Անուշիկ Ազիզբեկյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան) և Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Դատարանները չպետք է անդրադառնան հաշտարարի կողմից կիրառված նյութական օրենսդրության նորմերին և դրանց մեկնաբանություններին, այդ թվում` չպետք է կատարեն հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցների կրկնակի հետազոտում և գնահատում, քանի որ այդ պարագայում կկատարվի հաշտարարի որոշման ըստ էության վերանայում, ինչը հակասում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերի շրջանակում հաշտարարի որոշումը դիտարկելու օրենսդրական պահանջին:

 

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից Հաշտարարի որոշումը չեղյալ է ճանաչվել ըստ էության վերանայման և Հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցը կրկին հետազոտելու արդյունքում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված խախտումը ոչ միայն Հաշտարարի հետազոտած ապացույցը ևս մեկ անգամ հետազոտելն է, այլև հենց ապացույցի թերի հետազոտումը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության այն մասին, որ Հաշտարարին ներկայացված պահանջում հաճախորդը բարձրացրել է միայն քաղվածքի չստացման խնդիր, մինչդեռ իրականում հաճախորդը ներկայացրել է նաև քաղվածքի ստացման պարբերականության հարցը:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել քննարկման առարկա նորմը, որի արդյունքում խախտել է Հաշտարարի` իրեն ենթակա վեճերի լուծման ինքնուրույնության բավարար աստիճանով օժտված լինելու սկզբունքը, սահմանափակել է Հաշտարարի ինքնուրույնությունը` իրեն ներկայացված ապացույցի հետազոտման և գնահատման մասով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով 30-օրյա պարբերականությունը և քաղվածքի ստացման եղանակը քաղվածքի ստացման իրավունքի տարր են համարվում, քանի որ հակառակ դեպքում քաղվածքի ստացման իրավունքը կդառնա վերացական:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 22.07.2019 թվականի որոշմանը»:

 

2.1 Անուշիկ Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նույնաբովանդակ բողոք-պահանջ է ներկայացվել նախ Բանկին, ապա Հաշտարարին:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված պահանջները նույնական են և երկու դեպքում էլ վերաբերել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման խնդրին և երկու դեպքում էլ ուղղված են եղել նույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված օրինական տուժանքի կիրառմանը:

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, ըստ որի` Հաշտարարը դուրս է եկել հաճախորդի բողոք-պահանջի և դիմում-բողոքի շրջանակներից և քննության առարկա է դարձրել ոչ թե քաղվածքներն ընդհանրապես ուղարկելու կամ չուղարկելու հարցը, այլ խախտումներով ուղարկելու հանգամանքը, ակնհայտորեն անհիմն է: Սպառողի` քաղվածք ստանալու իրավունքը պետք է դիտարկել միասնական ամբողջության մեջ, որի պարտադիր տարրերն են համարվում սահմանված պարբերականությամբ և եղանակով վերջինիս ստացումը, և այդ տարրերից որևիցե մեկի խախտումն ինքնին հանգեցնում է օրենքով նախատեսված քաղվածք ստանալու իրավունքի խախտմանը:

2) Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ԼԴ2/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի և թիվ ԼԴ2/1267/02/19 քաղաքացիական գործով 26.12.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշումներով միևնույն նորմերին տրված մեկնաբանություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անուշիկ Ազիզբեկյանի (Հաճախորդ) և Բանկի միջև 24.07.2018 թվականին կնքված թիվ MI18/44197 վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, Հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող Հաճախորդի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (այսուհետ` Քաղվածք):

Վարկային պայմանագրի 3.2.5 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է Քաղվածքները և Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում/պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների և Պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով (հատոր 2-րդ, գ.թ. 22-23).

2) Անուշիկ Ազիզբեկյանի և Բանկի միջև 25.12.2017 թվականին կնքված թիվ RR17/53159 բանկային ծառայությունների տրամադրման դիմում/պայմանագրի համաձայն` Անուշիկ Ազիզբեկյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով (հատոր 2-րդ, գ.թ. 25-26).

3) Անուշիկ Ազիզբեկյանը 03.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին` հայտնելով, որ «(...) Քանի որ ես չեմ հրաժարվել Պայմանագրից բխող պարտավորություններից և դրանց դադարման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (այսուհետ` Քաղվածք) փոստային կապի միջոցով ստանալու իմ իրավունքից, ուստի այն պետք է իրացվեր հենց այդ եղանակով, չնայած այն հանգամանքին, որ օրենքով նախատեսված և ոչ միայն եղանակով կրեդիտավորողը ինձ Քաղվածք չի տրամադրել: (...) պայմանագրի կնքման պահից կրեդիտավորողը ուներ յուրաքանչյուր 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ինձ Քաղվածք տրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավունքս, չի կատարել, քանի որ ես որևէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է կրեդիտավորողը (...)»: Անուշիկ Ազիզբեկյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 27-28).

4) 21.01.2019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը հայտնել է` «(...) Պայմանագրի կնքման օրվանից մինչև հիմա Բանկը իմ ներկայացվողին ո՛չ փոստով, ո՛չ էլեկտրոնային եղանակով և ո՛չ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (...)»: Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Անուշիկ Ազիզբեկյանի` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 64-65).

5) «Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշման համաձայն` «(...) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը հրաժարվել է պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (քաղվածք) փոստային եղանակով ստանալու իրավունքից` նախապատվությունը տալով էլեկտրոնային փոստով ստանալու եղանակին, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց` 24.07.2018 թվականից, սկսած Բանկը պարտավոր էր երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24.07.2018 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերականությունը պետք է հաշվարկել հենց այդ ամսաթվից սկսած: (...) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 01.09.2019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների տրամադրման երեսնօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին և այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարել 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 86-89).

6) Բանկը հրաժարվել է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը (չվիճարկվող փաստ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում Հաշտարարի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման հարցի վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանն առերևույթ թույլ է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որն առերևույթ խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի հաշտարարը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում և ըստ այդմ արդյո՞ք իրավասու է հաշտարարը բողոքարկելու վերը նշված վարույթի կարգով քննված գործով դատական ակտը:

- արդյո՞ք հաճախորդի կողմից պահանջի հիմքում քաղվածքներն ընդհանրապես չստանալու հիմնավորում ներկայացնելու պայմաններում հաշտարարն իրավունք ունի քննարկման առարկա դարձնել և իր որոշմամբ որպես խախտում արձանագրել այն, որ քաղվածքները տրամադրվել են 30-օրյա պարբերականության խախտմամբ:

 

4.1 Մինչ Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի կողմից սույն գործով դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման իրավական հարցին:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:

Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ` հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նաև Հաշտարարի գրասենյակ: Այսինքն օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նաև Հաշտարարի մասնակցությունը: Այսինքն, եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին` վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` (...) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգռվածության հարցը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,

§ որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,

i

§ որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն): Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին ներգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, Հաշտարարին գործի քննությանը ներգրավվելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը:

 

4.2. Քննելով Հաշտարարի և Անուշիկ Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքները վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն` որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև նույն հոդվածի պահանջների խախտմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, (...):

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է նույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան: Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ: (...) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է` (...)

5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.

6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին. (...)

8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը). (...):

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե հաճախորդը նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված` հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը` որպես վեճերի այլընտրանքային լուծման ձև, նպատակ ունի ապահովել արդարադատության արդյունավետությունը և մատչելիությունը` հաշվի առնելով, որ վեճերի լուծման այլընտրանքային ձևերի արդյունավետ գործունեությունը նպաստում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների որակական չափանիշների բարձրացմանը (այդ թվում` բեռնաթափելով դատարանները):

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 22.12.2015 թվականի 70/186 բանաձևում (General Assembly Resolution 70/186 on Consumer Protection (A/RES/70/186)) ընդգծվում է սպառողների պահանջների բավարարման արդյունավետ ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը (3-րդ բաժին, 5-րդ կետ): Բանաձևի 5-րդ բաժնի «F» գլխում, որը վերաբերում է վեճերի լուծմանը և փոխհատուցմանը (պահանջների բավարարմանը), կարևորվում է իրավական այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն սպառողներին ներկայացնել իրենց պահանջներն արդյունավետ, արդար և հասանելի ընթացակարգերի (այդ թվում` վեճերի այլընտրանքային լուծման) միջոցով: Ընդ որում, կարևորվում է սպառողների պահանջների արագ, արդարացի, թափանցիկ, ոչ թանկ, հասանելի և չձևականացված (ոչ ֆորմալ) քննությունը (5-րդ բաժին, 37-41-րդ կետեր):

Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 17.06.2008 թվականին ընդունված և 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով` հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 16.09.1986 թվականի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 30.03.1998 թվականի թիվ 98/257/EC հանձնարարականում (Commission Recommendation of 30 March 1998 on The Principles Applicable Responsible for out-of-court settlement of consumer disputes) ամրագրված սկզբունքները: Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի: Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վեճերի քննությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ապահովվում է տվյալ վարույթի մասնակիցների հավասարությունը, մրցակցությունը, իսկ կայացրած որոշումը բավարարում է օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության չափանիշներին: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, արձանագրում է, որ վարույթի արդյունավետությունն ապահովելուն է ուղղված օրենսդրական այն պահանջը, որ նախքան պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի նույնաբովանդակ բողոք-պահանջ: Այսինքն` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը` որպես վեճերի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմ, կարող է գործնականում արդյունավետ գործել, եթե նախքան վարույթի սկիզբը Հաճախորդը Կազմակերպությանը ներկայացրել է հստակ պահանջ, սակայն բավարարում չի ստացել, որից հետո նույնական պահանջով դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ հնարավոր է, որ Կազմակերպությունը լիովին հիմնավոր համարի ներկայացված բողոք-պահանջը և խնդիրը տեղում լուծելու միջոցով ավարտի գործընթացը: Հակառակ դեպքում նույն պահանջը ներկայացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարին, ով արդեն գնահատում է Հաճախորդի պահանջը և նույն պահանջին ծանոթ Կազմակերպության ներկայացրած պատասխանը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը և հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը: Ուստի` քննությունը պետք է իրականացվի պահանջի շրջանակներում:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վեճերի լուծման ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ինչն առավել ճկուն և պակաս ֆորմալ է դարձնում վարույթը (ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական դատավարության): Պատահական չէ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի 30.08.2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների» 9-րդ կետի համաձայն` պահանջի քննության ընթացքում Հաշտարարն աջակցում է կողմերի միջև հաշտության բանակցություններ իրականացնելուն և (կամ) հաշտության համաձայնագիր կնքելուն:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պահանջի քննության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը, ի թիվս այլնի, պարտավոր է ստուգել, թե արդյոք Հաճախորդի կողմից Կազմակերպությանը ներկայացվել է նույնական պահանջ, որից հետո միայն անցնել պահանջի ըստ էության քննությանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Անուշիկ Ազիզբեկյանի (Հաճախորդ) և Բանկի միջև 24.07.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է նույն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող հաճախորդի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (Քաղվածք): Վարկային պայմանագրի 3.2.5 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է Քաղվածքները և Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում/պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների և պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով: Անուշիկ Ազիզբեկյանի և Բանկի միջև 25.12.2017 թվականին կնքված ծառայությունների տրամադրման դիմում/պայմանագրի համաձայն` Անուշիկ Ազիզբեկյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով:

Անուշիկ Ազիզբեկյանը 03.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին` հայտնելով, որ «(...) Քանի որ ես չեմ հրաժարվել Պայմանագրից բխող պարտավորություններից և դրանց դադարման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (այսուհետ` Քաղվածք) փոստային կապի միջոցով ստանալու իմ իրավունքից, ուստի այն պետք է իրացվեր հենց այդ եղանակով, չնայած այն հանգամանքին, որ օրենքով նախատեսված և ոչ միայն եղանակով կրեդիտավորողը ինչ Քաղվածք չի տրամադրել: (...) պայմանագրի կնքման պահից կրեդիտավորողը ուներ յուրաքանչյուր 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ինձ Քաղվածք տրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավունքս, չի կատարել, քանի որ ես որևէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է կրեդիտավորողը (...)»: Անուշիկ Ազիզբեկյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար:

21.01.2019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը հայտնել է` «(...) Պայմանագրի կնքման օրվանից մինչև հիմա Բանկը իմ ներկայացվողին ո՛չ փոստով, ո՛չ էլեկտրոնային եղանակով և ո՛չ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (...)»: Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Անուշիկ Ազիզբեկյանի` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ:

«Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշման համաձայն` «(...) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը հրաժարվել է պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (քաղվածք) փոստային եղանակով ստանալու իրավունքից` նախապատվությունը տալով էլեկտրոնային փոստով ստանալու եղանակին, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց` 24.07.2018 թվականից սկսած, Բանկը պարտավոր էր երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24.07.2018 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերականությունը պետք է հաշվարկել հենց այդ ամսաթվից սկսած: (...) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 01.09.2019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների տրամադրման երեսնօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին և այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարել 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Դատարանը, մերժելով Բանկի դիմումը, արձանագրել է, որ բացակայում են Հաշտարարի` 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, որպիսի պարագայում Բանկի պահանջը` Հաշտարարի որոշումն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով չեղյալ ճանաչելու մասին, անհիմն է:

Վերաքննիչ դատարանը, վերացնելով դատական ակտը, նշել է, որ Անուշիկ Ազիզբեկյանի կողմից Բանկին ներկայացվել է բողոք` կապված քաղվածքները չստանալու հետ: Նույնաբովանդակ պահանջ ներկայացվել է նաև Հաշտարարին: Մինչդեռ Հաշտարարը պահանջը բավարարել է այն հիմքով, որ քաղվածքներն ուշացումով են ուղարկվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված դիմումի սահմաններից դուրս քննության պարագայում հաստատվում է ընթացակարգային խախտման առկայությունը, որն ազդել է քննության արդյունքում կայացված որոշման վրա:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով` փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը` փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սպառողն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից` պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում` սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

i

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի` սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում` առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

Ինչպես արդեն իսկ Վճռաբեկ դատարանը փաստել է սույն որոշմամբ, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը և հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարևորել է կրեդիտավորողի և սպառողի միջև արդյունավետ հաղորդակցումը, որը ենթադրում է սահմանված ժամկետներում և սահմանված կարգով Հաճախորդին տեղեկատվության տրամադրում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կրեդիտավորողի կողմից օրենսդրական պահանջը կարող է խախտվել ինչպես ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելով, այնպես էլ այն սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրելով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղեկատվության ստացման իրավունքը կհամարվի իրացված, եթե կրեդիտավորողը պահպանել է բոլոր կանոնները` կապված տեղեկատվության տրամադրման հետ: Մասնավորապես, ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելը չի կարող նույնացվել տեղեկատվությունը ժամկետի խախտմամբ տրամադրելու հետ:

Վերոգրյալի հիման վրա գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անուշիկ Ազիզբեկյանն ինչպես Բանկին ներկայացված բողոք-պահանջով, այնպես էլ Հաշտարարին ուղղված պահանջով բարձրացրել է Բանկի կողմից քաղվածք ընդհանրապես չտրամադրելու հարցը: Մինչդեռ Հաշտարարը, պահանջը նշված սահմանում քննելու փոխարեն, գնահատել է քաղվածքը ենթադրաբար ուշացմամբ Անուշիկ Ազիզբեկյանին տրամադրելու հարցը` այդպիսով դուրս գալով պահանջի շրջանակներից և զրկելով Բանկին` այդ հարցի վերաբերյալ նախապես իր դիրքորոշումը հայտնելու և վեճը մինչև Հաշտարարին դիմելը լուծելու հնարավորությունից:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հաշտարարը թույլ է տվել ընթացակարգային կանոնների խախտում` դուրս գալով Հաճախորդի պահանջի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, որպիսի հանգամանքն էլ իրավացիորեն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Ինչ վերաբերում է Անուշիկ Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ առկա է հակասություն Վերաքննիչ դատարանի որոշման և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ԼԴ2/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի և թիվ ԼԴ2/1267/02/19 քաղաքացիական գործով 26.12.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշումներով միևնույն նորմերին տրված մեկնաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում Անուշիկ Ազիզբեկյանի բողոքով վկայակոչվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ԼԴ2/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը: Վճռաբեկ դատարանը նշված որոշման ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ տվյալ գործով Կազմակերպությանը և Ֆինանսական համակարգի հաշտարարին Հաճախորդի կողմից ներկայացվել է պահանջ` քաղվածք չտրամադրելու համար պատասխանատվության վերաբերյալ, և Ֆինանսական համակարգի հաշտարարը քննել է հենց քաղվածք տրամադրած չլինելու հարցը: ՈՒստի` նշված գործը չի կարող համարվել սույն գործին նույնանման փաստերով այլ գործ:

i

Ինչ վերաբերում է թիվ ԼԴ2/1267/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2019 թվականի որոշմանը, ապա վերջինիս ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդրադարձել է հաճախորդի կողմից բողոք-պահանջում քաղվածք չտրամադրելու, իսկ պահանջում` նույն քաղվածքը 30-օրյա պարբերականությամբ չտրամադրելու փաստական հիմնավորումների վկայակոչմանը և արձանագրել է, որ դրանք կազմակերպությանը ներկայացված բողոք-պահանջի և հաշտարարին ներկայացված պահանջի իրավական և փաստական հիմքերը տարբեր լինելու վերաբերյալ հետևություն անելու հիմք չեն: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել այն պատճառաբանությունը, որ տվյալ հարցի նկատմամբ կիրառելի խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունը, այն է` սպառողին տեղեկատվության տրամադրումը, և որ հաշտարարի կողմից պահանջի քննություն իրականացնելիս կիրառելի իրավանորմը չի կարող մասնակի մեկնաբանվել կամ կիրառվել` ելնելով միայն պահանջի բովանդակությունից: Արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Հաշտարարն իրավաչափորեն անդրադարձել է վկայակոչված իրավանորմի հիպոթեզով սահմանված այն հարցին, թե արդյոք Բանկի կողմից ոչ պակաս, քան 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին ներկայացվել է պահանջվող տեղեկությունը, թե ոչ, ինչի արդյունքում արձանագրել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարբերականությամբ չի տրամադրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է նշված օրենքով սահմանված հաճախորդի իրավունքի խախտման:

Անհրաժեշտ համարելով ապահովել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք 17-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառությունը` սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

Ինչպես արդեն վերը նշվել է, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք 17-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է կրեդիտավորողի պարտականությունը սպառողին ներկայացնելու գրավոր տեղեկատվություն կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ: Կրեդիտավորողը այդ տեղեկատվությունը պարտավոր է տրամադրել իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդիրը տվյալ նորմով նախ սահմանել է Կրեդիտավորողի պարտականությունը տրամադրել տեղեկատվություն և այնուհետև կարգավորել է նաև դրա տրամադրման պարբերականությունը:

Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում տվյալ նորմը կիրառելիս պարզման է ենթակա նախ հետևյալ հարցը` արդյո՞ք տրամադրվել է համապատասխան տեղեկատվությունը, և այդ հարցի դրական պատասխանի դեպքում միայն կարող է առաջադրվել երկրորդ հարցը` արդյո՞ք տեղեկատվությունը տրամադրվել է սահմանված պարբերականությամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում տեղեկատվությունն ընդհանրապես չտրամադրելու և դրանք 30-օրյա պարբերականության խախտմամբ տրամադրելու պահանջները լիովին տարբերվում են, և առաջինի ներկայացված լինելու պայմաններում պարբերականության պահպանման հարցին անդրադառնալը հանդիսանում է պահանջի քննության սահմանների անցում:

Այսպիսով, տեղեկատվությունն ընդհանրապես չտրամադրելը և այն 30-օրյա պարբերականության խախտմամբ տրամադրելն ընթացակարգային տարբեր խախտումներ են, հետևաբար Հաշտարարը, տեղեկատվությունն ընդհանրապես տրամադրած չլինելու պահանջ քննելու դեպքում դրա տրամադրման պարբերականության հարցին անդրադառնալով, դուրս է գալիս պահանջի քննության սահմաններից` թույլ տալով ընթացակարգային խախտում:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքների հիմքը և հիմնավորումները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Հաշտարարի և Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացրած վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դատարանի որոշումը և կայացնելով նոր որոշում` Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հաշտարարի և Անուշիկ Ազիզբեկյանի կողմից վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը վճարված լինելու պայմաններում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքները ենթակա են մերժման:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

11.01.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ2/0698/02/19 քաղաքացիական գործով 11.01.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.01.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Անուշիկ Ազիզբեկյանի և Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), դիմումի ելքով շահագրգռված անձինք` Անուշիկ Ազիզբեկյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար)` Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքները մերժել, Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Մամիկոն Դրմեյանս, Գոռ Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` Անուշիկ Ազիզբեկյանի (Հաճախորդ) և Բանկի միջև 24.07.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն` Բանկը պարտավորվել է նույն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող հաճախորդի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (Քաղվածք): Վարկային պայմանագրի 3.2.5 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է Քաղվածքները և Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում /պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների և պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով: Անուշիկ Ազիզբեկյանի և Բանկի միջև 25.12.2017 թվականին կնքված ծառայությունների տրամադրման դիմում/ պայմանագրի համաձայն` Անուշիկ Ազիզբեկյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով:

Անուշիկ Ազիզբեկյանը 03.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին` հայտնելով, որ «(...) Քանի որ ես չեմ հրաժարվել Պայմանագրից բխող պարտավորություններից և դրանց դադարման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (այսուհետ` Քաղվածք) փոստային կապի միջոցով ստանալու իմ իրավունքից, ուստի այն պետք է իրացվեր հենց այդ եղանակով, չնայած այն հանգամանքին, որ օրենքով նախատեսված և ոչ միայն եղանակով կրեդիտավորողը ինչ Քաղվածք չի տրամադրել: (...) պայմանագրի կնքման պահից կրեդիտավորողը ուներ յուրաքանչյուր 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ինձ Քաղվածք տրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավունքս, չի կատարել, քանի որ ես որևէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է կրեդիտավորողը (...)»: Անուշիկ Ազիզբեկյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար:

21.01.2019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը հայտնել է` «(...) Պայմանագրի կնքման օրվանից մինչև հիմա Բանկը իմ ներկայացվողին ո՛չ փոստով, ո՛չ էլեկտրոնային եղանակով և ո՛չ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (...)»: Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Անուշիկ Ազիզբեկյանի` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ:

«Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշման համաձայն` «(...) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը հրաժարվել է պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (քաղվածք) փոստային եղանակով ստանալու իրավունքից` նախապատվությունը տալով էլեկտրոնային փոստով ստանալու եղանակին, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց` 24.07.2018 թվականից սկսած, Բանկը պարտավոր էր երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24.07.2018 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերականությունը պետք է հաշվարկել հենց այդ ամսաթվից սկսած: (...) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 01.09.2019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների տրամադրման երեսնօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին և այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Անուշիկ Ազիզբեկյանի` Բանկի դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարել 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) մերժելով Բանկի դիմումը, արձանագրել է, որ բացակայում են Հաշտարարի` 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, որպիսի պարագայում Բանկի պահանջը` Հաշտարարի որոշումն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով չեղյալ ճանաչելու մասին, անհիմն է:

Վերաքննիչ դատարանը, վերացնելով դատական ակտը, նշել է, որ Անուշիկ Ազիզբեկյանի կողմից Բանկին ներկայացվել է բողոք` կապված քաղվածքները չստանալու հետ: Նույնաբովանդակ պահանջ ներկայացվել է նաև Հաշտարարին: Մինչդեռ Հաշտարարը պահանջը բավարարել է այն հիմքով, որ քաղվածքներն ուշացումով են ուղարկվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված դիմումի սահմաններից դուրս քննության պարագայում հաստատվում է ընթացակարգային խախտման առկայությունը, որն ազդել է քննության արդյունքում կայացված որոշման վրա:

Վճռաբեկ դատարանը, ըստ էության քննելով Անուշիկ Ազիզբեկյանի և Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքները, որոշել է վճռաբեկ բողոքները մերժել, Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Ամբողջությամբ համակարծիք լինելով Անուշիկ Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքի առնչությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների և եզրահանգումների հետ, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Հաշտարարի բողոքին ըստ էության անդրադառնալու Վճռաբեկ դատարանի դիրքորոշման կապակցությամբ:

i

Այսպես. մինչ Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հաշտարարի կողմից սույն գործով դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման իրավական հարցին և համապատասխան իրավական վերլուծությունների արդյունքում եզրահանգում արել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին, ուստի Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ եզրահանգման հետ համակարծիք չենք և գտնում ենք, որ իր կողմից կայացված որոշումը չեղյալ ճանաչելու գործով դատական ակտերը Հաշտարարը չի կարող բողոքարկել հետևյալ պատճառաբանությամբ.

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 1-ին գլուխը սահմանում է, որ նույն օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը, ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են նույն օրենքով նախատեսված կազմակերպությունները:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության կարգը, Ֆինանսական համակարգի հաշտարարի կարգավիճակը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները և սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ իրավահարաբերություններ:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Ֆինանսական համակարգի հաշտարար` նույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, (...):

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` պահանջի քննությունը բանավոր լսումների միջոցով իրականացվելու դեպքում կողմերը պետք է նախապես պատշաճորեն իրազեկվեն պահանջի քննության օրվա և վայրի մասին:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: (...):

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված` հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից` չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարությունն ըստ էության վեճերի լուծման այլընտրանքային (արտադատական) եղանակ է, որն ուղղված է ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությանն իրականացմանը: Ընդ որում նշված պահանջը քննվում և լուծվում է անկախ, բարձր հեղինակություն ունեցող հաշտարարի կողմից, որը նշանակվում է Խորհրդի կողմից օրենքով սահմանված ժամկետով:

Այսինքն, հաշտարարը, ըստ էության, չեզոք և անկախ ֆիզիկական անձ է, որը չի ներկայացնում վերը նշված կողմերից որևէ մեկի շահերը և չունի ինքնուրույն շահագրգռվածություն իրեն ներկայացված և լուծման ենթակա պահանջի մասով: Հաշտարարի խնդիրն է քննել իրեն ներկայացված պահանջը և կայացնել համապատասխան որոշում` պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը: Ընդ որում պահանջի քննության ընթացքում հաշտարարն իրավասու է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների, դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց` պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար, իսկ վերջիններս` իրենց հերթին, պարտավոր են օրենքով սահմանված ժամկետում պատասխանել: Հարկ է նկատել, որ քննված պահանջի մասով հաշտարարի որոշումները կրում են պարտադիր բնույթ և ենթակա են կատարման, եթե չեն վիճարկվում դատական կարգով: Ըստ այդմ հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված` հաշվի առնելով ոչ միայն ՀՀ օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:

Վերը նշվածը հաշվի առնելով գտնում ենք, որ հաշտարարի իրավական գործունեությունն ուղղված է ոչ միայն ֆինանսական ծառայության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանը, այլև` նպատակ ունի բարձրացնելու հանրության վստահությունը ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի նկատմամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացի ֆինանսական կազմակերպությունների հետ ծագած վեճերում, պետք է վստահ լինի իր իրավունքների պաշտպանության հարցում:

Այլ կերպ ասած, գտնում ենք, որ Հաշտարարի ինստիտուտը, քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից է, որում Հաշտարարը` պահանջը (վեճը) քննող և համապատասխան որոշում կայացնող, բարձր հեղինակություն ունեցող, անկախ ֆիզիկական անձ է, որը հաշվետու չէ որևէ մեկին:

i

Բացի այդ, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. կողմեր` Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը:

i

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են` դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն, ինչպես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով, այնպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով Կողմերին (տվյալ դեպքում` Հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդին և Կազմակերպությանը, որի դեմ ներկայացվել է պահանջը) իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում` դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Գտնում ենք, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:

Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օր.` հայցային, հատուկ և այլ), նշված վարույթով դիմումի քննությունն, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Այսինքն, տվյալ դեպքում օրենսդիրը, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին` դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելու հանգամանքը պայմանավորել է միայն գործի համար նշանակություն ունեցող էական հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ:

Գտնում ենք, որ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով հաշտարարին վերապահված իրավասություններով: Այսպես օրինակ, քննության առնելով հաճախորդի ներկայացրած պահանջը հաշտարարն իրավասու է պահանջի քննությանը ներգրավվելու համապատասխան մասնագետների, դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց` պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար: Այսինքն, Հաշտարարը, որպես պահանջը քննող և համապատասխան որոշում կայացնող անձ, լիարժեք տիրապետում է իր իսկ կողմից ներգրավված մասնագետների կարծիքներին և այլ անձանց կողմից տրված տեղեկություններին (բանավոր կամ գրավոր կարգով տրված), որպիսի պայմաններում վերը նշված վարույթով գործի քննության ընթացքում ծագած հարցի կամ ապացույցի վերաբերյալ պարզաբանումը առավել օբյեկտիվ և լիարժեք կարող է տրվել միայն Հաշտարարի գրասենյակի կողմից, որի ներկայությունն ապահովվում է վերջինիս դատական նիստի և ժամանակի մասին ծանուցելով:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ հաշտարարի գրասենյակին վերը նշված դատավարական ընթացակարգով դատական նիստին ծանուցելու հանգամանքն ինքնին հիմք չէ հաշտարարին գործին մասնակցող անձ դիտարկելու համար:

i

Վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշտարարը, դատարանի կողմից դատական նիստին ներգրավվում է միայն գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, հաշտարարին գործի քննությանը ներգրավվելը դառնում է պարտադիր միայն, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 47-րդ հոդվածի հիմքով հաշտարարը կարող է պայմանականորեն հավասարեցվել իրավասու անձի դատավարական կարգավիճակ ունեցող անձին, որի մասնակցությունը օրենքի համաձայն, պարտադիր է:

Ամփոփելով վերը նշվածը, հարկ ենք համարում ընդգծել, որ հաշտարարը, որպես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով անկախ, բարձր հեղինակություն ունեցող, իրեն ներկայացրած պահանջը քննող և որոշում կայացնող ֆիզիկական անձ, չներկայացնելով ոչ հաճախորդի, և ոչ կազմակերպության շահերը և չունենալով որևէ շահագրգռվածություն տվյալ դիմումի քննության ելքով (նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով), չի կարող համարվել նաև դիմումի ելքով շահագրգռված այլ անձ:

Հետևաբար, գտնում ենք, որ հաշտարարը գործին մասնակցող անձ չէ, ուստի և իրավասու չէ բողոքարկելու վերը նշված վարույթի կարգով քննված գործով կայացված դատական ակտը, հակառակ դեպքում կխախտվի իրավական որոշակիության սկզբունքը, հաշվի առնելով, որ բողոքարկման արդյունքում վերանայման է ենթակա ոչ միայն վերը նշված վարույթի արդյունքում կայացված դատական ակտը, այլ նաև անուղղակիորեն վերանայվում է` բողոք բերած անձ հաշտարարի կողմից կայացված որոշման օրինականությունը, ինչն անթույլատրելի է:

Վերը նշվածը հաշվի առնելով, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող ըստ էության քննել հաշտարարի կողմից բերված վճռաբեկ բողոքը և անդրադառնալ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, քանի որ վերջինս իրավունք չունի բողոքարկելու ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթի արդյունքում կայացված դատական ակտը:

 

   Դատավոր       Դատավոր     Դատավոր       Դատավոր         Դատավոր

Ռ. Հակոբյան   Մ. Դրմեյան  Գ. Հակոբյան   Ս. Միքայելյան   Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am` կայքէջում 11 հունվարի 2022 թվական:

 

pin
Վճռաբեկ դատարան
11.01.2022
N ԼԴ2/0698/02/19
Որոշում