040.1107.130917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1107-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1107-Ն որոշման
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային հաշվարկները` բացառությամբ եկամտային հարկի հաշվարկի, հարկային մարմին թղթային եղանակով կարող են ներկայացվել հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում:
3. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո` էլեկտրոնային եղանակով:
4. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստը թղթային եղանակով հարկային հաշվարկներն ընդունող աշխատողի կողմից ստուգվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, որտեղ նշվում են խափանման ժամկետի սկիզբը և ավարտը:
5. Հարկ վճարողները թղթային եղանակով հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնում են փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով կամ առձեռն:
6. Հարկային մարմին թղթային եղանակով ներկայացված հարկային հաշվարկները կազմվում են հարկային մարմնի սահմանված ձևերին և լրացման կարգին համապատասխան: