040.0241.140317
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2017 թվականի N 241-Ն
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՈՒ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնամթերային (ոչ դրամական) ձևով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում ձևավորվող հարկման բազաների ու ակտիվների սկզբնական արժեքների որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 9-ի
N 241-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՈՒ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բնամթերային (ոչ դրամական) ձևով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում ձևավորվող` ֆիզիկական անձանց հարկման բազաների ու ակտիվների սկզբնական արժեքների որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով հաշվարկված (վճարված) եկամուտների վրա:
3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`
1) գույքի (բացառությամբ` դրամական միջոցների) տեսքով.
2) աշխատանքի, ծառայության տեսքով.
3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:
4. Բնամթերային (ոչ դրամական) ձևով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում ձևավորվող` ֆիզիկական անձանց հարկման բազաներն ու ակտիվների սկզբնական արժեքները` սույն կետում նշված հերթականությամբ, համախառն եկամտում հաշվի են առնվում դրամով` շուկայական գների հիման վրա`
1) կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից և նոտարներից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`
ա. կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից եկամտի հաշվարկման (վճարման) ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկմանը (վճարմանը) նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարով.
2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`
ա. այդպիսի կամ նույն կամ համանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական գներով (սակագներով),
բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույն կամ համանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով),
գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույն կամ համանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված միջին գներով (սակագներով),
դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը համախառն եկամտում հաշվի է առնվում եկամտի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:
5. Սույն կարգի իմաստով բնամթերային (ոչ դրամական) ձևով հարկման բազայի ձևավորման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:
6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով, կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերներ, մասնագիտացված խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույն կամ համանման գույքի` աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները: