040.2000.291105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2005 թվականի N 2000-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «մասը յուրաքանչյուր փայատերի համար ճանաչվում է որպես պետական պարտք և այն փոխհատուցվում է» բառերը փոխարինել «մասի դիմաց յուրաքանչյուր փայատիրոջը տրամադրվում է դրամական օգնություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին».
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի».
i
գ) 1-ին կետով հաստատված` անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
դ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը և 4-րդ կետը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 15-ի
N 2000-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2000 թվականի օգոստոսի 2-ի
N 432-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների (այսուհետ` կոոպերատիվներ) փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց տրամադրվող դրամական օգնության (այսուհետ` օգնություն) չափի որոշման և տրամադրման կարգը:
2. Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխանաբար Երևան քաղաքում կամ մարզում գտնվող առանձին կոոպերատիվների շինարարության օբյեկտների ընդհանուր նախահաշվային արժեքների նկատմամբ տոկոսով արտահայտված անավարտ շինարարության փաստացի կատարողականները:
3. Կոոպերատիվների անդամները սույն կարգի համաձայն օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց կոոպերատիվի անդամների ցուցակը` դրանում նշելով յուրաքանչյուր փայատիրոջ (այսուհետ` փայատեր) անունը, հայրանունը, ազգանունը, փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան մակերեսը, սենյակների թիվը և նախահաշվային արժեքը (փայատիրոջ կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը): Կոոպերատիվի որևէ անդամի կողմից ներկայացված կոոպերատիվի անդամների ցուցակը հիմք է հանդիսանում կոոպերատիվի բոլոր անդամներին տրամադրվելիք օգնության գումարները հաշվարկելու և վճարելու համար:
4. Սույն կարգին համապատասխան որոշված օգնության գումարները տրամադրվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փայատերերին օգնության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ:
Միևնույն տարում օգնություն ստանալու իրավունք ունեցող փայատերերի միջև առաջնահերթությունը որոշվում է ըստ շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ավելի ցածր տոկոսի, իսկ դրանց հավասար լինելու դեպքում` դիմումները ներկայացնելու ավելի վաղ ժամկետի:
Եթե տվյալ տարվա ընթացքում փայատերերին օգնություն տրամադրվելուց հետո առաջանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների ավելցուկ, ապա դրա հաշվին օգնություններ տրամադրվում են հաջորդ հերթում ընդգրկված կոոպերատիվի փայատերերին:
Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով օգնություններ տրամադրելու նպատակով նախատեսված միջոցները չեն բավարարում այդ տարվա ընթացքում օգնություն ստանալու իրավունք ունեցող փայատերերին վճարումներ կատարելու համար, ապա Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեով օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով օգնություն տրամադրվում է նախորդ տարում օգնություն ստանալու իրավունք ունեցող և միջոցները չբավարարելու հետևանքով օգնություն չստացած կոոպերատիվների անդամներին:
6. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տվյալների առկայության և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` կոոպերատիվների փայատերերին պատվիրված նամակով, իսկ անհնարինության դեպքում (հասցեների բացակայության դեպքում) նաև զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է օգնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն դիմումներ ներկայացնելու մասին` նշելով իրենց անձնագրային տվյալները, գումարները փոխանցելու համար անհրաժեշտ բանկային հաշիվները և կցելով իրենց կողմից կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները:
7. Սույն կետում նշված տվյալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն առանձին-առանձին որոշում է փայատերերին տրամադրման ենթակա օգնության գումարի չափը` հետևյալ բանաձևով`
(Կ - (Ն x Ա%)) x Գ1
Փ = ___________________ x Գ2,
5,54
որտեղ`
Փ-ն փայատիրոջը տրամադրման ենթակա օգնության գումարի չափն է` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
Կ-ն տվյալ փայատիրոջ կողմից կոոպերատիվում ներդրված միջոցների չափն է արտահայտված ԽՍՀՄ ռուբլով, որը կազմում է փայատիրոջ կողմից ներկայացված վճարումները հավաստող փաստաթղթերում նշված վճարումների ընդհանուր գումարը,
Ն-ն փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքն է (փայատիրոջ կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը)` արտահայտված ԽՍՀՄ ռուբլով` ըստ կոոպերատիվի անդամների կողմից ներկայացված տեղեկությունների,
Ա-ն շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականն է` տոկոսով` ըստ Երևանի քաղաքապետի կամ համապատասխան մարզպետի կողմից ներկայացված տեղեկությունների,
Գ1-ը 1984 թվականին պաշտոնապես գործող մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի և փայատիրոջ միջոցների ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (պետական բանկի) կողմից հայտարարված մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի հարաբերությունն է (մինչև 1991 թվականի հունվարի 1-ը Գ1-ը հավասար է 1-ի),
5,54-ը 1990 թվականի նոյեմբերի դրությամբ ոչ առևտրային գործարքների համար ֆիզիկական անձանց օգտագործած մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն է,
Գ2-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող շինարարության արժեքի փոփոխման ինդեքսն է հաշվարկման պահին, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը փայատիրոջը տրամադրվելիք օգնության գումարի չափը որոշելուց հետո այն փոխանցում է փայատիրոջ բանկային հաշվին:
9. Սույն կարգով սահմանված օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը»: