26.04.2024 -
040.1291.191017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1291-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 180-րդ և 220-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1291-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական հարկ վճարողների և բնօգտագործման վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 180-րդ և 220-րդ հոդվածներին համապատասխան` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկի (այսուհետ` միասնական հարկային հաշվարկ) ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենսգրքի 180-րդ և 220-րդ հոդվածներին և սույն կարգին համապատասխան` միասնական հարկային հաշվարկ (այդ թվում` ճշտված) ներկայացնում են օրենսգրքի 175-րդ հոդվածին համապատասխան` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար, 177-րդ հոդվածին համապատասխան` ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար, 178-րդ հոդվածին համապատասխան` ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկ վճարողները և (կամ) 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողները և (կամ) օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված բնօգտագործման վճար վճարողները:
3. Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմված միասնական հարկային հաշվարկները սույն կարգին համապատասխան` ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, օրենսգրքի 310-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի հիման վրա և էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով: Միասնական հարկային հաշվարկները թղթային եղանակով կարող են ներկայացվել օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում:
4. Վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի` հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը, որը բաղկացած է դիմային մասից և հավելվածից:
5. Վճարողը լրացնում է միասնական հարկային հաշվարկի հավելվածը (արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար, ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման վճարի), որը պետք է ներկայացնի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին)` հաստատման: Օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողը լրացնում է միասնական հարկային հաշվարկի դիմային մասը: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում բացառապես դիմային մասով նախատեսված` օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարող համարվելու դեպքում դիմային մասում կատարվում է համապատասխան նշում, որի դեպքում հավելվածը լիազոր մարմնի հաստատման կարող է չներկայացվել: Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված միասնական հարկային հաշվարկն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
6. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված միասնական հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լրացվում և ներկայացվում է ճշտված միասնական հարկային հաշվարկ:
7. Բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի, միասնական հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ միասնական հարկային հաշվարկը վերաբերում է`
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որն արդեն ստուգվել է հարկային մարմնի կամ լիազոր մարմնի կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի.
3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից` օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 587-Ն /7-րդ կետի առաջին պարբերությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նույն կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ կարգավորումը` 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
8. Միասնական հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում հարկային մարմնի` հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է միասնական հարկային հաշվարկի ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում, որում նշվում է ստացման ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է միասնական հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերի:
9. Հարկային մարմինը միասնական հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է լիազոր մարմին:
10. Եթե լիազոր մարմնում գրանցման համար ներկայացված միասնական հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) հավելվածները գրանցման առումով ենթակա են ճշտման, ապա լիազոր մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով գրավոր ծանուցում է վճարողին` միասնական հարկային հաշվարկի ճշտման անհրաժեշտության մասին: Վճարողն օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լրացնում և ներկայացնում է ճշտված միասնական հարկային հաշվարկ:
11. Եթե միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվել է օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված` սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջների խախտմամբ, ապա լիազոր մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին և հարկային մարմնին: Սույն կետում նշված դեպքում միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) հարկային մարմնի հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում համարվում է չընդունված: