040.1255.161017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1255-Ն
ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1255-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ (այսուհետ` տեղեկատվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)
2. Սույն կարգի կիրառության իմաստով` հարկային մարմին ներկայացվող տեղեկատվություն են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված երրորդ անձանց կողմից այլ հարկ վճարողների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա` բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների մասին տեղեկությունները:
3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողների կողմից ներկայացվող այն տեղեկությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
II. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից` թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Երրորդ անձանց կողմից տեղեկատվության տրամադրումը կամ մերժումը (մասնակի մերժումը) կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունով` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
5. Երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) երրորդ անձի լրիվ անվանումը.
2) երրորդ անձի ղեկավարի պաշտոնը (առկայության դեպքում), անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.
3) հարցման նպատակը (նպատակները), ինչի համար պահանջվում է տեղեկատվությունը` պարտադիր հղում կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածին և սույն կարգին.
4) տեղեկատվության նկարագրությունը, ներկայացման ողջամիտ ժամկետը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.
5) հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը:
6. Երրորդ անձանց կողմից տեղեկատվություն տրամադրելու (մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) հարկային մարմնի անվանումը.
2) հարկային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.
3) հարցման ամսաթիվը և համարը.
4) տեղեկատվության նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, իսկ մերժման (մասնակի մերժման) դեպքում` հիմնավոր պատճառը.
5) երրորդ անձի համապատասխան ստորաբաժանման անվանումը, հեռախոսահամարը և գրությունը պատրաստած աշխատողի անունը, ազգանունը, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում` պատասխանողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:
7. Հարկային մարմնի հարցման մերժումը (մասնակի մերժումը) համարվում է հիմնավոր`
1) եթե հարցման մեջ ապահովված չեն կարգի 5-րդ կետի պահանջները, կամ
2) եթե տեղեկատվությունը պարունակում է պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, վիճակագրական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, կամ
3) եթե երրորդ անձի մոտ բացակայում է հարցման մեջ նշված տեղեկատվությունը:
8. Հարկային մարմնին տեղեկատվության տրամադրումն անվճար է:
9. Հարկային մարմնին երրորդ անձանց կողմից տեղեկատվության տրամադրման համար այլ անձանց համաձայնությունը պարտադիր չէ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
10. Երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակով և հրապարակման ենթակա չէ:
(հավելվածը փոփ. 07.07.2022 թիվ 1018-Ն որոշում)