020.0326.161001
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Է. Ղազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել 2001 թվականի հոկտեմբերի 2-ին սահմանադրական դատարանում մուտքագրված` Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Ղազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 26-ին Երևանում` երկու պետությունների միջև կրթության բնագավառում երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրականացնել փորձի փոխանակում մանկավարժության բնագավառում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարում, համատեղ մասնակցություն կրթության բնագավառում միջազգային ծրագրերին, սեմինարներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև նախատեսում են ուսանողների փոխանակում, ընդհանուր մրցութային հիմունքներով մի Կողմի քաղաքացիների ընդունելություն մյուս Կողմի ուսումնական հաստատություններում: Ստանձնած պարտավորությունների շարքում նշված է կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման երաշխավորումը, մի Կողմի ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը մյուս Կողմի տարածքում և այլն: Կողմերը նաև մտադրություն են հայտնում` նպաստելու միմյանց պատմության, աշխարհագրության ու գրականության ուսումնասիրմանը, հայերենի և բելառուսերենի ամառային դասընթացների անցկացմանը:
Նախատեսված է ծագող վեճերը լուծել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, հնարավոր փոփոխություններն ու լրացումները ձևակերպել համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող և համապատասխան կարգով վավերացման ենթակա առանձին արձանագրություններով:
Համաձայնագիրը կնքված է երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են, տարաձայնությունների դեպքում կգերադասվի ռուսերեն տեքստը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 26-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 հոկտեմբերի 2001 թ.
ՍԴՈ-326