040.1271.161017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1271-Ն
ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1271-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի կիրառման իմաստով դեբետային գումարներ են համարվում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):
(1-ին կետը փոփ. 12.03.2020 թիվ 282-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններին և դեբետային գումարներին համապատասխանող` մինչև 2018 թվականը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի վրա:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին համապատասխան` բացառությամբ «գերավճար» և «գերավճարից տարբերվող գումար» հասկացությունների, որոնք կիրառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանումներին համապատասխան:
4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:
(4-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,
12.03.2020 թիվ 282-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/, 20.05.2021 թիվ 808-Ն / տարածվում է 2021 թվականի հունիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա / որոշումներ)
4.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները`
1) վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա` այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.
2) հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում):
(4.1-ին կետը լրաց. 12.03.2020 թիվ 282-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
5. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջանների (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող հարկի (վճարի) գումարները, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարները, շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) և մարվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով, ընդ որում`
1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով` հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման ամսաթվով.
2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ).
3) 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը (ներառյալ).
4) 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը (ներառյալ):
(5-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,
12.03.2020 թիվ 282-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
6. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի վճարումների վերջնաժամկետը սահմանվում է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ):
7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված)`
1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով.
2) առաջացող շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարների գումարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով, իսկ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից 2017 թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու դեպքում շահութահարկի կանխավճարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով.
3) վերահաշվարկված մնացորդներն անձնական հաշվի քարտում հաշվառվում են հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվելու ամսաթվով.
4) առաջացած հարկի (վճարի) գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով`
ա. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը տույժերը հաշվարկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով,
բ. 2018 թվականի հունվարի 1-ից տույժերը հաշվարկվում են օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով (առկա գերավճարները հաշվի չեն առնվում),
գ. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից շարունակվում է 0.075 տոկոսով` մինչև հաշվարկման 365-րդ օրը լրանալը:
8. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողություններ շարունակվում են, և դրանց արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:
9. 2017 թվականի ընթացքում հաշվարկված շահութահարկի, ռոյալթիի կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը մինչև տույժերի հաշվարկման` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը չի դադարում, եթե այդ պարտավորությունները չեն մարվել:
(9-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
10. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջաններին (տարի, եռամսյակ, ամիս) վերագրվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող տուգանքի գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:
(10-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)