Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 հուլիսի 2020 թվականի N 31

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ ընկերությունը տարվա կեսից շրջանառության հարկի համակարգից անցում է կատարում հարկման ընդհանուր համակարգ` համարվելով ԱԱՀ վճարող: Շրջանառության հարկի համակարգում գործունեություն ծավալելու ընթացքում ձեռք բերված ապրանքների, հումքի և նյութերի, հիմնական միջոցների արժեքի մեջ առկա ԱԱՀ-ն ՀՕ 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն չի հաշվանցվել` ներառվելով ձեռք բերված ապրանքների, հումքի և նյութերի, հիմնական միջոցների արժեքի մեջ:

Հարց առաջին. Կազմակերպությունը իրավունք ունի՞ շրջանառության հարկի համակարգում գործունեություն ծավալելու ընթացքում ձեռք բերված ապրանքների, հումքի և նյութերի, հիմնական միջոցների արժեքի մեջ առկա ԱԱՀ-ն ԱԱՀ վճարող համարվելու ժամանակահատվածում վերաձևակերպել` հաշվանցել, ՀՕ 73-րդ հոդվածի համաձայն:

Հարց երկրորդ. Արդյո՞ք շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հաշվարկված հիմնական միջոցի ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մեջ նույնպես պետք է շարունակել ներառել նախկինում ձեռքբերված հիմնական միջոցների սկզբնական արժեքի մեջ առկա ԱԱՀ-ի արժեքը, թե՞ ծախսը ներառել առանց ԱԱՀ (նվազեցվելով համախառն եկամտից):

Եթե կազմակերպությունը հունիսի 1-ից հայտարարության հիման վրա համարվելու է ԱԱՀ վճարող արդյո՞ք հունիսի 1-ից, թե՞ հուլիսի 1-ից հետո հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը կարող է նվազեցնել համախառն եկամտից շահութահարկի հաշվարկման ժամանակ:

Հարց երրորդ. Եթե շրջանառության հարկի համակարգում գործունեություն ծավալելու ընթացքում ակտիվների սկզբնական արժեքների մեջ ներառվել է նաև ձեռքբերման ԱԱՀ-ն, հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում արդյո՞ք այդ հումք և նյութերի սկզբնական արժեքի մեջ ներառված ԱԱՀ-ն ևս նվազեցվում է համախառն եկամտից, թե՞ նվազեցվում է առանց ՄԱՀ արժեքը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի`

- 1-ին մասի համաձայն` եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում` հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (այնուհետ նույն բաժնում` ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (այնուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (այնուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

- 3-րդ մասի համաձայն` եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

- 4-րդ մասով սահմանված են ապրանքի ձեռքբերման կամ ներմուծման (այդ թվում` հիմնական միջոցի կառուցման), աշխատանքի ընդունման կամ ծառայության ստացման մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները, երբ ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին:

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 106-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազան որոշելիս ձեռք բերված ակտիվների գծով ձեռք բերումից հետո օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտումները (ավելացումները, նվազեցումները) այդ ակտիվների սկզբնական կամ հաշվեկշռային արժեքները չեն փոփոխում,

- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 16-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարները, եթե այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով ճանաչվել են որպես համախառն եկամտից նվազեցում: Նույն կետով սահմանված ավելացվող գումարները ներառվում են այն հարկային տարվա համախառն եկամտի մեջ, որում ներառված` ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը,

- 121-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև նույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)` որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի և նույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված` ամորտիզացիոն ժամկետների հարաբերություն,

- 255-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը,

- 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողները շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից (շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու պահից) տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են օրենսգրքով սահմանված կարգով` շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով,

- 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ծախսերը` օրենսգրքով սահմանված կարգով: Նույն մասի կիրառության իմաստով` շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`(1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկի համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները, (2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները կիրառելի են հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգեր անցնելու (շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու) դեպքում,

2) շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցների ձեռքբերման ծախսերը` օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, հիմնական միջոցների մասով օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

3) շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում շրջանառության հարկով հարկման համակարգում ձեռք բերված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների, ապրանքների, հումք և նյութերի) գծով ձեռք բերումից հետո օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտումները այդ ակտիվների սկզբնական արժեքները չեն փոփոխում, միաժամանակ` ԱԱՀ-ի վերաձևակերպվող գումարները դիտվում են եկամուտ և ներառվում համախառն եկամտի մեջ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.07.2020
N 31
Իրազեկման թերթիկ