(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)
i
050.0176.030700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի թիվ 176
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1.1. հանել կանոն 14-ի 14.6 կետի 2-րդ պարբերության «(չի վերաբերում 14.2 կետի «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերներին)» բառերը: Նույն կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «14.2 կետի «բ» ենթակետով սահմանված արժութային դիլերները կարող են իրականացնել նաև արժեթղթերի շուկայում գործունեություն` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում».
1.2. կանոն 15-ի 15.1 կետի «ե» ենթակետի վերջում ավելացնել «գրանցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը» բառերը.
1.3. կանոն 15-ի 15.1 կետի «ը» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցման վկայականի պատճենը».
1.4. կանոն 15-ի 15.1 կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետեր.
«ժա) տեղեկանք տարածքի համապատասխանության վերաբերյալ,
ժբ) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում` ինկասացիոն պայմանագրի պատճենը (շենքերում գործող փոխանակման կետերի և արժութային դիլերների համար)»:
i
1.5. կանոն 17-ի 17.3 կետի երրորդ պարբերության «հատուկ գրությամբ» բառերից հետո ավելացնել «(հավելված 13)» բառերը (հավելված 13-ը կցվում է).
1.6. կանոն 18-ի 18.6 կետի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. «Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են արժութային դիլերի կամ փոխանակման կետի և հաստատվում` Կենտրոնական բանկի կողմից» (շարունակությունը` նույն շարադրությամբ).
1.7. կանոն 22-ի 22.12 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22.12. Եթե թեկնածուն որակավորման և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել որակավորման և մասնագիտական քննում անցնելու համար».
1.8. հանել կանոն 22-ի 22.13 կետը.
i
1.9. հավելված 5-ում «Արժութային դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով» բառերից հետո ավելացնել «բացի արժեթղթերի շուկայում գործունեությունից (համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում)» բառերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 8-ի կանոն 20-ը:
3. Կանոնակարգ 8-ում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլուխ 10
i
«Գլուխ 10. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային
դիլերների և փոխանակման կետերի նկատմամբ պատժամիջոցների
կիրառման ընթացակարգը և պատժամիջոցների տեսակները
Կանոն 23. Արժութային օրենսդրության խախտման արձանագրման և արժութային օրենսդրության խախտման համար արժութային դիլերների և փոխանակման կետերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ընթացակարգը
23.1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) սույն կանոնակարգով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության արձանագրությունը (այսուհետև` արձանագրություն):
23.2. Արձանագրության մեջ հանգամանորեն նկարագրվում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի թույլ տված խախտումը: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են նաև արժութային դիլերի կամ փոխանակման կետի թույլ տված խախտման փաստը հիմնավորող կամ պարզաբանող այլ փաստաթղթեր:
23.3. Արժութային օրենսդրության խախտման համար վարույթն սկսված է համարվում բացառապես արձանագրության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացության (այսուհետև` եզրակացություն) առկայության դեպքում:
Եզրակացությունը կազմվում է արձանագրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, որով ներկայացված փաստերի հիման վրա պետք է հաստատվի սույն կանոնակարգով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը և սահմանվի համապատասխան պատժամիջոց (պատժամիջոցներ):
23.4. Դրական եզրակացության առկայության դեպքում իրավաբանական վարչությունը արձանագրությունը (առկայության դեպքում` նաև այլ փաստաթղթեր և տեղեկանքներ) և եզրակացությունը ներկայացնում է «Բանկային իրավախախտումների կանոնագրքով» սահմանված օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քննարկմանը:
23.5. Հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 23.4 կանոնում նշված փաստաթղթերի քննարկումից հետո իրավաբանական վարչությունը պատրաստում է Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:
23.6. Հանձնաժողովի քննարկումից հետո սույն կանոնակարգի 23.4 կանոնում նշված փաստաթղթերին կցվում է նաև հայտարարագրի ձևաթուղթը` համաձայն սույն որոշմանը կից հավելված 14-ի (տուգանքի դեպքում), և հանձնաժողովի նախագահի կից գրությամբ ուղարկվում արժութային դիլերին կամ փոխանակման կետին:
23.7. Սույն կանոնակարգի 23.6 կանոնում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում արժութային դիլերը կամ փոխանակման կետը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման, պատժամիջոցի կիրառման, այդ թվում` տուգանքի նշանակման կամ չափի վերաբերյալ: Ընդ որում, արժութային դիլերը կամ փոխանակման կետը իր առարկություններն ու բացատրությունները կարող է նաև բանավոր ներկայացնել հանձնաժողովին:
23.8. Սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերը արժութային դիլերին կամ փոխանակման կետին ուղարկելու օրվանից 7 օրացուցային օր հետո հանձնաժողովը երկրորդ անգամ քննարկում է իրավախախտումը և կայացնում սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն:
23.9. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է`
ա) մասնաճյուղի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու կամ նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանքը կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ, որը արժութային դիլերի կամ փոխանակման կետի բացատրությունների ու առարկությունների (եթե դրանք առկա են), սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին, կամ
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման նախագիծ, որն արժութային դիլերի կամ փոխանակման կետի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:
23.10. Հանձնաժողովը իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե տվյալ խախտման համար պատժամիջոց նախատեսված չէ սույն կանոնակարգով:
23.11. Հանձնաժողովը իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե իր հիմնավոր կարծիքով արձանագրված խախտումը էական չէ:
23.12. Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը պատժամիջոց կիրառելու մասին որոշում է կայացնում եզրակացության տրման պահից 45 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացնելու դեպքում արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:
23.13. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում խորհրդի կողմից սահմանված ժամկետում:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից արժութային դիլերը կամ փոխանակման կետը զրկվում է արժութային գործառնություններ իրականացնելու իրավունքից և պարտավոր է լիցենզիան սույն կանոնակարգի 23.15 կետում նշված ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերադարձնել Կենտրոնական բանկին:
23.14. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում:
23.15. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը պատվիրված նամակով այդ մասին ծանուցում է արժութային դիլերին կամ փոխանակման կետին` ծանուցմանը կցելով նաև Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը:
23.16. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից մինչև Կենտրոնական բանկի խորհրդի լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված ժամկետը տրված հանձնարարականի կատարման դեպքում արժութային դիլերը կամ փոխանակման կետը գրավոր ձևով այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին: Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո բանկային վերահսկողության դեպարտամենտը Կենտրոնական բանկի ներքին աշխատակարգերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:
23.17. Կենտրոնական բանկի խորհուրդը, քննարկելով արժութային դիլերի կամ փոխանակման կետի` սույն կանոնի 23.16 կետով նախատեսված դիմումը և տեղեկացումը, ընդունում է լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշում:
23.18. Այն դեպքում, երբ արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է տուգանք, և արժութային դիլերը կամ փոխանակման կետը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, ապա տուգանքը գանձվում է դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա` Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից:
Ընդ որում, տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
23.19. Սույն գլխի իմաստով ֆինանսական տարի է համարվում հունվարի 1-ից (ներառյալ) մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածը:
Կանոն 24. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային դիլերների և փոխանակման կետերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
24.1. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից սահմանված կարգով արժութային գործառնությունների հաշվառումը չվարելը կամ թերի վարելը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկը) և նախազգուշացում` խախտումը Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում վերացնելու հանձնարարականով:
Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների մինչև հնգապատիկի չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 500-պատիկը):
24.2. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա կամ մասնաճյուղ բացելու թույլտվություն ստանալու համար արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ արտացոլելը, կամ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր տալը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:
24.3. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) տարածքի կամ տարածքների անհամապատասխանությունը սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին`
առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով կամ լիցենզիայի գործողության կասեցում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:
24.4. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական պահանջները չբավարարելը`
առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով կամ լիցենզիայի գործողության կասեցում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:
24.5. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից Կենտրոնական բանկի լիազորած անձանց վերստուգումների իրականացմանը կամ վերջիններիս օրինական գործողություններին խոչընդոտելը (պահանջվող տեղեկությունների չտրամադրում, կեղծ և անարժանահավատ տեղեկությունների տրամադրում)`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:
24.6. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները չներկայացնելը, սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:
Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 200-պատիկը:
24.7. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից լիցենզիայով չնախատեսված գործունեություն իրականացնելը կամ սույն կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելը, կամ լիցենզիան ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ չիրականացնելը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:
24.8. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից հաճախորդին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ անդորրագիր չտալը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 15-պատիկի չափով:
Սույն կետի առաջին մասում նշված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 40-պատիկի չափով:
24.9. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից Կենտրոնական բանկի նախագահի նախազգուշացման մասին հրամանով կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ տրված հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարելը կամ թերի և անպատշաճ ձևով կատարելը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
24.10. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններում անարժանահավատ տվյալների արտացոլումը`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:
Սույն կետի առաջին մասում նշված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`
առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 500-պատիկը»:
4. Սույն որոշման 3-րդ կետով հաստատված գլխի կանոնները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց տարածքային ստորաբաժանումների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (դրանց գործառնական գրասենյակների (կետերի)) վրա:
5. Սույն որոշման 3-րդ կետով հաստատված կանոն 24-ը գործում է արժութային օրենսդրության այն խախտումների մասով, որոնք արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից թույլ են տրվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հետո:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հավելված 13
Հաստատում եմ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
Տ. Սարգսյան
------------------------
----- ---------------
Թիվ --------------- լիցենզիայում ընդգրկված հետևյալ` թվով -------- աշխատակիցը (ները)`
Անուն, ազգանուն անձնագրի սերիան
և համարը
1.
2.
3.
Սույն ցանկը հանդիսանում է փոխանակման կետի (արժութային դիլերի) թիվ ---- (տրված ----- ----------------թ.) լիցենզիայի անբաժանելի մասը:
Հավելված 14
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
օրենսդրության խախտումները քննարկող
հանձնաժողովի նախագահին
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ձեր ----- ------------ ----- թ.
թիվ ----------------- գրության վերաբերյալ
Համաձայն կանոնակարգ 8-ի կանոն 23-ի` սույնով տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ մենք համաձայն ենք վերոհիշյալ գրությամբ (հրամանով) արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ սահմանված տուգանքի նշանակմանը և կիրառմանը արտադատական կարգով, ինչպես նաև համաձայն ենք ---------------- դրամ տուգանքի չափի հետ:
Կից ներկայացնում ենք տվյալ տուգանքի գումարի վճարումն հավաստող անդորրագիրը:
Արժութային դիլերի կամ փոխանակման կետի անվանումը (անունը)
--------------------------------------------------------------------
Անուն, ազգանուն ------------------------------------------------
Ստորագրություն -----------------------
--- ------------ ----- թ.
Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կնիքը