Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Կ ...

01.02.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.08.2021  -ից մինչեւ   01.02.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 517-Ն որոշում)

600.0358.230107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         01           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2006 թվականի N 358-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 9
ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

46. Մատակարարը պարտավոր է.

i

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ` ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով.

դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, անվանումը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, քարտի համարը, հաշվարկային ամիսը, էլեկտրական էներգիայի ցերեկային և գիշերային սակագները, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

ե) սպառողի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած` յուրաքանչյուր ամիս, սույն կետի «ա» ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային փաստաթղթում առանձին տողով և ենթակա է վճարման մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքի հետ միասին, ընդ որում, մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է փոստային առաքման արժեքը, հետո միայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքը.

զ) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել սպառողին` անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի «դ» ենթակետում նշված` առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը:

Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(46-րդ կետը փոփ. 04.08.10 թիվ 406-Ն, 21.03.12 թիվ 78-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

47. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

i

48. Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ` 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Ընդ որում, եթե սպառողը սույն կանոնների 46-րդ կետի համաձայն պահանջել է հաշվարկային փաստթուղթը իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինս պետք է զգուշացվի գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Զգուշացման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում` այդ ծառայության համար վճարում է սպառողը: Զգուշացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(48-րդ կետը փոփ. 21.03.12 թիվ 78-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

49. Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը իրավունք ունի.

ա) սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան զգուշացնելուց հետո.

բ) վթարային կամ տեխնոլոգիական հզորությունների ապահովման վերաբերյալ Պայմանագրում նշված ժամկետներում չվճարելու դեպքում դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` ժամկետների լրանալուց հետո, առնվազն 3 աշխատանքային օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան կրկին զգուշացնելուց հետո:

(49-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

50. Մատակարարը սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի նաև.

ա) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ, բայց ոչ ավելի, քան օրական չվճարված գումարի 0,1 %-ը: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10 %-ը: Մատակարարը կարող է նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքի չվճարված գումարի նկատմամբ սկսել տույժի հաշվարկը հաջորդող ամսվա 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով տեղեկացրել է սպառողին նրա կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է վճարման համար հատկացված ժամկետի ավարտից հետո.

բ) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրաէներգիայի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը:

Եթե սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա մատակարարն իրավունք ունի նաև սպառողին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, եթե նա չունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարը նրա էլեկտրամատակարարումը կարող է դադարեցնել միայն սույն կանոնների 49-րդ կետով նախատեսված ընթացակարգերն ապահովելուց հետո:

(50-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն որոշումներ)

50.1 Սույն Կանոնների 50-րդ կետի «ա» ենթակետի և 59.2 կետի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները: Չի թույլատրվում հաշվարկված տույժի գումարի նկատմամբ կրկին տույժ հաշվարկել:

(50.1-ին կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

51. Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է չդադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար` ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ սպառողի էլեկտամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

(51-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 10
ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(10-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

52. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին` ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 

ԳԼՈՒԽ 11
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ

(11-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

i

53. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով:

(53-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

54. Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

(54-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

55. Հաշվարկային փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(55-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(12-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

i

57. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում առևտրային հաշվառքի սարքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է մատակարարը` անկախ առևտրային հաշվառքի սարքի պատկանելությունից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով: Նման դեպքերում սպառողը պարտավոր է հատուցել մատակարարի կողմից առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը:

(57-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

i

58. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`

1) սույն Կանոնների 35-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = ՀՎէք + ՏԿ - ՀԱէք,

 

որտեղ`

Վէք -ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՀՎէք -ն վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ հաշվառքի սարքով հաշվառված էլէկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՏԿ - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),

ՀԱէք -ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է (կՎտժ):

Սույն կետում սահմանված ՀՎէք, ՏԿ և ՀԱէք մեծությունները հաշվարկվում են սույն Կանոնների 41-րդ կետի համաձայն.

2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով: Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչը աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները.

2.1) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)-ՀԱէք1,

 

որտեղ`

Տօր1-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ1-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

Տօր2-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ2-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

ՀԱէք1-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտգժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից: Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.

2.2) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`

ա. ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք.ինք1 = (Տօր1 * Մօծ3 + Տօր2 * Մօծ4) - ՀԱէք3,

 

որտեղ`

Մօծ3-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ4-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք3-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ինքնավար էներգաարտադրողի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում` գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

բ. Ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք.ինք2 = (Տօր1 * Մօծ5 + Տօր2 * Մօծ6) - ՀԱէք4,

 

որտեղ`

Մօծ5-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

Մօծ6-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,

ՀԱէք4-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ):

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում` գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից:

Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար:

Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող) պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ինքնավար էներգաարտադրողի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրաէներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով.

3) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`

 

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք = --------------

100%

 

երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և

 

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք = -( --------------),

100%+Ս%Հ

 

երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

որտեղ`

ՀԱէք2-ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ).

Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos փ) և հոսանքային բեռի մեծությունը.

4) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

Վէք = ԱՏօր x ՆՄօծ - ՀԱէք,

 

որտեղ`

 

ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա սպառողի միջին օրական ծախսին,

ԱՏօր-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

5) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

1) Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ - ՀԱդ,

 

որտեղ`

Վէքդ-ը ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.

ՆՄօծդ-ը մատակարարի և ինքնավար էներգաարտադրողի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է` դրական նշանով, եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը և բացասական նշանով, եթե մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է ինքնավար էներգաարտադրողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակին,

ԱՏօրդ-ը առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,

ՀԱդ-ը հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:

Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:

(58-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն, 10.06.2020 թիվ 199-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

i

59. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 1)-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ առևտրային հաշվառքի սարքը`

1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում` վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն.

2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով`

 

ՀԱէք x Ս%ՀՏ

Վէք = -------------

n x 100%

 

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից

 

(ՀԱէք x Ս%ՀՏ)

Վէք = - ---------------

(n x 100%+Ս%ՀՏ)

 

երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,

որտեղ`

Ս%ՀՏ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,

 

n-ը հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:

(59-րդ կետը փոփ. 09.11.16 թիվ 303-Ն» 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

i

59.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի` տարանջատված ըստ ցերեկային ու գիշերային քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագնի արտադրյալով: Եթե էլեկտրաէներգիայի` տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով:

(59.1-ին կետը փոփ. 24.10.2018 թիվ 393-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

i

59.2 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ մատակարարը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Սպառողի կողմից մատակարարի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

(59.2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

59.3 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), սպառողն իրավունք ունի մատակարարից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Մատակարարի կողմից սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Մատակարարի կողմից սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

(59.3-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

i

59.4 Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 35 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահաշվարկը կատարվել է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն և միջին օրական ծախսը որոշվել է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար: Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա ավարտից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սպառողը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Եթե սպառողը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

(59.4-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն, 10.06.2020 թիվ 199-Ն որոշումներ)

59.5 Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում մատակարարը պարտավոր է դրանք ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը: Մատակարարի և սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև վեճի վերջնական լուծումը:

i

59.5.1 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:

(59.5.1-ին կետը լրաց. 09.11.16 թիվ 303-Ն որոշում)

i

59.5.2 Բոլոր այն դեպքերում, երբ սույն կանոնների 64-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և սպառողը չի համաձայնել էլեկտրական էներգիայի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով սպառողի էլեկտրամատակարարումը:

(59.5.2-րդ կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

59.6 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն գլխում ներկայացված ընթացակարգը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը դատական կարգով լուծելու կամ պահանջելու վնասի փոխհատուցում:

i

59.7 Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

(59.7-րդ կետը լրաց. 10.06.2020 թիվ 199-Ն որոշում)

 

i

ԳԼՈՒԽ 13
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

(13-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

60. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա` առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

61. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը` անկախ դրանց պատկանելությունից, կատարվում են մատակարարի կողմից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ, 65.2 և 65.3 կետերով նախատեսված դեպքերի:

i

62. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես` առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:

(62-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

63. Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

i

64. Մատակարարի կամ սպառողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

1) սույն Կանոնների 62-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողին.

2) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է սպառողին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում` սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

3) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների), որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

4) մասնակցում է Չափագիտական մարմնի կողմից իրականացվող առևտրային հաշվառքի սարքի չափագիտական փորձաքննությանը և դրա եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ հաշվառքի սարքի ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը սույն ենթակետին համապատասխան կազմված եզրակացությունը սույն կանոնների 59.4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին, գրավոր ներկայացնում է սպառողին:

(64-րդ կետը փոփ. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

i

64.1 Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փորձաքննությունը չի իրականացվում, երբ հաշվառքի սարքի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված մատակարարի ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող հաշվառքի սարքերի փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված հաշվիչները պահպանվում են մատակարարի մոտ առնվազն 3 ամիս` եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս` սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում սպառողի դիմելու դեպքում առևտրային հաշվառքի սարքերը ենթակա են փորձաքննության` սույն կանոններով սահմանված կարգով:

(64.1-ին կետը լրաց. 19.06.2019 թիվ 214-Ն որոշում)

65. Սույն Կանոնների 64-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ` հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել վերջինիս հետ: Այս դեպքում սպառողը պարտավոր է մատակարարի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել առևտրային հաշվառքի սարքը:

65.1 Մատակարարը պարտավոր է սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

i

65.2 Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

(65.2-րդ կետը փոփ. 25.10.17 թիվ 452-Ն որոշում)

i

65.3 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը` իր էլեկտրասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքային սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը` այն ժամանակավորապես փոխարինելով այլ` առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.

2) սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընքացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին.

3) այն դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.

4) այն դեպքում, երբ սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի սպառողի նկատմամբ կիրառելու տույժ` վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում` դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում` ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:

(65.3-րդ կետը փոփ. 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

65.4 Սույն Կանոնների 65.3 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:»:

i

65.5 Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

(65.5-րդ կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 14
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

66. Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

i

67. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն Կանոնների 12-րդ գլխով ամրագրված ժամկետները:

(67-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

68. Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար սույն կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:

i

69. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.

ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10000 (տասը հազար) դրամ,

բ) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35000 (երեսունհինգ հազար) դրամ.

գ) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և մատակարարի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,

դ) 6 կվ և բարձր լարմամբ սնվող սպառողների հաշվիչը էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրային ապահովումը) փոխարինելու համար` 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:

(69-րդ կետը փոփ. 07.12.11 թիվ 567-Ն, 05.09.12 թիվ 347-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

i

70. Մատակարարը սպառողի դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:

(70-րդ կետը փոփ. 07.11.12 թիվ 429-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

i

70.1. Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական, տարածքային կառավարման լիազոր մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրության հիման վրա) կարող է ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ:

(70.1-ին կետը լրաց. 17.02.2021 թիվ 47-Ն հրաման)

71. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում և սպառված էլեկտրաէներգիայի արժեքը ընթացիկ ամսվան հաջորդող ամսվանից հաշվարկել սույն կանոնների 45-րդ կետի համաձայն:

 

i

ԳԼՈՒԽ 15
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(15-րդ գլուխը խմբ. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

72. Սպառողը կամ Դիմող անձը` մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն Կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:

73. Սպառողի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տրվում է գրավոր պատասխան, բանավոր դիմումին` բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան հաղորդել տեղեկատվություն կամ ստանալ պարզաբանումներ իրենց դիմումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների, դրանց պատճառների և վերականգնման ժամկետների, սպառված էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ:

75. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

i

75.1. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:

(75.1-ին կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

76. Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, սպառողի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն վերջինիս` ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 16
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

77. Մատակարարը սպառողին (Դիմող անձին) վճարում է տույժ`

i

1) էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սույն կանոնների 27-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

2) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,

3) վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

4) վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու` սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

5) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման` սույն կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,

6) սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման` սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

7) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

8) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,

9) սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

10) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,

11) սպառողի դիմումի հիման վրա` Պայմանագրի վերակնքման` սույն կանոնների 4.3 կետով սահմանված ժամկետի խախտման համար,

12) հաշվարկային փաստաթղթում սպառողի փաստացի սպառած էլեկտրաէներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում:

(77-րդ կետը փոփ. 08.12.10 թիվ 699-Ն, 27.04.11 թիվ 200-Ն, 16.06.11 թիվ 300-Ն, 11.04.12 թիվ 105-Ն, 08.10.14 թիվ 379-Ն, 09.12.15 թիվ 409-Ն, 09.11.16 թիվ 303-Ն, 25.10.17 թիվ 452-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն, 28.07.2021 թիվ 271-Ն որոշումներ)

i

77.1. Սույն կանոնների 77-րդ կետի համաձայն` տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 77-րդ կետի 10-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով:

(77.1-ին կետը լրաց. 24.10.2018 թիվ 393-Ն որոշում)

i

78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:

(78-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 24.10.2018 թիվ 393-Ն որոշումներ)

i

79. Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրաէներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքից:

(79-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 379-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

i

80. Մատակարարը սույն Կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս-մաժորի: Սույն Կանոնների իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են մատակարարի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջինիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Սույն Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

(80-րդ կետը փոփ. 11.04.12 թիվ 105-Ն, 08.10.14 թիվ 379-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 17
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. (81-րդ կետն ուժը կորցրել է 09.12.15 թիվ 409-Ն որոշում)

i

(81-րդ կետը փոփ. 05.09.12 թիվ 346-Ն որոշում)

82. (82-րդ կետն ուժը կորցրել է 05.09.12 թիվ 346-Ն որոշում)

i

83. Մինչև 40 կՎԱ հզորությամբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերում, սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը տեխնիկական պայմաններն առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին միացվում է սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է Դիմող անձի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար:

(83-րդ կետը լրաց. 25.04.08 թիվ 209-Ն, 24.12.08 թիվ 711-Ն, 08.12.10 թիվ 699-Ն, 21.12.11 թիվ 596-Ն, 25.10.17 թիվ 452-Ն որոշումներ)

i

84. Սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց վրա` 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց սպառման համակարգի` էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն իրականացվում է սույն կանոնների 83-րդ կետի համաձայն:

(84-րդ կետը լրաց. 27.05.09 թիվ 256-Ն, 08.12.10 թիվ 699-Ն որոշումներ)

i

85. Սույն Կանոնների 43-րդ կետով սահմանված` սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային հաշվիչով հաշվառելու դեպքում առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) գրանցելու պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից: Մինչև 2015 թվականի մարտի 1-ը մատակարարը գրանցում է էլեկտրոնային առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը:

(85-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

86. Սույն Կանոնների 64-րդ կետի 4)-րդ ենթակետով սահմանված պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից:

(86-րդ կետը լրաց. 08.10.14 թիվ 379-Ն որոշում)

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.12.2006
N 358-Ն
Որոշում