Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԵՎՏՐ ...

 

 

020.0030.100418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, պարզեց.

i

1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 28-րդ հոդվածին, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:

i

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթում առկա է իրավական անորոշություն, ինչը փաստարկվում է նրանով, որ Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու միջնորդության վերաբերյալ գործի կասեցման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք, քանի որ առկա է քաղաքացիական դատավարության կարգով քննվող այլ գործ, ինչն անհնարին է դարձնում արբիտրաժային տրիբունալի վճիռը պարտադիր ճանաչելու միջնորդության վերաբերյալ գործի քննությունը: Մինչդեռ, ըստ հիշատակված իրավակարգավորման, Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը գործի վարույթը կասեցնելու հիմք չէ, այլ, մի կողմից, արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու որոշման կայացումը հետաձգելու հիմք է, իսկ մյուս կողմից` Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու որոշման կայացման հետաձգումը վերապահված է դատարանի հայեցողությանը:

Դիմող կողմը նշում է նաև, որ` «Տվյալ դեպքում իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» (երկու գործողությունների միաժամանակյա քննարկում) անհամապատասխանություն է ստեղծում դատարանի կողմից չեղարկման դիմումի քննության և զուգահեռ վճիռը ճանաչելու և կատարողական թերթ տրամադրելու միջև, քանի որ ստացվում է, որ մի դեպքում դատարանը քննում է վճռի օրինականությունը, մեկ այլ դեպքում մինչ վճռի օրինականության հարցի վերաբերյալ վերջնական լուծումը դատարանը կայացնում է դատական ակտ»:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի` այդ դատական ակտերի կայացման ժամանակագրության, դրանց հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ գործնականում թեև վիճարկվող դրույթը դատարաններին հայեցողություն է վերապահել, սակայն դատարանները չեն օգտվել այդ հայեցողությունից և զուգահեռ չեն քննել ներկայացված դիմումներն ու միջնորդությունները, այլ, ընդհակառակը, այն դատարանը, որտեղ ներկայացվել է արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, հետաձգել է իր կողմից որոշման կայացումը:

Այնուհետև, արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ միջնորդության հարցով դատարանի որոշումը կայացվել է մեկ այլ դատարանի կողմից վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելուց հետո միայն:

Տվյալ իրավիճակում կոնկրետ անձի նկատմամբ առկա չի եղել նույն հարցի վերաբերյալ զուգահեռ դատական քննության գործընթաց, հետևաբար` դատարանները միմյանցից անկախ գործընթացներ չեն իրականացրել:

Այսպիսով, սույն գործի շրջանակում փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքներից ելնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ դատարանների հայեցողական լիազորության պատճառով մարդու` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպք, ինչը նշանակում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է:

i

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են` ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

i

Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

i

Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ` «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»:

Հաշվի առնելով հիշյալ իրավակարգավորումների պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումում չի հիմնավորվում դիմող կողմի հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ սահմանադրաիրավական վեճի առկայությունը, ուստի այդ հիմնավորմամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

i

«Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

 

10 ապրիլի 2018 թվականի

ՍԴԱՈ-30

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.04.2018
N ՍԴԱՈ-30
Աշխատակարգային որոշում