040.0905.280813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2013 թվականի N 905-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԷԼԻՏԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում 2013 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը` համաձայն հավելվածի:
i
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կնքելով գործակալության պայմանագիր, լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
1) կազմակերպել Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շահառուներից մինչև 180 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` 1 կիլոգրամը 210 դրամով, և հատկացումը 2013 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներին.
2) կազմակերպել 2012 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներից և «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից կանխատեսվող 2540 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` 1 կիլոգրամը 190 դրամով, և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող` վերադարձվելիք 1274 տոննա սերմացուի հետ միասին (2540+1269.2=3809.2), սույն որոշման հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր` սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները նախատեսելով համապատասխան մարզկենտրոններում.
3) ծրագիրը 2013 թվականին իրականացնելու համար օգտագործել մինչև 142000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվից և նախորդ տարիներին ծրագրի իրականացման արդյունքում խնայված միջոցներից:
(2-րդ կետը փոփ. 26.09.13 թիվ 1033-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
i
1) համայնքների ղեկավարների միջոցով ապահովել սերմացուների տեղափոխումը համապատասխան համայնքներ.
2) 2014 թվականի բերքահավաքից հետո ապահովել սույն որոշման հավելվածի համաձայն ստացած սերմերի գումարների հավաքագրումը` 1 կիլոգրամի համար 80 դրամով` 1:2 փոխհարաբերությամբ, և փոխանցումը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից:
(3-րդ կետը փոփ. 17.07.14 թիվ 790-Ն, 18.09.14 թիվ 1016-Ն որոշումներ)
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2013 թվական» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2013 թվական
2013 թվականին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել 440 և Հայաստանի Հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից` մինչև 180 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, իսկ Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է 1:2 փոխհարաբերությամբ հետ ստանալ 40 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը մինչև 660 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2200 հեկտար տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում առավելություն տալով խոշոր հողատարածք ունեցողներին` էլիտային վերարտադրության սերմացուն կհատկացվի շահառուներին, 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու պայմանով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի վերադարձի պայմանները: Սերմացուի հատկացումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում, 2014 թվականին ակնկալվում է հետ ստանալ մինչև 1320 տոննա (660 x 2) առաջին վերարտադրության սերմացու, որը պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Սերմացուները 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած քանակությունը կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:
2014 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկված շահառուներից վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով վերադարձնելու պայմանով հատկացնել հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով մինչև 1320 տոննա և իրենց պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմերի գումարների հավաքագրումը` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով, և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցումը:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
i
5. Սահմանել, որ 2013 թվականի աշնանացանի համար 3809.2 տոննա ցորենի առաջին վերարտադրության սերմացուները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով մարզպետարաններին են հատկացվում 2014 թվականի բերքահավաքից հետո` յուրաքանչյուր կիլոգրամի համար 80 դրամ` 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելու պայմանով:
(5-րդ կետը փոփ. 26.09.13 թիվ 1033-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 22-ի
N 905-Ն որոշման
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ` ՀԱՄԱՁԱՅՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ
._____________________________.
|Մարզի անվանումը |Հատկացվող|
| |սերմացուի|
| |քանակը |
| |(տոննա) |
|___________________|_________|
|Արագածոտն | 200|
|___________________|_________|
|Արարատ | 175|
|___________________|_________|
|Արմավիր | 156|
|___________________|_________|
|Գեղարքունիք | 400.2|
|___________________|_________|
|Լոռի | 335|
|___________________|_________|
|Շիրակ | 1335|
|___________________|_________|
|Սյունիք | 770|
|___________________|_________|
|Վայոց ձոր | 88|
|___________________|_________|
|Տավուշ | 350|
|___________________|_________|
|Ընդամենը | 3809.2|
._____________________________.
(հավելվածը փոփ. 26.09.13 թիվ 1033-Ն որոշում)