ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 օգոստոսի 2007 թվականի N 33
26. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ երեխայի իրավունքների պաշտպանության 2008 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 23-ի
նիստի N 33 արձանագրային
որոշման
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ
i
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2008թ. տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է ի կատարումն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների ռազմավարությանը, ինչպես նաև երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը:
2006թ. ընթացքում սոցիալական ոլորտի բարեփոխումներն ու ծրագրերն ուղղված են եղել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծմանը, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացմանը, հոգեբանական վերականգնմանը և արդյունավետ սոցիալականացմանը:
Այդ կապակցությամբ կազմակերպվել է մանկատներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Առ 01.12.
Հայաստանի Հանրապետությունն այսօր իրականացնում է մանկության պաշտպանության համակարգի բարեփոխումների ռազմավարություն, որը ենթադրում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի ապակենտրոնացում, ռիսկի ենթակա երեխաների խնամքի համակարգին ընտանիքահեն և համայնքահեն բնույթի հաղորդում, որը կնպաստի երեխաների լիարժեք սոցիալական ինտեգրացիային: Նման երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալիզացիայի, նրանց անձի պահպանման և կայացման համար անհրաժեշտ է բարելավել հաստատությունների գործունեությունը, կատարելագործել աշխատանքի մեթոդները, իրականացնել նպատակային ծրագրեր:
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» որոշումը:
ՀՀ կառավարության կողմից 2004 թվականին ընդունված առողջապահության միջնաժամկետ ծախսերի 2007 թվականի ծրագրով պետական բյուջեից առողջապահության ֆինանսավորման կայուն աճ է նախատեսվում թե երեխաների և թե կանանց բուժօգնության մասով:
Մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունը արտահայտվում է առողջապահական պետական նպատակային ծրագրերում:
Վերջին տարիներին գրանցվել են դիֆթերիայի եզակի դեպքեր, իսկ 2002թ.-ից Հայաստանը սերտիֆիկացվել է որպես «Պոլիոմիելիտից ազատ գոտի»: Ներկայումս Հայաստանը ստացել է միջազգային սերտիֆիկատ որպես աղի ունիվերսալ յոդացման երկիր: Զգալի ջանքեր են ներդրված ՄԻԱՎ-ի կանխարգելման և տուբերկուլոզի կրճատման ուղղությամբ: ԵՎ այս ամենը շնորհիվ միջազգային արդյունավետ համագործակցության և այդ շրջանակներում իրականացվող նպատակային ծրագրերի` «Իմունոկանխարգելման», «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման», «Անվտանգ մայրության», «Կրծքով սնուցման խրախուսման», «Երեխաների մոտ ՄԻԱՎ-ի կանխարգելման»:
Հայաստանում կրթությունը ավանդաբար բարձր վարկանիշ ունի: Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը և զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը: Դա են վկայում անկախության հռչակումից հետո ընդունած օրենքներն ու որոշումները:
ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: 1999թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը` հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը:
Համաձայն այս օրենքի, ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:
Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվում 12-ամյա միջնակարգ կրթակարգին:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Անշուշտ կարևորվում է նաև հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունների ընդլայնումը` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումը իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը: Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:
Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:
Հաստատված ռազմավարություններին համապատասխան և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով իրականացվում է նախադպրոցական ցանցի զարգացման փորձնական ծրագիրը, մշակվել և հաստատման է ներկայացվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Ավագ դպրոցների արդյունավետության բարձրացման և որակի էապես բարելավման նպատակով մշակվել է առանձին գործող ավագ դպրոցների համակարգի զարգացման հայեցակարգը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 23-ի
նիստի N 33 արձանագրային
որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում