040.0277.210307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2007 թվականի N 277-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս գնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 22-ի
N 277-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԳՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց (այսուհետ` անձ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու համար լիազոր մարմին են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` մարմին):
3. Հողամաս ստանալու իրավունք ունեցող անձի հաշվառումն իրականացնում է համապատասխան մարմինը` անձի ներկայացրած դիմումի հիման վրա` մինչև 2007 թվականի հունվարի 30-ը: Դիմումի հետ մեկտեղ անձը մարմին է ներկայացնում տեղեկանք իր մշտական բնակության վայրի համայնքից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումից այն մասին, որ չի օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չի ստացել (ձեռք չի բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: Բռնադատվածները նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում են նաև բռնադատվածի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը:
4. Մարմինը քննարկում է սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը դրանք ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում և ձեռնարկում միջոցներ անձին հողամաս հատկացնելու համար, եթե այդ փաստաթղթերը կազմված և ներկայացված են սահմանված կարգով:
5. Եթե ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ էական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա մարմինը դրանք ներկայացնում է դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով 2 աշխատանքային օրվա ընթացքում շտկելու այդ սխալները: Իսկ եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա մարմինը դիմողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել այդ ցանկը:
6. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին, ինչպես նաև սույն կետի 1-ին ենթակետում նշված անճշտությունները սահմանված ժամկետում անձի կողմից չշտկվելու դեպքում մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը վերադարձնում անձին` գրավոր ծանուցելով դիմումը մերժելու պատճառները: Ընդ որում, մարմինն իր մոտ է պահում ներկայացված փաստաթղթերի պատճենները:
7. Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում մարմինը ձեռնարկում է միջոցներ հողամաս ձեռք բերելու համար, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված են համապատասխան միջոցներ:
8. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հողամասերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Հողամասն անձին սեփականության իրավունքով տրամադրվում է համապատասխան մարմնի և անձի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա: