(ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-258-Ն օրենք)
i
010.0121.240697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«29» մայիսի 1997 թ.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը կարգավորում է ռազմական դրության պայմաններում ծագող հարաբերությունները, սահմանում է ռազմական դրության հայտարարման և դադարեցման իրավական հիմքերը, իրավական ռեժիմը, խնդիրները, ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումները, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու պաշտոնատար անձանց պարտականությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
ՀՈԴՎԱԾ 1. Ռազմական դրությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա մի մասում` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային Ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 2. Ռազմական դրություն հայտարարվելուց հետո 24 ժամվա ընթացքում գումարվում է Ազգային Ժողովի հատուկ նիստ: Հայաստանի Հանրապետության Նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին` ներկայացնելով ռազմական դրություն հայտարարելու հիմքերը, ռազմական դրության գործողության տարածքային սահմաններն ու ժամկետը:
Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
ՀՈԴՎԱԾ 3. Ռազմական դրությունը դադարեցնում են`
ա/ Հայաստանի Հանրապետության Նախագահը` ռազմական դրություն հայտարարելու հիմքերը վերանալուց հետո.
i
բ/ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը` սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա:
i
ՀՈԴՎԱԾ 4. Ռազմական դրությամբ սահմանվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ գործունեության իրավական հատուկ ռեժիմ, որը կարող է նախատեսել ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձին իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ:
ՀՈԴՎԱԾ 5. Ռազմական դրություն հայտարարելու հիմնական խնդիրը սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմամբ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության մոբիլիզացիոն ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումն է:
ՀՈԴՎԱԾ 6. Ռազմական դրության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության օրենքներից և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից:
ԳԼՈՒԽ 2
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 7. Ռազմական դրության ժամանակ կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները`
ա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստության վիճակի.
բ/ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական նշանակության, բնակչության կենսաապահովման օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.
գ/ քաղաքացիական պաշտպանության համակարգի անցում լիակատար պատրաստության.
i
դ/ ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում, անհրաժեշտության դեպքում` բնակչության, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ընդհանուր կամ մասնակի տարահանում /էվակուացիա/.
ե/ պարենի, հագուստի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բաշխման կարգի համապատասխանեցում ռազմական դրության պահանջներին.
զ/ հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացում.
է/ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում, բեռների ներմուծման և արտահանման, մուտքի և ելքի իրավական հատուկ ռեժիմի սահմանում, տրանսպորտային միջոցների զննում.
ը/ պարետային ժամի սահմանում.
i
թ/ նախնական գրաքննություն մտցնելու միջոցով մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ազատության սահմանափակում.
ժ/ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և դրանց միավորումների գործունեության սահմանափակում, ինչպես նաև ժողովների, հանրահավաքների, հավաքների, երթերի, ցույցերի ու գործադուլների կազմակերպման և անցկացման արգելում.
ժա/ կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.
ժբ/ պաշտպանության կազմակերպման նպատակով` իրավասու պետական մարմինների կողմից անհրաժեշտ գույքի /անկախ սեփականության ձևից/ տիրապետում և օգտագործում, այդ թվում` նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների, սարքավորումների հավաքագրում /մոբիլիզացիա/:
Ոչ պետական սեփականություն համարվող գույքը տիրապետվում և օգտագործվում է նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ հետագա համարժեք վերադարձման երաշխիքով.
ժգ/ ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին /անկախ սեփականության ձևից/ պաշտպանական նշանակության արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.
ժդ/ աշխատունակ բնակչությանը պաշտպանական կամ հանրօգուտ աշխատանքների կատարման նպատակով հավաքագրում` աշխատանքի վարձատրության համապատասխան կարգի սահմանումով.
ժե/ իրավիճակի թելադրմամբ` ֆինանսատնտեսական, վարկային և հարկային պետական համապատասխան քաղաքականության իրականացում.
ժզ/ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ, հոգեներգործուն, խիստ ներգործող թունավոր կամ քիմիական նյութերի, թմրադեղերի, ոգելից խմիչքների ձեռքբերման, պահպանման, հաշվառման, օգտագործման, բաշխման և փոխադրման հատուկ կարգի սահմանում.
i
ժէ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում.
ժը/ Սահմանադրության և օրենքների շրջանակում` իրավիճակից թելադրող այլ միջոցառումների իրականացում:
i
ՀՈԴՎԱԾ 8. Ռազմական դրության ժամանակ արգելվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
ՀՈԴՎԱԾ 9. Ռազմական դրության ժամանակ, սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով, ելնելով իրավիճակից`
ա/ պետական կառավարման մարմիններին կարող են տրվել լրացուցիչ լիազորություններ.
բ/ ռազմական դրություն հայտարարված տարածքում կարող են ստեղծվել կառավարման հատուկ մարմիններ և նշանակվել պարետներ /պարետ/.
գ/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքեր կարող են անցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի` զինված ուժերի գլխավոր հրամանատարի անմիջական ենթակայությանը:
Սույն հոդվածի «բ» կետում նշված մարմինները և պաշտոնատար անձինք կարող են ռազմական դրություն հայտարարված տարածքում իրենց իրավասության շրջանակներում հրապարակել պարտադիր և կատարման ենթակա իրավական ակտեր:
i
ՀՈԴՎԱԾ 10. Ռազմական դրությամբ սահմանված իրավական հատուկ ռեժիմով կարող են ժամանակավորապես սահմանափակվել մարդու և քաղաքացու առանձին իրավունքներ և ազատություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45 հոդվածում նշվածների:
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքի 7 և 9 հոդվածներով նախատեսված միջոցառումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով կամ նրա կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով:
ՀՈԴՎԱԾ 12. Ռազմական դրության հայտարարման պահից` հնգօրյա ժամկետում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծանուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների և ազատությունների այն սահմանափակումների մասին, որոնք շեղվում են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույն կերպ տեղեկացվում է նաև ռազմական դրության դադարեցման մասին:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա/ ռազմական դրություն հայտարարվելուց հետո ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում Ազգային Ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կցվում է գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ճշգրտումներ կատարելու վերաբերյալ տեղեկանքը.
բ/ գործողության մեջ է դնում նախապես մշակված հատուկ ծրագրերը.
գ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մոբիլիզացիոն ծավալումը` ապահովելով տնտեսության անցումը խաղաղ պայմաններից պատերազմականի.
դ/ ապահովում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռեսուրսային բավարարումը և հանրապետության բնակչության կենսագործունեությունը.
ե/ ապահովում է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ծրագրերի մշակումը /ճշգրտումը/ և վերահսկում է դրանց իրականացումը.
զ/ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ օրինականության և իրավակարգի պահպանության, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման համար.
է/ իրականացնում է Սահմանադրությամբ և ռազմական դրության ժամանակ գործող օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
ՀՈԴՎԱԾ 14. Պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա/ ապահովում են իրենց ոլորտում /տարածքում/ ռազմական դրության հայտարարման կապակցությամբ ընդունված օրենսդրության կատարումը.
բ/ աջակցում են իրենց տարածքում տեղակայված զորամասերի և ստորաբաժանումների խնդիրների կատարմանը.
գ/ նպաստում են տարածքային պաշտպանության կազմակերպմանը և իրականացնում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները.
դ/ մասնակցում են տարվող փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման և ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնմանը.
ե/ նպաստում են զորակոչի /զորահավաքի/ անցկացմանը.
զ/ մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարենավորման, հանդերձավորման, վառելիքաքսանյութերով և այլ նյութատեխնիկական պաշարներով բավարարմանը.
է/ ապահովում է մոբիլիզացիոն ծավալման ծրագրերով նախատեսված առաջադրանքների կատարումը:
ԳԼՈՒԽ 4
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 15. Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները /անկախ սեփականության ձևից/`
ա/ կատարում են ռազմական դրության ժամանակ գործող օրենսդրության պահանջները.
բ/ առաջնահերթ կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության պահանջների բավարարման և տնտեսության կայուն գործունեության ապահովման համար սահմանված կարգով տրվող առաջադրանքները /պետական պատվերները/` զենքի, զինամթերքի, զինվորական տեխնիկայի ստեղծման, արտադրության, առաքման, նորոգման, ինչպես նաև բնակչության կենսագործունեությունն ապահովող արտադրանքի թողարկման /աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման/ վերաբերյալ.
գ/ իրականացնում են տարածքային և քաղաքացիական պաշտպանության ծրագրերով նախատեսված միջոցառումները.
դ/ իրագործում են մոբիլիզացիոն ծրագրերով նախատեսված առաջադրանքները /միջոցառումները/.
ե/ ապահովում են իրենց մոտ աշխատող զինապարտների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
ՀՈԴՎԱԾ 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք`
ա/ կատարում են զինվորական ծառայության` իրենց պարտականությունները.
բ/ մասնակցում են տարածքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
գ/ կատարում են ռազմական դրության ժամանակ գործող օրենսդրության պահանջները:
ՀՈԴՎԱԾ 17. Ռազմական դրության մասին օրենսդրությունը խախտելու համար մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24 հունիսի 1997 թ.
ՀՕ-121