(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 857-Ն որոշում)
i
040.1146.190804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2004 թվականի N 1146-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) (2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 25.11.04 թիվ 1724-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու, նախարարության աշխատակազմի կառուցվածքը և նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
i
7-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.
«ժբ) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը».
i
8-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».
«դ) արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում».
8-րդ կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե.1» ենթակետով.
«ե.1) վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում».
8-րդ կետի «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում և իրականացում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
թ) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման ապահովում, անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի կիրառման ուսումնասիրություն և վերլուծություն».
8-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ.1» ենթակետով.
«ժ.1) սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ապահովում, սոցիալական քարտերի կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում».
8-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում».
8-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1», «ժա.2» և «ժա.3» ենթակետերով.
«ժա.1) պետական կենսաթոշակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժա.2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժա.3) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հավաստիության ստուգում».
8-րդ կետի «ժբ» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.
8-րդ կետը «ժբ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ.1» և «ժբ.2» ենթակետերով.
«ժբ.1) աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման, ինչպես նաև միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժբ.2) սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում».
8-րդ կետի «իգ» ենթակետում «մասնագիտացված կազմակերպություններում» բառերը փոխարինել «նախարարության համակարգի մանկատներում» բառերով.
8-րդ կետը «իգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ.1» ենթակետով.
«իգ.1) մանկատներում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում».
8-րդ կետի «իե» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.
8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող` զբաղվածության տարածքային կենտրոնների, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն».
բ) որոշման N 2 հավելվածի`
i
I բաժնի 1-ին կետում «Սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերով.
II բաժինը լրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն» տողով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
i
բ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրության մեջ կատարել փոփոխություն` սահմանելով մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխություն կատարել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած` սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1146-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ աշխատանքային իրավահարաբերությունների բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 05.05.11 թիվ 553-Ն որոշում)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
7. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (միավորումների), գործատուների միությունների, իրավապահ մարմինների, հսկողության և վերահսկողության իրավասություններ ունեցող հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ պետական և հասարակական կազմակերպությունների հետ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`
i
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը.
բ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.
գ) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների և ազատությունների պահպանման ու պաշտպանության ապահովումը` ներառյալ աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը.
դ) գործատուներին, արհեստակցական միություններին ու աշխատողներին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման առավել արդյունավետ միջոցների ու մեթոդների, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման մասին տեղեկատվության տրամադրումը:
(8-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 1620-Ն որոշում)
i
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 9. Տեսչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները` ա) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ սեմինարների կազմակերպում. բ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն. գ) լիազոր մարմին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը. դ) աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծում և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը. ե) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը. զ) աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակի ուսումնասիրում. է) իր գործունեության ապահովման նպատակով յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գործատուներից աշխատողների թվի, ըստ մասնագիտությունների աշխատավարձի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին հաշվետվության ստացում. ը) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը. թ) գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում. ժ) գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի և հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական (թաքնված զբաղվածություն) աշխատանքների կատարման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում. ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի հսկում և վերահսկում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների վերականգնման համար. ժբ) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում. ժգ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում. ժդ) մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում. ժե) սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերի ուսումնասիրում և միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության համար. ժզ) աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով. ժէ) գործատուներից պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում` ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը. ժը) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներին վերաբերող նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը. ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դատարան դիմելը. ի) տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվությունների կազմում. իա) քաղաքացիների ընդունելության կատարում, քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումների, բողոքների և առաջարկների քննարկում:
(9-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 1620-Ն որոշում)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Տեսչության պետը Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչն է:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, իր պաշտոնի անձնագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը`
i
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
գ) աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների գործունեությունը.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
զ) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ը) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց կողմից կատարված ստուգումների արդյունքները.
ժբ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային և տարածքային մարմինների ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժգ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժդ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 1620-Ն որոշում)
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
i
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ:
(15-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 1620-Ն որոշում)
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
(16-րդ կետը փոփ. 06.10.05 թիվ 1620-Ն որոշում)
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1146-Ն որոշման
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(կառուցվածքն ուժը կորցրել է 25.11.04 թիվ 1724-Ն որոշում)