040.0057.110204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2004 թվականի N 57-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 950 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին» N 950 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը հաստատելու մասին».
i
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սույն որոշմամբ հաստատված կարգը տարածվում է պետության կարիքների համար վերցվող` Երևան քաղաքի այլ օտարման գոտիների տարածքների վրա:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում օտարման գոտում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ, որոնք ենթակա չեն փոխհատուցման, սահմանել գրանցման առանձնահատկություններ».
i
գ) որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 29-ի
N 57-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՅԼ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Երևան քաղաքում կառուցապատման նպատակով օտարման (իրացման) գոտիներում (այսուհետ` իրացման գոտի) գտնվող սեփականատերերի և օգտագործողների գույքը (բնակելի և ոչ բնակելի շենքեր, շինություններ, հողամասեր)` բացառությամբ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի (այսուհետ` ինքնակամ գույք), որոնք ենթակա չեն փոխհատուցման, վերցնելու (գնելու) (այսուհետ` գնելու) և իրացնելու հետ կապված գործառույթները:
II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
2. Երևան քաղաքի իրացման գոտիներում գտնվող գույքը գնելու և իրացնելու հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների կազմակերպումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:
3. Իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել իրացվող անշարժ գույքը գնելու, վերցնելու և դրանց դիմաց հատուցման պայմանների ու իրացման աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ պայմանագիր:
4. Սույն կարգը սահմանում է անշարժ գույքի գնային առաջարկները, որոնք կստեղծեն կառուցապատման գոտում գտնվող անշարժ գույքի գնմանը, վերցնելուն և իրացմանը նպաստող պայմաններ:
III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
5. Գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել իրացնողի առաջարկությամբ նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:
Եթե իրացնողն անշարժ գույքի դիմաց տրամադրում է բնակարան կամ ոչ բնակելի տարածք, կամ այլ գույք, ապա անշարժ գույքի իրացման պայմանագիրը կնքելուց հետո իրացնողն առաջարկում է օտարվող գույքի գնին համարժեք բնակարան կամ ոչ բնակելի տարածք, կամ այլ գույք, որոնց օտարումը պետք է իրականանա եռակողմ պայմանագիր կնքելու միջոցով:
6. Պետության կողմից անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալությամբ (սահմանված կարգով գրանցված իրավունքով) տրված հողամասերի դիմաց տրվում է հատուցում` վարձակալության (օգտագործման) իրավունքի վաղաժամկետ դադարեցման համար սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
7. Իրացման գոտում գտնվող անշարժ գույքի և հողամասի հատուցման գինը ներառում է նաև օրենքով սահմանված հարկերը: Հատուցման գինը որոշվելուց հետո, անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն, տրվում են համապատասխան դրամական փոխհատուցումներ, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում` այլ գույք:
Իրացվող բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող անձանց այլ բնակտարածությամբ փոխհատուցում ստանալու համաձայնության առկայության դեպքում ցանկությունը կիրականացվի`
ա) սեփականատերերին` իրացվող բնակարանի գտնվելու վայրի թաղային համայնքի վարչական տարածքի սահմաններում.
բ) պետական սեփականություն հանդիսացող բնակելի նշանակության գույքի վարձակալներին` Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում.
գ) մինչև պետության կարիքների համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահը (2001 թ. օգոստոսի 28), այդ թվում` ինքնակամ կառույցներում հաշվառված (գրանցված) անձանց և նրանց անչափահաս երեխաներին տրամադրվում է աջակցություն յուրաքանչյուր անձին 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, ծննդյան վկայական կամ հաշվառումը վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք):
8. Իրացման գոտում գտնվող անշարժ գույքի` հողամասի, շենքերի, շինությունների հատուցման գինը որոշելու համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի շուկայական արժեքը, որը որոշվում է անկախ լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը կամ պետական գույքի վարձակալները կազատեն տարածքը գնային առաջարկն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անշարժ գույքի և հողամասի հատուցման գնի հաշվարկն իրականացվում է հետևյալ կարգով`
ա) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է մինչև 3500,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա նրանց, որպես խրախուսում, տրամադրվում է 7000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և գույքի շուկայական արժեքի տարբերությունը.
բ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 3501,0-5000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքի 100 տոկոսը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի կրկնապատիկը.
գ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 5001,0-40000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից հանած 5000,0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի և դրա մեջ ներառված յուրաքանչյուր (մինչև) 1000,0 ԱՄՆ-ի դոլարի համար` 2 տոկոս` 100 տոկոսից նվազեցված արտադրյալը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը.
դ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը գերազանցել է 40000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից 5000,0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի 30 տոկոսը:
Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը, ինչպես նաև որպես լրացուցիչ օժանդակություն կարող է վճարվել հանրագումարի մինչև 15 տոկոսի չափով հավելում.
ե) սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետով սահմանված` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար աջակցության գումարը կազմում է 1500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ միայնակ անձանց` 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
զ) եթե սեփականատերերին վճարվելիք անշարժ գույքի շուկայական արժեքը, ներառյալ խրախուսման գումարը, ցածր է օգտագործողների` սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետով սահմանված աջակցության գումարից, ապա սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին վճարվում է սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետով սահմանված հաշվարկով:
9. Եթե անշարժ գույքի և հողամասի սեփականատերը կամ մինչև պետության կարիքների համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահը (Հյուսիսային պողոտայի համար` մինչև 2001 թ. օգոստոսի 28-ը), այդ թվում` ինքնակամ կառույցներում հաշվառված (գրանցված) անձինք և նրանց անչափահաս երեխաներն օտարման առաջարկությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չեն ազատում իրացման ենթակա տարածքը, ապա սույն կարգի 8-րդ կետով սահմանված խրախուսումը չի իրականացվում:
10. Իրացման գոտում գտնվող հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց, որպես դրամական փոխհատուցում, տրվում է տվյալ հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքը` հաշվարկված Հյուսիսային պողոտայի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի N 645 որոշման ընդունման ժամկետից (այլ գոտիների համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահից) մինչև վարձակալության ժամկետի ավարտն ընկած ժամանակամիջոցի համար:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի արժևորման և գնահատման համար տվյալ հողամասը դիտվում է որպես սեփականություն և գնահատվում է նրա լավագույն ու արդյունավետ օգտագործման արդյունքում շուկայական արժեքը` եկամտաբերության մեթոդում կիրառելով 15,0 տոկոս կապիտալիզացման գործակից:
Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքի (հատուցման գնի) որոշման համար հողամասի շուկայական արժեքի նկատմամբ կիրառվում են տարաժամկետ մնացորդային վարձակալության (օգտագործման) հետևյալ գործակիցները`
ա) մինչև 2 տարի` 0,1,
բ) 3-10 տարվա համար` 0,12,
գ) 11-25 տարվա համար` 0,14,
դ) 26 տարի և ավելիի համար` 0,16 գործակիցները: