ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
13 մարտի 1996 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,
i
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 101 հոդվածի 1-ին կետով և 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 25 հոդվածի 1-ին կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` քննության առնելու և որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքած կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը և գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պ ա ր զ ե ց.
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի մարտի 4-ին, Վաշինգտոնում:
Կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրի հիման վրա Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի գումարը կազմում է 40 միլիոն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար, որը ներկայումս կազմում է մոտ 59 միլիոն ԱՄՆ-ի դոլար:
Վարկը տրամադրված է անտոկոս, 35 տարի ժամկետով` 1996-2030 թվականներ, տասը տարի արտոնյալ ժամկետով` մարումը սկսելով 2006 թվականից:
Վարկի մարման ժամկետները և կարգը նախատեսված են համաձայնագրի 2.07 բաժնում, համաձայն որի 2006-2015 թվականներին, ըստ կիսամյակների, կապահովվի տարեկան վճար` տրամադրված վարկի 1,25 տոկոսի չափով, 2015-2030 թվականներին` տրամադրված վարկի 2,5 տոկոսի չափով:
Կառուցվածքային բարեփոխումների վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է արդեն իսկ բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար` որոշակի պայմաններով, որոնք շարադրված են համաձայնագրի 5 հոդվածում և համաձայնագրին կից 1, 2 և 3 ժամանակացույցերում:
Համաձայնագրի II և III հոդվածներում շարադրված են վարկի գումարների տրման, դրանց մարման հետ կապված պայմանները և ժամկետները, ինչպես նաև նշված են վարկային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող հնարավոր տույժերի տեսակները:
i
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, սահմանադրական դատարանը ո ր ո շ ե ց.
i
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թվականի մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: