(ուժը կորցրել է 18.06.2020 թիվ 1002-Ն որոշում)
i
040.1723.121102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1723-Ն
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1723-Ն որոշման
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները:
2. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3. Մաքսային ծառայության փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
4. Համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին` տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող:
5. Մաքսային մարմինը փորձաշրջան անցնող անձին տրամադրում է համապատասխան օրենսդրական ակտեր, ապահովում տեխնիկական միջոցներով` աշխատանքային համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար:
6. Փորձաշրջանի ավարտից յոթ օր առաջ`
ա) փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին.
բ) փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին:
7. Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում ամփոփում է փորձաշրջանի արդյունքներն ու մաքսային վերադաս մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն` կցելով սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:
8. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձի փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և, համաձայն գործող օրենսդրության, տվյալ անձին հրամանով ազատում աշխատանքից: