08.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 51-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ:»:
i
Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`
1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
2. Մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա` անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:
3. 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է, դրանց վրա բռնագանձում տարածելով, պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար` անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:
4. Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:
5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:
6. Պարտապանի ամուսնու` սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:»:
i
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. առաջին նախադասությունը «մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով,
բ. 1-ին մասի երկրորդ նախադասության «կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը» բառերը փոխարինել «մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը» բառերով.
2) 3.1-ին մասը «լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածից հանել «և գործազրկության» բառերը:
i
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5-րդ կետը «սոցիալական աջակցություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ դրամական գումարը բռնագանձման ենթակա չէ.»:
i
Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:»:
Հոդված 7 |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-236-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հունիսի 2024 թվական: