020.0355.090402
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 ապրիլի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1993 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Թիվ 1 արձանագրությունն ստորագրվել է 1993 թվականի նոյեմբերի 4-ին` Ստրասբուրգում: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2002 թվականի հունվարի 29-ին` Ստրասբուրգում:
Արձանագրությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվում 1987թ. նոյեմբերի 26-ին ստորագրված և Հայաստանի կողմից 2001թ. նոյեմբերի 7-ին վավերացված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայում: Արձանագրության նպատակն է` ընդլայնել վերոհիշյալ կոնվենցիայի մասնակից պետությունների շրջանակը` մասնակցության հնարավորություն տալով նաև Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին: Արձանագրությամբ սահմանվում է այդ պետությունների` վերը նշված կոնվենցիային միանալու, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեում նրանց ներկայացուցիչներին ընդգրկելու կարգը, Կոմիտեի գործունեության ընդհանուր հաշվետվությունը` գաղտնիության կանոնների պահպանմամբ, նաև Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետություններին ներկայացնելու պարտավորությունը: Արձանագրությամբ նախատեսված են վերջինիս ուժի մեջ մտնելու կարգը և ժամկետը, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին յուրաքանչյուր նոր մասնակից պետության մասին ծանուցելու` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պարտավորությունը:
Սույն արձանագրության վավերացումով Հայաստանի Հանրապետությունը փաստորեն իր համաձայնությունն է տալու Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետությունների ներգրավմանը խոշտանգումների կանխարգելման գործում, որով հաստատելու է սահմանադրորեն ամրագրված իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1993 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ-355