ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 փետրվարի 2022 թվականի N 319
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների մոտ գործունեության սպասարկումից առաջացող եկամուտները ենթակա են հարկման, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն` ծառայությունը գործողություն է, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում: Միաժամանակ, նույն հոդվածի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան` ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով: Հարկման հատուկ համակարգերից շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի),
i
- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,
i
- 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ կազմակերպությունների, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այնուհետ` ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնական եկամուտների,
i
- 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն,
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,
i
- 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունների արժեքները (այդ թվում` սպասարկման վճարները) ներառվում են համախառն եկամտում, իսկ շրջանառության հարկի հաշվարկման նպատակով` շրջանառության հարկով հարկման բազայում, որոնց մասով շահութահարկը կամ շրջանառության հարկը հաշվարկվում են օրենսգրքի համապատասխանաբար 6-րդ (Շահութահարկը) բաժնին և 55-րդ (Շրջանառության հարկը) գլխին համապատասխան:
i
Միաժամանակ, հայտնում ենք, որ ԱԱՀ վճարողի կողմից օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ` այդ թվում սպասարկման ծառայությունների մատուցման գործարքներ, իրականացնելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ