ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 հուլիսի 2021 թվականի N 213
ՀԵՌԱՎԱՐ ԿԵՐՊՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը աշխատանքները կատարում է հեռավար կերպով ՀՀ տարածքից դուրս, արդյո՞ք այդ պարագայում կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակցի աշխատավարձը վճարել իր բանկային դրամային հաշվից աշխատակցի արտարժութային հաշվին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագրում աշխատավարձի չափը սահմանված է ՀՀ դրամով:
Պատասխան
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`
i
- 1-ին հոդվածին համապատասխան` նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,
i
- 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի,
i
- 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում և իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի,
i
- 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի,
i
- 7-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները կարող են իրականացվել նաև արտարժույթով, եթե այդ գործարքները իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև,
i
- 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում նույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի կիրառման բնագավառում ծագած մի շարք հարցեր (մասնավորապես` «ՀՀ տարածք» հասկացության հետ կապված, գործարքը ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս իրականացված համարելու հետ կապված) պարզաբանված են ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 11.11.2005թ. «Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքներով գործարքների իրականացման վերաբերյալ» N3 պաշտոնական պարզաբանմամբ, որի 9-րդ կետին համապատասխան` ՀՀ տարածքում աշխատավարձի վճարումն իրականացվում է ՀՀ դրամով:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` աշխատավարձը վճարվում է ՀՀ արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ` բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության և ֆիզիկական անձանց (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ) միջև ՀՀ տարածքում ծագած (ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում) աշխատանքային հարաբերությունների (անկախ աշխատանքները այլ պետությունում կատարելու հանգամանքից) դիմաց աշխատավարձի փոխանցումը (վճարումը) պետք է իրականացվի ՀՀ դրամով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ