ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
28 դեկտեմբերի 2020 թվականի N 118
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը ԵՏՄ անդամ պետությունից ներմուծում է ապրանքներ: Համաձայն մատակարար կազմակերպության հետ ունեցած պայմանագրի ապրանքների սեփականության իրավունքը գնորդին է անցնում ապրանքների զննումից հետո, որբ ստորագրվում է ապրանքների ընդունման համապատասխան փաստաթուղթը և նույն օրն ապրանքները հաշվառման են անցնում պահեստում: Արդյունքում ստացվում է, որ ապրանքների ներմուծման ամսաթիվը (ՀՀ պետական սահմանը հատելու օրը) տարբերվում է ապրանքների սեփականության իրավունքի փոխանցման (ապրանքների հաշվառման) օրվանից:
Վերոնշյալ դեպքում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագիրը ո՞ր ամսաթվով պետք է կազմվի և ներկայացվի ՊԵԿ` ՀՀ պետական սահմանը հատելու օրով, թե՞ սեփականության իրավունքի անցնելու օրով:
Ներմուծման հարկային հայտարարության 13-րդ սյունակում որպես ապրանքների հաշվառման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է արտացոլվի` ՀՀ պետական սահմանը հատելու օրով, թե՞ սեփականության իրավունքի անցնելու օրով:
Ներմուծված ապրանքների հարկման բազան որոշելու համար որպես միջին փոխարժեք որ ամսաթվի դրությամբ սահմանված միջին փոխարժեքն է պետք հիմք վերցնել:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի` կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
i
- 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում նույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում` գործարքին կամ գործառնությանը վերաբերող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ` ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
i
- 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
i
- 77-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
i
- 78-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ՄԱՀ-ի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
i
ՀՀ ՊԵԿ նախագահի 18.12.2017թ. N 424-Ն հրամանի N 2 հավելվածով հաստատված ներմուծման հարկային հայտարարագրի լրացման կարգի 13-րդ կետի համաձայն` հայտարարագրի 8-րդ կետում լրացվում է ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը, ամիսը, տարին (գործարքի ամսաթիվ): Ընդ որում, այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, ներմուծման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու ամսաթիվը:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 14-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի վճարման նպատակով հարկման բազան որոշվում է ներմուծված ապրանքները հարկ վճարողի մոտ հաշվառման վերցնելու ամսաթվով (սակայն ոչ ուշ, քան այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որի տարածք ներմուծվում են ապրանքները)` հիմք ընդունելով ձեռքբերված ապրանքների արժեքը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
i
1) ՀՀ ՊԵԿ նախագահի 18.12.2017թ. N 424-Ն հրամանի N 2 հավելվածով հաստատված ներմուծման հարկային հայտարարագրի լրացման կարգի 13-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, հայտարարագրի 8-րդ կետում ներմուծման օրը լրացնելու համար հիմք է ընդունվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու ամսաթիվը,
2) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությամբ սահմանված են ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության լրացման կանոնները: Տվյալ դեպքում ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության 13-րդ կետում` ապրանքի հաշվառման ամսաթիվ, նշվում է ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին փոխանցելու ամսաթիվը,
3) եթե գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնում է ՀՀ տարածքում, ապա գնորդը կրում է ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ և 78-րդ հոդվածի 8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում: Ընդ որում, տվյալ դեպքում ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաների և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ` ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված ապրանքների ձեռքբերման արժեքի մեջ չներառված ծախսերի հաշվառման մասով կիրառվում է օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով սահմանված կարգավորումը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ