040.1057.010917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2017 թվականի N 1057-Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 1 ՀԱՏՈՒԿ (ՕԺԱՆԴԱԿ) ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 26.210.02145) վերանվանել «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Ստեղծել «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ալավերդու մասնաճյուղ:
3. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ` տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի`
1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:
4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
i
5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը.
2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) հաստատել սույն որոշումից բխող կազմակերպության նոր խմբագրված կանոնադրությունը:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) ապահովել կազմակերպությունում սովորող աշակերտների հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպության Ալավերդու մասնաճյուղին հատկացվող տարածքի և գույքի վերաբերյալ:
8. Կազմակերպության անվանափոխության և Ալավերդու մասնաճյուղի ստեղծման հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ