(ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 1994 թ. թիվ 45
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն վաճառքի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի միասնական կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտուրը (անկախ սեփականության ձևից) կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից տրված լիցենզիաների հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և առևտուրն արգելող հիմնավորումները:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի վարձավճարի չափը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 15-ի «Տրանսպորտային միջոցների առուծախի կամ փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) նոր կարգի մասին» թիվ 512 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 22-ի թիվ 45 որոշմամբ
i
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ
1. Ավտոմեքենաների, մոտոցիկլետների և դրանց շարժական տեխնիկայի (այսուհետև` մեքենաներ և մոտոցիկլետներ) կոմիսիոն առևտուրը կազմակերպվում է հատուկ մասնագիտացված կոմիսիոն խանութների միջոցով (անկախ սեփականության ձևից):
2. Կոմիսիոն վաճառքի են ընդունվում ինչպես տեխնիկապես սարքին, այնպես էլ տեխնիկապես անսարք մեքենաները և մոտոցիկլետները:
3. Մեքենաները և մոտոցիկլետները վաճառքի են ընդունվում ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այնպես էլ պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, որոնց այդ մեքենաները և մոտոցիկլետները պատկանում են սեփականության, լրիվ կամ մասնակի տնտեսավարման իրավունքով, կամ նոտարական գրասենյակների կողմից սահմանված կարգով նրանց տրված լիազորագրերի հիման վրա:
Մեքենան և մոտոցիկլետը վաճառքի հանձնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կոմիսիոն խանութին պարտավոր են ներկայացնել իրենց անձնագրերը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Կոմիսիոն խանութներում` որպես մեքենայի գնորդ, մեքենա գնելիս, կարող են հանդես գալ 18 և բարձր տարիքի, իսկ մոտոցիկլետների գնորդ` 16 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:
4. Մեքենաների ու մոտոցիկլետների սեփականատերեր հանդիսացող քաղաքացիներին իրավունք է վերապահվում իրենց պատկանող տրանսպորտային միջոցները կոմիսիոն խանութների միջոցով վաճառելու առանց նշելու գնորդին (կամ նրանց հայեցողությամբ ցանկացած գնորդի) և սահմանելու վաճառքի գին:
i
5. Կոմիսիոն խանութը մեքենաների և մոտոցիկլետների վաճառքի ձևակերպման համար կոմիտենտից (լիազորված անձից) գանձում է կոմիսիոն վարձահատույց, որի չափը որոշելիս հիմք է հանդիսանում հատուկ հանձնաժողովի կողմից մեքենաների և մոտոցիկլետների գնահատման գինը. ընդ որում մինչև 1992 թվականի արտադրության մեքենաների (մոտոցիկլետների) գնահատման գինը պետք է լինի ոչ պակաս, քան նախկին ԽՍՀՄ գների պետական կոմիտեի կողմից մինչև 1992 թվականի հունվարի 1-ը հաստատված մանրածախ գների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման կարգի հաստատման մասին» թիվ 394 որոշմամբ հիմնական ֆոնդերի վերագնահատման ներքոհիշյալ գործակիցների կիրառման հաշվարկված գինը, իսկ 1992-1993 թվականների արտադրության մեքենաների (մոտոցիկլետների) գնահատման գինը պետք է լինի տվյալ ժամանակաշրջանում գործող արտադրության ազատ բացթողման գնի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 29-ի թիվ 394 որոշմամբ` հիմնական ֆոնդերի վերագնահատման նշված գործակիցների կիրառմամբ հաշվարկված գինը: Մեքենաների և մոտոցիկլետների մնացորդային արժեքի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում դրանց թողարկման տարեթիվը, վազքը, տեխնիկական վիճակը և մաշվածությունը, որը պետք է լինի գնահատման գնի 20 տոկոսից ոչ պակաս:
--------------------------------------------------------------------------
թիվ Հիմնական ֆոնդերի Ծածկագիրը Ձեռք են բերվել`
ը/կ խոշորացված խմբերը (շիֆրը) -----------------------
մինչև
1992թ. 1992թ. 1993թ.
--------------------------------------------------------------------------
1. Ավտոտրանսպորտի շարժակազմ
բեռնատար 50400-50414 150 5 1
մարդատար (թեթև) 50415-50419 135 18 1
ավտոբուս 50420-50428 150 10 1
2. Մոտոցիկլետներ 60 7 1
Մեքենաների և մոտոցիկլետների գնահատման գնի 3 տոկոսը որպես կոմիսիոն վարձահատույց անհատ քաղաքացիների կողմից մուծվում, իսկ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների (հիմնարկների, ձեռնարկությունների) կողմից փոխանցվում է կոմիսիոն խանութի հաշվարկային հաշվին, որից 70 տոկոսը 10-օրյա ժամկետում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը մնում է կոմիսիոն խանութին ծախսերի ծածկման և շրջանառու միջոցների համալրման համար:
Մեքենաների և մոտոցիկլետների գնահատման, լրակազմության և տեխնիկական վիճակի վերաբերյալ ակտ կազմող հանձնաժողովի անհատական կազմը որոշվում է Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից:
6. Մեքենաները (առանց կոնկրետ գնորդը նշելու) և մոտոցիկլետները վաճառքի ընդունելիս լրացվում է ընդունման անդորրագիր (սույն կանոնների թիվ 1 հավելված), *) որտեղ նշվում են մեքենայի (մոտոցիկլետի) մակնիշը, մոդելը, լրակազմությունը, արտադրության տարեթիվը, տեխնիկական վիճակը, մեխանիկական վնասվածքները և այլն: Անդորրագիրն ստորագրվում է կոմիսիոն խանութի տնօրենի և կոմիտենտի (լիազորված անձի) կողմից:
Եթե մեքենան սեփականատիրոջ ցուցումով վաճառվում է կոնկրետ գնորդի, ապա կազմվում է ակտ (սույն կանոնների թիվ 2 հավելված), որտեղ նշվում են մեքենաների մակնիշը, մոդելը, տեխնիկական անձնագրի համարը, շարժիչի, ամրաշրջանակի, թափքի համարները, արտադրության տարեթիվը, կատարած վազքը (կմ), թափքի վրա եղած թերություններն ու մեխանիկական վնասվածքները, հանգույցների, ագրեգատների տեխնիկական վիճակը, մաշվածության տոկոսը և այլն:
Նույնատիպ ակտ է կազմվում նաև ոչ սարքին կամ բնական աղետից, դժբախտ պատահարից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինների կողմից գրանցված վթարներից վնասված մեքենաներն առանց կոնկրետ գնորդը նշելու, վաճառքի ընդունելիս:
Մեքենաները և մոտոցիկլետները վաճառքի ընդունելիս ձևակերպվում է ապրանքային պիտակ, որը ստորագրում է կոմիտենտը (լիազորված անձը):
7. Մեքենաները և մոտոցիկլետները վաճառքի ընդունելիս դրանց տեխնիկական վիճակի և լրակազմության ստուգումը կատարվում է կոմիտենտի (լիազորված անձի) մասնակցությամբ, անկախ վաճառքի ձևից:
8. Արտասահմանյան արտադրության մեքենաների գնահատման ժամանակ հանձնաժողովը ղեկավարվում է ցանկով: *)
9. Եթե առանց կոնկրետ գնորդը նշելու վաճառքի ընդունված մեքենան կամ մոտոցիկլետը չի իրացվել 15 օրացուցային օրվա ընթացքում, ապա կոմիտենտի (լիազորված անձի) հետ համաձայնեցնելուց հետո իջեցվում է դրա վաճառքի գինը:
Հաջորդ 15 օրացուցային օրը (չհաշված վերագնահատման օրը) լրանալուց հետո մեքենայի գինն իջեցվում է հանձնաժողովի կողմից կոմիտենտի (լիազորված անձի) ներկայությամբ և համաձայնությամբ` սույն կանոնների 6-րդ կետում նշված ընդունման անդորրագրով:
Եթե կոմիտենտը (լիազորված անձը) առանց հարգելի պատճառի չի ներկայացել կամ ունի առարկություն գնի իջեցման վերաբերյալ, ապա մեքենան կամ մոտոցիկլետը հանվում է վաճառքից ու հետ է վերադարձվում կոմիտենտին (լիազորված անձին):
Կոմիտենտը (լիազորված անձը) իրավասու է կոմիսիոն վաճառքի ժամանակ իջեցնել իր մեքենայի կամ մոտոցիկլետի վաճառքի գինը:
10. Կոմիսիոն խանութը վաճառքի է ընդունում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինների կողմից սահմանված կարգով գրանցված մեքենաներն ու մոտոցիկլետները:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված մեքենաները վաճառքի են ընդունվում`
ա) եթե դրանք տեխնիկապես անսարք են, պետավտոտեսչության մարմինների կողմից տրված տեղեկանքով հաստատված վթարի ենթարկված, բնական աղետից, դժբախտ պատահարից վնասված են, հիմնական նորոգման կարիք ունեն և անհնար է տեղափոխել գրանցման վայրը.
բ) մեքենայի սեփականատիրոջ ծանր հիվանդության, մահվան կամ այլ հարգելի դեպքերում, երբ մեքենան անհնար է տեղափոխել գրանցման վայրը:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում մեքենան դուրս է գրվում գրանցման վայրի պետավտոտեսչության հաշվառումից և կոմիսիոն խանութը ավտոմեքենայի սեփականատիրոջը, ժառանգորդին կամ լիազորված անձին տալիս է վաճառքի գրավոր թույլտվություն` նշելով մեքենայի վաճառքի վայրը:
11. Մեքենան հաշվառումից հանելուց հետո վաճառքի ներկայացնելու սահմանային ժամկետը 20 օր է (չհաշված հաշվառումից մեքենայի դուրսգրման օրը): Այդ ժամկետը լրանալուց հետո մեքենան կրկին ներկայացվում է պետավտոտեսչության մարմիններին, որտեղ մեքենայի տեխնիկական անձնագրում նշվում է վաճառքի ներկայացնելու ժամկետը:
12. Կոմիսիոն խանութների միջոցով կարող են իրացվել նաև կազմակերպությունների, հիմնարկների և ձեռնարկությունների շահագործումից հանված մեքենաները:
13. Կոմիսիոն խանութներն առանց տեխնիկական անձնագրի վաճառքի են ընդունում`
ա) տիրազուրկ, բռնագրավված, ժառանգության իրավունքով պետությանն անցած և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմիններից ստացած տեխնիկապես սարքին և անսարք մեքենաները և մոտոցիկլետները: Այս դեպքում մեքենաների (մոտոցիկլետների) հետ պետք է ներկայացվի նաև տեղեկանք պետավտոտեսչությունում դրանց գրանցման վերաբերյալ (բացի Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններից ստացածներից).
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հանրապետությունում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից շահագործումից հանված մեքենաները.
գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող հանրապետության տարածքում վթարի ենթարկված մեքենաները.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ինյուրկոլեգիային պատկանող մեքենաները:
Նշված մեքենաները և մոտոցիկլետներն առանց տեխնիկական անձնագրի վաճառքի ներկայացնելիս պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթերի (դատական մարմինների որոշումների, վճիռների, ակտերի, տեղեկանքների, լիազորագրերի) պատճենները երկու օրինակից:
Նշված փաստաթղթերի մեկ օրինակը վաճառքի ժամանակ կոմիսիոն խանութի կողմից տրվում է գնորդին` պետավտոտեսչության մարմիններին ներկայացնելու համար:
14. Եթե կոմիտենտը իրավաբանական անձ է, ապա նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է ստանալու վերադաս կառավարման մարմնի թույլտվությունը:
Եթե մեքենաները և մոտոցիկլետները բերվել են օտարերկրյա պետություններից, ապա կոմիսիոն խանութի կողմից ստուգվում է դրանց տեխնիկական անձնագրերում պետավտոտեսչության մարմինների կատարած մաքսային ձևակերպման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշումը:
Եթե պետավտոտեսչության մարմինների նշումը բացակայում է, ապա մեքենաները և մոտոցիկլետները վաճառքի չեն ընդունվում:
15. Ինքնաշեն մեքենաների, մոտոցիկլետների, սպորտային մեքենաների, մոտոցիկլետների, ինչպես նաև տրանսպորտային այն միջոցների, որոնց վրա տեղադրված հանգույցներն ու ագրեգատները չեն համապատասխանում իրենց մակնիշին և մոդելին` եթե այդ մասին չի նշված մեքենայի կամ մոտոցիկլետի տեխնիկական անձնագրում, կոմիսիոն վաճառքի ընդունումն արգելվում է:
1. Գրավ դրված մեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն վաճառքն արգելվում է:
17. Մեքենաները և մոտոցիկլետները վաճառքի ցուցադրելու համար կոմիսիոն խանութ են բերվում կոմիտենտի միջոցով և նրա հաշվին:
18. Մեքենան կամ մոտոցիկլետը վաճառքի ներկայացնելիս կոմիտենտը պարտավոր է կոմիսիոն խանութին ներկայացնել մեքենայի կամ մոտոցիկլետի տեխնիկական անձնագիրը` ավտոմեքենան կամ մոտոցիկլետը գրանցումից հանելու և կոմիսիոն հիմունքներով վաճառքի ներկայացնելու վերաբերյալ պետավտոտեսչության մարմինների նշումով:
19. Մեքենաների և մոտոցիկլետների հանգույցները, ագրեգատները, պահեստամասերը, որոնք հետագա շահագործման կամ նորոգման համար պիտանի են, վաճառքի են ընդունվում ինչպես քաղաքացիներից, այնպես էլ պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից: Ընդ որում, համարակալված ագրեգատները վաճառելիս, եթե կոմիտենտը քաղաքացի է, պարտավոր է կոմիսիոն խանութին ներկայացնել իր անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և պետավտոտեսչության ու պետական տեխնիկական վերահսկողության վարչության մարմինների կողմից ագրեգատի պատկանելիությունը կամ համարակալված պահեստամասերի գնումը հաստատող հաշիվ-տեղեկանքը:
Համարակալված ագրեգատները (փոխանցման տուփերը, բաշխիչ տուփերը, առջևի և հետևի կամրջակները, կարդանային լիսեռները) վաճառելիս կոմիսիոն խանութները գնորդին տալիս են սահմանված ձևով լրացված հաշիվ-տեղեկանք, իսկ այլ հանգույցներ և դետալներ վաճառելիս` գնորդին տրվում է ապրանքային չեկ:
20. Կոմիսիոն խանութների աշխատողները պարտավոր են մանրազնին ստուգել կոմիտենտի (լիազորված անձի) կողմից ներկայացված փաստաթղթերը, համեմատել տեխնիկական անձնագրում նշված տվյալները մեքենայի կամ մոտոցիկլետի հանգույցների և ագրեգատների փաստացի տվյալների հետ:
Փաստաթղթում կեղծիքի կամ հանգույցների և ագրեգատների համարների անհամապատասխանության բացահայտման դեպքում նրանք պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել ներքին գործերի մարմիններին:
21. Վաճառքի ընդունված մեքենային կամ մոտոցիկլետին կապարակնիքով փակցվում է ապրանքային պիտակ: Մեքենայի դիմապակու ներսի կողմից սահմանված կարգով հաստատված գնապիտակ` գլխատառերով:
Տեսանելի տեղում կոմիսիոն խանութի ղեկավարությունը փակցնում է հայտարարություն վաճառքում եղած մեքենաների կամ մոտոցիկլետների վերաբերյալ:
22. Կոմիսիոն խանութները կարող են առանձին դեպքերում (նվիրատվություն, ժառանգություն, գույքի բաժանում, փոխանակում և այլն) կատարել մեքենայի կամ մոտոցիկլետի գնահատում` գանձելով մեքենայի կամ մոտոցիկլետի գնահատման գնի 0,1 տոկոսը: Եթե մեքենան կամ մոտոցիկլետը դուրս է բերվում հանրապետությունից, ապա մաքսային մարմինները մաքսատուրք գանձելու համար տալիս են ուղեգիր (սույն կանոնների թիվ 3 հավելված):
23. Կոմիտենտը կարող է վաճառքից հանել իր մեքենան կամ մոտոցիկլետը: Մեքենան կամ մոտոցիկլետը հետ վերցնելիս, կոմիտենտը պարտավոր է ներկայացնել դիմում կոմիսիոն խանութի տնօրենի անունով, խանութի կողմից նրան տրված ընդունման անդորրագիրը, իր անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Այս դեպքում կոմիտենտից գանձվում է պահպանման ծախս` մեքենայի կամ մոտոցիկլետի գնահատման գնի առաջին ամսվա համար 0,3 տոկոսի, իսկ յուրաքանչյուր հաջորդ լրիվ և ոչ լրիվ ամսվա համար` 0,5 տոկոսի չափով:
Մեքենան կամ մոտոցիկլետը հետ վերադարձնելիս կոմիտենտին վերադարձվում է նաև դրա տեխնիկական անձնագիրը:
24. Մեքենան կամ մոտոցիկլետը վաճառելիս գնորդին թույլատրվում է և պայմաններ ստեղծվում դրանք փորձարկելու համար: Վառելանյութի և քսանյութերի արժեքը փոխհատուցվում է գնորդի կողմից:
25. Կոմիսիոն հիմունքներով գնված մեքենաները և մոտոցիկլետները հետ չեն վերցվում:
Գնված մեքենաների և մոտոցիկլետների որակը կոմիսիոն խանութը չի երաշխավորվում:
26. Մեքենայի (մոտոցիկլետի) առուծախի գործարքը ձևակերպելուց հետո, մեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում կատարվում է գրառում` «Մեքենան (մոտոցիկլետը) վաճառված է -----------հաշիվ- -տեղեկանքի հիման վրա»: Սույն գրառումը հաստատվում է խանութի տնօրենի ստորագրությամբ, կնիքով, նշվում է վաճառքի տարեթիվը:
Կոմիսիոն խանութը գնորդին պարտավոր է տալ մեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիրը, հաշիվ-տեղեկանքը (սույն կանոնների թիվ 4 հավելված) և պետական համարանիշը, որը խանութն ստանում է պետավտոտեսչության մարմիններից:
Եթե մեքենան վաճառքի է ընդունվել առանց տեխնիկական անձնագրի ( սույն կանոնների 13-րդ կետում նախատեսված դեպքերում), ապա վաճառելիս հաշիվ-տեղեկանքի դարձերեսին նշվում է` «Ավտոմեքենան ընդունվել և վաճառվել է առանց տեխնիկական անձնագրի»:
27. Կոմիսիոն խանութում մեքենաների, մոտոցիկլետների, համարակալված հանգույցների (ագրեգատների) վաճառքի ընդունումը և վաճառքը գրանցվում է հաշվառման մատյանում (սույն կանոնների թիվ 5 հավելված): Մատյանի պահպանման ժամկետը 10 տարի է:
Երբ կոմիտենտը (լիազորված անձը) չի ներկայանում գումարը ստանալու, ապա կոմիսիոն խանութն իր հաշվեկշռում երեք տարի ժամկետով պահելու, ապա կոմիսիոն խանութն իր հաշվեկշռում երեք տարի ժամկետով պահպանում է այդ գումարը, որից հետո փոխանցում պետական բյուջե:
28. Մեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն վաճառքի ձևակերպումը և հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից սահմանված կարգով:
29. Գնորդի կողմից գնված մեքենայի (մոտոցիկլետի) վերաբերյալ հաշիվ-տեղեկանքը կորցնելու դեպքում խանութը գնորդի գրավոր դիմումի, այդ մասին պետավտոտեսչության, մարմինների հարցման կամ մամուլում կատարված հայտարարության հիման վրա տալիս է նոր հաշիվ-տեղեկանք` նոր սերիայով, համարով և տրման տարեթվով: Նոր հաշիվ-տեղեկանքը հաստատվում է կոմիսիոն խանութի տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Կրկնօրինակի սերիան և համարը գրանցվում են հաշվառման մատյանում:
30. Կոմիսիոն խանութներում տեսանելի տեղերում փակցվում են սույն կանոնների, ինչպես նաև պետավտոտեսչության մարմինների կողմից ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման և ձևակերպման մասին քաղվածքներ: