19.06.2004 - 01.01.2005
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը |
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:
4. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`
- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.
- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.
- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:
5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:
i
Հոդված 2. |
Կենտրոնական բանկի իրավասությունը |
1. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորություններ:
2. Կենտրոնական բանկը վարում է իր ակտերի գրանցումների մատյանը:
3. Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր:
Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նորմատիվ և անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի նախագահը` անհատական և ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ:
4. Կենտրոնական բանկի ընդունած կարգավորման ռեժիմը խստացնող, լրացուցիչ կամ ավելի խիստ պատասխանատվություն սահմանող նորմատիվ բնույթի ակտերը հետադարձ ուժ չունեն:
(2-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 3. |
Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի գրանցումը և հրապարակումը |
(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.04.2004 թվականից` 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
i
Հոդված 4. |
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը |
1. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
2. Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ:
i
Հոդված 5. |
Կենտրոնական բանկի խնդիրները |
1. Կենտրոնական բանկի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
i
բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:
i
2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`
i
ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.
գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
դ) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.
ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի, այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.
զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.
է) իրականացնում է դրամավարկային և ֆինանսական վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը:
(5-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 29.05.02 ՀՕ-371-Ն օրենքներ)
i
Հոդված 6. |
Դրամավարկային քաղաքականության ծրագիրը |
1. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
2. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներառում է`
- տնտեսական իրավիճակի վերլուծությունը և կանխատեսումը` կապված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և պետական բյուջեի ցուցանիշների հետ.
- շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և վարկային ներդրումների առավելագույն սահմանաքանակը.
- տոկոսադրույքների և փոխարժեքի մակարդակը.
- դրամավարկային կարգավորման մեթոդները.
- օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթներ:
(6-րդ հոդ. փոփ. 18.03.98 ՀՕ-209 օրենք)
Հոդված 7. |
Պետական մարմինների հետ համագործակցությունը |
1. Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ:
2. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության մասին:
3. Կենտրոնական բանկը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին: Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ:
i
4. Կենտրոնական բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ:
Հոդված 8. |
Միջազգային համագործակցությունը |
Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, միջազգային և օտարերկրյա բանկերում, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում, օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր:
i
Հոդված 9. |
Ավանդային և վարկային գործառնությունները |
1. Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները:
2. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր:
(9-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 10. |
Բաց շուկայական գործառնությունները |
1. Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կարող է ֆինանսական շուկայում ձեռքբերել և օտարել ինչպես պետական, այնպես էլ հուսալի այլ արժեթղթեր:
2. Կենտրոնական բանկը չի կարող առաջնային տեղաբաշխման ընթացքում իր հաշվին ձեռքբերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր: Պետական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել դրանք այլ պետությունների Կենտրոնական կամ առաջնակարգ բանկերի հանձնարարությամբ և նրանց հաշվին:
3. Ելնելով իր հիմնական խնդրից` Կենտրոնական բանկը բաց շուկայական գործառնություններ իրականացնելու նպատակով կարող է թողարկել կարճաժամկետ` մինչև մեկ տարի մարման ժամկետով արժեթղթեր` կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:
(10-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. |
Կենտրոնական բանկի կապիտալը |
1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը:
2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ:
3. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց:
4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն: Մինչև այդ պարտատոմսերի լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով ընթացիկ շուկայական տոկոսադրույքից:
(11-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը |
1. Կենտրոնական բանկի շահույթը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա համար, հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան` որպես տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների և կատարված բոլոր ծախսերի (ներառյալ կորուստների) տարբերություն:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13 հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած եկամուտներն ու ծախսերը:
2. Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները`
ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը.
բ) ուղղվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված պարտատոմսերի մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով:
3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե:
(12-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 13. |
Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները |
1. Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`
ա) տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.
բ) բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.
i
գ) Կենտրոնական բանկի գրանցած բանկերից, այլ հաճախորդներից և պայմանագրային պարտավորություններից գանձած տույժերը (այդ թվում` բանկերի կողմից պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու համար) ու տուգանքները.
դ) արտարժույթի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.
ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից բարձր գնով իրացումից և պաշարների իրացումից ստացված եկամուտները.
զ) բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.
է) նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները.
ը) ստացված նվիրատվությունները.
ը.1) ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած գումարները.
թ) սույն օրենքով նախատեսված գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը:
2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:
3. Կենտրոնական բանկի ծախսերն են`
ա) գործառնական ծախսերը, դրանք են`
- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները,
- թղթադրամի, մետաղադրամի և դրամագիտական արժեքների թողարկման, փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ կապված ծախսերը,
- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն և այլ վճարները,
- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և այլ ակտիվների վերագնահատումից առաջացած կորուստները,
- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից ու առքի գնից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և պաշարների վերագնահատման, հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից, ինչպես նաև պաշարների իրացումից առաջացած ծախսերը,
- անհուսալի վարկերի, դեբիտորական պարտքերի, դրամագիտական արժեքների և այլ ակտիվների ապահովման պահուստների ձևավորման և հաշվեկշռից դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը,
- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները,
- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը,
- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը,
- պետական արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը,
- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման և ապահովագրման հետ կապված ծախսերը,
- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր.
բ) վարչական ծախսերը, դրանք են`
- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր),
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
- չնախատեսված ծախսերը (ծախսերի պահուստ):
4. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են`
ա) բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները, այն է`
- աշխատանքային շենքեր, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.
- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.
- Կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ,
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները`
- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում).
- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ.
- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում:
(13-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է Կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, որը ներառում է Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և գործառնական ծախսերի կանխատեսումը: Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:
2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`
ա) դրամավարկային քաղաքականության միջոցով գների կայունությունը ապահովելու և սղաճը կանխելու (զսպելու).
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները պատշաճ կառավարելու և հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու.
գ) միջազգային չափանիշներին համապատասխանող, ամբողջական և գործուն բանկային վերահսկողությունը և կարգավորումը ապահովելու.
դ) հայկական դրամը պատրաստելու, պահպանելու, թղթադրամի և մետաղադրամի օգտագործման անվտանգությունն ապահովելու.
ե) միջազգային չափանիշներին համապատասխանող, գործուն վերահաշվարկային համակարգ ստեղծելու, զարգացնելու և պահպանելու.
զ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև վերոհիշյալ խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարելու:
(14-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 15. |
Հաշվապահական հաշվառումն ու ֆինանսական հաշվետվությունը |
1. Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառումը վարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
2. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար կազմում է ֆինանսական հաշվետվություն հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները ներառում են` տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, շահույթի բաշխման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:
(15-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
i
Հոդված 16. |
Արտաքին աուդիտը |
Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը յուրաքանչյուր տարի վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից: Արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները մինչև երեք տարի ժամկետով ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
(16-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
i
Հոդված 17. |
Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները |
1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`
ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.
բ) հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:
2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված իր խնդիրների իրագործմանը վերաբերող այլ տեղեկատվություն:
(17-րդ հոդ. փոփ. 18.03.98 ՀՕ-209 օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 18. |
Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը |
1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:
2. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Ազգային Ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` յոթ տարի ժամկետով:
3. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
4. Կենտրոնական բանկի նախագահը`
ա) կոորդինացնում և ապահովում է Կենտրոնական բանկի, նրա խորհրդի և խորհրդի անդամների բնականոն աշխատանքը.
բ) նախագահում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը, ստորագրում է Կենտրոնական բանկի խորհրդի ակտերը և խորհրդի նիստերի արձանագրությունները.
գ) կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ ակտերի կատարումը.
դ) ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) հաստատում է Կենտրոնական բանկի աշխատակիցների հաստիքացուցակը.
է) բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատակիցներին.
է.1) ընդունում է անհատական և ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ.
ը) իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
(18-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 19. |
Կենտրոնական բանկի խորհուրդը |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է. Կենտրոնական բանկի նախագահից, նրա տեղակալից և հինգ անդամներից:
i
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ և հետագայում նշանակված բոլոր անդամները` հինգ տարի:
Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված պաշտոնավարման չլրացած ժամկետով:
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գործունեության կոնկրետ ոլորտներում իրեն վերապահված պարտականությունների կատարման համար:
4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20 հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`
ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
բ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
5. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել:
i
Հոդված 20. |
Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը |
Կենտրոնական բանկի խորհուրդը`
ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.
բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.
i
գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների, տրամադրվող վարկերի և ներգրավվող ավանդների սահմանաքանակները և տոկոսադրույքները.
դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորում իրականացնելու կարգն ու պայմանները.
i
ե) ընդունում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը.
զ) Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ որոշում և հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումը.
i
է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.
ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.
i
թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.
i
ժ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից կառավարության վարկավորման կարգը.
ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորման կարգը.
ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.
i
ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.
ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.
ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, դրանց թողարկման և մարման կարգը.
i
ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.
i
ժէ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրա սնանկության վարույթը, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի վերակազմակերպման հետ կապված` օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումները.
ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
ժթ) հաստատում է բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը:
ի) նախնական համաձայնություն է տալիս կամ մերժում է բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը.
իա) հաստատում է բանկերի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող այլ անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը.
իբ) լիցենզավորում է բանկային աուդիտ իրականացնող կազմակերպություններին, սահմանում է բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները.
իգ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համատեղ սահմանում է պետական արժեթղթերի թողարկման և շրջանառության կարգը, պայմանները և կանոնները.
իգ.1) հաստատում է պետական արժեթղթերի պահառության գործունեության, հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, գրավադրման, հետգնման և մարման կարգերը.
իդ) ընդունում է Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները և դրամաշրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերը.
իե) սահմանում է բանկերի կողմից ավանդների վերադարձելիությունն ապահովող բանկային ավանդների երաշխիքային հիմնադրամին երաշխիքային վճարների վճարման չափը, դրանց հաշվարկման կարգը, գանձման պարբերականությունը և իրականացնում է ավանդների վերադարձելիության հետ կապված այլ լիազորություններ.
իզ) հաստատում է Կենտրոնական բանկի պաշտոնական և այլ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը և պայմանները.
իէ) տալիս է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի պարզաբանումները.
իը) սահմանում է բանկերի համար պարտադիր կատարման ենթակա վարկային ռիսկի գնահատման կանոնակարգը, այն անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները, որոնց հաշվեկշիռներն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ).
իթ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
լ) ընդունում է «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում` հաստատում է վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը, սահմանում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգին` վարկային ռեգիստրին վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը և պայմանները.
լ) հաստատում է բանկերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը, կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգը և ձևերը, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկը, դադարեցնում է բանկերի կողմից վարվող հաշիվներով կամ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող այն գործառնությունները, որոնց տերերը կամ գործառնությունների կողմերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ:
(20-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 06.11.01 ՀՕ-256, 29.05.02 ՀՕ-371-Ն, 23.10.02 ՀՕ-427-Ն, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 21. |
Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը |
1. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում են:
2. Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի հրավերն ունեցող անձինք:
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում` Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության նրա տեղակալի ձայնը որոշիչ է:
4. Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ իրենց կարծիքի մանրամասն արտացոլումը:
5. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իր սահմանած աշխատանքի կանոնակարգի համաձայն կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով: Հարցման կարգով որոշումն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված քվեարկության կարգով:
(21-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
i
Հոդված 22. |
Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը |
1. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:
Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
2. Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` խորհրդի մյուս անդամներին, եթե նրանք`
ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.
բ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
գ) թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
ե) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.
զ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից:
Հոդված 23. |
Կենտրոնական բանկի խորհրդի անդամների եկամուտների և շահերի մասին հայտարարությունը |
1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալը և խորհրդի մյուս անդամները առաջադրվելիս և նշանակվելիս, իսկ նշանակումից հետո յուրաքանչյուր տարին մեկ պարտավոր են հրապարակել տեղեկատվություն իրենց եկամտի աղբյուրների, ինչպես նաև իրենց և իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին:
2. Կենտրոնական բանկի խորհրդում սույն հոդվածով նախատեսված շահերի հետ առնչվող որևէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին և չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:
i
Հոդված 24. |
Կենտրոնական բանկի աշխատակիցները |
1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը:
Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոն զբաղեցնող անձինք:
2. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:
3. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված սույն մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:
4. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:
Հոդված 25. |
Վերստուգիչ խումբը և գլխավոր վերստուգիչը |
1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումն է: Վերստուգիչ խմբի աշխատանքը ղեկավարում է գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը`
ա) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.
բ) վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարումը, հաշվապահական հաշվառումը ու հաշիվները.
գ) վերստուգում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը, այլ նման փաստաթղթերը և վավերացնում է դրանք:
3. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին: Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:
(25-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 26. |
Կենտրոնական բանկի խորհրդի անդամների և ծառայողների վարձատրության չափը |
1. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի և խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Կենտրոնական բանկի ծառայողների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը` ելնելով սույն օրենքի 14 հոդվածի երկրորդ մասի դրույթներից: Վարձատրության չափի հաշվարկում ընդգրկվում է ինչպես աշխատավարձը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից տրվող լրացուցիչ վարձատրությունը:
i
Հոդված 27. |
Շահերի բախումը |
1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են օրենքով և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման անհրաժեշտությունից բխող շահերով:
2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել:
Հոդված 28. |
Ծառայողական գաղտնիքը |
1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:
2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ`
ա) Կենտրոնական բանկի նախագահը կամ խորհրդի գրավոր թույլտվությամբ, կամ այն անձի, կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ տեղեկությունը վերաբերում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ արտոնությունը.
բ) օրենքով սահմանված իր պարտավորությունը կամ պարտքը, ներառյալ` դատարանի որոշումը կատարելիս, ինչպես նաև լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունած որոշման հիման վրա:
գ) Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը` բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունների.
դ) Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի մյուս անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու նպատակով:
3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում` Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացման համար նախատեսված կոնկրետ գործիքների կիրառման հնարավորության, ժամկետների և ծրագրերի, ինչպես նաև բանկային վերահսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ`
ա) հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների.
բ) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը, բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը և գաղտնիության տարբեր աստիճանները, ինչպես նաև դրանց օգտագործման և հրապարակման կարգը:
i
Հոդված 29. |
Կենտրոնական բանկի կանոնադրությունը |
Կենտրոնական բանկի կանոնադրությունը սահմանում է Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց ղեկավարների և ծառայողների իրավասության շրջանակը, տարածքային ստորաբաժանումներ հիմնելու, լուծարելու և դրանց գործունեության կարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառավարմանը վերաբերող այլ հարցեր:
(29-րդ հոդ. փոփ. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
i
Հոդված 30. |
Կառավարության բանկային սպասարկումը |
Կենտրոնական բանկի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անվճար իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը:
i
Հոդված 31. |
Խորհրդատվությունը |
Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում` նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ: Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 32. |
Ֆինանսական գործակալը |
Կենտրոնական բանկը կառավարության ֆինանսական գործակալն է`
ա) կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գծով հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու.
բ) պետական բյուջեի և ներքին ու արտաքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային այլ գործառնությունների իրականացման գծով.
գ) Կենտրոնական բանկի խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով:
(32-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 33. |
Տեղեկատվությունը |
1. Կենտրոնական բանկը կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով տրամադրում է կառավարությանը դրամավարկային և սույն օրենքով իր իրավասությանը վերապահված այլ հարցերին առնչվող տեղեկություններ:
2. Բանկային գաղտնիքը կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:
3. Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ`
ա) պետական բյուջեի կատարման, դրա ընթացիկ ծավալների և եկամուտների վերաբերյալ.
բ) պետական փոխառությունների մասին, այդ թվում` դրանց աղբյուրների, ծավալի, տոկոսադրույքի, մարման ժամկետների, այլ պայմանների, փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ.
գ) վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ:
4. Պետական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:
(33-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 34. |
Կառավարության վարկավորումը |
Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. (2-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)
3. (3-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)
4. (4-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)
5. (5-րդ կետը հանվել է 26.11.2001 թվականից` 23.10.01 ՀՕ-243 օրենք)
(34-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
ԳԼՈՒԽ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 35. |
Բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց հետ փոխհարաբերությունները |
1. Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը և դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:
2. Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ստեղծվում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը: Կենտրոնական բանկը հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով սահմանված կարգով:
(35-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
i
Հոդված 36. |
Բանկային գործունեության կարգավորումը և լիցենզավորումը: Այլ անձանց լիցենզավորումը |
1. Կենտրոնական բանկը, օրենքին համապատասխան, սահմանում է բանկերի գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և կապիտալի հաշվարկման կանոնները:
2. Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով լիցենզավորում է բանկային գործունեությունը, վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեությունը, սահմանում է դրանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը: Բանկերի գործունեության վերահսկողությունը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված դեպքերում կարող է բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
3. Կենտրոնական բանկն այլ անձանց լիցենզիա է տրամադրում օրենքով սահմանված կարգով:
4. Բանկերից, վարկային կազմակերպություններից և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պատկանում է Կենտրոնական բանկին:
(36-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 37. |
Բանկերի պարտադիր պահուստները |
1. Կենտրոնական բանկը սահմանում է բանկերի կողմից ներգրավված ցպահանջ, ժամկետային և խնայողական ավանդների և այլ պարտավորությունների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը, պահուստավորման և պահուստավորված միջոցների օգտագործման կարգը:
2. Նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար սահմանվում է պարտադիր պահուստավորման նույն կարգը:
3. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար սահմանել պարտադիր պահուստավորման հատուկ կարգ, որը պետք է տարածվի օտարերկրյա բանկերի բոլոր մասնաճյուղերի վրա:
4. Պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների, ինչպես նաև պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների չափը գերազանցող մասի դիմաց վճարվող տոկոսադրույքների չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Սույն մասով սահմանված տոկոսադրույքների չափը պետք է նույնը լինի նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար:
5. Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը բանկից տույժ է գանձում` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան միջին հաշվով պակաս պահուստավորված յուրաքանչյուր օրվա համար պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսը:
6. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի հետ սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ նշանակված տույժի գանձումը հետաձգելու, տույժի չափը նվազեցնելու կամ տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում է ընդունում, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:
(37-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 38. |
Բանկերի վարկավորումը |
1. Կենտրոնական բանկը, որպես վերջին ատյանի վարկատու, կարող է իր կողմից սահմանված կարգով վեց ամիս մարման ժամկետը չգերազանցող վարկեր տրամադրել բանկերին:
Բացառիկ դեպքերում, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր:
2. Կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերը պետք է ապահովված լինեն`
ա) պետական արժեթղթերով.
բ) ոչ ավելի, քան ինը ամիս մարման ժամկետ ունեցող հուսալի չեկերով և մուրհակներով.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ արժեթղթերով.
դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներով և ստանդարտացված ձուլակտորներով.
ե) Կենտրոնական բանկում, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ բանկերում` հայկական դրամով, կայուն արտարժույթով կամ սույն մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում թվարկված արժեթղթերով և թանկարժեք մետաղներով ներդրված ավանդներով:
3. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկն իր խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է բանկերին տրամադրել այլ միջոցներով ապահովված կամ առանց ապահովման (բանկային) վարկեր:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է առանձին տեսակի վարկերի համար վարկավորման տարբերակված տոկոսադրույքներ և վարկավորման հատուկ կարգ և պայմաններ սահմանել:
5. Առանձին դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխավորել բանկերի պարտավորությունները` դրանց զարգացման և հատուկ այլ ծրագրերի իրագործման նպատակով բանկերից և այլ ներդրողներից փոխառություններ ձեռքբերելու համար, եթե`
ա) տվյալ փոխառության համար բանկի կողմից վճարվող տոկոսադրույքը էականորեն ցածր է Հայաստանի Հանրապետությունում նման փոխառության միջին շուկայական տոկոսադրույքից.
բ) տվյալ փոխառությունը երկարաժամկետ է.
գ) տվյալ փոխառության օգտագործման ծրագիրն արժանացել է Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխիքների տրամադրման լրացուցիչ պայմաններ սահմանել:
Հոդված 39. |
Համագործակցությունը բանկային միությունների և ասոցիացիաների հետ |
1. Կենտրոնական բանկը համագործակցում է բանկային միությունների և ասոցիացիաների հետ բանկային գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում` մինչև բանկային համակարգի և բանկերի գործունեության վրա էապես ազդող ակտերի ընդունումը խորհրդակցում է նրանց հետ և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:
2. Բանկային միությունների և ասոցիացիաների հետ համագործակցության և բանկային գործունեության հետ կապված խնդիրների ուսումնասիրության և կարգավորման նպատակով Կենտրոնական բանկը կարող է մասնակցել բանկային միությունների և ասոցիացիաների աշխատանքային խմբերի և այլ կառույցների աշխատանքին:
i
ԳԼՈՒԽ 5.1.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(5.1-ին գլուխը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.1 |
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությունը և ստուգումների անցկացումը |
1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց (այսուհետ` վերստուգվող անձինք) մոտ ստուգումներ (այսուհետ` վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) է իրականացնում սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում և կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված բանկերի և վարկային կազմակերպությունների` օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր բանկերում կամ դուստր վարկային կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
2. Կենտրոնական բանկն իրականացնում է նաև վերստուգվող անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն` վերստուգվող անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով և դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ինչպես նաև սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով (այսուհետ` վերստուգվող անձանց մոտ ստուգումները և հեռակա վերահսկողությունը` ստուգում):
Սույն օրենքով ստուգումների մասին սահմանված կանոնները վերաբերում են վերստուգվող անձանց մոտ ստուգումներին և հեռակա վերահսկողությանը, եթե տվյալ դրույթի բովանդակությունից չի բխում, որ խոսքը վերաբերում է միայն վերստուգվող անձանց մոտ ստուգումներին կամ միայն հեռակա վերահսկողությանը:
3. Ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի` ստուգումների համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` վերստուգող ստորաբաժանում):
4. Վերստուգվող անձանց մոտ ստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ` դրանց հիման վրա վերստուգող ստորաբաժանման ղեկավարի տված լիազորագրով սահմանված պաշտոնատար անձանց կողմից: Վերստուգվող անձանց մոտ ստուգմանը կարող են մասնակցել նաև վերստուգող ստորաբաժանման աշխատակից չհանդիսացող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ: Սույն կետում նշված որոշման մեջ նշվում են վերստուգվող անձի անվանումը կամ անունը, ստուգման նպատակը, իսկ լիազորագրում` վերստուգող խմբի կազմը, այդ թվում` ղեկավարը, վերստուգվող անձի մոտ ստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը: Կենտրոնական բանկը կարող է իր կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով սահմանել վերստուգող խմբի անդամների նվազագույն քանակը:
5. Բանկերում ստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում և ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
6. Բանկերում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Բանկ չհանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին` օրենքով սահմանված կարգով:
8. Կենտրոնական բանկը կարող է նաև իրականացնել վերստուգվող անձանց գործունեության ուսումնասիրություններ` վերստուգվող անձի կամ Կենտրոնական բանկի տարածքում, Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի պարզաբանման և մեկնաբանման, ինչպես նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:
(39.1-ին հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.2 |
Ստուգման պայմանները |
1. Ստուգումներն անցկացվում են վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման բոլոր մարմինների ներքին ակտերի, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին և արտաքին գրագրությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), ինչպես նաև համակարգիչներում, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության միջոցով:
2. Վերստուգվող անձանց մոտ ստուգման ընթացքում, առանց վերստուգող խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը վերստուգող խմբին հատկացված տարածք արգելվում է:
3. Վերստուգող խմբին հատկացված տարածքն աշխատանքային օրվա ավարտին կարող է կնքվել և հանձնվել վերստուգվող անձի պահպանությանը:
4. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի և այլ արժեքների ստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրում են վերստուգող խմբի ղեկավարը և վերստուգվող անձի իրավասու աշխատակիցները: Սույն կետում նշված ակտի ձևը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Սույն գլխով նախատեսված պարտականությունները վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է ստուգման խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի, իսկ ստուգման դեպքում Կենտրոնական բանկի իրավասու պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է արձանագրությամբ (ակտով) և ներկայացվում Կենտրոնական բանկի նախագահին և վերստուգվող անձին: Սույն կետում նշված արձանագրության (ակտի) ձևը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
(39.2-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.3 |
Վերստուգվող անձի պարտականությունները: Կենտրոնական բանկի պատասխանատվությունը |
1. Վերստուգվող անձը պարտավոր է վերստուգող խմբի համար`
ա) ապահովել ստուգման ընթացքում անարգել մուտք և ելք վերստուգվող անձի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ, այդ թվում` սերվերային և համակարգչային, ծրագրային ապահովման այլ սենյակներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` ըստ փոխադարձ պայմանավորվածության.
բ) ստուգման առաջին օրը կազմակերպել վերստուգող խմբի անդամների հանդիպում վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) և ստուգմանն աջակցող իրավասու անձանց հետ.
գ) հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաև տեխնիկական, կապի և այլ անհրաժեշտ միջոցներով.
դ) վերստուգող խմբին տրամադրել վերստուգվող անձի հաճախորդներից և մասնակիցներից ստացված բողոքները և առաջարկությունները.
ե) վերստուգող խմբի պահանջով կազմակերպել վերստուգող խմբի հանդիպում վերստուգվող անձի հաճախորդների և (կամ) մասնակիցների հետ:
Վերստուգվող անձը պարտավոր է կատարել վերստուգող խմբի ղեկավարի և անդամների օրինական պահանջները, ինչպես նաև վերստուգող խմբի ղեկավարին և անդամներին ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ, տեղեկություններ և պարզաբանումներ ստուգման ենթակա փաստաթղթերի և տեղեկատվության վերաբերյալ:
2. Արգելվում է ստուգումների ընթացքում խոչընդոտել կամ միջամտել վերստուգող խմբի անդամների օրինական գործողություններին:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը, նախագահը, ինչպես նաև վերստուգող ստորաբաժանումն ստուգումների իրականացման նպատակով կարող են հանձնարարել վերստուգվող անձին` վերստուգվող անձի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Վերստուգվող անձը պարտավոր է հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերվող անձից ստացված տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:
4. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում վերստուգվող անձի կողմից վերստուգող խմբի անդամներին կամ Կենտրոնական բանկի այլ պաշտոնատար անձանց ժամանակավորապես տրամադրված փաստաթղթերի ապահովության և վերադարձելիության համար:
(39.3-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.4 |
Վերստուգող խմբի իրավունքները և պարտականությունները |
1. Վերստուգող խումբն ստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է`
ա) անարգել մուտք գործել վերստուգվող անձի բոլոր տարածքները` բացառությամբ դրամապահոցի, որտեղ մուտքը կատարվում է միայն վերստուգվող անձի համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ.
բ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, վերստուգվող անձի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաև վերստուգվող անձի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ և այլ սարքեր.
գ) վերստուգվող անձից, նրա ղեկավարներից և իրավասու աշխատակիցներից պահանջել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, թեկուզ և դրանք պարունակեն բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում`
- վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթեր, դրանցում կատարված փոփոխություններ, վերստուգվող անձի կառավարման մարմինների ներքին ակտեր, ներքին վերահսկողության ակտեր, այլ ներքին ակտեր,
- պայմանագրեր, ներքին և արտաքին գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ, սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր, ներքին հաշվետվություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, արձանագրություններ,
- տեղեկություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, մերժված վարկային հայտեր, հաճախորդների բողոք-դիմումներ,
- վերստուգվող անձի գործունեությունն ապահովող համակարգչային համակարգին առնչվող փաստաթղթեր,
- անկախ աուդիտային կազմակերպության հետ ունեցած հարաբերություններին առնչվող բոլոր փաստաթղթերը,
- վերստուգվող անձի վերստուգիչ հանձնաժողովի, ներքին աուդիտի ստորաբաժանման հաշվետվությունները,
- ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- վերստուգվող անձի գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների և կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն.
դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող անձի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ.
ե) վերստուգվող անձի ղեկավարությանը և իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են ստուգման անհրաժեշտությունից և նպատակից:
2. Վերստուգող խումբը պարտավոր է ստուգումներն իրականացնել սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Վերստուգող խումբը պարտավոր է վերստուգվող անձանց մոտ ստուգումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել Կենտրոնական բանկի խորհրդին և նախագահին` Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում և կարգով:
(39.4-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.5 |
Ստուգումների ուղղությունները (ոլորտները) և ամփոփումը |
1. Ստուգումները կարող են իրականացվել հետևյալ ուղղություններով (ոլորտներով)`
ա) հիմնադիր փաստաթղթերի և դրանցում կատարված փոփոխությունների օրինականության ստուգում.
բ) ընդհանուր կապիտալի մեծության, տնտեսական նորմատիվների վերլուծություն և գնահատում.
գ) իրացվելիության վերլուծություն և գնահատում.
դ) վերլուծություն, դասակարգում և գնահատում, պարտավորությունների վերլուծություն, գնահատում.
ե) կառավարման որակի գնահատում.
զ) ֆինանսական արդյունքների (եկամուտներ և ծախսեր) վերլուծություն և գնահատում.
է) ռիսկերի և (կամ) դրանց առանձին տեսակների վերլուծություն և գնահատում.
ը) դրամական միջոցների հոսքերի վերլուծություն և գնահատում.
թ) Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում.
ժ) Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների ու առաջարկությունների, սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կատարման ընթացքի և արդյունքների ստուգում.
ժա) վերստուգվող անձի ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում.
ժբ) տարածքի և տեխնիկական հագեցվածության ստուգում.
ժգ) տարածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի գործունեության ստուգում.
ժդ) վերստուգվող անձի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում.
ժե) վերստուգվող անձի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում:
2. Ստուգումների ընթացքում կարող են կատարվել վերլուծություն և գնահատում` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:
3. Ստուգումների ընթացքում ստուգման ենթակա ուղղությունները (ոլորտները) որոշվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտերով:
4. Տվյալ վերստուգվող անձի ստուգման արդյունքների ամփոփման և ներկայացման ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտով:
5. Մինչև ստուգումն իրականացնելը Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման պահանջով վերստուգվող անձը պարտավոր է նախապատրաստել կամ Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները:
6. Ստուգման ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, բանկի կամ վարկային կազմակերպության ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և Կենտրոնական բանկի կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է ստուգման արդյունքների նախնական քննարկում:
Նախնական քննարկմանը մասնակցող բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների անվանումը կամ անունը վերստուգող ստորաբաժանման կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանը:
Կենտրոնական բանկի հանձնարարականով բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ապահովել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունն ստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ ստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, վերստուգող խմբի կողմից կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում կամ վարկային կազմակերպությունում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:
Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
7. Ստուգումն ավարտվելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով, ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն:
8. Ստուգման հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում և հանձնվում են վերստուգվող անձի ղեկավարությանը:
9. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը և ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ` մեկ օրինակը վերադարձնելով վերստուգող խմբին:
10. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմինը կամ նրա ղեկավարը, ինչպես նաև նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվությանը կից սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաև մասնակցել Կենտրոնական բանկում հաշվետվության քննարկումներին: Կենտրոնական բանկում հաշվետվության և վերստուգվող անձի առարկությունների և բացատրությունների քննարկումները կազմակերպվում են Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում և կարգով:
(39.5-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.6 |
Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների ստուգումը |
1. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումներում ստուգումներն իրականացվում են սույն գլխով սահմանված կարգով:
2. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման ավարտից հետո ստուգման նախնական արդյունքները քննարկվում են տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավասու այլ աշխատակիցների հետ:
3. Ստուգման ավարտից հետո ստուգման արդյունքների և սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խումբը կազմում է հաշվետվություն, որն ստորագրվում է վերստուգող խմբի և վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում` «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Հաշվետվությունը կազմվում է երեք օրինակից (մեկական օրինակ` վերստուգվող անձին, վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանմանը և վերստուգող խմբին): Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է սույն կետով սահմանված երկօրյա ժամկետում հաշվետվությանը կից ներկայացնել իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:
4. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման արդյունքների ամփոփումն իրականացվում է սույն օրենքի 39.5 հոդվածով սահմանված կարգով:
(39.6-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.7 |
Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը և պատասխանատվության միջոցները |
Կենտրոնական բանկը վերստուգվող անձանց և դրանց ղեկավարների նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են նրանց գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները (այսուհետ` խախտում):
(39.7-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.8 |
Խախտման արձանագրումը |
1. Ստուգումների արդյունքում վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի թույլ տված խախտումն արձանագրում է վերստուգող ստորաբաժանումը արձանագրություն (այսուհետ` արձանագրություն) կազմելու միջոցով, և այդ պահից խախտումը համարվում է արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը (այսուհետ` վարույթ):
2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, և նշվում է օրենքի կամ իրավական այլ ակտի` վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի կողմից խախտված դրույթը:
3. Արձանագրությունը կազմելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն վերստուգող ստորաբաժանման ղեկավարի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ խորհրդի առկայության դեպքում` նաև խորհրդի նախագահին:
4. Արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում վերստուգվող անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ գրավոր բացատրություններ, առարկություններ կամ պարզաբանումներ:
(39.8-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.9 |
Տուգանքների գանձումը, պատասխանատվության այլ միջոցների կիրառումը |
1. Վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման կամ պատասխանատվության այլ միջոցների կիրառման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով գրավոր ծանուցում է վերստուգվող անձին կամ դրա ղեկավարին:
2. Վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կարող է սույն հոդվածի 1-ին կետում նշված տուգանքի նշանակման ծանուցումն ստանալուց հետո ծանուցման մեջ նշված ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ Կենտրոնական բանկում բանկային կամ թղթակցային հաշվի առկայության դեպքում` հանձնարարել Կենտրոնական բանկին իր բանկային (թղթակցային) հաշվից գանձել տուգանքի գումարը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթի պատճենը կամ հանձնարարականը չստանալու դեպքում Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան:
4. Սույն հոդվածով նախատեսված տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
(39.9-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.10 |
Բանկի կամ վարկային կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը |
1. Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի կամ վարկային կազմակերպության միջև բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը: Սույն հոդվածով սահմանված պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:
3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները`
ա) որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում.
բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
գ) շահաբաժինների վճարման կասեցում.
դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.
ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում.
զ) ակտիվային և (կամ) պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.
է) գովազդի իրականացման սահմանափակում.
ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար:
(39.10-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.11 |
Վաղեմության ժամկետները |
Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում:
(39.11-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.12 |
Վարույթը կարճելը |
1. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե`
ա) բաց են թողնված սույն օրենքի 39.11 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները.
բ) խախտման համար օրենքով պատասխանատվություն նախատեսված չէ.
գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում` օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ.
դ) արձանագրված փաստը խախտում չէ.
ե) սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:
2. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ, և կարող է կարճել վարույթը, եթե բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը:
4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:
(39.12-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.13 |
Վարույթի կասեցումը |
Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը կարող են կասեցնել վարույթը, եթե պատասխանատվության միջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում, կամ երևան են եկել նոր հանգամանքներ, կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը: Կասեցման որոշման մեջ նշվում է վարույթի կասեցման ժամկետը և պատճառը: Կասեցման ժամկետը խորհուրդը կամ նախագահը կարող են երկարաձգել, եթե նախորդ կասեցման ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրականացնել լրացուցիչ պարզաբանումների կամ երևան եկած նոր հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն և վերլուծություն:
(39.13-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
Հոդված 39.14 |
Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը |
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի կամ վարկային կազմակերպության, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի կամ վարկային կազմակերպության` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:
(39.14-րդ հոդ. լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ
i
Հոդված 40. |
Հայաստանի Հանրապետության արժույթը |
1. Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Հայկական դրամը թողարկվում է (շրջանառության մեջ է դրվում) թղթադրամի և մետաղադրամի, իսկ լուման` մետաղադրամի ձևով:
2. Սույն օրենքի համաձայն թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով:
i
Հոդված 41. |
Օրինական վճարամիջոցը |
Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Հոդված 42. |
Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:
2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:
Հոդված 43. |
Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստներն ու թողարկման ծրագիրը |
Կենտրոնական բանկն արտացոլում է իր հաշվեկշռում և կառավարում է Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստները, կազմում է Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկման ծրագիր և ապահովում թղթադրամի և մետաղադրամի կանոնավոր մատակարարումը` ելնելով դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագրից և տնտեսության պահանջից:
Հոդված 44. |
Թողարկված թղթադրամի և մետաղադրամի հաշվապահական հաշվառումը |
Թողարկված թղթադրամի և մետաղադրամի ամբողջական հանրագումարը հաշվառվում է Կենտրոնական բանկի հաշվեկշռում` որպես Կենտրոնական բանկի պարտավորություն: Պահուստում գտնվող թղթադրամը և մետաղադրամը Կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում և հաշվառվում է արտահաշվեկշռային հաշիվներում:
Հոդված 45. |
Հայկական դրամի հատկանիշները |
Կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամների վրա պետք է լինեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի և կառավարության լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությունները:
Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա` Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործվելու դեպքերի:
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված նպատակներով և չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերների օգտագործման դեպքերի:
Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հսկողությամբ:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և դրանց խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառում պետական կառավարման լիազորված մարմինը` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(45-րդ հոդ. փոփ. 11.05.04 ՀՕ-73-Ն օրենք)
Հոդված 46. |
Թղթադրամի և մետաղադրամի փոխանակումը |
1. Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով անվճար փոխանակում է հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները` առանց գումարային սահմանափակումների:
2. Կենտրոնական բանկի սահմանած թղթադրամի և մետաղադրամի պաշտպանական և վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը չի հատուցվում Կենտրոնական բանկի կողմից և հանվում է շրջանառությունից:
3. Կենտրոնական բանկը չի հատուցում կորցրած թղթադրամը կամ մետաղադրամը:
(46-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 47. |
Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը |
1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ:
Թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:
(47-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
ԳԼՈՒԽ 7
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
i
Հոդված 48. |
Կենտրոնական բանկը որպես արժութային գործակալ |
1. Կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժութային գործակալը և լիազորված է իրականացնելու արժութային քաղաքականություն:
2. Համաձայն սույն օրենքի դրույթների` Կենտրոնական բանկը կարող է հանդես գալ հայտարարություններով և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` իր կողմից իրականացվող արժութային քաղաքականության վերաբերյալ:
i
Հոդված 49. |
Արժութային կարգավորում |
1. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի`
ա) սահմանել արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունել արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ և կանոններ.
բ) հսկել և կարգավորել արժութային գործառնություններ իրականացնող դիլերների, ներառյալ բանկերի, գործունեությունը.
գ) սահմանել արժութային դիլերների, ներառյալ բանկերի, արտարժույթի տնօրինման նորմատիվը.
դ) սահմանել հայկական դրամի փոխարժեքի որոշման մեթոդները.
ե) իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(49-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 50. |
Արժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը |
1. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած մարմնի լիցենզավորված արժութային դիլերներից, ներառյալ բանկերից, Կենտրոնական բանկը կարող է պահանջել պարբերական հաշվետվություններ նրանց գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` արտարժույթի տնօրինման չափն ամեն մի արժույթի գծով:
2. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը:
(50-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 51. |
Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները |
1. Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`
ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.
բ) արտարժույթ.
գ) այլ պետությունների, կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթեր:
2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել այն փոխարժեքը, որով գնում կամ վաճառում է արտարժույթը, կամ այլ գործարքներ է իրականացնում արտարժույթով:
Հոդված 52. |
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները |
1. Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները, որոնք կարող են ներառել հետևյալ միջոցները.
ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.
բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի հաշվեկշիռներում պահվող արտարժութային մնացորդներ.
գ) այլ պահուստային միջոցներ, ներառյալ` Միջազգային Արժութային Հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքները.
դ) արտարժույթով արտահայտված հասարակ և փոխանցվող մուրհակներ.
ե) այլ պետությունների, կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի, կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված, կամ երաշխավորված պարտատոմսեր, ինչպես նաև արտարժույթով արտահայտված նրանց կողմից կնքված, կամ երաշխավորված ֆորվարդային, կամ հետադարձ գնման համաձայնագրեր:
2. Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը:
3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:
Հոդված 53. |
Արտարժութային հասույթները և կորուստները |
(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.04.04 թվականից` 03.03.04 ՀՕ-45-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 7.1.
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
(7.1-ին գլուխը լրաց. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 53.1. |
Պարտադիր երաշխավորման օբյեկտը |
1. Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, ներգրավված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները, բանկային հաշիվներում (այսուհետ` ավանդներ) առկա դրամական միջոցները` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է սույն օրենքով սահմանված երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:
2. Բանկերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորման և ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամից հատուցման ենթակա չէ այն ավանդը`
ա) որը ներդրվել է անվճարունակ ճանաչված բանկի ղեկավարի կողմից, ընդ որում` բանկի ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձինք.
բ) որը ներդրվել է բանկի նշանակալից մասնակից հանդիսացող անձի կողմից.
գ) որի սեփականատերն անհայտ է, կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից.
դ) որը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.
ե) որը բանկում ներդրվել է ավանդի ներդրման պահին բանկում ներդրված նմանատիպ ավանդների տոկոսադրույքը 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով.
զ) որը ներդրել է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդների երաշխավորման այլ կարգ սահմանված չէ:
(53.1-ին հոդ. լրաց. 23.10.01 ՀՕ-243 , 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 53.2. |
Երաշխիքային վճարները |
Կենտրոնական բանկը բացում, վարում և կառավարում է բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամ, որի օգտին բանկերը կատարում են երաշխիքային վճարների վճարումը: Երաշխիքային վճարների չափը, հաշվարկման և հիմնադրամի միջոցների կառավարման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Երաշխիքային վճարները Կենտրոնական բանկը գանձում է Կենտրոնական բանկում գտնվող բանկերի թղթակցային հաշիվներից` Կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ: Իսկ թղթակցային հաշիվներում համապատասխան գումարի բացակայության դեպքում այդ գումարի վրա հաշվարկվում են տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված չափով:
2003 թվականի հուլիսի մեկից հետո ստեղծված բանկերն ավանդների երաշխավորման հիմնադրամին կատարում են Կենտրոնական բանկի սահմանած չափով միանվագ վճարներ, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված կարգով երաշխիքային վճարներ:
(53.2-րդ հոդ. լրաց. 23.10.01 ՀՕ-243 , 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 53.3. |
Երաշխավորված գումարը և երաշխավորված գումարի ստացման դեպքերը |
Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելը, եթե բանկը չի կարող բավարարել իր պարտատիրոջ (պարտատերերի) օրինական պահանջները:
Երաշխավորված գումարի առավելագույն չափ է հանդիսանում երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդի ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած դրամային կամ դրան համարժեք արտարժութային գումարի չափը: Ընդ որում, արտարժույթի համարժեքությունը որոշվում է սույն օրենքի 53.1-րդ հոդվածով սահմանված կարգով: Երաշխավորված գումարի հատուցման կարգը, պայմանները, հերթականությունը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում և կարգով երաշխավորված ավանդի հատուցումը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում ավանդատուն երաշխավորված ավանդի հատուցման պահանջը կարող է ներկայացնել երաշխավորման դեպքը վրա հասնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:
Ավանդատուի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում այդ պարտավորությունը և երաշխավորված ավանդը Կենտրոնական բանկի որոշմամբ հաշվանցվում են: Հաշվանցված գումարի մասով բանկի և ավանդատուի պահանջները դադարում են:
(53.3-րդ հոդ. լրաց. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 53.4. |
Հատուցված երաշխավորված գումարի ստացման դիմաց Կենտրոնական բանկի պահանջի իրավունքը |
Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Կենտրոնական բանկը հատուցված գումարների չափով պահանջ է ձեռք բերում բանկի նկատմամբ:
(53.4-րդ հոդ. լրաց. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 53.5. |
Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի ձևավորումը |
Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարները, ինչպես նաև հատուկ հիմնադրամում հաշվեգրված այլ մուտքերը նվազեցվում են Կենտրոնական բանկի եկամուտներից և ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:
(53.5-րդ հոդ. լրաց. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 8
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. |
Կենտրոնական բանկի առաջնահերթության իրավունքը |
Կենտրոնական բանկն առաջնահերթության իրավունք ունի իր պարտապանի` Կենտրոնական բանկում պահվող դրամական և այլ միջոցների հաշվին բավարարել տվյալ պարտապանի հանդեպ իր պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) այդ միջոցներն ընդունելու պահին Կենտրոնական բանկը տեղյակ է եղել կամ պարտավոր է տեղյակ լինել տվյալ միջոցները գրավադրված լինելու կամ դրանց նկատմամբ երրորդ անձանց այլ իրավունքների մասին.
բ) Կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսված:
Հոդված 55. |
Հարկերը, տուրքերը և մաքսային վճարումները |
Կենտրոնական բանկն ազատվում է բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսային վճարումներից:
Հոդված 56. |
Կենտրոնական բանկի այլ գործարքներ |
Կենտրոնական բանկը կարող է կատարել հետևյալ գործարքները`
ա) ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրների հետ.
բ) կապիտալի խնդիրներն իրականացնելու համար ձեռքբերել կամ վարձակալել անհրաժեշտ անշարժ գույք.
գ) իր հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց ձեռքբերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ: Կենտրոնական բանկը օտարում է հիշյալ գույքը և գույքային իրավունքները հնարավոր կարճ ժամկետներում.
դ) իր կողմից սահմանված կարգով վարկեր տրամադրել Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոսը:
(56-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243 օրենք)
Հոդված 57. |
Կենտրոնական բանկի գործողությունների և որոշումների գանգատարկումը |
Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատարան` օրենքով նախատեսված դեպքերում: Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կարող կասեցվել:
(57-րդ հոդ. փոփ. 23.10.01 ՀՕ-243, 03.03.04 ՀՕ-45-Ն օրենքներ)
Հոդված 58. |
Կենտրոնական բանկի վերակազմավորումը |
Կենտրոնական բանկի վերակազմավորումը կատարվում է օրենքով: Կենտրոնական բանկի նկատմամբ սնանկացման վարույթ հարուցվել չի կարող:
ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 59. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո:
2. Կենտրոնական բանկի նախագահը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:
3. Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը իրականացնում է սույն օրենքով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Կենտրոնական բանկի վարչության անդամների լիազորությունները դադարում են:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին:
6. 1996 թվականի ֆինանսական տարվա արդյունքում առաջացած շահույթից, սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված կարգով, Կենտրոնական բանկի գլխավոր պահուստը համալրելուց հետո մասհանումներ են կատարվում սույն օրենքի 11 հոդվածում սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով:
Կենտրոնական բանկի գլխավոր պահուստի համալրումից հետո, եթե շահույթի ազատ մնացորդը չի բավարարում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու համար, ապա ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չբավարարող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Մինչև այդ պարտավորությունների լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով տվյալ տարվա շուկայական տոկոսադրույքից:
7. 1997 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Կենտրոնական բանկի կողմից կառավարությանը տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների հաշվանցման ճանապարհով մարում նախատեսելու դեպքում սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված բաշխումն իրականացվում է Կենտրոնական բանկի շահույթի և պետական բյուջե հաշվանցված գումարի տարբերության չափով:
8. Կենտրոնական բանկը, սույն օրենքի ընդունման պահից երկու ամսվա ընթացքում, ընդունում է իր իրավասությանը վերապահված, սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:
9. Մինչև 1999 թվականը պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման այլ կարգ, քան սահմանված է սույն օրենքի 34 հոդվածով:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Կենտրոնական բանկի վարչության» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդ» բառերով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 30 հունիսի 1996 թ. ՀՕ-69
|