14.06.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները, տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի, մարզպետների լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է նրանց նշանակման և ազատման հետ կապված իրավահարաբերությունները:↩ ↩
(1-ին հոդ. փոփ. 01.07.21 ՀՕ-299-Ն, 23.12.22 ՀՕ-590-Ն օրենքներ)
Հոդված 2. |
Տարածքային կառավարման մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և տարածքային կառավարման իրավահարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 3. |
Տարածքային կառավարման սկզբունքները |
Տարածքային կառավարման սկզբունքներն են`
1) պետական և համայնքային շահերի ներդաշնակեցումը.
2) մարզպետների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ու վերջիններիս տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը և գործողությունների փոխհամաձայնեցվածությունը.
3) տարածքային համաչափ և կայուն զարգացումը:
ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 4. |
Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը ↩ |
1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`
1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
2) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
3) քննարկում և համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
4) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից և տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
5) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.
6) Երևան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով.
7) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:
(4-րդ հոդ. խմբ. 01.07.21 ՀՕ-299-Ն, 23.12.22 ՀՕ-590-Ն օրենքներ)
Հոդված 4.1. |
Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը |
(4.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.01.2023 թվականից` 23.12.22 ՀՕ-590-Ն օրենք) ↩
(4.1-րդ հոդ. լրաց. 01.07.21 ՀՕ-299-Ն օրենք)
Հոդված 5. |
Մարզպետը և նրա ընդհանուր լիազորությունները ↩ |
1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
2. Մարզպետը`
1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվության միջոցներով.
8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապա-տասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործ-ման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրա-կանացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետն ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետին կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:
(5-րդ հոդ. փոփ. 28.10.20 ՀՕ-467-Ն, խմբ. 01.07.21 ՀՕ-299-Ն, 23.12.22 ՀՕ-590-Ն, 24.05.23 ՀՕ-176-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Մարզպետի նշանակման և ազատման կարգը |
1. Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:
2. Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են`
1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը` մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) մարզպետի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:
3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ են համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
i
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե`
1) հրաժարական է ներկայացրել.
2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) խախտվել են պաշտոնի անհամատեղելիության պահանջները.
4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն.
5) Կառավարությունն ընդունել է վարչապետի` մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:
6. Մարզպետի պաշտոնը թափուր է համարվում այն դեպքերում, երբ`
1) մարզպետը մահացել է.
2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
7. Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները:
Հոդված 7. |
Մարզպետի աշխատակազմը |
i
1. Մարզպետի աշխատակազմի ղեկավարման առանձնահատկությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով:
2. Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:
Հոդված 8. |
Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները |
1. Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`
1) ֆինանսների.
2) քաղաքաշինության.
3) տրանսպորտի և ճանապարհաշինության.
4) գյուղատնտեսության և հողօգտագործման.
5) կրթության.
6) առողջապահության.
7) սոցիալական պաշտպանության.
8) մշակույթի, սպորտի և երիտասարդության.
9) շրջակա միջավայրի պահպանության.
10) պաշտպանության.
11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
12) տնտեսության զարգացման:
Հոդված 9. |
Մարզպետի լիազորությունները ֆինանսների բնագավառում |
1. Մարզպետը ֆինանսների բնագավառում`
1) սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
2) վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.
3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.
4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
Հոդված 10. |
Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում |
1. Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`
1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում:
Հոդված 11. |
Մարզպետի լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում |
1. Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`
1) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 12. |
Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում |
1. Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 13. |
Մարզպետի լիազորությունները կրթության բնագավառում |
1. Մարզպետը կրթության բնագավառում`
1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.
3) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
Հոդված 14. |
Մարզպետի լիազորությունները առողջապահության բնագավառում |
1. Մարզպետը առողջապահության բնագավառում`
1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
i
4) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.
5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
6) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
(14-րդ հոդ. փոփ. 04.09.20 ՀՕ-407-Ն օրենք)
Հոդված 15. |
Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում |
1. Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 16. |
Մարզպետի լիազորությունները մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում |
1. Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`
1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.
3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 17. |
Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում |
1. Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:
Հոդված 18. |
Մարզպետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.
2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.
3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.
4) իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.
6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին.
7) ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով` մարզի տարածքում ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից:
(18-րդ հոդ. փոփ. 28.10.20 ՀՕ-467-Ն օրենք)
Հոդված 19. |
Մարզպետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում |
1. Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում`
1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
2) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
4) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.
5) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները:
Հոդված 20. |
Մարզպետի լիազորությունները տնտեսության զարգացման բնագավառում |
1. Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը:
Հոդված 21. |
Մարզպետին կից խորհրդակցական մարմինները |
1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:
i
2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 22. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 9 Երևան ՀՕ-252-Ն
|
|