i
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Անդամները,
վերահաստատելով, որ ոչ մի Անդամի չպետք է արգելվի ընդունել կամ կիրառել միջոցներ, որոնք անհրաժեշտ են մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար` հաշվի առնելով այն պահանջը, որ այդ միջոցները չեն կիրառվի այնպիսի ձևով, որով կամայական կամ չարդարացված խտրականություն է դրվում միևնույն պայմաններում գտնվող Անդամների միջև, կամ քողարկված կերպով սահմանափակվում է միջազգային առևտուրը,
ցանկանալով բարելավել մարդու առողջությունը, կենդանիների առողջությունը և բուսասանիտարական վիճակը բոլոր Անդամ երկրներում,
նշելով, որ սանիտարական և բուսասանիտարական միջոցները հաճախ կիրառվում են երկկողմ համաձայնագրերի և արձանագրությունների հիման վրա,
ցանկանալով կանոնների և հիմնադրույթների բազմակողմ համակարգ ստեղծել, որը կուղղորդի սանիտարական և բուսասանիտարական միջոցների մշակումը, ընդունումը և կիրառումը` առևտրի վրա դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար,
ընդունելով այն կարևոր ներդրումը, որ միջազգային ստանդարտները (ստանդարտները), ուղեցույցներն ու հանձնարարականները կարող են ունենալ այս կապակցությամբ,
i
ցանկանալով ընդլայնել սանիտարական և բուսասանիտարական ներդաշնակեցված միջոցների օգտագործումը Անդամների միջև` հիմնվելով միջազգային ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների վրա, որոնք մշակել են համապատասխան միջազգային կազմակերպությունները, ներառյալ` «Կոդեքս ալիմենտարիուս» համաժողովը, Համաճարակաբանության միջազգային գրասենյակը և Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում գործող համապատասխան միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները, առանց պահանջելու, որ Անդամները փոխեն մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության իրենց համապատասխան մակարդակը,
ընդունելով, որ զարգացող Անդամները կարող են հատուկ դժվարությունների առաջ կանգնել ներմուծող Անդամների սանիտարական կամ բուսասանիտարական միջոցներին համապատասխանությունն ապահովելիս և որպես հետևանք շուկաներ մուտք գործելիս, ու նաև իրենց սեփական տարածքներում սանիտարական և բուսասանիտարական միջոցները ձևակերպելիս ու կիրառելիս, և ցանկանալով աջակցել այս առնչությամբ գործադրվող նրանց ջանքերին,
ցանկանալով, այսուհանդերձ կանոններ մշակել ՄԱԳՀ-1994-ի սանիտարական և բուսասանիտարական միջոցների օգտագործմանը վերաբերող դրույթների, մասնավորապես, 20-րդ հոդվածի14 «բ» կետի դրույթների կիրառման համար,
սույնով համաձայնեցին հետևյալի մասին.
______________________
14 Սույն Համաձայնագրում հղումը 20-րդ հոդվածի «բ» կետին ներառում է նաև այդ հոդվածի սկզբնական մասը:
ՀՈԴՎԱԾ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է սանիտարական և բուսասանիտարական բոլոր այն միջոցների վրա, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել միջազգային առևտրի վրա: Այդպիսի միջոցները մշակվում և կիրառվում են համաձայն սույն Համաձայնագրի դրույթների:
2. Սույն Համաձայնագրի նպատակներով կիրառվում են Ա Հավելվածում բերված սահմանումները:
3. Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
4. Սույն Համաձայնագիրն իր շրջանակներից դուրս եղած միջոցների առնչությամբ ոչնչով չի ազդում Անդամների Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրով սահմանված իրավունքների վրա:
ՀՈԴՎԱԾ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Անդամներն իրավունք ունեն ձեռնարկել մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ սանիտարական ու բուսասանիտարական միջոցներ, եթե այդ միջոցներն անհամապատասխան չեն սույն Համաձայնագրի դրույթներին:
2. Անդամներն ապահովում են, որ ցանկացած սանիտարական կամ բուսասանիտարական միջոց կիրառվի միայն այն չափով, որն անհրաժեշտ է մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար, հիմնված լինի գիտական սկզբունքների վրա և չպահպանվի առանց բավարար գիտական հիմնավորման` բացառությամբ 5-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսվածի:
3. Անդամներն ապահովում են, որ իրենց սանիտարական և բուսասանիտարական միջոցները կամայական կամ չարդարացված կերպով խտրականություն չդնեն նույն կամ համանման պայմաններում գտնվող Անդամների միջև, ներառյալ` իրենց սեփական տարածքների և այլ Անդամների տարածքների միջև: Սանիտարական և բուսասանիտարական միջոցները չեն կիրառվում այնպես, որ քողարկված կերպով սահմանափակեն միջազգային առևտուրը:
4. Սանիտարական և բուսասանիտարական միջոցները, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներին, համարվում են ՄԱԳՀ-1994-ի դրույթներով, մասնավորապես 20-րդ հոդվածի «բ» կետի դրույթներով սահմանված` Անդամների այն պարտավորություններին համապատասխան, որոնք վերաբերում են սանիտարական և բուսասանիտարական միջոցների օգտագործմանը:
ՀՈԴՎԱԾ 3
ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ
1. Սանիտարական և բուսասանիտարական միջոցները հնարավորին չափ ընդարձակ հիմքի վրա ներդաշնակեցնելու նպատակով Անդամներն իրենց սանիտարական և բուսասանիտարական միջոցները հիմնում են միջազգային ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների վրա, եթե դրանք գոյություն ունեն, բացառությամբ` սույն Համաձայնագրում, մասնավորապես 3-րդ կետում այլ կերպ նախատեսվածի:
2. Միջազգային ստանդարտներին, ուղեցույցներին ու հանձնարարականներին համապատասխանող Սանիտարական և բուսասանիտարական միջոցներն անհրաժեշտ են համարվում մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար և համահունչ են համարվում սույն Համաձայնագրի և ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթներին:
3. Անդամները կարող են մտցնել կամ պահպանել սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, որոնք հանգեցնում են սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության մակարդակի, որն ավելի բարձր է, քան այն, որ ձեռք կբերվեր միջազգային համապատասխան ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների վրա հիմնված միջոցներով, եթե կա գիտական հիմնավորում դրա համար, կամ որպես հետևանք Սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության այն մակարդակի, որն Անդամը նպատակահարմար է համարում 5-րդ հոդվածի15 1-8-րդ կետերի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերը նշվածին` բոլոր միջոցները, որոնք հանգեցնում են սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության մի մակարդակի, որը տարբեր է նրանից, որ ձեռք կբերվեր միջազգային ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների վրա հիմնված միջոցներով, չպետք է հակասեն սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթի:
_______________________________
15 3-րդ Հոդվածի 3-րդ կետի նպատակներով, գիտական հիմնավորումն առկա է, եթե Անդամն առկա գիտական տեղեկությունները սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն քննելու և գնահատելու հիման վրա որոշում է, որ համապատասխան միջազգային մահօրինակները, ուղեցույցներն ու հանձնարարականները բավարար չեն սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության իրենց անհրաժեշտ մակարդակին հասնելու համար:
4. Անդամներն իրենց հնարավորությունների սահմաններում լիարժեք մասնակցում են համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դրանց օժանդակ մարմիններին, մասնավորապես, «Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովին, Համաճարակաբանության միջազգային գրասենյակին, և Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում գործող միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, որպեսզի այդ կազմակերպություններում աջակցեն ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների մշակմանն ու տարբերակման վերաքննությանը` կապված սանիտարական և բուսասանիտարական բոլոր հարցերի հետ:
5. 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված Սանիտարական և բուսասանիտարական միջոցների հարցերով կոմիտեն (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «Կոմիտե») միջազգային ներդաշնակեցման գործընթացը դիտանցելու ընթացակարգ է մշակում, ու դրա հետ կապված աշխատանքները համաձայնեցնում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 4
ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ
1. Անդամները որպես համարժեք են ընդունում մյուս Անդամների Սանիտարական և բուսասանիտարական միջոցները (նույնիսկ եթե այդ միջոցները տարբերվում են իրենց սեփական կամ նույն արտադրանքի առևտրում ընդգրկված այլ Անդամների կիրառած միջոցներից), եթե արտահանող Անդամն անաչառորեն ցույց է տալիս ներմուծող Անդամին, որ իր միջոցներն ապահովում են ներմուծող Անդամին անհրաժեշտ սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության մակարդակը: Այս նպատակով, պահանջ լինելու դեպքում, ներմուծող Անդամին պատշաճ հնարավորություն է տրվում` ստուգման, քննման ու համապատասխան այլ աշխատանքների համար:
2. Պահանջ լինելու դեպքում Անդամները խորհրդակցում են հատկորոշված Սանիտարական և բուսասանիտարական միջոցների համարժեքության ճանաչման վերաբերյալ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5
ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՈՒ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄ
1. Անդամներն ապահովում են, որ իրենց սանիտարական կամ բուսասանիտարական միջոցները հիմնված լինեն մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգների` տվյալ հանգամանքներին համապատասխան գնահատման վրա` հաշվի առնելով վտանգի գնահատման` համապատասխան միջազգային կազմակերպությունների մշակած եղանակները:
2. Վտանգների գնահատման ժամանակ Անդամները հաշվի են առնում գոյություն ունեցող գիտական հիմնավորումները, համապատասխան գործընթացներն ու արտադրական եղանակները, ստուգման, նմուշառման և քննման համապատասխան եղանակները, առանձին հիվանդությունների կամ վնասատուների տարածվածությունը, հիվանդություններից կամ վնասատուներից զերծ տարածքների գոյությունը, շրջակա միջավայրի ու նրա պաշտպանության համապատասխան պայմանները և ախտարգելային (կարանտինային) կամ այլ միջոցառումները:
3. Կենդանիների կամ բույսերի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը գնահատելիս և այդ վտանգներից սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակին հասնելու միջոցն ընտրելիս Անդամները, որպես գործին առնչվող տնտեսական գործոններ, հաշվի են առնում. մուտք գործելու դեպքում` արտադրության կամ վաճառքի կորուստների առումով հնարավոր վնասը, հիվանդության կամ վնասատուների ի հայտ գալը կամ տարածվելը, ներմուծող Անդամի տարածքում վերահսկման կամ վնասազերծման ծախքերը և վտանգների սահմանափակման այլընտրանքային մոտեցումների հարաբերական ծախսային արդյունավետությունը:
4. Սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակը որոշելիս Անդամները պետք է հաշվի առնեն առևտրի վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու խնդիրը:
5. Մարդու կյանքին կամ առողջությանը, կամ կենդանիների և բույսերի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգների դեմ սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակի հասկացության կիրառման հարցում հետևողականություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Անդամ խուսափում է այն մակարդակների կամայական կամ չարդարացված տարբերակումից, որոնք նա անհրաժեշտ է համարում տարբեր իրադրություններում, եթե այդ տարբերակումը հանգեցնում է խտրականության կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակման: 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, Անդամները համագործակցում են Կոմիտեում` սույն դրույթի գործնական իրականացումը խթանելու համար ուղեցույցներ մշակելու նպատակով: ՈՒղեցույցներ մշակելիս Կոմիտեն հաշվի է առնում գործին առնչվող բոլոր գործոնները, ներառյալ` մարդու առողջությանը սպառնացող այն վտանգների բացառիկ բնույթը, որոնց մարդիկ կամավոր ենթարկվում են:
6. Առանց վնասելու 3-րդ հոդվածի 2-րդ կետը, սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակին հասնելու նպատակով սանիտարական կամ բուսասանիտարական միջոցներ սահմանելիս կամ պահպանելիս Անդամներն ապահովում են, որ այդ միջոցներն ավելի խիստ չսահմանափակեն առևտուրը, քան պահանջվում է սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության իրենց անհրաժեշտ մակարդակին հասնելու համար` հաշվի առնելով տեխնիկական ու տնտեսական նպատակահարմարությունը16:
_________________________________
16 Հոդված 5-ի 6-րդ կետի նպատակներով միջոցը պահանջվածից ավելի խիստ չի սահմանափակում առևտուրը, եթե գոյություն չունի խելամտորեն մատչելի մեկ այլ միջոց` հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական նպատակահարմարությունը, որն ապահովում է սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակն ու զգալիորեն ավելի պակաս է սահմանափակում առևտուրը:
7. Այն դեպքերում, երբ համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ, Անդամը կարող է ժամանակավորապես սանիտարական կամ բուսասանիտարական միջոցներ ընդունել` հիմնվելով գործի առնչվող առկա տեղեկությունների վրա, ներառյալ` համապատասխան միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև այլ Անդամների կիրառած սանիտարական կամ բուսասանիտարական միջոցներից ստացված տեղեկությունները: Այդ հանգամանքներում Անդամը ձգտում է ձեռք բերել վտանգի ավելի անաչառ գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններն ու պատշաճ ժամանակահատվածի ընթացքում համապատասխանաբար վերանայել սանիտարական կամ բուսասանիտարական միջոցները:
8. Եթե Անդամը հիմք ունի համարելու, որ մեկ այլ Անդամի կողմից մտցված կամ պահպանվող սանիտարական կամ բուսասանիտարական որևէ առանձին միջոց խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել իր արտահանումը, և որ միջոցը հիմնված չէ համապատասխան միջազգային ստանդարտների, ուղեցույցների կամ հանձնարարականների վրա, կամ գոյություն չունեն այդպիսի ստանդարտներ, ուղեցույցներ կամ հանձնարարականներ, ապա կարող է բացատրություն պահանջել սանիտարական կամ բուսասանիտարական այդ միջոցի պատճառների վերաբերյալ, և միջոցը գործածող Անդամը տրամադրում է այն:
ՀՈԴՎԱԾ 6
ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԳՈՏԻՆԵՐ
1. Անդամներն ապահովում են, որ իրենց սանիտարական կամ բուսասանիտարական միջոցները հարմարեցվեն տվյալ գոտու սանիտարական կամ բուսասանիտարական բնութագրերին` կլինի դա մի ամբողջ երկիր, երկրի մի մաս կամ մի քանի երկիր ամբողջությամբ կամ դրանց մասերը, որտեղից ծագում է արտադրանքը, և որտեղի համար նախատեսված է արտադրանքը: Տարածաշրջանի սանիտարական կամ բուսասանիտարական բնութագրերը գնահատելիս Անդամներն այլոց թվում հաշվի են առնում առանձին վնասատուների կամ հիվանդությունների տարածվածության աստիճանը, վնասազերծման կամ վերահսկողական ծրագրերի առկայությունը և համապատասխան չափանիշները և ուղեցույցները, որոնք կարող են մշակվել միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից:
2. Անդամները, մասնավորապես, ճանաչում են վնասատուներից կամ հիվանդություններից զերծ և վնասատուների կամ հիվանդությունների նվազ տարածվածությամբ գոտիների հասկացությունները: Այդ գոտիների որոշումը հիմնվում է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են աշխարհագրությունը, բնապահպան համակարգերը, համաճարակային հսկողությունը և սանիտարական կամ բուսասանիտարական վերահսկողության արդյունավետությունը:
3. Արտահանող Անդամները, որոնք պնդում են, որ իրենց տարածքներում եղած գոտիները վնասատուներից և հիվանդություններից զերծ են, կամ վնասատուները և հիվանդությունները նվազ տարածվածություն ունեն դրանցում, անհրաժեշտ ապացույցներ են տրամադրում այդ մասին, որպեսզի ներմուծող Անդամին անաչառորեն ցույց տան, որ այդ գոտիները համապատասխանաբար զերծ են վնասատուներից կամ հիվանդություններից կամ ունեն վնասատուների կամ հիվանդությունների նվազ տարածվածություն և հավանաբար կմնան այդպիսին:
ՀՈԴՎԱԾ 7
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Անդամները ծանուցում են իրենց սանիտարական կամ բուսասանիտարական միջոցների փոփոխությունների վերաբերյալ և իրենց սանիտարական կամ բուսասանիտարական միջոցների մասին տեղեկություններ են տրամադրում համաձայն Բ Հավելվածի դրույթների:
ՀՈԴՎԱԾ 8
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Անդամները վերահսկողության, ստուգման և թույլատրման ընթացակարգերը (ներառյալ` սննդամթերքում, խմիչքներում և անասնակերերում հավելումներ թույլատրելու կամ աղտոտող նյութերի թույլատրելի աստիճանը սահմանելու ազգային համակարգերը) կիրարկելիս պահպանում են Գ Հավելվածի դրույթները և այլ կերպ ապահովում են, որ իրենց ընթացակարգերը անհամապատասխան չլինեն սույն Համաձայնագրի դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 9
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Անդամները համաձայնում են երկկողմ հիմունքով կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով նպաստելու այլ Անդամներին, հատկապես զարգացող Անդամ երկրներին տեխնիկական աջակցության տրամադրմանը: Այդպիսի աջակցությունն այլոց թվում կարող է տրամադրվել վերամշակման տեխնոլոգիաների, հետազոտության և ենթակառուցվածքների ոլորտներում, ներառյալ` ազգային կանոնակարգող մարմինների հիմնադրման համար, և կարող է տրամադրվել խորհրդատվության, վարկերի, նվիրատվությունների և դրամաշնորհների ձևով` ներառյալ տեխնիկական փորձագիտության, ուսուցման և սարքավորումների ձեռք բերման նպատակով, որպեսզի այդ երկրներին հնարավորություն տրվի կարգավորվելու և համապատասխանելու սանիտարական կամ բուսասանիտարական այն միջոցներին, որոնք անհրաժեշտ են իրենց արտահանման շուկաներում սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար:
2. Երբ զգալի ներդրումներ են պահանջվում, որպեսզի արտահանող զարգացող Անդամ-երկիրը կատարի ներմուծող Անդամի սանիտարական կամ բուսասանիտարական պահանջները, վերջինս դիտարկում է այդպիսի տեխնիկական աջակցության տրամադրումը, որը թույլ կտա զարգացող Անդամ-երկրին պահպանելու և ընդլայնելու տվյալ արտադրանքի համար շուկայի մուտքի իր հնարավորությունները:
ՀՈԴՎԱԾ 10
ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ
1. Սանիտարական կամ բուսասանիտարական միջոցներ նախապատրաստելիս ու կիրառելիս Անդամները հաշվի են առնում զարգացող Անդամ-երկրների և հատկապես առավել թույլ զարգացած Անդամ-երկրների հատուկ կարիքները:
2. Եթե սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակը թույլ է տալիս, որ սանիտարական կամ բուսասանիտարական նոր միջոցը մտցվի փուլ առ փուլ, ապա զարգացող Անդամ-երկրների համար հետաքրքրություն ներկայացնող արտադրանքների մասով պահանջների բավարարման ավելի երկար ժամկետներ պետք է տրամադրվեն այնպես, որ պահպանվեն նրանց արտահանման հնարավորությունները:
3. Նպատակ ունենալով ապահովել, որ զարգացող Անդամ-երկրները կարողանան պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, Կոմիտեն իրավունք ունի պահանջի դեպքում այդ երկրներին շնորհել հատկորոշված, սահմանափակ ժամկետով բացառություններ սույն Համաձայնագրով սահմանված պարտավորություններից` ամբողջությամբ կամ մասամբ, հաշվի առնելով նրանց ֆինանսական, առևտրային և զարգացման կարիքները:
4. Անդամները պետք է խրախուսեն ու խթանեն զարգացող Անդամ-երկրների գործուն մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպություններում:
ՀՈԴՎԱԾ 11
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
1. Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն Համաձայնագրի համաձայն անցկացվող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման վրա, բացառությամբ` այստեղ այլ կերպ նախատեսվածի:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում` գիտական և տեխնիկական հարցեր ընդգրկող վեճերի ժամանակ քննախումբը պետք է խորհուրդ հարցնի քննախմբի կողմից ընտրված փորձագետներից` խորհրդակցելով վեճի կողմերի հետ: Այդ նպատակով քննախումբը վեճի որևէ կողմի պահանջով կամ իր սեփական նախաձեռնությամբ կարող է ստեղծել փորձագետների խորհրդատվական խումբ կամ խորհրդակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, երբ դա նպատակահարմար է համարում:
3. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի նվազեցնում Անդամների միջազգային այլ համաձայնագրերով սահմանված իրավունքները, ներառյալ` միջազգային այլ կազմակերպությունների կամ միջազգային որևէ համաձայնագրով ստեղծված վեճի կարգավորման գործկառույցներին կամ բարեխիղճ ծառայություններին դիմելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 12
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Սույնով ստեղծվում է Սանիտարական և բուսասանիտարական միջոցների հարցերով կոմիտե` խորհրդակցությունների համար մշտական հավաքատեղի ապահովելու համար: Այն կատարում է գործառույթներ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթներն իրականացնելու ու դրա նպատակների իրագործմանը նպաստելու համար` մասնավորապես կապված ներդաշնակեցման հետ: Կոմիտեն իր որոշումները կայացնում է ընդհանուր համաձայնությամբ:
2. Կոմիտեն խրախուսում ու նպաստում է Անդամների միջև սանիտարական կամ բուսասանիտարական առանձին հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցությունների կամ բանակցությունների անցկացմանը: Կոմիտեն խրախուսում է միջազգային ստանդարտների, ուղեցույցների կամ հանձնարարականների օգտագործումը բոլոր Անդամների կողմից և այս կապակցությամբ հովանավորում է տեխնիկական խորհրդակցություններն ու ուսումնասիրությունները` նպատակ ունենալով ընդլայնել սննդային հավելումների օգտագործման կամ սննդամթերքում, խմիչքներում կամ անասնակերում աղտոտող նյութերի թույլատրելի չափի սահմանման միջազգային և ազգային համակարգերի և մոտեցումների համակարգումն ու միասնականացումը:
3. Սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության բնագավառում Կոմիտեն սերտ կապեր է պահպանում միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, հատկապես «Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի, Համաճարակաբանության միջազգային գրասենյակի և Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Քարտուղարության հետ` նպատակ ունենալով սույն Համաձայնագրի կիրարկման համար երաշխավորել լավագույն գիտական և տեխնիկական առկա խորհրդատվությունը, և որպեսզի ապահովվի աշխատանքների անհարկի կրկնությունից խուսափելը:
4. Կոմիտեն մշակում է ընթացակարգ` դիտանցելու միջազգային ներդաշնակեցման գործընթացն ու միջազգային ստանդարտների, ուղեցույցների կամ հանձնարարականների օգտագործումը: Այդ նպատակով Կոմիտեն միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ պետք է կազմի սանիտարական կամ բուսասանիտարական այն միջոցներին վերաբերող միջազգային ստանդարտների, ուղեցույցների կամ հանձնարարականների ցանկ, որոնք Կոմիտեն համարում է, որ կարևոր ազդեցություն ունեն առևտրի վրա: Ցանկը պետք է պարունակի Անդամների մատնանշած միջազգային այն ստանդարտները, ուղեցույցները կամ հանձնարարականները, որոնք իրենք կիրառում են որպես ներմուծման պայմաններ, կամ որոնց հիման վրա այդ ստանդարտներին համապատասխանող ներմուծվող ապրանքները կարող են մուտք գործել իրենց շուկաները: Այն դեպքերում, երբ Անդամը որպես ներմուծման պայման միջազգային ստանդարտ, ուղեցույց կամ հանձնարարական չի կիրառում, Անդամը պետք է մատնանշի դրա պատճառն ու մասնավորապես, թե արդյոք ինքը համարում է, որ այդ ստանդարտը բավականաչափ խիստ չէ սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար: Եթե Անդամը ստանդարտի, ուղեցույցի կամ հանձնարարականի` որպես ներմուծման պայման օգտագործումը մատնանշելուց հետո վերանայում է իր դիրքորոշումը, ապա նա պետք է բացատրություն տա իր փոփոխության համար և այդ մասին տեղեկացնի Քարտուղարությանը, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին, եթե այդպիսի ծանուցում և բացատրություն չի տրվել Բ Հավելվածի ընթացակարգերի համաձայն:
5. Անհարկի կրկնություններից խուսափելու համար Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում որոշել օգտագործել միջազգային համապատասխան կազմակերպություններում գործող ընթացակարգերով, մասնավորապես ծանուցման ընթացակարգերով կուտակված տեղեկությունները:
6. Անդամներից որևէ մեկի նախաձեռնության հիման վրա Կոմիտեն կարող է համապատասխան ուղիներով միջազգային համապատասխան կազմակերպություններին կամ նրանց օժանդակ մարմիններին հրավիրել քննելու հատուկ հարցեր` կապված առանձին ստանդարտի, ուղեցույցի կամ հանձնարարականի հետ, ներառյալ` 4-րդ կետի համաձայն տրված չօգտագործման բացատրությունների հիմքերի հետ:
7. Կոմիտեն վերանայում է սույն Համաձայնագրի գործողությունը և իրականացումը` ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո և դրանից հետո` կարիք լինելու դեպքում: Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է Ապրանքների առևտրի խորհրդին առաջարկություններ ներկայացնել սույն Համաձայնագրի շարադրանքում փոփոխություններ կատարելու համար` այլոց թվում նկատի առնելով դրա իրականացման ընթացքում ձեռք բերած փորձը:
ՀՈԴՎԱԾ 13
ԿԻՐԱՐԿՈՒՄ
Սույն Համաձայնագրի համաձայն` Անդամները լիարժեքորեն պատասխանատու են սույնով սահմանված բոլոր պարտավորությունների կատարման համար: Կենտրոնականից տարբերվող կառավարման մարմինների կողմից սույն Համաձայնագրի դրույթների կատարմանն աջակցելու համար Անդամները մշակում և իրականացնում են դրական միջոցներ ու գործկառույցներ: Անդամները ձեռնարկում են իրենց մատչելի պատշաճ միջոցներ` ապահովելու, որ իրենց տարածքներում գտնվող ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաև տարածաշրջանային մարմինները, որոնց անդամն են իրենց տարածքներում գտնվող համապատասխան կազմակերպությունները, կատարեն սույն Համաձայնագրի համապատասխան դրույթները: Ավելին` Անդամները չեն դիմում այնպիսի միջոցների, որոնց հետևանքով այդ տարածաշրջանային կամ ոչ կառավարական կազմակերպություններից կամ տեղական կառավարման մարմիններից ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջվում է, կամ դրանց խրախուսվում է սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան ձևով: Անդամներն ապահովում են, որ սանիտարական կամ բուսասանիտարական միջոցների իրականացման համար նրանք ոչ կառավարական կազմակերպությունների ծառայությանը կդիմեն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությունները համապատասխանում են սույն Համաձայնագրի դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 14
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Առավել թույլ զարգացած Անդամ-երկրները կարող են հինգ տարի ժամկետով` սկսած ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, հետաձգել սույն Համաձայնագրի դրույթների կիրառումը` կապված իրենց սանիտարական կամ բուսասանիտարական միջոցների հետ, որոնք ազդում են ներմուծման կամ ներմուծված արտադրանքների վրա: Այլ զարգացող Անդամները կարող են երկու տարի ժամկետով` սկսած ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, հետաձգել սույն Համաձայնագրի դրույթների (բացի 5-րդ հոդվածի 8-րդ կետի և 7-րդ հոդվածի) կիրառումը` կապված ներմուծման կամ ներմուծված արտադրանքների վրա ազդող սանիտարական կամ բուսասանիտարական գոյություն ունեցող իրենց միջոցների հետ, երբ այդ կիրառումը հնարավոր չէ տեխնիկական փորձագիտության, տեխնիկական ենթակառուցվածքի կամ միջոցների բացակայության պատճառով:
ՀԱՎԵԼՎԱԾ Ա
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ17
_________________________
17 Սույն սահմանումների նպատակներով «կենդանի»-ն ընդգրկում է ձկներն ու վայրի կենդանական աշխարհը, «բույս»-ը ընդգրկում է անտառներն ու վայրի բուսական աշխարհը, «վնասատու»-ն ընդգրկում է մոլախոտերը, «աղտոտող նյութեր»-ը ընդգրկում են թունաքիմիկատները, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդները և կողմնակի նյութերը:
1. Սանիտարական կամ բուսասանիտարական միջոց` ցանկացած միջոց, որը կիրառվում է.
ա) Անդամի տարածքում կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը վնասատուների, հիվանդությունների, հիվանդություն կրող մարմինների կամ հիվանդություն հարուցող մարմինների մուտքի, հաստատման և տարածման հետևանքով ծագող վտանգներից պաշտպանելու համար,
բ) Անդամի տարածքում մարդու կամ կենդանիների կյանքը կամ առողջությունը սննդամթերքում, խմիչքներում կամ անասնակերերում եղած հավելումներից, աղտոտող նյութերից, թունավոր նյութերից կամ հիվանդություն հարուցող մարմիններից ծագող վտանգներից պաշտպանելու համար,
գ) Անդամի տարածքում մարդու կյանքը կամ առողջությունը կենդանիների, բույսերի կամ դրանցից պատրաստված արտադրանքներում եղած հիվանդություններից, կամ վնասատուների մուտքի, հաստատման և տարածման հետևանքով ծագող վտանգներից պաշտպանելու համար, կամ
դ) Անդամի տարածքում վնասատուների մուտքի, հաստատման և տարածման հետևանքով ծագող այլ վնասները կանխելու կամ սահմանափակելու համար:
Սանիտարական կամ բուսասանիտարական միջոցները ներառում են բոլոր համապատասխան օրենքները, որոշումները, կանոնակարգերը, պահանջներն ու ընթացակարգերը` ներառյալ այլոց թվում վերջնական արտադրանքի չափանիշները, գործընթացներն ու արտադրական եղանակները, քննման, ստուգման, հավաստագրման ու թույլատրման ընթացակարգերը, ախտարգելային պահանջները, ներառյալ կենդանիների կամ բույսերի տեղափոխման հետ կամ տեղափոխման ընթացքում դրանց գոյատևման համար անհրաժեշտ նյութերի հետ կապված համապատասխան պահանջները, համապատասխան վիճակագրական եղանակների, նմուշառման և վտանգի գնահատման եղանակների վերաբերյալ դրույթները և սննդի անվտանգության հետ ուղղակիորեն կապված փաթեթավորման և պիտակավորման պահանջները:
2. Ներդաշնակեցում տարբեր Անդամների կողմից ընդհանուր սանիտարական և բուսասանիտարական միջոցների ստեղծումը, ճանաչումն ու կիրառումը:
3. Միջազգային չափանիշներ (ստանդարտներ), ուղեցույցներ ու հանձնարարականներ`
ա) Սննդամթերքի անվտանգության համար` «Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի սահմանած ստանդարտները, ուղեցույցներն ու հանձնարարականները, որոնք վերաբերում են սննդամթերքի մեջ հավելումներին, անասնաբուժական դեղամիջոցների և թունաքիմիկատների մնացորդներին, աղտոտող նյութերին, վերլուծության և նմուշառման եղանակներին և առողջաբանական գործի կանոններին և ուղեցույցներին,
բ) կենդանիների առողջության և անասնախոտերի համար Համաճարակաբանության միջազգային գրասենյակի հովանու ներքո մշակված ստանդարտները, ուղեցույցներն ու հանձնարարականները,
գ) բույսերի առողջության համար Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Քարտուղարության հովանու ներքո Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում գործող տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությամբ մշակված ստանդարտները, ուղեցույցներն ու հանձնարարականները, և
դ) վերը նշված կազմակերպությունների կողմից չկարգավորվող խնդիրների համար` համապատասխան ստանդարտները, ուղեցույցներն ու հանձնարարականները` հրապարակված միջազգային համապատասխան այլ կազմակերպությունների կողմից, որոնք բոլոր Անդամների համար բաց են անդամակցության համար, ինչպես հատկորոշել է Կոմիտեն:
4. Վտանգի գնահատում` վնասատուի կամ հիվանդության` ներմուծող Անդամ-երկրի տարածք մուտք գործելու, հաստատման կամ տարածման հավանականության գնահատումը` համաձայն սանիտարական և բուսասանիտարական այն միջոցների, որոնք կարող են կիրառվել, և դրա հետ կապված կենսաբանական և տնտեսական հետևանքների գնահատումը, կամ մարդու կամ կենդանիների առողջության վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատումը, որը ծագում է սննդամթերքում, խմիչքներում և անասնակերերում հավելումների, աղտոտող նյութերի, թունավոր նյութերի կամ հիվանդություն հարուցող մարմինների առկայությունից:
5. Սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակ` պաշտպանության այն մակարդակը, որն ըստ սանիտարական կամ բուսասանիտարական միջոցը սահմանող Անդամի` համարվում է անհրաժեշտ` իր տարածքում մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար:
Ծանոթություն. շատ Անդամներ այս հասկացությունն այլ կերպ հիշատակում են որպես «վտանգի ընդունելի աստիճան»:
6. Վնասատուներից և հիվանդություններից զերծ գոտի` իրավասու մարմինների կողմից հատկորոշված գոտի, լինի դա մի ամբողջ երկիր, երկրի մաս կամ մի քանի երկրներ ամբողջությամբ կամ դրանց մասերը, որտեղ որոշակի վնասատուն կամ հիվանդությունը չի հանդիպում:
Ծանոթություն. Վնասատուներից և հիվանդություններից զերծ գոտին կարող է շրջապատել, շրջապատված լինել կամ սահմանակից լինել որևէ գոտու (լինի դա երկրի մի մասում կամ աշխարհագրական տարածաշրջանում, որը ներառում է մի քանի երկիր ամբողջությամբ կամ դրանց մասերը) որտեղ որոշակի վնասատուն կամ հիվանդությունը հանդիպում է, բայց ենթակա է տարածաշրջանային վերահսկողական միջոցառումների, ինչպիսիք են պաշտպանության, հսկողության և բախարգելային գոտիների սահմանումը, որոնք մեկուսացնում կամ վնասազերծում են խնդրո առարկա վնասատուին կամ հիվանդությունը:
7. Վնասատուների և հիվանդությունների նվազ տարածվածությամբ գոտի` իրավասու մարմինների կողմից հատկորոշված գոտի, լինի դա ամբողջ երկիր, երկրի մաս, մի քանի երկրներ ամբողջությամբ կամ դրանց մասեր, որտեղ որոշակի վնասատու կամ հիվանդություն տարածված է փոքր չափով, և որը ենթակա է արդյունավետ հսկողության, վերահսկողության և վնասազերծման միջոցառումների:
ՀԱՎԵԼՎԱԾ Բ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Կանոնակարգերի հրապարակում
1. Անդամներն ապահովում են, որ սանիտարական և բուսասանիտարական բոլոր ընդունված կանոնակարգերն18 արագ կերպով հրապարակվեն` հնարավորություն տալով շահագրգիռ Անդամներին ծանոթանալու դրանց հետ:
___________________________________
18 Ընդհանուր կիրառման սանիտարական և բուսասանիտարական միջոցները, ինչպիսիք են օրենքները, որոշումները և հրահանգները:
2. Բացառությամբ հրատապ դեպքերի, Անդամները բավականաչափ ժամանակամիջոց են թողնում սանիտարական և բուսասանիտարական կանոնակարգերի հրապարակման ու դրանք ուժի մեջ մտնելու միջև, որպեսզի ժամանակ տան ներմուծող Անդամների և հատկապես զարգացող Անդամ-երկրների արտադրողներին, որ նրանք իրենց արտադրանքն ու արտադրական եղանակները հարմարեցնեն ներմուծող Անդամի պահանջներին:
Հարցման կետեր
3. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է մեկ հարցման կետ, որը պատասխանատու է շահագրգիռ Անդամների կողմից բոլոր խելամիտ հարցումներին պատասխաններ տրամադրելու, ինչպես նաև հետևյալի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար.
ա) իր տարածքում ընդունված կամ առաջարկված ցանկացած կանոնակարգերի,
բ) իր տարածքում գործող վերահսկման և ստուգման ցանկացած ընթացակարգերի, արտադրական կամ ախտարգելային միջոցառումների, թունաքիմիկատների թույլատրելիության և սննդամթերքում հավելումների թույլատրման ընթացակարգերի,
գ) վտանգի թույլատրման ընթացակարգերի, հաշվի առնված գործոնների, ինչպես նաև սանիտարական կամ բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակի որոշման,
դ) Անդամի կամ իր տարածքում գտնվող համապատասխան մարմինների` միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում և համակարգերում անդամության կամ մասնակցության, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի և պայմանավորվածությունների և այդ համաձայնագրերի և պայմանավորվածությունների տեքստերի:
4. Անդամներն ապահովում են, որ երբ շահագրգիռ Անդամները փաստաթղթերի պատճեններ պահանջեն, դրանք տրամադրվեն նույն գնով (եթե այն գոյություն ունի)` չհաշված առաքման ծախսը, որով տրամադրվում են տվյալ Անդամի քաղաքացիներին19:
____________________________________
19 Եթե սույն Համաձայնագրում հիշատակվում է «քաղաքացիներ»-ը, ապա այդ հասկացությունը` ԱՀԿ-ի առանձին մաքսային տարածքով Անդամի դեպքում, նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր բնակվում են, կամ ովքեր ունեն իրական ու գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություններ այդ մաքսային տարածքում:
Ծանուցման ընթացակարգեր
5. Այն դեպքերում, երբ գոյություն չունի միջազգային ստանդարտ, ուղեցույց կամ հանձնարարական, կամ առաջարկվող սանիտարական կամ բուսասանիտարական կանոնակարգի բովանդակությունն ըստ էության նույնական չէ միջազգային ստանդարտի, ուղեցույցի կամ հանձնարարականի բովանդակությանը, և երբ այդ կանոնակարգը կարող է զգալի ազդեցություն ունենալ մյուս Անդամների առևտրի վրա, Անդամները`
ա) ծանուցում են հրապարակում վաղօրոք փուլում այնպես, որ հնարավորություն տան շահագրգիռ Անդամներին ծանոթանալու առանձին կանոնակարգ մտցնելու առաջարկի հետ,
բ) Քարտուղարության միջոցով մյուս Անդամներին ծանուցում են կանոնակարգով ընդգրկված արտադրանքների մասին` առաջարկված կանոնակարգի նպատակի ու հիմնավորման ամփոփ նկարագրի հետ միասին: Այդ ծանուցումները կատարվում են վաղ փուլում, երբ դեռ կարելի է փոփոխություններ կատարել ու հաշվի առնել դիտողություններ,
գ) պահանջ լինելու դեպքում, այլ Անդամներին տրամադրում են առաջարկված կանոնակարգի պատճենները և հնարավորության դեպքում մատնանշում այն մասերը, որոնք էականորեն շեղվում են միջազգային ստանդարտներից, ուղեցույցներից կամ հանձնարարականներից,
դ) այլ Անդամներին առանց խտրականության պատշաճ ժամանակ են տրամադրում գրավոր դիտողություններ ներկայացնելու, պահանջի դեպքում քննարկելու այդ դիտողությունները, և հաշվի են առնում դիտողություններն ու քննարկումների արդյունքները:
6. Այնուամենայնիվ, եթե Անդամի համար առողջության պաշտպանության հրատապ խնդիրներ են ծագում կամ սպառնում են ծագել, ապա այդ Անդամը կարող է բաց թողնել սույն Հավելվածի 5-րդ կետում նշված այն քայլերը, որոնք գտնում է անհրաժեշտ, եթե Անդամը.
ա) Քարտուղարության միջոցով մյուս Անդամներին անմիջապես ծանուցում է այդ առանձին կանոնակարգի և ընդգրկված արտադրանքների մասին` կանոնակարգի նպատակի ու հիմնավորման ամփոփ նկարագրի հետ միասին, ներառյալ` հրատապ խնդրի (ների) բնույթի մասին,
բ) պահանջի դեպքում կանոնակարգի պատճենները տրամադրում է մյուս Անդամներին,
գ) թույլ է տալիս այլ Անդամներին գրավոր դիտողություններ անել, պահանջի դեպքում քննարկում է այդ դիտողությունները, և հաշվի է առնում դիտողություններն ու քննարկումների արդյունքները:
7. Ծանուցումները Քարտուղարություն են ուղարկվում անգլերենով, ֆրանսերենով կամ իսպաներենով:
8. Եթե մյուս Անդամները պահանջում են, ապա զարգացած Անդամ-երկրները տրամադրում են փաստաթղթերի պատճենները կամ, ծավալուն փաստաթղթերի դեպքում` փաստաթղթերի ամփոփագրերը` անգլերենով, ֆրանսերենով կամ իսպաներենով հատուկ ծանուցագրով:
9. Քարտուղարությունը ծանուցագրի պատճենները շտապ կարգով շրջաբերում է բոլոր Անդամներին ու շահագրգիռ միջազգային կազմակերպություններին և զարգացող Անդամ-երկրների ուշադրությունը հրավիրում է նրանց համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող արտադրանքների հետ կապված ծանուցագրերի վրա:
10. Անդամները կենտրոնական կառավարման մեկ մարմին են նշանակում, որը պատասխանատու է սույն Հավելվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան ծանուցման ընթացակարգերին վերաբերող դրույթների պետական մակարդակով իրականացման համար:
Ընդհանուր վերապահումներ
11. Համարվում է, որ սույն Համաձայնագիրը ոչնչով չի պահանջում.
ա) նախագծերի մանրամասները կամ պատճենները տրամադրել կամ տեքստեր հրապարակել Անդամի լեզվից տարբեր լեզվով, բացառությամբ սույն Հավելվածի 8-րդ կետով սահմանվածի, կամ
բ) Անդամներից` բացահայտել գաղտնի տեղեկություններ, որով կխոչընդոտվի սանիտարական կամ բուսասանիտարական օրենսդրության կիրարկումը, կամ որը վնաս կհասցնի առանձին կազմակերպությունների առևտրային շահերին:
ՀԱՎԵԼՎԱԾ Գ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ20
_____________________________
20 Վերահսկողության, ստուգման և թույլատրման ընթացակարգերն այլոց թվում ներառում են նմուշառման, քննման ու հավաստագրման ընթացակարգերը:
1. Սանիտարական կամ բուսասանիտարական միջոցի կատարումն ապահովող և ստուգող ցանկացած ընթացակարգի առնչությամբ Անդամներն ապահովում են, որ.
ա) այդ ընթացակարգերը ձեռնարկվեն և ավարտվեն առանց անտեղի հետաձգման և ներմուծվող արտադրանքների համար ոչ պակաս նպաստավոր ձևով, քան նման տեղական արտադրանքների համար,
բ) յուրաքանչյուր ընթացակարգի կատարման օրինաչափ ժամանակահատվածը հրապարակվի, կամ պահանջի դեպքում կատարման ակնկալվող ժամանակահատվածի մասին հայտնվի դիմողին. դիմումը ստանալու դեպքում իրավասու մարմինը արագ կերպով քննության առնի փաստաթղթերի լրիվությունը, և ճշգրիտ ու լիարժեք ձևով փոխանցի ընթացակարգի արդյունքները, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում ուղղումներ կատարել. անգամ եթե դիմումը թերություններ ունենա, իրավասու մարմինը հնարավոր չափով շարունակի ընթացակարգի կատարումը, եթե դիմողն այդպես պահանջի. և պահանջելու դեպքում դիմողը տեղեկացվի ընթացակարգի փուլի մասին` բացատրություն ստանալով ցանկացած հետաձգման համար,
գ) տեղեկատվական պահանջները սահմանափակվեն այնքանով, որքանով որ անհրաժեշտ են պատշաճ վերահսկողության, ստուգման և թույլատրման ընթացակարգերի համար, ներառյալ` սննդամթերքում, խմիչքներում կամ աղտոտող նյութերի թույլատրելի աստիճանի սահմանման համար,
դ) վերահսկողության, ստուգման ու թույլատրման առնչությամբ տրամադրված կամ դրանցից ծագող ներմուծված արտադրանքների մասին տեղեկության գաղտնիությունը ստանա ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, քան տեղական արտադրանքների նկատմամբ եղածն է, և այնպիսի ձևով, որ պաշտպանվեն օրինական առևտրային շահերը,
ե) արտադրանքի առանձին նմուշների վերահսկողության, ստուգման և թույլատրման համար ցանկացած պահանջ սահմանափակվի այնքանով, որքանով հիմնավորված է և անհրաժեշտ,
զ) ներմուծված արտադրանքների վրա ընթացակարգերի համար դրված ցանկացած վճար հավասարարժեք լինի նման տեղական արտադրանքներից կամ ցանկացած այլ Անդամ-երկրում ծագած արտադրանքներից գանձվող ցանկացած վճարին, և լինի ոչ ավելին, քան ծառայության փաստացի ծախսը,
է) ընթացակարգերում օգտագործվող միջոցների տեղակայման ու ներմուծված արտադրանքների նմուշների ընտրության համար պետք է օգտագործվեն նույն չափանիշները, ինչպիսիք օգտագործվում են տեղական արտադրանքների համար, որպեսզի նվազագույնի հասցվեն դիմողների, ներմուծողների, արտահանողների և նրանց գործակալների ունեցած դժվարությունները,
ը) եթե կիրառվող կանոնակարգերի համաձայն կատարվող վերահսկողության և ստուգման հետևանքով փոխվում են արտադրանքի բնութագրերը, ապա փոփոխված արտադրանքի համար ընթացակարգը սահմանափակվի նրանով, ինչն անհրաժեշտ է որոշելու` արդյոք բավարար վստահություն կա, որ արտադրանքը դեռ բավարարում է խնդրո առարկա կանոնակարգերին.
թ) գոյություն ունենա այդ ընթացակարգերի գործողության վերաբերյալ բողոքների քննության և ուղղումներ մտցնելու ընթացակարգ, երբ բողոքը հիմնավորված է:
Եթե ներմուծող Անդամը գործածում է սննդամթերքի հավելումների օգտագործումը թույլատրելու կամ սննդամթերքում, խմիչքներում կամ անասնակերերում աղտոտող նյութերի թույլատրելի աստիճանի սահմանման համակարգ, որն արգելում կամ սահմանափակում է արտադրանքների մուտքն իր ներքին շուկա` ելնելով թույլատրման բացակայությունից, ապա ներմուծող Անդամը համապատասխան միջազգային ստանդարտի օգտագործումը դիտարկում է որպես հիմք մուտքի համար, մինչև վերջնական որոշման կայացումը:
2. Եթե սանիտարական կամ բուսասանիտարական միջոցը վերահսկողությունը հատկանշում է արտադրության մակարդակի վրա, ապա Անդամը, որի տարածքում կատարվում է արտադրությունը, անհրաժեշտ աջակցություն է տրամադրում` այդ վերահսկողությունը և վերահսկողություն կատարող մարմինների աշխատանքը հեշտացնելու համար:
3. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի արգելում Անդամներին պատշաճ ստուգում իրականացնել իրենց սեփական տարածքներում: