Սեղմել Esc փակելու համար:
«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒ ...

 

 

040.0675.010612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 675-Ն

 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վասիլի Ցականովին (անձնագիր` AK 0333487, տրված` 012-ի կողմից, 2009 թվականի հուլիսի 8-ին):

5. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

i

6. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 729-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Հր. Աճառյան N 31 հասցեում գտնվող շենքային համալիրի` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 155766.037 դրամ սկզբնական արժեքով առաջնաշենքը և ամրացնել հիմնադրամին` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ապահովել`

1) «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին օգտագործման իրավունքով պատկանող և 62 243 913 դրամ արժեքով գույքի տրամադրումը հիմնադրամին` սեփականության իրավունքով, որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում, համաձայն N 2 հավելվածի.

2) «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին որոշման 6-րդ կետով սահմանված` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին ամրացնելու, գույքի կազմը հաստատելու և հանձնման-ընդունման գործընթացը:

i

8. Կոմիտեի նախագահին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:

9. Սահմանել, որ հիմնադրամի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը գիտության ընդհանուր միջոցների շրջանակներում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 24-ի

N 675-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի որոշման հիման վրա հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ՔԵՆԴԼ» ՍՀԻ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` Ֆօնդ «ԿԵՆԴԼ» ինստիտուտ սինխրօտռօննիխ իսլեդօվանիյ».

4) ռուսերեն կրճատ` Ֆօնդ «ԿԵՆԴԼ» ԻՍԻ».

5) անգլերեն լրիվ` «CANDLE «Synchrotron Research Institute» Foundation.

6) անգլերեն կրճատ` «CANDLE» SRI» Foundation:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0040 Հր. Աճառյան փող., 31:

6. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

7. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:

10. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

11. Հիմնադրամն ունի իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք` հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:

12. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

13. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

14. Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Հիմնադրամի նպատակներն են`

1) սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը և կիրառությունը.

2) գիտական, գիտատեխնիկական և գիտաինովացիոն գործունեության իրականացումը.

3) բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական (ներառյալ մագիստրոսական և ասպիրանտական) կադրերի պատրաստումը.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը նպաստող տեխնոլոգիաների մշակումը.

5) արագացուցչային ֆիզիկայի բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունների ձևավորումն ու աշխատանքների կազմակերպումը:

17. Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան էլեկտրոնային և ֆոտոնային փնջերի ֆիզիկայի, արագացուցչային տեխնիկայի բնագավառներում, ինչպես նաև սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ հետազոտությունների և մշակումների իրականացումն ու հետագա զարգացումն է:

18. Հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններն են`

1) գիտական հետազոտություններ և գիտաինովացիոն մշակումներ հետևյալ բնագավառներում`

ա. արագացուցչային ֆիզիկա և տեխնիկա,

բ. ռենտգենյան օպտիկա,

գ. փնջերի ֆիզիկա,

դ. կենսաֆիզիկա,

ե. տեղեկատվական տեխնոլոգիաներ,

զ. հարակից բնական գիտություններում արագացուցչային ֆիզիկայի և տեխնոլոգիաների կիրառում.

2) սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտատեխնիկական և տեխնոլոգիական մշակումներ.

3) գիտական, ճարտարագիտական և տեխնիկական մասնագետների պատրաստում.

4) գիտական հետազոտությունների մոդելավորում.

5) հատուկ տեխնոլոգիական սարքավորումների մշակում և արտադրություն.

6) համակարգչային տեղեկատվական ծառայություններ.

7) լրատվական և հրատարակչական գործունեության իրականացում.

8) հիմնադրամի գործունեության բնագավառներում գիտական և գիտատեխնիկական այլ ուղղություններ:

19. Իր նպատակների իրականացման համար հիմնադրամը`

1) սահմանված կարգով իրականացնում է գիտական և գիտատեխնիկական ծրագրեր` Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման համար նախատեսված պետական ֆինանսական միջոցներով, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, օտարերկրյա կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ֆինանսական օժանդակությամբ.

2) ստեղծում է գիտատար ուղղություններում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար ենթակառույցներ, կատարում բարձր տեխնոլոգիական մշակումներ.

3) ապահովում է հիմնադրամի ենթակառուցվածքների, փորձարարական և արտադրատեխնիկական բազայի զարգացումը և արդյունավետ շահագործումը.

4) մշակում է տեխնոլոգիական սարքավորումներ և կազմակերպում դրանց արտադրությունը.

5) կազմակերպում է մագիստրոսական և ասպիրանտական ուսուցում հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններով.

6) միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ իրականացնում է գիտական և գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր.

7) մատուցում է համակարգչային տեղեկատվական ծառայություններ.

8) իրականացնում է լրատվական և հրատարակչական տպագրական գործունեություն.

9) կատարում է հիմնադրամի հիմնական միջոցների վերակառուցում և վերանորոգում, ինչպես նաև կապիտալ շինարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) իրականացնում է հիմնադրամի նպատակների իրագործման համար լրացուցիչ ֆոնդերի հայթայթման միջոցառումներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

21. Հիմնադրամն իրականացնում է գիտական և գիտատեխնոլոգիական ու կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և սպասարկման (հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչական գործունեություն) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների լուծման համար:

22. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Հիմնադրամն իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերակցություններ կամ լինել նրանց մասնակից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան անդամակցելու միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

7) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

24. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքներով սահմանված այլ պարտականություններ.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն, այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

25. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

26. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են`

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր կողմից ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

27. Հիմնադրամի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գույքի օտարման գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

28. Հիմնադրամի տնօրինման, օգտագործման, տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը, այդ թվում` հողամասը, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գիտական, փորձարարական (գիտական ենթակառուցվածք) գույքը կարող է օտարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

29. Հիմնադրի և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներդրումները և նվիրաբերությունները կարող են կատարվել ինչպես դրամական և գույքային տեսքով (այդ թվում` սարքավորումներ, շենքեր, շինություններ, մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), այնպես էլ գույքի նկատմամբ գույքային իրավունքների տեսքով:

30. Հիմնադրամի կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված գույքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները հիմնադրամի սեփականությունն են:

31. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

32. Հիմնադրամի շահառուները գիտական, կրթական, նորարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

33. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) տնօրենը:

34. Հիմնադրամում գործում է գիտական խորհուրդ, իսկ հիմնադրամի տնօրենին կից կարող է գործել միջազգային փորձագիտական հանձնաժողով (հանձնաժողովներ):

35. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ):

36. Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 5 անդամից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:

38. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

39. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել այն ծախսերի փոխհատուցում, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

40. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

41. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

42. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:

43. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) եթե դադարել են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

5) նրա մահվան դեպքում:

44. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

45. Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

46. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետով նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

47. Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

48. Ժամանակավոր խորհուրդը իրավասու է`

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով և սույն կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան հիմնադրամը լուծարելու համար:

49. Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու համար:

50. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին:

51. Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

52. Հիմնադրամի տնօրենի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

53. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

54. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`

i

1) հիմնադրամի ռազմավարական, երկարաժամկետ ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

7.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի ընտրությունը.

8) հիմնադրամի տնօրենի նշանակման և նրա լիազորությունների դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի տնօրենին կից միջազգային փորձագիտական հանձնաժողովի (հանձնաժողովների) ձևավորման կարգի և աշխատակարգի հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի տնօրենի հաշվետվությունների լսումը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

17) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը` սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում, կանոնադրության փոփոխություն կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

(54-րդ կետը փոփ. 20.06.13 թիվ 658-Ն որոշում)

55. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

i

55.1. Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահին, որը չի հանդիսանում հոգաբարձուների խորհրդի անդամ և հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

(55.1-ին կետը լրաց. 20.06.13 թիվ 658-Ն որոշում)

56. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և օրենքով նախատեսված դեպքերում հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը.

4) օրենքով նախատեսված դեպքերում հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ.

5) հիմնադրամի տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

57. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է անդամներից մեկը:

58. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց 30 օրվա ընթացքում:

59. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հոգաբարձուների խորհրդի անդամները:

60. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը.

3) նիստին մասնակցած անձանց թիվը, անունները` նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

4) նիստի օրակարգը:

61. Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

62. Արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

63. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետ` տնօրեն):

64. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:

65. Տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

66. Տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Տնօրենին պաշտոնում առաջին անգամ նշանակումը կատարում է հիմնադիրը: Տնօրենի ընտրության կանոնակարգը և թեկնածուների նկատմամբ առաջադրվող պահանջները հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:

67. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

68. Տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) հանդես է գալիս առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, հիմնադրամի բյուջեն, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը և հիմնադրամի զարգացման վերաբերյալ երկարատև ծրագրերը.

8) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում իրեն կից միջազգային փորձագիտական հանձնաժողովի (հանձնաժողովների) ձևավորման կարգը և աշխատակարգը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.

11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

69. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով բնական կամ տեխնիկական գիտությունների բնագավառներում ունի գիտական աստիճան:

70. Տնօրեն չի կարող նշանակվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:

71. Տնօրեն նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) առաջ են եկել 71-րդ կետով նախատեսված հանգամանքները.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

7) տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

72. Հիմնադրամի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ)` հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության ընթացիկ հարցերը քննարկող և դրանց լուծումները մշակող մարմին է: Գիտական խորհուրդը հաշվետու է տնօրենին:

73. Գիտական խորհուրդը բաղկացած է առնվազն 9 անդամից: Գիտական խորհրդի մեկ անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի կողմից:

74. Գիտական խորհրդի անդամներն առաջադրվում են հիմնադրամի առաջատար գիտնականներից, տնօրենի ներկայացմամբ, ինչպես նաև գիտական անձնակազմի ներկայացմամբ: Գիտական խորհրդի կազմն ընտրվում է գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ` ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Հիմնադրամի աշխատակից չհանդիսացող անձինք գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ` բաց քվեարկությամբ: Ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:

75. Գիտական խորհրդի անդամներն առաջադրվում և ընտրվում են սույն կանոնադրության 75-րդ կետով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ հոգաբարձուների խորհրդի կողմից:

76. Գիտական խորհրդի նախագահն ու քարտուղարն ընտրվում են գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ` ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Գիտական խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում են նրա անդամների առնվազն երկու երրորդը:

77. Գիտական խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին: Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի ընդունում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին:

78. Գիտական խորհուրդը`

1) քննարկում և տնօրենին առաջարկներ է ներկայացնում հիմնադրամի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերի վերաբերյալ.

2) քննարկում և հրատարակության է երաշխավորում հիմնադրամի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների մենագրությունները, ժողովածուները և այլն.

3) քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ:

79. Հիմնադրամի ընթացիկ գործունեության արդյունավետ ղեկավարման նպատակով տնօրենին կից, որպես խորհրդակցական մարմին (մարմիններ), կարող է (կարող են) գործել միջազգային փորձագիտական հանձնաժողով (հանձնաժողովներ), որի (որոնց) ձևավորման և գործունեության կարգը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` տնօրենի ներկայացմամբ:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

80. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

81. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հոգաբարձուների խորհրդի կողմից:

82. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

83. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

84. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

85. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

86. Հիմնադրամի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

87. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

88. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

89. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

90. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը` դադարած` պետական գրանցման պահից:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

91. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել ինչպես հիմնադիրը, այնպես էլ հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, իսկ սույն կանոնադրության 28-րդ և 29-րդ կետերը կարող են փոփոխվել միայն հիմնադրի որոշմամբ:

92. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների երեք քառորդով:

93. Եթե կանոնադրության պահպանումն անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրի կամ օրենքով և սույն կանոնադրության համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 24-ի

N 675-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

«ՔԵՆԴԼ» ԱՐԱԳԱՑՈՒՑՉԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________.

|NN |         Գույքի տեսակը                |Հաշվեկշռային |

|ը/կ|                                      |արժեքը (դրամ)|

|___|______________________________________|_____________|

|   |Ընդամենը                              |     62243913|

|___|______________________________________|_____________|

|   |որից`                                 |             |

|___|______________________________________|_____________|

|1. |Հիմնական միջոցներ                     |     62173919|

|___|______________________________________|_____________|

|   |այդ թվում`                            |             |

|___|______________________________________|_____________|

|   |Տրանսպորտային միջոցներ                |      2473334|

|___|______________________________________|_____________|

|   |Գրասենյակային գույք                   |      2347418|

|___|______________________________________|_____________|

|   |Համակարգչային տեխնիկա                 |      2168783|

|___|______________________________________|_____________|

|   |Կապի սարքավորումներ                   |        24425|

|___|______________________________________|_____________|

|   |Այլ հիմնական միջոցներ                 |     55159959|

|___|______________________________________|_____________|

|2. |Փոքրարժեք և  արագամաշ առարկաներ       |        69994|

|___|______________________________________|_____________|

|   |այդ թվում`                            |             |

|___|______________________________________|_____________|

|   |Կապի սարքավորումներ                   |        56657|

.________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 675-Ն
Որոշում