040.1464.031104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2004 թվականի N 1464-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 87-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 87-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգի`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է` նշելով հեռախոսային ծառայության մատուցման տեսակը»,
11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Մրցույթը, որպես կանոն, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է կազմավորել մրցութային հանձնաժողով, որն իր կողմից սահմանված կարգով և պայմաններով անցկացնում է մրցույթ և մրցույթի արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մրցութային հանձնաժողով կազմավորվելու դեպքում մրցույթի անցկացման և արդյունքների ամփոփման վրա չեն տարածվում սույն կարգի 12-35-րդ կետերի դրույթները:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից մրցույթի կազմակերպման և անցկացման դեպքում նախարարությունը`
ա) ստեղծում է մրցութային հանձնաժողով, հաստատում դրա կազմը և, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի աշխատանքներում ներգրավում փորձագետների.
բ) կազմակերպում է մրցույթի անցկացման մասին տեղեկությունների նախապատրաստումը և հրապարակումը.
գ) մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից (այսուհետ` հավակնորդ) ընդունում է հայտերը, հայտերի ընդունման գրանցամատյանում վարում է ընդունված հայտերի հաշվառում` յուրաքանչյուր հայտին հատկացնելով հերթական համար և նշելով փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամն ու րոպեն).
դ) ստուգում է հավակնորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը.
ե) մրցութային հանձնաժողովին տրամադրում է տեղեկություններ հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունված հայտերի մասին.
զ) հաստատում է մրցույթի արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրությունները.
է) կազմակերպում է մրցույթի անցկացման արդյունքների մասին տեղեկատվական հաղորդագրություն և հրապարակում այն.
ը) մրցույթի հաղթողին տրամադրում է լիցենզիա:
Սույն կետի «ա», «բ», «զ» և «ը» ենթակետերում նշված գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար):
Սույն կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերում նշված գործառույթներն իրականացնում է նախարարի հրամանով նշանակված անձը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ