Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 67 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ, 4-5.1-ՐԴ, 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև` նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն.

«(...)

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից` (...):

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:

(...)

9. Հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, որի վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից: (...)»:

i

Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի կողմից Արդարադատության նախարարին 2022 թվականի հուլիսի 20-ին ուղղված թիվ 01/38/19863-2022 գրության համաձայն` առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ, 4-5.1-րդ, 9-րդ մասերի դրույթների կարգավորման կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն:

Մասնավորապես, կատարողական վարույթների շրջանակներում հանդիպում են բազմաթիվ դեպքեր, երբ պահանջատեր պետական մարմինը հրաժարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի նշված մասերի հիմքով կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց` հիմքում դնելով այն հանգամանքը, որ պետական մարմինը նկարագրված դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախսի վճարման պարտականություն չի կարող ունենալ, քանի որ այդ պարտավորությունը Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված` պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով համարվում է դադարած:

Նման պայմաններում, հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի վերը վկայակոչված կարգավորումները, Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը խնդրել է պաշտոնապես պարզաբանել` կատարողական վարույթի շրջանակներում կատարողական գործողությունների կատարման ծախսերը կատարողական վարույթի` պետական մարմին հանդիսացող կողմից գանձելու հիմքերի առկայության դեպքում դրանք արդյո՞ք պետք է գանձվեն պետական մարմնից, և նման պարագայում կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը կարո՞ղ է արդյոք դադարած համարվել Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի` պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով:

i

Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն` պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է:

i

Նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը, և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

Հարկ է ընդգծել, որ կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես քաղաքացիաիրավական պարտավորություն, քանի որ դրա հիմքում ընկած` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և կատարողական վարույթի մասնակից պետական մարմնի միջև իրավահարաբերությունները չեն հանդիսանում քաղաքացիական իրավահարաբերություններ, դրանց ծագման հիմքը գործարքը չէ կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման որևէ այլ հիմք: Այդ հարաբերությունները կատարողական վարույթի` որպես վարչարարության, իրականացման առնչությամբ որպես վարչական մարմին հանդես եկող Ծառայության և որպես կատարողական վարույթի մասնակից հանդես եկող պետական մարմնի միջև ծագող հարաբերություններ են, այսինքն` վարչաիրավական հարաբերություններ: Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի նորմերը, այդ թվում` պարտավորությունը պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով դադարելու վերաբերյալ նորմը, այդ հարաբերությունների նկատմամբ նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի ուժով կիրառելի չեն` բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ հարաբերությունների նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելը:

Քաղաքացիական օրենսգրքի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ այն չի պարունակում որևէ կարգավորում, որի հիման վրա պարտավորությունների դադարման, այդ թվում` պարտավորությունը պարտապանի և պահանջատիրոջ համընկնման հիմքով դադարելու վերաբերյալ նորմերը կարող են կիրառելի համարվել վարչական հարաբերությունների, այդ թվում` կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման հարաբերությունների նկատմամբ: Նման կարգավորում առկա չէ նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով և այլ օրենքներով: Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ:

i

Վերոգրյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով, որոնց շրջանակներում բազմիցս արձանագրվել է հանրային իրավահարաբերությունների նկատմամբ, որպես կանոն, քաղաքացիական օրենսդրության նորմերը կիրառելի չլինելու հանգամանքը (օրինակ` թիվ ՎԴ/7059/05/08, թիվ ՎԴ/0123/05/09 վարչական գործերով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումներ):

Այսպիսով, կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման իրավահարաբերությունները վարչաիրավական հարաբերություններ են, որոնց նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը, այդ թվում` նույն օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված` պարտավորությունը պարտատիրոջ և պարտապանի համընկնմամբ դադարելու վերաբերյալ նորմը, կիրառելի չեն:

i

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի 7-րդ կետի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ, 4-5.1-րդ և 9-րդ մասերի ուժով կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների կատարման ծախսերը կատարողական վարույթի կողմ հանդիսացող պետական մարմնից գանձելու հիմքերի առկայության դեպքում դրանք պետք է գանձվեն պետական մարմնից, ընդ որում` կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը չի կարող համարվել դադարած Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի` պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
24.08.2022
N 2
Պաշտոնական պարզաբանում