Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

23 փետրվարի 2022 թվականի N 320

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը պայմանագրի համաձայն ՌԴ ռեզիդենտ կազմակերպությանը վճարել է եկամուտ հեղինակային իրավունքի դիմաց, ինչպես նաև ստացված ծառայությունների դիմաց:

ՌԴ կազմակերպության կողմից ՌԴ ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում վերոնշյալ եկամուտները ենթակա են հարկման ՌԴ-ում, թե՞ ՀՀ-ում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին համապատասխան` ռոյալթին հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտն է: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ` հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը,

i

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

i

Օրենսգրքի 107-րդ հոդվածի`

i

- 2-րդ մասի 1-ին պարբերության 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից,

i

- 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով ռոյալթիները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե ռոյալթիները ստացվում են ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից),

i

- 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-ին կետի կիրառության նպատակով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:

i

Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է նույն մասում նշված դրույքաչափերով, մասնավորապես, պասիվ եկամուտների մասով` տասը տոկոս, բացառությամբ նույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի, իսկ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող` նույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով` 20 տոկոս:

i

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունից ռոյալթիների տեսքով ստացվող եկամուտները դասվում են ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից ստացվող պասիվ եկամուտների թվին և ենթակա են հարկման շահութահարկով` 10% դրույքաչափով:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագրի`

i

- 1-ին հոդվածի համաձայն` նույն համաձայնագիրը կիրառվում է պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ,

i

- 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանավորվող պետության ձեռնարկության առևտրային գործունեությունից ստացված շահույթը հարկվում է միայն այդ պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը առևտրային գործունեություն չի իրականացնում մյուս պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով: Եթե ձեռնարկությունը մյուս պայմանավորվող պետությունում առևտրային գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական ներկայացուցչությանը:

i

Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` եթե շահույթը ներառում է նույն համաձայնագրի այլ հոդվածներում հիշատակվող եկամուտների տարրեր, ապա նույն հոդվածի դրույթները չեն շոշափում այդ հոդվածների դրույթները:

i

Համաձայնագրի 12-րդ հոդվածի`

i

- 1-ին կետի համաձայն` մի պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտները հարկվում են միայն այդ մյուս պետությունում,

i

- 3-րդ կետի համաձայն` 1 կետի դրույթները չեն կիրառվում, եթե այդպիսի եկամուտների սեփականության իրավունքի տերը, լինելով Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ, առևտրային գործունեություն է իրականացնում հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտների աղբյուր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, կամ Հայաստանի Հանրապետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում են այդ եկամուտները, իրոք կապված են այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները,

i

- 5-րդ կետի համաձայն` եթե վճարողի և սեփականության իրավունքի տիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկությանը վերաբերող եկամուտների գումարը գերազանցում է այն գումարը, որը համաձայնեցված կլիներ վճարողի և փաստացի տիրոջ միջև` այդպիսի հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ կազմակերպության կողմից ռոյալթին մշտական ներկայացուցչության միջոցով չստանալու և ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման դեպքում, ստացված եկամուտը ՀՀ-ում ենթակա չի լինի հարկման:

i

Ինչ վերաբերում է նշված ծառայություններին, ապա տեղեկացնում ենք, որ եթե Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող եկամուտները` օրենսգրքի 107-րդ հոդվածին համապատասխան, համարվում են ՀՀ աղբյուրից ստացվող եկամուտներ, ապա այդ եկամուտները ենթակա են հարկման շահութահարկով` օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագրով վերոնշյալ ծառայությունների մասով հարկման առանձնահատկություններ սահմանված լինելու և ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում կկիրառվեն համաձայնագրով սահմանված կարգավորումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.02.2022
N 320
Իրազեկման թերթիկ